25.11.2024
Դավիթ Տոնոյանը՝ ԱԻ նախարար
prev Նախորդ նորություն

Հովհաննես Սահակյանը՝ հեռացածների մասին. Ինչը մեզ չի սպանում՝ ուժեղացնում է

Հանրապետականում որևէ ներքին խնդիր չկա, իսկ այն, ինչին ականատեսն ենք լինում, սովորական կուսակցական առօրյա է: Եվ հետո՝ պետք չէ ամեն կուսակցության անդամակցությունից հրաժարվողի հետևից փորձել ենթադրություններ անել, թե ինչու նա գնաց և որն էր պատճառը: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ից շարունակվող կադրային արտահոսքին:

Հիշեցնենք, երկու ՀՀԿ-ից արդեն հեռացել է կուսակցության փոխնախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նրա զարմուհի, ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանը, Արարատի նախկին մարզպետ Ռուբեն Աբրահամյանը, Հովիկ Աբրահամյանի հետ ազգական կամ մտերիմ այլ թիմակիցներ, ինչպես նաև ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը և այլք:

Հովհաննես Սահակյանը հիշեցրեց, որ նոյեմբերի վերջին կայացած ՀՀԿ համագումարից առաջ կուսակցությունը հայտարարեց, որ մի քանի հազար քաղաքացիներ ցանկություն են հայտնել անդամակցելու ՀՀԿ-ին, իսկ որոշ մասն էլ ցանկություն է հայտնել դուրս գալ, ինչը նորմալ է. քաղաքական ուժը քարացած կառույց չէ, այլ կենդանի օրգանիզմ է, որն անընդհատ գործընթացների մեջ է.

«Բայց այն գաղափարական մասը, որը Հանրապետականի կորիզն է, որը կայացած է կուսակցության ծրագրի, տեսլականի շուրջ, նախագահի ու ղեկավար մարմնի շուրջ՝ այդ մարդիկ ՀՀԿ-ում են, աշխատում են և շարունակում են կուսակցությանը որևէ կերպ օգուտ բերել»,- ասաց նա:
Դիտարկմանը, որ կուսակցությունից դուրս եկածների թվում նաև ՀՀԿ-ի կորիզը համարվող Հովիկ Աբրահամյանն էր ու այլ անհատներ, այսինքն որքանո՞վ է դա համարժեք ուղղակի կուսակցական գործընթացներին, պատգամավորը նշեց, որ ՀՀԿ փոխնախագահի կուսակցությունից դուրս գալու մասով ամեն ինչ ասվել է թե՛ իրենց, թե՛ պարոն Աբրահամյանի կողմից, ավելացնելու ոչինչ չունի: Ու քանի որ նախկին կուսակիցը հայտարարել է, որ զբաղվելու է ակտիվ քաղաքականությամբ, իսկ հիմա ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու փուլն է մեկնարկում, ապաև, նրա խոսքով, հենց Աբրահամյանից է պետք ակնկալել իր քայլերի մասով պարզաբանումներ:

Հարցին՝ չի՞ մտահոգում ՀՀԿ-ին այն փաստը, որ կուսակցությունից ոչ միայն ուղղակի հեռացածները, այլ նեղացածները նոր ֆրոնտ են ձևավորում, Սահակյանն ասաց, որ ամենևին էլ դոգմա չէ ասվածը, թե «ով մեզ հետ չի՝ մեր դեմ է», քանի որ կուսակցությունից հեռացածները կարող են զբաղվել այլ գործունեությամբ: Բայց քանի որ հիմա նախընտրական ժամանակաշրջան է, ապա նման ինտրիգներ բոլորը ամենուր փնտրում են: Նրա խոսքով՝ ոչ նախընտրական շրջանում կուսակցությունից հեռանում կամ կուսակցությանն անդամագրվում են գրեթե նույնչափ, ինչ հիմա դարձել է հայտնի լրատվամիջոցներին, բայց այն ժամանակ դա որևէ մեկին չի հետաքրքրում, ուստիև նման հնչեղություն չի ստանում:

«Իսկ եթե դաշինք կազմեն կամ դեմ քայլեր կանեն՝ իրենց խնդիրն է: Բայց այստեղ պետք է լինի որոշակի հանրությանը խոսք ասելու պահանջ՝ թե ի՞նչ չկարողացան իրականացնել մեր թիմում, հիմա ի՞նչ են ուզում և ի՞նչ ծրագրեր կկարողանան իրականացնել այլ տեղ»,- ընդգծեց նա:

Այսօ՞ր էլ ՀՀԿ-ում շարունակում են կարծել, որ կորցնելով Հովիկ Աբրահամյանին, Սեյրան Օհանյանին, որը թեև կուսակցական չէր, բայց իշխող կուսակցության անբաժանելի մասն էր, նաև մյուսներին իրենք չեն թուլացել.

«Այն, ինչ մեզ չի սպանում մեզ ուժեղացնում է: Եվ ճանապարհ անցնելով ու նմանատիպ խնդիրների հանդիպելով նաև ուժեղանում ես՝ որպես կուսակցություն, որպես քաղաքականության մեջ դերակատարում ունեցող մարդ և այլն: Ես կարծում եմ, որ մենք ունենք այն ներուժը, կազմակերպչական այն պոտենցիալն ու ջիղը, որի շնորհիվ մեր պատկերացրածն ու ակնկալիքը այս ընտրություններից կբավարարվի»,-հավելեց նա: