26.11.2024
Փաշինյանը լեգիտիմացրեց ադրբեջանցիների՝ ՀՀ վերադառնալու իրավունքի պատմական կողմը
prev Նախորդ նորություն

Փաշինյանի ահից մարզպետներն իրար են անցել. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. ««Զգուշացնում եմ՝ սրանից հետո եթե մի հատ ժամկետ խախտվեց, կոնկրետ գալու է անձնական պատասխանատվություն»,- կառավարության նիստում սպառնաց Նիկոլ Փաշինյանը՝ զայրանալով ՏԿԵ նորանշանակ նախարարի վրա, որը զեկուցում էր, որ Արմավիրի Այգեվան համայնքում կառուցված մանկապարտեզը, որը պետք է շահագործման հանձնվեր դեռ հոկտեմբերին, չի գործում՝ գազամատակարարման խնդիրների պատճառով։ Նիստից հետո, մեր տեղեկություններով, մարզպետներն իրար են անցել: Մի քանի մարզից հստակ տեղեկություններ ենք ստացել, որ հավաքել են համայնքների ղեկավարներին եւ հորդորել՝ ցանկացած աշխատանքների ժամկետի վերաբերյալ հաշվետվությունները ներկայացնել առավելագույնս ճշգրտված։ Լոռու մարզպետ, նախկին ոստիկանապետ Արամ Ղազարյանն էլ փորձել է համայնքապետերի վախը բռնել, ասելով՝ տեսեք, ինձ չխաբեք, դա նշանակելու է, որ վարչապետին եք խաբում, անհետեւանք չի մնա, կատարվելիք աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունները կներկայացնեք վայրկյանի ճշգրտությամբ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Տնային կալանքի համար անհրաժեշտ ոտքի-ձեռքի «բռասլետների» ներկրումից հետո հայ իրավապահները հարյուրավոր մարդկանց տնային կալանք տվեցին, որովհետեւ կալանավայրերն արդեն լեփ-լեցուն են, իսկ փաշինյանական դատախազ-քննիչներն ամեն հասարակ բանի համար կալանքի միջնորդություն են տանում դատարան, եւ լիազորությունները չկորցնելու վախից` դատավորները բավարարում են դրանք: Տնային կալանք կրող անձինք, որպես կանոն, նաեւ խախտում են դրա պայմանները` հյուրեր են ընդունում, հեռախոսից են օգտվում: Մեր տեղեկություններով, միայն Արմեն Աշոտյանն է, որ ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով եւ անգամ իրեն հյուր գնացած անձանց շեմից ներս չի թողնում»:


«Փաստ» օրաթերթը գրում է. Ժամանակին «պադավատապետությունից» անընդհատ դժգոհող, իսկ 2018 թվականից հետո «պադավատապետությունը» «սուպերպադավատապետության» վերածած Նիկոլ Փաշինյանը նախընտրական տրամաբանության մեջ տեղավորվող քայլերի շրջանակներում հանկարծ որոշել է պետական ծառայողական մեքենաների հարցը «կացնային ձևով» լուծել: «Ես առավոտյան էլ էի դրանով զբաղված… Ես ուզում եմ գերատեսչությունների մեքենաների ցուցակը ու գրիչով խազեր եմ քաշում այդ մեքենաների վրա։ Այդ կացնային որոշման արդյունքում կազմակերպչական որոշ խնդիրներ կառաջանան, բայց մեր գործընկերները ժամանակին չեն արձագանքել իմ նախկին հրահանգին»,- ասել էր նա՝ վստահեցնելով, որ ավտոպարկի շատ մեծ՝ 70-90 տոկոսը կրճատվելու է։ «Փաստ» թերթի տեղեկություններով, առաջին «տուժած» գերատեսչություններից մեկը արտաքին գործերի նախարարությունն է:


Կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանը ծայրից ծայր «խազեր է քաշել» ԱԳՆ գրեթե բոլոր մեքենաների վրա՝ ընդամենը մի քանի բացառությամբ: ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փորձել է փրկել իրավիճակը՝ պատճառաբանելով, որ արտաքին գերատեսչությունը արտերկրյա հյուրեր է ընդունում, որոնց անհրաժեշտ է դիմավորել, ուղեկցել, ճանապարհել, ըստ այդմ՝ ներկայացուցչական մեքենաները անհրաժեշտություն են: Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը, սակայն, հասկացրել է, որ պետք է գտնեն այլընտրանքային տարբերակներ, օրինակ՝ անհրաժեշտության դեպքում մեքենան վարձակալեն: Դեռևս պարզ չէ՝ ԱԳ նախարարին կհաջողվի՞, ի վերջո, համոզել, թե ոչ, բայց մեր աղբյուրը փոխանցում է, որ այս հողի վրա Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցել»:


«Հրապարակ» թերթը գրում է. ՔՊ վարչության անցած նիստից հետո իշխող խմբակցության վերնախավը փորձել է համոզել Աղազարյանին` մանդատից հրաժարվել, հակառակ դեպքում դա վատ հետեւանքներ կունենա իր վրա, սակայն Աղազարյանը «չորով» մերժել է բոլոր բանագնացներին՝ պատասխանելով, որ ամենավատն արդեն եղել է` վարչապետը դավաճանել է հեղափոխությանը եւ արատավոր սովորույթներին զարկ է տվել՝ պատգամավորներից հակասահմանադրական ճանապարհով փորձելով մանդատ խլել։


Այդուհանդերձ, մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ՔՊ-ում քիչ չեն նաեւ Աղազարյանի աջակիցները, որոնք գաղտագողի հանդիպում, զանգում են իրենց գործընկերոջը եւ պահանջում Նարեկ Զեյնալյանի պես չհանձնվել: Նրանք չեն համարձակվում դա անել բացահայտ, որ հանկարծ Փաշինյանը չիմանա եւ մի sms էլ իրենց չուղարկի՝ դիմում գրելու «խնդրանքով»։ Այդուհանդերձ, Հովիկ Աղազարյանի դեպքը կարող էր նախադեպային դառնալ եւ հիմք դնել Փաշինյանի մենիշխանությունը քանդելու գործընթացին, եթե երեկ նոր եւ ավելի ուժգին տեռոր չկիրառեին նրա նկատմամբ։ Վիետնամյան վոյաժից երեկ Հայաստան ժամանած Ալեն Սիմոնյանը նույն օրը թարմ ուժերով լծվել է Աղազարյանին մանդատից զրկելու գործին:


Առավոտյան դեռ շատ վճռական Հովիկ Աղազարյանը, որ նույնիսկ հայտարարության տեքստ էր պատրաստել եւ պետք է ժամը 18:00-ին ուղիղ եթեր մտներ, ժամը 16:00-ին Ալեն Սիմոնյանի մոտ մտնելուց հետո դուրս եկավ կերպարանափոխված եւ ասաց. «Դեռ մտածելու հարցեր կան, չունեմ վերջնական որոշում»։ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն երկիրն է սեփական բոստանի նման օգտագործում, իշխանության մեջ գտնվողներին էլ իր անձնական ստրուկներն է համարում, որոնց ապրել-չապրելու ճակատագիրն իր ձեռքում է:


«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած շաբաթ ՔՊ վարչության նիստում թեժ վեճ է ծագել Հովիկ Աղազարյանի եւ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի միջեւ։ Աղազարյանի մանդատի հարցը քննարկելիս, ի տարբերություն մյուսների, որոնք կրկնել են Փաշինյանին եւ հորդորել, թե ԱԺ-ի միջադեպը տգեղ էր` դրան պետք է քաղաքական պատասխանատվություն հետեւի` մանդատիցդ հրաժարվիր, Միքայելյանը փորձել է ավելի «կաթոլիկ» լինել եւ հայտարարել է, որ խնդիրը միայն լսումները չեն, այլ այն, որ Աղազարյանի անունը շրջանառվում է կոռուպցիոն պատմության մեջ․ նկատի է ունեցել ոչխարների պատմության գործով քրեական վարույթը, որը հարուցվել է մեկ անձի ցուցմունքով, թե իբր պատգամավորը 100 հազար դոլար կաշառք է պահանջել՝ սկսնակ գործարարին աջակցելու, ոչխարների արտահանումը կազմակերպելու համար։


Միքայելյանի ելույթից հետո, ինչպես ասում են, շներին կապել են` Աղազարյանին բաց թողել։ Նա զայրացել է «կոռուպցիոներ», «կաշառք վերցնող» որակումներից եւ ասել՝ կաշառքը ես եմ վերցնում, դղյակներն ուրիշնե՞րն են կառուցում, միլիոնանոց բիզնեսներ են դրել ու հարստացել «այստեղ նստածներից շատերը»։ Ներկաները չեն համարձակվել Աղազարյանից անուններ պահանջել, քանի որ վարչության անդամների մեծ մասը եւ հատկապես` Սասուն Միքայելյանը իշխանափոխությունից հետո են միլիոնատեր դարձել։ Իսկ Միքայելյանների տոհմը, առհասարակ, Կոտայքի բդեշխներն են դարձել, որտեղ մեծ սեփականություն եւ անհամար բիզնեսներ ունեն»:


