25.11.2024
Հովհաննես Սահակյանը՝ հեռացածների մասին. Ինչը մեզ չի սպանում՝ ուժեղացնում է
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. Ընտրություններին բաժանվելիք ընտրակաշառքի չափի մասին լեգենդներ են պտտվում

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի այսօրվա ամենաուշագրավ հրապարակումները:

«ժամանակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանը երեկ «կանյաչնիում» ընդլայնված ժողով է հրավիրել, որին մասնակցել են «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային ցուցակով առաջադրվող թեկնածուները։ Քննարկվել են նախընտրական հարցեր: Բացի այդ պարզ է դարձել, որ հունվարի 10-ին՝ ուրբաթ օրը կայանալու է ԲՀԿ համագումարը, որի ժամանակ Նաիրա Զոհրաբյանը վայր է դնելու կուսակցության նախագահի լիազորությունները, և Գագիկ Ծառուկյանը կրկին ընտրվելու է ԲՀԿ նախագահ։ Նույն օրը կստորագրվի նաև հուշագիր դաշինքին մասնակից քաղաքական ուժերի միջև»։

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին առաջադրվելու է ՀԱԿ-ի ցուցակով։ Թե ցուցակի որ հորիզոնականը կզբաղեցնի, դեռ պարզ չէ։ Այս պահին միայն հստակ է, որ ՀԱԿ ցուցակի առաջին հորիզոնականում Լևոն Տեր-Պետրոսյանն է, իսկ երկրորդում՝ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը։ Մի բան սակայն հստակ է, որ Արսենյանը անցողիկ տեղում է լինելու, քանի որ հենց նա է հոգալու ՀԱԿ-ի նախընտրական ծախսերը։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առաջիկա խորհրդարանում տեղ գրավելու հարցում ՀՀԿ կանանց մեջ լուրջ մրցակցություն է սկսվել: Ինչպես տեղեկացրին «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները՝ ՀՀԿ-ում արդեն որոշվել է, թե ԱԺ գործող կին պատգամավորներից ով չի լինելու ԱԺ-ում: Ըստ այդմ, հաջորդ խորհրդարանում ՀՀԿ-ից, բնականաբար, ներկայացված չի լինի մեծամասնականով ընտրված Կարինե Պողոսյանը` Հովիկ Աբրահամյանի զարմուհին, որ վերջերս լքել է ՀՀԿ-ն: Հաջորդ խորհրդարանում չեն լինի նաև Մարինե Մարաբյանը, Շուշան Պետրոսյանը, ՄԻԱԿ-ից՝ Նաիրա Կարապետյանը: ՀՀԿ-ական մյուս կին պատգամավորներին` Կարինե Աճեմյանին, Ռուզաննա Մուրադյանին ու Մարգարիտ Եսայանին, դեռ վերջնական պատասխան չեն տվել` կընդգրկե՞ն ՀՀԿ ցուցակում ու կդառնան պատգամավոր, թե՞ ոչ: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը լինելու է ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին քառյակում»:

«168 ժամ» թերթը գրում է. «Այս օրերին քաղաքացիների խոսակցությունների հիմնական թեմաներից մեկն առաջիկա խորհրդարանական ընտրություններին բաժանվելիք ընտրակաշառքի չափն է, որի մասին արդեն լեգենդներ են պտտվում։ Խոսում են մեկ ձայնի համար 10 հազարից մինչև 40-50 հազար դրամ ընտրակաշառքի հնարավորության մասին։ Թե որքան կկազմի ընտրակաշառքի միջինացված ցուցանիշը, բնականաբար, որևէ մեկը չգիտի։ Դա, մեծ հաշվով, անգամ կարևոր էլ չէ։ Կարևորն այն է, որ տարիներ շարունակ Հայաստանում ընտրություններում որոշիչ հիմնական գործոնն այս անգամ աշխատելու է կատարելապես, որովհետև ընտրություններն անցկացվելու են «շատ փողի» սկզբունքով։ Պատահական չէ, որ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվողների թվում լինելու են բազմաթիվ այնպիսի թեկնածուներ, որոնք նախիկինում անգամ պատգամավոր դառնալու մասին չէին երազի։

Հիմա իշխանությունը սեփական և հարակից ցուցակներում ընդգրկվելու դիմաց լայն հնարավորություններ է բացել, եթե առաջադրվողները պատրաստ են փող ծախսել։ Իսկ Հայաստանում ստվերային փողի պակաս կարծես չկա, և բոլոր նրանք, ովքեր տարիներ շարունակ իշխանության թողտվությամբ փող են աշխատել, այս ընտրություններում վերադարձնելու են իրենց պարտքը։ Հնարավոր է՝ անգամ դառնան պատգամավոր։ Իսկ ընտրությունները վերածվելու են փողային պատերազմների»:

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի քրոջ հոգեհանգստին Սերժ Սարգսյանը նախօրեին չի մասնակցել, փոխարենը ներկա են եղել Հովիկ Աբրահամյանը, որը ոչ վաղ անցյալում Մհեր Սեդրակյանի հետ խուլ հակամարտության մեջ էր, ինչպես նաև Գագիկ Ծառուկյանը, Գագիկ Բեգլարյանը, Սամվել Ալեքսանյանը և այլք։ Ի դեպ, չնայած Մհեր Սեդրակյանի նկատմամբ գործադրվող ճնշումներին, մեր տեղեկություններով, նա որոշել է «զադնի չդնել», թեև տարբեր տեղերում ասում է, որ որդին՝ Դավիթը, չի ենթարկվում իրեն և որոշել է առաջադրվել «Ծառուկյան դաշինքի» ռեյտինգային ցուցակով։ Նշենք, որ Մհեր Սեդրակյանի քույրը տևական ժամանակ հիվանդ էր, և եղբայրը զբաղված էր քրոջ առողջական խնդիրներով»:

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած հավաստի տեղեկություններով՝ արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի «թիմը» վերջնական որոշում է կայացրել «Զվարթնոց» օդանավակայանին հարող տարածքում զվարճանքների մեծ համալիր կառուցել, որի կազմում լինելու է նաեւ խաղատուն: Ներկայումս Երեւանի մերձակայքում գործող միակ խաղատունը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոնն» է, որը ըստ էության գրավել է խաղատնային բիզնեսի ողջ շուկան ու հսկայական շահույթներ է ապահովում սեփականատիրոջը: Օդանավակայանի մերձակայքում կառուցվելիք խաղատունը առաջին հերթին հարվածելու է հենց «Փարավոնին» ու զրկելու է նրան գրեթե մենաշնորհ ունեցող կարգավիճակից:

Փորձը ցույց է տալիս, որ Էռնեկյանը որեւէ բիզնես հիմնադրելիս առաջնորդվում է ամենաբարձր ստանդարտներով, եւ միեւնույն դաշտում նրա հետ մրցելու համար անհրաժեշտ են ավելի բարձր ստանդարտներ, ինչին Ծառուկյանը դժվար թե կարողանա հասնել երբեւէ: Դժվար է պնդել, իհարկե, թե նման որոշում Էռնեկյանը կայացրել է ինչ-որ քաղաքական դրդապատճառներով, բայց որ ծրագիրը իրականացնելու դեպքում նմանատիպ հետեւանքներ կլինեն, թերեւս կասկածից վեր է»: