7.12.2024
Չեղարկել տրանսպորտի թանկացման որոշումը և նոր քննարկումներ սկսել
prev Նախորդ նորություն

Գյումրին մնացել է ոմանց կոկորդում. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ն գտել է Գյումրիում ստեղծված ճգնաժամային իրավիճակի լուծման տարբերակը։ Արդեն տեւական ժամանակ է՝ Գյումրիում անիշխանություն է. քաղաքական ճնշման արդյունքում համայնքապետ Վարդգես Սամսոնյանի տված հրաժարականից հետո Հայաստանի երկրորդ քաղաքը ղեկավար չունի։ ՔՊ-ն ստիպված է նոր ընտրությունների գնալ Գյումրիում, սակայն այստեղ էլ խնդիրներ կան։ Բանն այն է, որ ընտրությունների կազմակերպումը, ըստ էության, առանց գործող համայնքապետի, հնարավոր չէ։ Օրինակ՝ ՏԻՄ մասին օրենքում հստակ սահմանվում է, որ նախընտրական փուլում, ԸՕ-ի սահմանված կարգով, համայնքապետն է որոշում համայնքի տարածքում քարոզչական պաստառներ փակցնելու համար առանձնացված տեղերը, ապահովում է տեղամասային կենտրոնում բնականոն քվեարկության համար անհրաժեշտ կահավորումը կամ վերացնում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի դրույթների խախտմամբ փակցված քարոզչական պաստառները։ Ստացվում է, եթե անգամ ընտրությունների օր նշանակվի, համայնքը ղեկավար չունի, որպեսզի այս գործառույթներն իրականացնի։


Oրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ն վարչության նիստում երկար փնտրտուքներից հետո «գտել» է խնդրի լուծման բանալին. փոփոխություններ կարվեն ՏԻՄ մասին օրենքում, որպեսզի խոչընդոտները վերացվեն ու կարողանան նոր ընտրություններ անել եւ իշխանություն վերցնել Գյումրիում։ Իսկ թե ինչ փոփոխություններ կանեն օրենքում՝ դրա վերաբերյալ ՔՊ-ականները դեռ իրավաբանների հետ քննարկումներ են անցկացնում։ Պետք է լինի օրենք՝ Գյումրիում «ՔՊ հաղթանակն ապահովելու մասին»»:


«Հրապարակը» գրում է․ ՔՊ վարչության նիստում նախօրեին քննարկվել է Գյումրիում ստեղծված իրավիճակը: Թեպետ իշխանությունը նախնական որոշում է ունեցել՝ դեկտեմբերի 29-ին Գյումրիում արտահերթ ընտրություններ անցկացնել, սակայն Փաշինյանը թիմին փոխանցել է իրավաբանների կարծիքը` քանի դեռ Գյումրիում օրենսդրական կազուսը չի շտկվել, ընտրություններ հնարավոր չէ նշանակել։ Բանն այն է, որ համայնքապետը կամ ԺՊ-ն է ընտրատեղամասային հանձնաժողովներին լիազորում ընտրական գործընթաց սկսել, ԿԸՀ-ն օրենքով չունի նման լիազորություն: Բացի այդ՝ ավագանու նախորդ նիստն էլ է ապօրինի եղել, քանի որ, ըստ օրենքի, նիստը համայնքապետի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխքաղաքապետը տնային կալանքի տակ է` նիստ հրավիրող չկա։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ հրավիրել։ Որպեսզի այս հարցերը լուծվեն, հարկավոր է փոփոխություն կատարել օրենքում, որ կարողանան համայնքապետի ԺՊ նշանակել: Իրականում ՔՊ-ի «փորացավն» այլ է, եթե պետք լիներ, այս անգամ էլ օրենքը տրորելով իրենց ուզածը կանեին։


Հարցն այն է, որ հարմար թեկնածու չունեն, ուզում են ժամանակ ձգել, իրենց ԺՊ-ին նշանակել, որ «մի քանի լավ բան անի», որպեսզի գյումրեցիները հետո նրան քվե տան: Որպես համայնքապետի ԺՊ՝ դիտարկել են Գյումրու ՔՊ ղեկավար Կարեն Սարուխանյանին, սակայն մեզ ասացին, որ ՔՊ-ի ցուցակը, ըստ ամենայնի, կգլխավորի այլ՝ ավելի հեղինակավոր անձ, քանի որ հասկանում են, որ գյումրեցիները կարող են չներել, որ քաղցկեղով հիվանդ մարդուն` Սամվել Բալասանյանին, ծնկի բերեցին քրեական գործերով։ Չնայած Բալասանյանից էլ դժգոհ էին, որ ՔՊ-ի հետ կոալիցիա կազմեց: Ի դեպ, երեկ քաղաքը մաքրողները մի քանի ժամանոց գործադուլ արեցին, սակայն նրանց համոզել էին դադարեցնել` խոստանալով 2 օրում վճարել աշխատավարձերը։


«Հրապարակը» գրում է․ 2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանն ասում է, որ իրենց պատրաստած զեկույցը դեկտեմբերին կմտնի փորձաքննության փուլ՝ կապված գաղտնիության ռեժիմի հետ: Սա նշանակում է, որ զեկույցը կուղարկվի արտաքին գործերի նախարարություն, ՊՆ, Արտաքին հետախուզության ծառայություն եւ դատախազություն, որպեսզի ուսումնասիրեն եւ պատասխան գրությամբ հանձնաժողովին տեղեկացնեն, թե որ դրվագները կարող են հրապարակային քննության ենթարկել, որը՝ գաղտնի։ Գործընթացը, լավատեսական հաշվարկով, մեկ ամիս կտեւի, այսինքն՝ հունվարի վերջին կստացվեն բոլոր մարմինների պատասխանները, այնուհետեւ մոտ 1000 էջանոց զեկույցը համապատասխան մշակմամբ կուղարկվի ԱԺ նախագահին, որն էլ կորոշի, թե որ օրը, որ նիստում քննարկել զեկույցը։ Հանձնաժողովի նախագահը չի բացառում, որ զեկույցին կհաջորդեն քրեական գործեր։


«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական երեսփոխանները երեկ բյուջեի քննարկումը վերածել էին «հզոր վարչապետին» քծնելու եւ նախկին թալանչիներին քննադատելու արդեն ձանձրալի դարձած արարողության․ ով չէր ալարում, մոտենում էր ամբիոնին եւ, բռնանալով մայրենիի վրա, քծնում էր Նիկոլ Փաշինյանին։ Նրանց թվում էր սյունեցի պատգամավոր Կարեն Համբարձումյանը, որը նախկին ԲՀԿ-ական է, բայց իշխանափոխությունից հետո արագ ճամբարափոխ եղավ: Երեկ նա բյուջեին նվիրված իր ելույթում ասաց. «Աստված ոչ անի, եթե պատերազմ սկսվի, ամենայն ազնվությամբ, ես իմ ընտանիքը պետք է վերցնեմ, գնամ այնտեղ, որովհետեւ միակ անվտանգ տեղը հենակետն է: Այդպիսի հզոր հենակետեր են կառուցվում այսօր: Տարբերությունն ակնհայտ է»։


Պատգամավորն այնքան ելույթ չէր ունեցել ամբիոնից, որ ակնհայտ դիսկոմֆորտի մեջ էր եւ մի կերպ էր բառերն իրար կապակցում, ինչը «մե խինդ, մե ուրախություն» էր առաջացրել պատգամավորական շարքերում եւ կառավարական օթյակում, անգամ Նիկոլ Փաշինյանն էր քթի տակ քմծիծաղում։ Համբարձումյանի ելույթից հետո մենք հարցրինք՝ փաստորեն, այնքան անվտանգ եք կահավորում մեր հենակետերը, որ անգամ ադրբեջանցիներին եք գայթակղել` եկել են, երկու տարուց ավելի մնացել Ջերմուկի, Սեւ լճի դիրքերում: Պատգամավորը ոլորեց աչքերն ու հորդորեց հարցերը գրավոր ուղարկել իրեն: Ինչո՞ւ գրավոր, բանավոր խոսքի հետ խնդի՞ր ունեք։ «Ինչպես տեսաք՝ չունեմ»,- իր ելույթից գոհ՝ հայտարարեց ՔՊ-ականը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Կենտրոնի թաղապետարանի պաշտոնյաների քրեական գործով մի կին է անցնում: Իրավապահներին տեղեկություններ են հասել, որ Կենտրոնի թաղապետարանի պաշտոնյաները կոնկրետ անձանցից, Կենտրոն վարչական շրջանում տերմինալի եւ սուրճի սարքեր տեղադրելու համար, գումար են ուզել։ Ավելին՝ իրավապահների ձեռքում հայտնվել է խոսակցության փաստ՝ ինչպես է թաղապետարանի պաշտոնյաներից մեկը զանգել կնոջը ու ասել՝ կնի՛կ, էսօր 600 դոլար գրպանդ մտավ։  Հիշեցնենք, որ ArmLur.am-ին հայտնի էր դարձել, թե Կենտրոնի թաղապետարանից ում են իրավապահները ձերբակալել: Նոյեմբերի 12-ին իրավապահները Կենտրոնի թաղապետարանում՝ աշխատակազմի առեւտրի եւ սպասարկումների բաժնում, գործողություններ էին իրականացրել։ Արդյունքում՝ ձերբակալվել են 4 անձինք, որոնցից 3-ը պաշտոնատարներ են։ Ավելի ուշ նախաքննական մարմինը հայտնեց, որ պաշտոնյաները կալանավորվեցին։ Կալանավորվածներից մեկը առեւտրի եւ սպասարկումների բաժնի պետ Արսեն Աղաբեկյանն է. ձերբակալվել էին նաեւ նրա տեղակալը ու եւս 2 անձ»:


«Հրապարակը» գրում է․ Երեկ Արարատ Միրզոյանը, պատասխանելով այն հարցին, թե Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ չնայած ՀՀ որոշ ներկայացուցիչներ գրանցվել են՝ մասնակցելու COP-29 համաժողովին, սակայն չեն մասնակցում, ասել է. «ՀՀ որեւէ պաշտոնատար անձ Բաքվում անցկացվող COP-29 միջոցառմանը մասնակցելու համար հայտ չի ներկայացրել, չի գրանցվել»: Իսկ սա նշանակում է, որ հերթական անգամ ՀՀ իշխանությունը չկարողացավ ինչ-որ բան պայմանավորվել Ադրբեջանի իշխանությունների հետ, եւ մեր գերիներից գոնե մի քանիսին նրանք ազատ չեն արձակելու: Հայտնի է, որ գերիներից մի քանիսին բաց թողնելու պայմանով` ՀՀ իշխանությունը խոստացել էր պատվիրակություն ուղարկել Բաքու:


«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ որևէ պաշտոնատար անձ Բաքվում անցկացվող COP29 միջոցառմանը մասնակցելու համար չի գրանցվել: Երեկ այս մասին ԱԺ-ում հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն էլ ասել էր, թե Հայաստանի որոշումը կախված է լինելու մի շարք հարցերից, այդ թվում՝ գերիների վերադարձի և խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի հետ քննարկումներից։  Ինչի՞ մասին է խոսում այս վիճակը: Ինչպես նշեցինք, ՀՀ-ն Բաքվում կայանալիք համաժողովին իր մասնակցությունը կապում է հայ ռազմագերիների վերադարձի հետ։ Շատ հավանական է, որ Իլհամ Ալիևը հրաժարվել է վերադարձնել հայ գերիներին. ի վերջո, պատահական չէ, որ մասնավորաբար Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների կալանավորումը երկարաձգվել է մի քանի ամսով։ Այսինքն, Ադրբեջանը ցանկանում է դատավարություն իրականացնել հայ գերիների նկատմամբ, և Փաշինյանի կամ ՀՀ այլ ներկայացուցչի ժամանումը Բաքու ոչինչ չէր փոխելու Ալիևի որոշման մեջ։


Այս թեմային անդրադառնալով՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը նշում է, թե ստացվում է, որ ՀՀ իշխանությունները հասկացել են, որ Բաքվից հետ են վերադառնալու առանց գերիների, և Բաքու կատարած այցն ավելի շատ կհարվածի նրանց ու ընդդիմությանը ևս մեկ խաղաքարտ կտա ընդդեմ իշխանությունների, եթե վերջիններս վերադառնան Երևան «դատարկաձեռն»։ «Բացի այդ, եվրոպական մի շարք երկրներ հրաժարվել են մասնակցել Բաքվի համաժողովին և ՀՀ-ն ռևերանս է անում Արևմուտքին՝ նույնպես չմեկնելով Բաքու։ Դա կարող է լինել երկրորդ պատճառը՝ գերիներին չվերադարձնելու պատճառի հետ միասին։ Ֆրանսիայի նախագահը չի մեկնել Բաքու, իսկ հայ-ֆրանսիական կապերը վերջերս խորանում են ռազմական ոլորտում»,-նշում են հեղինակները։  


Այս ամենին զուգահեռ՝ Երևանն ու Բաքուն միմյանց մեղադրում են հայադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը տապալելու մեջ, սակայն փաստացի կուլ իսային գործընթացներ են տեղի ունենում, մասնավորաբար, կուլիսային մակարդակում համաձայնեցնում են խաղաղության համաձայնագիրը։ Օրինակ՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ասել է, որ համաձայնեցվել են Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախագծի հիմնական կետերը. «Թվերը հիմա չեմ ուզում հրապարակել, բայց դեռ կարևոր կետեր կան, որոնք պետք է համաձայնեցվեն»։ Ի հավելումն՝ «Հանրապետության հրապարակը» գրում է, թե ՀՀ իշխանություններն ինքնուրույն որոշումներ չեն կայացնում, այլ իրենց քայլերը համաձայնեցնում են այլ կենտրոնների, մասնավորապես Արևմուտքի հետ. «ԱՄՆ-ում նախագահ է փոխվել, իսկ ՔՊ-ն ու Փաշինյանը սերտ կապերի մեջ էին Դեմոկրատական կուսակցության հետ։ Աշխարհաքաղաքական իրավիճակ է փոխվում, և ՀՀ իշխանություններն որոշել են որոշակի թայմաութ վերցնել՝ իրենց ապագա գործողությունները հասկանալու համար»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Արմենուհի Ղազարյանը ավելի քան համեստ ունեցվածքով շարքային քաղաքացի էր, երբ վրա հասավ հեղափոխությունը։ «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է փաստական տվյալներ. Ղազարյանը, ով ներկայացրել է պաշտոնը ստանձնելու մեկ հայտարարագիր, ըստ դրա՝ ունեցել է 100 հազար դրամ կանխիկ գումար եւ ստացել է չնչին աշխատավարձ ինչ-որ ՊՈԱԿ-ից եւ ԱԺ աշխատակազմից (փաստաթղթերը ստորեւ)։ Սակայն իշխանական պատգամավորը ամիսներ առաջ՝ 2023 թվականին, Երեւանում միանձնյա կարգով գնել է բնակարան։ Բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդը դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 14 մլն 783 հազար դրամ։ ՔՊ-ականները կպաշտպանվեն՝ հիշեցնելով իրենց «փրկօղակ» վարկը. այդ դեպքում հարց՝ բանկերը ենթադրյալ վարկը ինչի՞ հիման վրա են տվել այժմ արդեն բազմաբնակարան ՔՊ-ականներին, ո՞ր գույքի գրավի դիմաց, թե՞ իշխող ուժի մանդատը բավական է եղել »:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ական այս պատգամավորի համար էլ հեղափոխությունը արգասաբեր էր: ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Գասպարյանը, ով խորհրդարանում մշտապես լռակյաց է, հեղափոխությունից հետո գույքերի առքուվաճառքի մեջ է եղել։ Այսինքն` ՔՊ թիմում եւ խորհրդարանում իշխանության որոշումներին «կողմ» քվեարկելու համար գործունեություն ծավալող Գասպարյանը, առիթից օգտվելով, ունեցվածք է կուտակում։ Օրինակ` հեղափոխությունից հետո՝ 2022 թվականին, նա ձեռք է բերել հողամաս Աբովյան քաղաքում, իսկ 2023 թվականին Առինջ գյուղում՝ անհատական բնակելի տուն։ Դատելով վարկային մնացորդից` հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Գասպարյանը նաեւ հիփոթեքով գնած բնակարան ունի, որի մայր գումարի մնացորդը կազմել է 43 մլն 232 հազար դրամ։


ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամի ամուսինը` Արսեն Մխիթարյանը, որ շարքային ինժեներ է Ազգային անվտանգության ծառայությունում, հեղափոխությունից հետո բախտ է ունեցել ժառանգություն ստանալ բնակարան Երեւանում եւ ձեռք բերել 2 ավտոմեքենա։ Հարցն այն է, որ ՀՀ ազգաբնակչության պատկառելի մասը օր-օրի ընկղմվում է վարկերի, պարտքերի մեջ, բռնում է արտագաղթի ճանապարհը, իսկ իշխանության ոչ մի ներկայացուցչի կամ նրա ընտանիքի անդամի (տվյալ դեպքում ամուսնու) համար գոյություն չունի ոչ մի նյութական անկում, ամենուր վերելք է` բնակարաններ, ավտոմեքենաներ, դրամ։ Փաստորեն, էվոլյուցիա ապահովող կախարդական փայտիկը Նիկոլ Փաշինյանը միայն իր թիմակիցների համար է օգտագործում»:


«Փաստ» օրաթերթը գրում է. Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի ու նրա «իշխանական թիմի» համար թանգարաններն ու գրադարանները ավելորդ բեռ են, անիմաստ կառույցներ: Դե, թանգարանների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի «դարակազմիկ» մտքերը հայտնի են: Նա այն թանգարանները, որոնք քիչ այցելուներ ունեն, պահեստի հետ է համեմատել (սա ամենից անմեղ հիշեցումն է), նշել, որ եթե որևէ թանգարան քիչ այցելու ունի, պետք է նայել՝ առհասարակ պե՞տք է այդ թանգարանը, պե՞տք է այն ֆինանսավորել: Նորություն չէ՝ Փաշինյանի ու ՔՊ-ի «չափորոշիչները» փողն ու որկորն են միայն:


Հիմա այդ թանգարանատյաց վերաբերմունքը շարունակություն, ավելի ստույգ՝ նոր, կարելի է ասել՝ պետական քաղաքականության դրսևորումներ է ստանում: Օրերս էլ Փաշինյանի կարկառուն պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ եթե մարդիկ թանգարան չեն այցելում, ապա հարց է ծագում, թե ընդհանրապես ինչո՞ւ գոյություն ունի այդ թանգարանը: Հա, ու դա երևի քիչ համարելով՝ քպական պաշտոնյան ասում է, թե կոչ են անում թանգարանների ու նաև գրադարանների աշխատակիցներին, որ իրենք սեփական եկամուտները գեներացնեն ու այդ «գեներացման» հաշվին բարձրացնեն իրենց աշխատավարձերը:Սա դեռ «ժուռնալն» էր: Բանն այն է, որ գրադարանավարների ու թանգարանային աշխատողների՝ առանց այդ էլ «նիհարագույն» աշխատավարձի վրա խնայող փաշինյանական պաշտոնյան գանգատվում է, թե չինովնիկները շատ ցածր աշխատավարձ են ստանում, ակնարկելով, որ պետք է այն էլի բարձրացնել:


«Եկամուտների գեներացման», իսկ մարդավարի ասած՝ «գլխներիդ ճարը տեսեք»-ի հայեցակարգը, իրոք, հետաքրքիր է: Սա մոտավորապես «աղքատությունը ձեր գլխում» է գաղափարախոսության ուղիղ շարունակությունն է: Այսինքն, թանգարաններն ու գրադարանները պետք է անցնեն ինքնաֆինանսավորման, իսկ ավելի լավ կլինի՝ փակվեն, որպեսզի պետբյուջեից փող չգնա այդ «անիմաստ կառույցների» վրա, ու փաշինյանական գերպարգևավճարվող չինովնիկները ավելի շատ «վարձատրվեն»: Դե, ո՞ւմ են պետք գրադարանները, թանգարանները, բուհերը, գիտությունների ակադեմիան: Կարելի է միայն մի թանգարան թողնել, այն է՝ 2018 թվականի իշխանազավթման թանգարանը (հիշում եք, երևի, նման գաղափար քպականներն ունեին): Իսկ մնացած ամեն ինչ փակել: Կարևորը՝ քպական պաշտոնյաները հարուստ, «չաղ ու բախտավոր» լինեն...


«Փաստ» օրաթերթը գրում է. Այսօր Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ՈւԵՖԱ Ազգերի լիգայի Հայաստան-Ֆարերյան կղզիներ հանդիպումը։ Հիշեցնենք, որ Պետրակովի հեռացումից հետո մեր հավաքականը փաստացի գլխավոր մարզիչ չունի և առաջիկա երկու հանդիպումներն անցկացնելու է, այսպես կոչված, «մարզչական շտաբի» գլխավորությամբ:


Վերջին երկու օրերին «Փաստը» տեղեկություններ էր ստանում, որ հաշվի առնելով երկրպագուների «Առաջին հայկական ճակատի» (FAF) բողոքի ակցիաները Հայաստանի առաջնության խաղերի ժամանակ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել է ուժային կառույցներին, որ Հայաստան-Ֆարերյան կղզիներ հանդիպման ժամանակ անվտանգության հավելյալ միջոցառումներ կիրառվեն: Շրջանառվող այս տեղեկության մասին երեկ բարձրաձայնեց նաև FAF-ը՝ նշելով, թե «ՀՖՖ հորդորով սպասվում է տարբեր ուժային կառույցների մեծաքանակ ներկայություն»: FAF-ը նախ նշել էր, որ իրենց խնդրանքն ու դիրքորոշումն է՝ ազգային հավաքականին աջակցել միշտ, անկախ արդյունքներից, իսկ թիմի խնդիրներին անդրադառնալ առանձին, այս պարագայում` ՀՖՖ ներկայիս ղեկավարության հեռանալուց հետո: Ապա նաև հայտարարել էին, որ Ազգային հավաքականի խաղը չի եղել և չի կարող լինել անկարգությունների հարթակ. «Մենք դատապարտում ենք ցանկացած նման դրսևորում և կոչ ենք անում ուժային կառույցներին՝ խաղից առաջ, երկրպագման պրոցեսի ժամանակ և դրանից հետո չդիմել սադրիչ որևէ գործողության երկրպագուների նկատմամբ»։


Ի դեպ, հավելենք, որ ըստ «Առաջին հայկական ճակատի», երեկվա դրությամբ տոմսերի վաճառքը բավական վատ վիճակում էր. «Ունենք վերջին մի քանի տարվա՝ տոմսերի վաճառքի վատագույն ցուցանիշներից մեկը»։