«Փաստ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովում հանցավորության վիճակի հետ կապված մեծ հնչողություն ստացած լսումներից և նոյեմբերի 14-ի կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանի՝ իրավապահ համակարգի հասցեին հնչեցրած դժգոհությունից հետո այն ժամանակ դեռ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հանրապետությունում ամենօրյա ռեժիմով հնչող կրակոցների ու, ընդհանրապես, օրավուր աճող հանցավորության դեմ «պայքարի» յուրօրինակ ձև էր գտել: Երբ ուսումնասիրում ենք ոստիկանության կայքը, պարզվում է՝ նշված օրերից հետո կայքում բացակայում է ծանր հանցագործությունների մասին տեղեկությունը: Տարբեր լրատվամիջոցներում, մասնավորաբար՝ Գագիկ Շամշյանի կայքում, Քննչական կոմիտեի պաշտոնական կայքէջում նման հանցագործությունների մասին տեղեկություն առկա է, իսկ police.am-ում «այլ Հայաստան է»՝ մանրմունր մի քանի դեպքեր ու վերջ: Ըստ համակարգի մեր աղբյուրների, Վահե Ղազարյանը իր ղեկավարած կառույցի հասցեին հնչեցրած քննադատությունները չեզոքացնելու, հանցավորության դեմ «պայքարելու» լուրջ «հայեցակարգ» է մշակել ու կիրառել՝ արգելել էր ոստիկանության կայքում դրանց մասին հրապարակումներ անել: Արդյունքում հանցավորության առումով կա երկու Հայաստան՝ ոստիկանության կայքէջի և իրական: Առանց չակերտների՝ իրական:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ներկայացվողը դասական կոռուպցիայի օրինակ է։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ հովանավորչության նոր ձեւ է հասունացել ՔՊ-ի օրոք։ Դիցուք՝ պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ սննդամթերքի կոնկրետ տեսակների ու ճյուղերի մագնատ դարձած Երեմյանները, թերեւս ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի օբյեկտիվ հսկողությունից խուսափելու համար, գտել են «հանճարեղ» լուծում, այն է` ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի՝ վերջերս աշխատանքից ազատված ղեկավար Արմեն Հայրապետյանի կնոջը` Լուսինե Հակոբյանին, ընդունել են «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊԸ-ում աշխատանքի, որի արդյունքում տեսչական մարմնի ղեկավարի ընտանիք արդեն աշխատավարձ է մուտք գործում։ «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ Լուսինե Հակոբյանը, ըստ իր հայտարարագրի տվյալների համադրության, Երեմյանների ՍՊԸ-ում աշխատել է հենց ամուսնու վերջին պաշտոնի օրոք, եւ ոչ թե մինչեւ պաշտոնին նշանակվելը։ Նկատենք նաեւ, որ Հայրապետյանի կինը մի քանի տարի է աշխատում է սննդից տրամագծորեն հեռու ոլորտում` ՀԴՄ սարքերի սպասարկմամբ եւ վաճառքով զբաղվող «Իննթեք» ՍՊԸ-ում»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայրենի օրենսդիրը հաջորդ շաբաթ՝ դեկտեմբերի 3-ին, այս տարվա վերջին հերթական նստաշրջանը կգումարի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «ժրաջան» իշխանությունները, սակայն, որոշել են մինչեւ Ամանոր պարապուրդի չմատնվել եւ արտահերթ նիստեր կհրավիրեն. «Մեկ նիստը քիչ է, հավանաբար երկու արտահերթ կլինի»,- ասաց մեր ՔՊ-ական զրուցակիցը: Իշխանությունները պետք է ԲԴԽ անդամ ընտրեն, Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծն ամբողջությամբ ընդունեն. ուստի մինչեւ տարեվերջ պետք է սպառեն օրակարգը, ապա գնան Նոր տարին նշելու»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կարեն Անդրեասյանը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից հեռացավ «առանց սկանդալի, մաղձի ու հիասթափության եւ այս թունավոր պաշտոնում` իբրեւ ամենաերկարը դիմացած ղեկավար». իսկ այժմ ԲԴԽ-ն ունի նախագահի հավանական թեկնածու՝ ԲԴԽ անդամ եւ Սնանկության դատարանի դատավոր Արթուր Աթաբեկյանը։ Արթուր Աթաբեկյանը 2004 թվականին աշխատել է Երեւան քաղաքի Արաբկիր համայնքի թաղապետարանում` որպես կոմունալ տնտեսության բաժնի առաջին կարգի մասնագետ։ 20 տարի անց առաջին կարգի մասնագետից դարձել է դատավոր եւ ԲԴԽ անդամ։ Հեղափոխությունը Աթաբեկյանի կյանքում եւս արգասաբեր եղավ. ՀՀ նախագահի՝ 2018 թվականի օգոստոսի 10-ի հրամանագրով նա նշանակվեց Սնանկության դատարանի դատավոր:


2022 թվականին, ՀՀ նախագահի որոշմամբ, Աթաբեկյանը նշանակվել է Սնանկության դատարանի նախագահ` երեք տարի ժամկետով, իսկ 2023 թվականին ՀՀ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ: 2024 թվականին, ՀՀ նախագահի որոշմամբ, նշանակվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր: Այժմ ուսումնասիրենք, թե ինչ ունեցվածք ունի Արթուր Աթաբեկյանը: Համաձայն դատավորի՝ 2023 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագրի՝ Աթաբեկյանը հայտարարագրել է 6 անշարժ գույք՝ 1 բնակելի տուն, 1 անհատական բնակելի տուն, 3 հողամաս, 1 ավտոկայանատեղի։ Գույքերը գտնվում են Երեւան քաղաքում եւ Տավուշի մարզի Սարիգյուղում։ Որպես տվյալ տարվա սկզբում առկա տրանսպորտային միջոց՝ Աթաբեկյանը հայտարարագրել է 2019 թվականի արտադրության TOYOTA մակնիշի մեքենա, որը գնվել է 2022 թվականին։


Արթուր Աթաբեկյանը հայտարարագրել է նաեւ մեկ TOYOTA մակնիշի մեքենա, որը սեփականության իրավունքով իրեն չի պատկանում, սակայն շահագործվում է իր կողմից։ Դատավորի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2 մլն 355 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 6 մլն 700 հազար դրամ։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 19 մլն 979 հազար դրամ, որից 16 մլն 194 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Բարձրագույն դատական խորհրդից։ Որպես քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտ՝ Աթաբեկյանը հայտարարագրել է 264 հազար դրամ, որը ստացել է «ՀՀ Փաստաբանական ակադեմիա» հիմնադրամից։


ԲԴԽ անդամի ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 32 մլն 043 հազար դրամ, որը 2 բնակարանի եւ 1 ավտոկայանատեղու հիփոթեքային վարկ է, որի համար էլ եկամտահարկի վերադարձի օրենքով ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացել է 3 մլն 521 հազար դրամ եկամտահարկի վերադարձ՝ հիփոթեքային վարկի մայր գումարը մարելու համար։ ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Աթաբեկյանը հանգստի համար կատարել է 3 մլն 500 հազար դրամի ճանապարհածախս։ Վարկերի մարմանն ուղղել է 4 մլն 049 հազար դրամ։ Արթուր Աթաբեկյանը ՀՀ դատավորների միություն անդամ է»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե եւ կհարցաքննվի ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդու ներգրավմամբ քննվող քրեական գործով: Իսկ ինչո՞ւ. «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները հայտնել էին, որ Արգիշտի Քյարամյանը իր հարցաքննության ժամանակ նախաքննական մարմնում պատմել էր, որ ՔՊ-ական Հովիկ Աղազարյանի որդին, օգտվելով օրենքի բացից, (որը օրենսդիր հայրը չի նախաձեռնել կարգավորել), մեծաքանակ ավտոմեքենաներ է ներկրել ՀՀ, արտահանել, ապա պետությունից ստացել է ԱԱՀ-ի վերադարձ, որը անօրինականություն է. հենց դրա համար են Աղազարյանի որդու ավտոմեքենաները գտնվում արգելանքի տակ:


«Ժողովուրդ» օրաթերթը, հղում անելով իր իրազեկ աղբյուրներին, հայտնել էր, որ երկու անգամ Աղազարյանի որդու գործով դիմում է ուղղվել ՀՀ քննչական կոմիտե, եւ երկու անգամ էլ դիմողը եղել է հենց ինքը` Հովիկ Աղազարյանը: Պատգամավոր Աղազարյանը, օգտագործելով իր պատգամավորական լծակները, առաջին անգամ դիմել է գործը վարող քննիչին, երկրորդ անգամ՝ ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանին՝ համոզելով նրանց, որ իր որդու արգելանքի տակ գտնվող մեքենաները հանեն կալանքից: Մեր իրազեկ աղբյուրների փոխանցմամբ՝ գործը քննող քննիչը Աղազարյանի դիմումը փոխանցել է իր վերադասին, վերադասը հայտնել է Արգիշտի Քյարամյանին, իսկ Քյարամյանն էլ մերժել է: Երկրոդ անգամ, երբ Աղազարյանը դիմել է ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանին, վերջինս այդ մասին տեղյակ է պահել Արգիշտի Քյարամյանին ու կրկին ստացել է մերժում: Այս իրավիճակում Աղազարյանը, ենթադրաբար, խախտել է նախ «Պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքը, որի 3-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ կետերը սահմանում են. «Պատգամավորի լիազորություններն իրականացնելիս չառաջնորդվել իր կամ իր հետ փոխկապակցված անձանց անձնական շահերով, չօգտագործել պատգամավորի պաշտոնի հեղինակությունը՝ ի շահ իրեն կամ այլ անձի»:


Բացի դրանից՝ քրեական օրենսգրքի 486-րդ հոդվածի 1-ին մասի երկու դրվագով սահմանված է արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու եւ խոչընդոտելու արգելքը: Իսկ Աղազարյանն իր դիմումով ենթադրաբար փորձել է խոչընդոտել եւ ազդեցություն ունենալ նախաքննության վրա:


Այսպիսով՝ Հովիկ Աղազարյանը, բացի կաշառքի վարույթից, որն արդեն նախաձեռնված է, նաեւ երկու այլ ենթադրյալ օրինախախտումներ է թույլ տվել, ինչի համար ՀՀ գլխավոր դատախազը պետք է մտնի ԱԺ եւ Աղազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկի պառլամենտի միջոցով՝ հարուցելով մեղադրանքներ նրա նկատմամբ: Իսկ եթե մինչ այդ նա մանդատը վայր դնի, թերեւս այս քրեական ենթադրյալ հանցանքները կներվեն, կմոռացվեն: Բայց, ինչպես նկատում ենք, մինչ օրս Աղազարյանը չի հանձնվում. ուստի, դատելով իրավիճակից, ՀՀ գլխավոր դատախազը պետք է գնա ԱԺ՝ նրա հետեւից»:


«Փաստ» օրաթերթը գրում է. Օրերս «Փաստը» դիմել էր Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ խնդրելով տրամադրել տեղեկություն, թե վերջին երեք տարվա ընթացքում ՀՀ քանի՞ քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել: Նախարարությունից ստացված պատասխանում նշվում է, որ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ, որի հավելվածի 7-րդ, 8-րդ և 9.1-ին կետերով սահմանված են այն նվաճումները, որոնց առկայության դեպքում քաղաքացիներին տրամադրվում է տարկետում:


«Մասնավորապես, 9.1 կետով նշանակալի նվաճում է համարվում քաղաքացու՝ աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման http://www.shanghairanking. com/# կայքի` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմելու կամ դրան նախորդող տարվա համալսարանների ակադեմիական ընդհանուր (Academic Ranking of World Universities) ցանկի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված), մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և այլ կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ սովորելու կամ դիմորդ հանդիսանալու հանգամանքը` բարձրագույն ուսումնական հաստատության կամ այլ իրավաբանական անձի կողմից տրված կրթաթոշակի առնվազն 70 տոկոսի վերաբերյալ փաստաթղթերի առկայությամբ, բացառությամբ՝ անվճար կրթական ծրագրեր իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատությունների»,-նշված է նախարարության պատասխանում: ԿԳՄՍՆ-ից նաև հայտնում են, որ վերը նշված հիմքով 2021 թվականին տարկետում է ստացել 69, 2022 թվականին՝ 131, 2023 թվականին՝ 101, 2024 թվականի ամառային զորակոչի ընթացքում՝ 115 քաղաքացի:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը ևս ձեռքբերումներով է ավարտում յուրաքանչյուր տարին։ «Ժողովուրդ» օրաթերթը բաց աղբյուրներից պարզեց, որ նախ՝ նրա ամուսինը՝ Դավիթ Կարապետյանը, երեք տարում ԱԺ շարքային աշխատակցից դարձավ ԱԳՆ գլխավոր քարտուղար, ապա՝ Գրիգորյանը 2020 թվականին Կենտրոն համայնքում ստացավ ավտոտնակ և հողամաս որպես նվեր («նախկինների» օրոք դա դատապարտելի էր հեղափոխականների կարծիքով)։ Զարմանալի զուգադիպությամբ Հռիփսիմե Գրիգորյանի ամուսինը ճիշտ նույն անվամբ, նույն 1/3 համամասնությամբ, նույն Կենտրոնում ստանում է նվեր հողամաս և ավտոտնակ (փաստաթուղթը կցվում է)։



Օբյեկտիվության նշույլներ ցուցաբերող Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին թերևս պետք է հետաքրքրի այս տարօրինակ զուգադիպություններ պարունակող նվերների ծագումը»: