14.10.2024
Լուսանկարը` Sputnik
prev Նախորդ նորություն

Հայաստանի կառավարությունը պարզեցնում է բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանումը

Լուսանկարը` ՀՀ ԲՏԱ պաշտոնական կայքէջ
Լուսանկարը` ՀՀ ԲՏԱ պաշտոնական կայքէջ

Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 26-ի նիստում որոշում է կայացրել փոփոխություններ կատարել երկակի նշանակության ապրանքների արտահանման օրենսդրության մեջ։ Այս փոփոխությունները նպատակ ունեն դյուրացնել արդեն իսկ փորձաքննություն անցած և երկակի կամ ռազմական նշանակության չճանաչված ապրանքների մաքսային ձևակերպումները։


Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ ՀՀ տարածք ռազմական նշանակության ապրանքների ներմուծումը, ինչպես նաև ՀՀ տարածքից երկակի նշանակության ապրանքների արտահանումն ու տարանցիկ փոխադրումը պահանջում են համապատասխան լիցենզիաների և թույլտվությունների ստացում։ Այս կատեգորիաներին ապրանքների պատկանելիությունը որոշելու համար ձեռնարկատերերը պատվիրում են դրանց փորձաքննությունը հավատարմագրված կազմակերպություններում։


Հայրապետյանը ընդգծեց, որ փորձաքննության ենթարկվող ապրանքների զգալի մասը չի համարվում ռազմական կամ երկակի նշանակության, սակայն գործընթացը պետք է անցնել մաքսային հայտարարագրման համար, ինչը հանգեցնում է ֆինանսական և վարչական ծախսերի։ Մեկ օրվա ընթացքում հրատապ փորձաքննության դեպքում վճարը կարող է հասնել մինչև 60 հազար դրամի։


ՊԵԿ-ն արդեն հրապարակում է երկակի կամ ռազմական նշանակության չհամարվող ապրանքների ցանկը։ Սակայն օրենքում ամրագրված չեն այս ցանկի համար ապրանքների ընտրության սկզբունքները, դրա թարմացման հաճախականությունը և ապրանքը ցանկում ներառելու իրավական հետևանքները։


Օրինագծի նպատակն է ստեղծել իրավական հիմք արդեն փորձաքննություն անցած և երկակի կամ ռազմական նշանակության չճանաչված ապրանքների ցանկի հրապարակման համար, ինչպես նաև պարզեցնել մաքսային ձևակերպումները այդ ցանկի հիման վրա։ Սա թույլ կտա կրճատել լրացուցիչ վարչական և ֆինանսական ծախսերը և բարելավել գործարար միջավայրը, հատկապես տեխնոլոգիական և ինժեներական ոլորտի ընկերությունների համար։


ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը կոչ արեց ձեռնարկատերերին ծանոթանալ ՊԵԿ-ի կայքում հրապարակված ցանկերին՝ մաքսային ձևակերպումների ժամանակ լրացուցիչ ժամանակի և ֆինանսական ռեսուրսների ծախսից խուսափելու համար։

ՀՆԱ-ի աճով Հայաստանը ԵԱՏՄ երկրների շարքում երրորդն է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` edu.am
11.10.2024
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