25.12.2024
Լուսանկարը` Sputnik
prev Նախորդ նորություն

ԱԳՆ-ում նեղվել են Փաշինյանի որոշումից․ ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակը» գրում է․ Ծառայողական մեքենաները կրճատելու Նիկոլ Փաշինյանի շոու-որոշումից ամենաշատը նեղվել են ԱԳՆ-ում։ ԱԳՆ-ի 15 մեքենաներից Փաշինյանը որոշել է թողնել մեկը, որը կծառայի նախարարին։ ԱԳՆ-ում բուռն քննարկում են, որ արտերկրից ժամանած պատվիրակությունների, պաշտոնյաների համար ստիպված են լինելու գնման ընթացակարգերով մեքենաներ վարձակալել, ինչն ավելի թանկ է նստելու բյուջեի վրա, քան «պադավատները»։  Մատնացույց են անում, թե ինչու են նախագահի աշխատակազմի մեքենաները 50 տոկոսով կրճատել` թողնել 6 մեքենա, երբ նախագահը տարվա մեծ մասը Հայաստանում չէ։ Բայց ամենաշատը խոսում են Աննա Հակոբյանին եւ Փաշինյանի ընտանիքի մյուս անդամներին սպասարկող թանկարժեք ավտոպարկի մասին:


«Հրապարակը» գրում է․ ԱԺ-ն տարեվերջյան ավանդական արտահերթ նիստեր այս տարի չգումարեց, որ կիսատ մնացած նախագծերն անցկացնի՝ բավարարվեցին մեկով, որի օրակարգում ՏԻՄ օրենքի փոփոխությունն էր՝ Գյումրու համայնքապետի ԺՊ նշանակելու համար։ Թեպետ պատգամավորներին նախապես զգուշացվել էր, որ դեկտեմբերի 19-ին արտահերթ է լինելու, հետո ասացին՝ հետաձգվում է` հնարավոր է 23-ին անեն: Ավելին, ԱԺ պաշտպանության հանձնաժողովն արտահերթ նիստում աշխարհազորը լուծարելու եւ տեղական պաշտպանության ուժերով փոխարինելու նախագիծ ընդունեց, որը պետք է արտահերթով ընդունվեր, քանի որ խնդրին առանց այն էլ ուշ էին անդրադարձել: Բայց ո՛չ դեկտեմբերի 19-ին նիստ գումարվեց, ո՛չ 23-ին։


Իշխանության աղբյուրների փոխանցմամբ, արտահերթ չհրավիրվեց թերեւս այն պատճառով, որ այդ նիստին գլխավոր դատախազը մտնելու էր ԱԺ՝ Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ, բայց քանի որ դրա համար չկան իրավական հիմքեր, դատախազը չմտավ, արտահերթից էլ հրաժարվեցին։ Բացի այդ, ասում են՝ Փաշինյանը հրահանգել է պատգամավորներին՝ դուրս գալ կաբինետներից, գնալ մարզեր, շփվել ժողովրդի հետ։ Իբրեւ թե դահլիճներում նիստեր անելու ժամանակը չէ: Ի դեպ, ՔՊ-ում տագնապած են` մինչեւ հունվարի 20-ը` Թրամփի երդմնակալությունը, ինչ-որ վճռորոշ զարգացումներ են սպասվում Հայաստանի շուրջ: Թեեւ չի բացառվում, որ այդ լուրերը հատուկ են տարածում, որ արհեստական վախեր տարածելով ու շանտաժով Ալիեւի հերթական պահանջները կատարեն:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ունենալով առնվազն վեց օր` ինչո՞ւ է քաղաքապետի ավիատոմսը գնվել «մեկ անձից» ընթացակարգով՝ առանց մրցույթի: Պետական գնումների օրենքի՝ «մեկ անձ» ընթացակարգի տրամաբանությունը հետեւյալն է, օրինակ. 


• եղել է ջրհեղեղ, եւ նավակներ ձեռք բերելու համար չկա մրցույթ անցկացնելու բավարար ժամանակ, հետեւաբար գնումը իրականացվում է հրատապ` «մեկ անձ»-ից։


• Շուկայում չկա նման ապրանք, այլ կազմակերպություն (օրինակ գազ, ջուր, այլ), հետեւաբար գնումը իրականացվում է «մեկ անձ»-ից։

Սակայն Ավինյանի՝ ԱՄՆ մեկնելը ամենեւին արտակարգ իրավիճակ չէր, այլ նախապես պլանավորված գործողություն. անգամ 7 մլն դրամից ավելի ավիատոմսի համար վճարելու ճոխությունը եղել է նախապես պլանավորված: Տիգրան Ավինյանի՝ Լոս Անջելեսի գերթանկարժեք ավիատոմսը կարող էին ձեռք բերել շուկայի մի քանի տասնյակ ավիատոմսեր վաճառող կազմակերպություններից. ավելին՝ դրա համար կար առնվազն վեց օր, բաց չեն արել: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ Ավինյանի՝ ԱՄՆ մեկնելու որոշման` 15.11.2024 եւ ավիատոմսի ձեռքբերման` 21.11.2024 միջակայքում (լուսանկար 1, 2) 6 օր Ավինյանը ոչինչ չի արել, եւ քաղաքապետարանը, խախտելով մրցակցային սկզբունքը, թանկարժեք տոմս է գնել քաղաքապետի համար:


Եվ ինչ էլ որ բացատրի Ավինյանը, անհնար է, որ տրամաբանական հնչի: Ինչո՞ւ, որովհետեւ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ս/թ նոյեմբերի 15-ից մինչեւ նոյեմբերի 21-ը քաղաքապետ Ավինյանը արձակել է գնումների հանձնաժողովներ ձեւավորելու տասնյակ կարգադրություններ, սակայն, չգիտես ինչու, Լոս Անջելեսինը չկա (լուսանկար 3)։ Իսկ մինչ քաղաքապետ դառնալը նա երբեք բիզնես կլասով ԱՄՆ չի մեկնել. անգամ հայտնի բանավեճի օրը ասաց այդ մասին»:



«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առեղծվածային պայմաններում Հայաստանում հայտնված 1 տոննա կոկաինի գործով իրավապահները շարունակում են հարցումները տարբեր երկրներից: «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ ՀՀ իրավապահները իրավական աջակցության համար դիմում են ուղարկել նաեւ ԱՄՆ։ Օրաթերթը հայտնել էր, որ քրեական գործով կալանավորվածների տնային կալանքի ժամկետը լրացել է, եւ աղմկահարույց գործով բոլոր կալանավորվածները ազատ էին արձակվել: Ավելին՝ լրացել էր նաեւ բացահայտման մեկ տարին, բայց նախաքննությունը շարունակվում է։ Գրել էինք, որ դեռեւս մեկ տարի առաջ ԱԱԾ-ի կողմից մի շարք եվրոպական երկրներ նամակներ էին ուղարկվել քննության շրջանակում կոկաինի ծագման, շրջանառության եւ այլ հարցերի վերաբերյալ, սակայն այդպես էլ պատասխանները չեն ստացվել կամ ցանկալի պատասխանները չկան:


Նշենք, որ այս գործով կալանավորվածները ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող ընկերության աշխատակիցներն էին, որոնցից մեկը կին է։ Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հայտնել էր «Մրգենի» ՍՊ ընկերության փաստացի սեփականատիրոջ՝ Միհրան Պողոսյանի, նույն ընկերության տնօրեն Լ.Ա.-ի եւ պահեստապետ Ս.Գ.-ի նկատմամբ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց, մասնավորապես՝ 1 տոննա կոկաին ապօրինի իրացնելու եւ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Վերջիններիս նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանքը. նախկին պատգամավորի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:


Հավելենք, որ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Մրգենի» ՍՊԸ-ն հիմնադրվել է «Թավշյա հեղափոխությունից» հետո՝ 2018 թվականի հուլիսի 27-ին։ Ընկերության տնօրենը Ռուսաստանի քաղաքացի Լեւոն Աթաջանյանն է։ Ի դեպ, այս բացահայտումից մեկ տարի անց ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, ով հանրությանն առավել հայտնի է «Բանանի Միհրան» անունով, դժգոհել էր, որ իր ընկերության պահեստում հայտնված կոկաինը 270 կիլոգրամով «քչություն է անում»։ Պողոսյանը հայտարարել էր, որ աղմկահարույց կոկաինը եղել է 1 տոննայից ավելի, բայց փաստաթղթերի մեջ նշված է՝ 730 կգ, այդ դեպքում ի՞նչ է եղել 270 կգ-ն: Ըստ նախկին պատգամավորի՝ իր աշխատակիցներն են դա ստուգել, սակայն հետագայում հիշյալ 270 կգ-ի մասին չի նշվում. այն անհետացել է»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գրիգոր Մինասյանի հեռանալուց հետո արդարադատության նախարարի թեկնածու դարձած Արուսյակ Ջուլհակյանը, ում ՔՊ-ն մերժեց որպես նախարարի թեկնածու, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ է նշանակվել։ Ստացվում է, որ Ջուլհակյանը փայլուն կենսագրական տվյալներ չուներ, որպեսզի կարողանար հասնել նախարարի աթոռին, դրա համար իր թիմը մերժեց Ջուլհակյանի՝ նախարար դառնալու հեռանկարը, սակայն իրավաբանական ֆակուլտետում սովորելու մասին մեկ տողը նրան բերեց ՀՀ ամենաանկախ մար:մինը ձեւավորելու Հանձնաժողով


«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է, թե ինչ ունեցվածք է հայտարարագրել Արուսյակ Ջուլհակյանը: Ջուլհակյանը ո՛չ անշարժ գույք, ո՛չ շարժական գույք չի հայտարարագրել։ Համաձայն 2023 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագրի՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 5 մլն 292 հազար դրամ եւ 856 դոլար, որը նախորդ տարվա համեմատ նվազել է գրեթե 2 մլն դրամով։ 2022 թվականին հայտարարագրված կանխիկ 9 հազար դոլարը 2023 թվականին նվազել է 2 հազար դոլարով՝ դառնալով 7 հազար դոլար։ Արուսյակ Ջուլհակյանի՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 21 մլն 546 հազար դրամ, ինչը նախորդ՝ 2022 թվականի համեմատ աճել է գրեթե 11 մլն դրամով։ 21 մլն դրամից 10 մլն 482 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից, եկամուտների զգալի մասը վարկ է, եւ տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսի ու այլ հատուցման եկամուտ։ 


Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 25 մլն 933 հազար դրամ, որը ձեւակերպվել է կառուցվող բազմաբնակարան շենքից բնակարանի եւ ավտոկայանատեղու ձեռքբերման համար, որի համար էլ Ջուլհակյանը ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացել է 2 մլն 71 հազար դրամ, որը եկամտահարկի վերադարձի օրենքով հիփոթեքի մայր գումարի մարման համար է։ 


ArmLur.am-ը գրել էր, որ իր տեղեկություններով՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում Արուսյակ Ջուլհակյանի հայտնվելը պատահական չէ, քանի որ Ջուլհակյանը եւ ներկայումս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը մտերիմ ընկերուհիներ են։ Իսկ «Քաղաքացիական պայմանագրի» միակ նպատակը Արուսյակ Ջուլհակյանին Հանձնաժողովի նախագահ դարձնելն է: Արուսյակ Ջուլհակյանին էլ Հանձնաժողովի նախագահի պաշտոնում նշանակելու միակ նպատակը իշխանության կոռուպցիոն գործերը թաքցնելն է, քանի որ վերջերս մեղադրանքները, որ ՔՊ-ականները թաթախված են կոռուպցիայի մեջ, անասելի շատացել են. նրանց «մաքրել» է պետք»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը փոխել է խորհրդարանում իր՝ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը՝ այնտեղից գնալով ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով։ ՔՊ-ում սա հերթական անգամ խոսակցությունների նոր առիթ է տվել, թե իրականում ինչու է Հասմիկ Հակոբյանը փոխել հանձնաժողովը:


«Ժողովուրդ» օրաթերթին ՔՊ-ականներից մի քանիսը պատմեցին, որ խմբակցության ղեկավարության ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մոտ ՔՊ-ականները հարց են բարձրացրել՝ ինչպես է ստացվում, որ իրենց գործուղումների հերթ չի հասնում, բայց կան արտոնյալներ, որոնք աչք չեն բացում գործուղումներից, իսկ այդ արտոնյալներից մեկն էլ, ՔՊ-ականները պնդել են, որ հենց Հասմիկ Հակոբյանն է։ Պատճառն այն է, որ Հասմիկ Հակոբյանը, երբեմն չարաշահելով իր եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մտերմությունը, օգտագործելով նաեւ ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանի հետ հարաբերությունները, առաջինն է տեղեկանում ԱԺ ուղարկվող հրավերների մասին, հետո որոշում՝ որ ձեւաչափին է ցանկանում մասնակցել, եւ ինչպես որոշում է, այդպես էլ լինում է: Դրա համար էլ նա է ամենահաճախը գործուղումների մեկնում, ինչը ակնհայտորեն խանդի տեսարաններ է սարքել ՔՊ խմբակցությունում, որտեղից էլ բողոքները հասել են «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն:


Հասմիկ Հակոբյանն էլ իր մտերիմների շրջապատում անկեղծացել է՝ որպեսզի թիմում խոսակցությունները հանդարտվեն, եւ լեգալ բացատրություն լինի, պետք է փոխել հանձնաժողովը: Քանի որ, աշխատանքի բնույթով պայմանավորված, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներն ավելի հաճախ են գործուղումների մեկնում, այս հանձնաժողովի անդամ լինելը լավ պատրվակ է, որպեսզի գործուղումների նպատակն արդարացվի։ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը հաստատեց, որ փոխել է հանձնաժողովը, իսկ առաջարկն արել է խմբակցության ղեկավարությունը եւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը.


«Ես 2021 թվականին հաստատվել եմ որպես ՀՀ պատվիրակության անդամ Inter-Parliamentary Union-ում: Այդ պատվիրակությունն ունի 8 անդամ Հայաստանի խորհրդարանում, որոնցից մեկը ես եմ: Սեպտեմբերին այդ կառույցի երիտասարդական համաժողովը Հայաստանում եղավ, իմ գործուղումների մեծ մասը, 2021 թվականից սկսած, հենց այս միջազգային կառույցի անդամ լինելով է պայմանավորված. լինում են լիագումար նիստեր, հանձնաժողովի նիստեր, որոնցից մեկի փոխնախագահն եմ նաեւ։ Այսինքն՝ իմ գործունեության մաս է կազմում այս կառույցի աշխատանքներին մասնակցելը, եւ իմ գործուղումների մեծ մասն էլ սրանով է պայմանավորված. ուստի եթե կա առավելություն մյուս պատգամավորների համեմատությամբ, սրանով է պայմանավորված: Ինձանից ավելի հաճախ գործուղվող պատգամավորներ էլ կան՝ կախված միջազգային կազմակերպություններում իրենց ակտիվությունից:


Դա պատգամավորի գործունեության մաս է, ոչ թե վոյաժ՝ ինչպես պատկերացնում են։ Ի դեպ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդգրկելու առաջարկն արել են հանձնաժողովի նախագահը եւ մեր խմբակցության ղեկավարությունը»: Իսկ թե իր որ հնարավորությունները, մտավոր կարողություններն են նպաստել քաղաքական նման որոշման կայացմանը, պատգամավորը չբացատրեց: Հիշեցնենք, որ Հասմիկ Հակոբյանը, մինչեւ պատգամավոր դառնալը, եղել է հայտնի «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի ադմինիստրատիվ աշխատակից, հետո Ալեն Սիմոնյանի ղեկավարած «Արարատնյուզ» կայքում է աշխատել եւ արտաքին հարաբերությունների հետ որեւէ առնչություն չի ունեցել»: