9.10.2024
ԱՄՆ-ն միշտ առիթներ է փնտրում ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման համար
prev Նախորդ նորություն

«Մի կյանք, մի խոսք, մի ձայն». պոեզիայի և երաժշտության անզուգական միասնություն բեմում

«Մի կյանք, մի խոսք, մի ձայն»՝ պոեզիան միախառնված երաժշտությանը։


Այս նախագիծը կարճ ժամանակում սիրելի դարձավ երևանյան հանդիսատեսի համար։ Այստեղ պոեզիան ու երաժշտությունը հանդիսատեսին մատուցվում են բոլորովին այլ ձևաչափով։ Կարծես պոեզիայի հեղինակները խոսեն հանդիսատեսի հետ, որից հետո երաժշտություն շշնջան։ Իսկ արտիստները տվյալ դեպքում կամուրջ են դառնում ՝ ստեղծագործության հեղինակի ու հանդիսատեսի միջև։

Այս երեկոյին ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը կամրջեց Գևորգ Էմինի, Զուլոյի և Պետրոս Հոկտանյանի գործերը։ Բայց մինչ այդ պատմեց՝ "երբ առաջարկն եղավ Պետրոսի կողմից նման ձևաչափով նախագիծ իրականացնելու զարմացա, ես ինձ ակումբային ֆորմատում չէի պատկերացնում"։

«Եթե Պետրոսն առաջարկեր դահլիճում անել նման երեկո, հրաժարվելու էի. «Պոեզիան՝ հատկապես լիրիկական, չես կարող կանգնել 500 հոգու առաջ ու կատարել, այն ինտիմ երեւույթ է՝ ես եմ ու գիրքը։ Իսկ երբ նա գիշերը ուղարկեց իր գրածները զարմացած հարցրեցի՝ դո՞ւ ես գրել, ոնց որ Համո Սահյանի ճուտը լինես։ Մի քիչ էլ զրուցեցի հետը, տեսա, որ «մեր դասարանից» է, իսկ հիմա այս նախագիծը շատ հարազատ է ինձ համար։ Իսկ արդեն ելույթից առաջ նախապատրասեց հանդիսատեսին՝ եթե դուք եկել եք կատարում լսելու, սխալվում եք. ես կարդալու եմ ինքս ինձ համար»,- ասում է նա։

Ու մինչ Հակոբյանի ներկայացրած պոեզիան դեղահաբի նման ընդունեց հանդիսատեսը, բեմում էր արդեն բազմաթիվ մրցույթների հաղթող երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը դաշնակահար Կարեն Անանյանի հետ միասին։ Երեկոյի համար Մելքոնյանն ընտրել էր հայ հայտնի ստեղծագործողների երգերը. սկսեց Էլվինա Մակարյանի «Իմ կյանքի գարուն»-ից, կատարեց նաեւ «Մենությունը», ապա երգեց Շառլ Ազնավուրի «Մեռնել սիրելով», Ռոբերտ Ամիրխանյանի «Հայի աչքեր», Հայկոյի «Թող հիշեմ»-ը, ինչպես նաեւ Լառա Ֆաբիան Je suis Malade, որը դարձել է երգչուհու այցեքարտը։

"Այս նախագիծը ինձ հարազատ է դարձել իր անմիջականությամբ։ Ես հիմնականում մեծ բեմերում եմ ելույթ ունենում, նվագախմբերի հետ ու նման մտերմիկ միջավայրերին կարոտում եմ, այստեղ դու շատ մոտ ես հանդիսատեսին ու հրաշալի առիթ ունես մարդկանց հետ մտերիմ եւ անմիջական կապ ստեղծել: Համոզված եմ՝ հենց դրանում է այս նախագծի ֆենոմենը՝ անմիջականություն ու անկեղծություն":

Սյուզաննան պատմեց, որ երբ առաջարկը ստացավ Պետրոս Հոկտանյանից, մի փոքր մտավախություն ուներ․


«Բոլորը ինձ գիտեն մի քիչ այլ ժանրի երգչուհի, ավելի մասշտաբային երաժշտության մեջ, կարծում էի՝ իմ ձայնը շատ բարձր կլինի այս նախագծի համար, բայց երբ տեսա իմ կոլեգաների կատարումները, հասկացա, որ պետք է մասնակիցը դառնալ այս նախագծի։ Ինքս ընտրեցի դաշնակահարի հետ հանդես գալու ձևաչափը որտեղ և՛ պիանո, և՛ ֆորտե երգեցողություն է։

Սա նաև ինձ համար դպրոց է, այս տեսակ ձևաչափի մեջ շփվելու հանդիսատեսի հետ։ Պատիվ ու պատասխանատվություն Դավիթ Հակոբյանի հետ լինել նույն բեմում, առավել ևս այն դեպքում, երբ վարպետն ասաց, որ շատ վաղուց երգչի կատարումից չէր հուզվել, դրանից լավ գնահատական լինել չի կարող",- հավելեց նա:

Նախագիծն իրականացնում է PH production-ը երիտասարդ գրող Պետրոս Հոկտանյանի գլխավորությամբ:

«Նախագծի գաղափարն ուղեղումս պտտվում էր մոտավորապես 4-5 ամիս, անվանումը ընկերներիցս մեկի առաջարկն է՝ գրողի կյանքը, ստեղծագործությունները ընթերցող դերասանների խոսքը, երգչի կամ երգչուհու ձայնը: Այսինքն՝ նախագծի շրջանակներում մեկ երեկոյի ընթացքում հանդիսատեսի դատին ենք ներկայացնում ժամանակակից գրողների գործերը՝ կոնկրետ դերասանի մատուցմամբ ու երաժշտական հատվածը՝ կրկին կոնկրետ երգչի կամ երգչուհու կատարմամբ»,–պատմում է Հոկտանյանը:

Իսկ մինչ նախագիծը սկսելը դերասանների հետ բանաստեղծություններն աուդիո տարբերակով էին ներկայացրել ու միմյանց ճաշակներն արդեն գիտեին։

«Ստեղծագործելիս էլ արդեն զգում էի, թե որ գործն ում ձայնով ավելի լավ տեղ կհասնի՝ Բաբկեն Չոբանյանի, Սամվել Թոփալյանի, Դավիթ Հակոբյանի, թե մեկ ուրիշի։ Առաջին երեկոյի ընթացքում ելույթ ունեցան Դավիթ Հակոբյանն ու Արսեն Սաֆարյանը, դրանից հետո նոր զույգեր ենք ունեցել եւ բոլորն էլ ներդաշնակ են եղել։ Զգում եմ, թե ովքեր միմյանց հետ համահունչ կլինել»,- շեշտեց նա:

Զուգերգը՝ Դավիթ Հակոբյան և Սյուզաննա Մելքոնյան, աննկարգրելի զգացողություններ է պարգևում։

Հոկտանյանը կարծում է, որ մարդիկ առաջին հերթին իրենց կազմակերպած երեկոների անկեղծությունն են հավանում ու դերասանների մատուցման ձեւը, թե ինչպես է ամեն մեկը կարողանում զգալ բանաստեղծներին, իսկ կատարողներն անգամ իրենց երգացանկում փոփոխություններ են անում, որ համապատասխանեն ձեւաչափի մթնոլորտին:


«Այս երեկոները նաև հարթակ են այն երիտասարդ գրողների համար, որոնց գործերին այդքան ծանոթ չէ հանդիսատեսը, իսկ սա լավագույն ձևաչափերից է՝ նրանց գրածը լսելի և ճանաչելի դարձնելու համար։ Մեր երեկոների ավարտն եմ սիրում՝ մարդկանց գոհունակ դեմքերն ու ժպիտները. շատ կարեւոր է, երբ նայում ես նրանց աչքերի մեջ ու տեսնում, որ դատարկ չեն հեռանում, հետներն ինչ-որ բան են տանում: Մեծ թիմ է աշխատում, որ այս ամենը կարողանանք իրականություն դարձնել»։

Նախագծի իրականացնողները, սակայն, միայն հայաստանյան հանդիսատեսով չեն սահմափակվելու։ Համացանցից այն սիրելի է դարձել սփյուռքում ապրող մեր հայրենակիցների համար և առաջիկայում այս ձևաչափով երեկոներ կլինեն արդեն արտերկրում։


 


 

Հայաստան կժամանի Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը
Հաջորդ նորություն next