3.10.2024
Օհանյան. Մարտի 1-ի դեպքերի բացահայտումը կլինի մեր ուշադրության կենտրոնում
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. Հայաստանը սկսում է ոսկի գնել՝ երեք անգամ թանկ գնով

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի այսօրվա ամենաուշագրավ հրապարակումները:

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Ամենայն հավանականությամբ՝ շուտով Հայաստանը կրկին կսկսի համալրել իր պահուստները ոսկով: Մեր տեղեկություններով՝ ոսկի պահուստավորելու շուրջ քաղաքական որոշումն արդեն կայացված է: Այդ գործով կզբաղվի Կենտրոնական բանկը: Թե որքան ոսկի է կուտակվելու, դեռ պարզ չէ: Հայտնի է միայն, որ գործընթացը ունենալու է շարունակական բնույթ: Կենտրոնական բանկը հավանաբար կգնի Հայաստանում արտադրված ոսկու մի մասը: Հայաստանը 2003 թվականին վաճառեց պահուստներում առկա ամբողջ ոսկին` 1.4 տոննա: Այդ ժամանակ մեկ ունցիայի գինը մոտ 400 դոլար էր: Դա ոսկու ամենացածր գինն է վերջին 14 տարիների ընթացքում: Վաճառելուց անմիջապես հետո ոսկին աշխարհում սկսեց շեշտակի թանկանալ: Ներկայումս մեկ ունցիան 1200 դոլարից ավելի է: Այլ կերպ ասած, ՀՀ-ն ոսկին վաճառեց էժան գնով եւ սկսում է գնել 3 անգամ թանկ գնով»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԳՆ-ն 9 մլն 600 հազար դրամ կամ մոտ 20 հազար դոլար է վճարել հայտնի գործարար Սամվել Մայրապետյանին: Բանն այն է, որ ՀՀ-ում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնը տեղակայված է Սամվել Մայրապետյանին պատկանող, Աբովյան 8 հասցեում գտնվող շենքում: ԱԳՆ-ն այդ գումարը վճարել է որպես տարածքի վարձավճար: Հիշեցնենք, որ գործարար Սամվել Մայրապետյանը նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մերձավորներից է, ասում են` նաև բիզնես գործընկերը: Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ Մայրապետյանը Երևանի կենտրոնում զբաղված էր էլիտար շենքերի, այդ թվում` Հյուսիսային պողոտայի մի հատվածի կառուցմամբ: Աբովյան 8 հասցեում գտնվող շենքը ևս պատկանում է Մայրապետյանին»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանը` ՍԱՍ-ի Արտակը, հայտնվել է աննախանձելի վիճակում: Նախ` տարեսկզբին ՊԵԿ-ը ստուգումներ սկսեց «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցում, և արդյունքում երկու օր փակ էին Թումանյան և Բաղրամյան փողոցների մասնաճյուղերը: Իսկ ահա փետրվարի 9-ին էլ «ՍԱՍ գրուպ» ՍՊԸ-ի դեմ դատական հայց է ներկայացրել «Մայքրոսոֆթ Կորպորացիա» ընկերությունը: Այս տարվա փետրվարի 9-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ներկայացրած հայցում «Մայքրոսոֆթ Կորպորացիան» «ՍԱՍ գրուպ»-ից պահանջել է դադարեցնել հեղինակային իրավունքի խախտումը և որպես փոխհատուցում վճարել ավելի քան 15 միլիոն դրամ: Այս գործով դատավոր է նշանակվել Հայարփի Զարգարյանը»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախորդ տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին պաշտոնապես գործազուրկ է եղել 79 հազար 166 հոգի։ Ցուցանիշ, որն ավելի է՝ 2015թ. նույն ժամանակահատվածի համեմատ, երբ գործազուրկի կարգավիճակ էր ստացել 73 հազար 295 մարդ։ Նկատենք, սակայն, ԱՎԾ այս տվյալներն ամբողջովին չեն արտացոլում պատկերը, գործազուրկների թիվը Հայաստանում ավելի շատ է, քան ներկայացվում է պաշտոնապես։ Պարզվում է՝ ոչ բոլորն են գրանցվում սոցիալական ծառայության համապատասխան կենտրոններում և ստանում գործազուրկի կարգավիճակ։ Արդյունքում էլ գործազրկության մակարդակը պաշտոնապես տատանվում է 18 տոկոսի սահմաններում»,–գրում է թերթը։

«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանի ամենահիմնական խնդիրներից մեկը, բոլորի կարծիքով ու բոլորի մատուցմամբ, ստվերի առկայությունն է տնտեսական կյանքում։ Այո, ստվերային տնտեսությունն իսկապես պետության զարգացման ամենակարևոր խոչընդոտներից է։ Սակայն ոչ պակաս, իսկ գուցե ավելի կարևոր է այն ստվերը, որն առկա է քաղաքական դաշտում։ Այդ ստվերը վերջին շրջանում մենք տեսնում ենք գրեթե ամեն օր դաշինքների կազմավորման, փլուզման, նորերի կազմավորման ու նորերի փլուզման հեռանկարով։

Ընտրություններին մասնակցել պատրաստվող ուժերն ամեն ինչ անում են ստվերում՝ բանակցում են ու չեղյալ հայտարարում պայմանավորվածությունները, նորից են պայմանավորվում ու նորից բաժանվում։ Ամեն ինչ տեղի է ունենում հասարակությունից թաքուն, բայց ներկայացվում է՝ որպես հասարակության շահից բխող գործընթաց։ Եվ, մեծ հաշվով, առաջիկա խորհրդարանական ընտրություններում մենք տեսնելու ենք ստվերների պայքար՝ իշխանության ու իշխանության, իշխանության ու ընդդիմության, ընդդիմության ու ընդդիմության միջև։ Հասարակությանն այդ պայքարում որևէ տեղ չի հատկացվում։ Բացի ընտրությունների օրն այս կամ այն ստվերի հաղթանակի ամրագրումից»:

«Փաստի» աղբյուրների վկայությամբ` «Հայկական վերածնունդ» հիմնադիր նախագահ Արթուր Բաղդասարյանը վերջերս հաճախ է մեկնում Մոսկվա` հանդիպելու շինարարական մեծ կորպորացիայի սեփականատեր, մեծահարուստ Վարդգես Արծրունուն: Արծրունին հայտնի «Արտսինվեստ» հոլդինգի գլխավոր տնօրենն է: Ժամանակին, Կարեն Դեմիրճյանի օրոք, նա զբաղեցնում էր ՀԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահի տեղակալի ու ՀԽՍՀ շինարարության պետկոմի նախագահի պաշտոնները (1987–90 թթ.): Արթուր Բաղդասարյանը հույս ունի առաջիկա խորհրդարանական ընտրություններին իր կուսակցության ընտրարշավի համար ֆինանսական հովանավոր դարձնել 76–ամյա Վարդգես Արծրունուն: Նրա աջակցությամբ Արթուր Բաղդասարյանը գրեթե հասցրել է Մոսկվայում հեռուստաընկերություն բացել, որի մեկնարկը ինչ–ինչ պատճառներով հետաձգվում է:

«Իրատես» թերթը գրում է. «Նախընտրական քարոզարշավը դեռ չմեկնարկած՝ իշխող կուսակցությունը սկսել է իր լծակները գործի դնել։ Քանի որ այս ընտրություններում էական ազդեցություն է ունենալու ընտրակաշառք, և որոշ պնդումների համաձայն, գումարային բարձր սանդղակ է սահմանվել, ուստի ՀՀԿ-ն սկսել է մյուսներից մեկ քայլ առաջ գործել։ Մեր տեղեկություններով, ՀՀԿ-ն սկսել է ընտրակաշառքի համար ցուցակագրել մարդկանց։ Այս առնչությամբ Երևանի որոշ համայնքներից արդեն ահազանգեր կան։ Ի դեպ, որոշ քաղաքացիներ «խորամանկության» են դիմում՝ փորձում են օգտվել և ՀՀԿ-ի, և մյուսների կաշառքներից, չնայած նաև հայտարարում են, թե ընտրակաշառք ստանալուց հետո էլ մտադիր են իրենց նախընտրած ուժին ձայն տալու»,–գրում է թերթը:
Մի խումբ կոնգրեսականներ Թրամփին կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` inter-freight.by
03.10.2024
Հայաստանը խստացնում է արտադրանքի անվտանգության վերահսկողությունը ԵԱՏՄ շրջանակներում