24.11.2024
Ռոհանի. ՀՀ-ն համարում ենք բարեկամ երկիր և ցանկանում ենք մեր հարաբերություններն ավելի ջերմացնել ու զարգացնել
prev Նախորդ նորություն

Ռոհանի. ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի

ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Այս մասին հայտարարել է Երևանում պաշտոնական այցով գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Հասան Ռոհանիի հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։

«Մենք անդրադարձել ենք ԼՂ հակամարտության խնդրին, նշել, որ մեզ համար Հայաստանն ու Ադրբեջանը բարեկամ երկրներ են ու հուսով ենք, որ ականատեսը կլինենք տարածաշրջանում կայուն խաղաղութան, որը կլինի ամբողջ տարածաշրջանի օգտին: Անկասկած, ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Կուզենայինք ականատեսը լինել խաղաղ ճանապարհով հարցի կարգավորմանը»,- հայտարարեց Հասան Ռոհանին:

Իրանի նախագահը նշեց, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: «Մենք պետք է բոլոր երկրների հետ կարողանանք տվյալ ոլորտում ունենալ փոխգործակցություն, որ ահաբեկչութան դեմ պայքարում ունենք արդյունավետ հանգուցալուծում»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ նախքան այդ Իրանի նախագահը խոսել էր նաև Հայաստանի և Իրանի հարաբերությունների մասին՝ նշելով, որ երկու երկրների միջև համագործակցության հեռանկարները մեծ են: «Հանուն բարեգութ ու գթառատ Աստծո, ուրախ եմ, որ այսօր հարևան, բարեկամ երկրի՝ Հայաստանի հյուրերն ենք»,- ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո ասել էր Ռոհանին:

«Իրանի և Հայաստանի հարաբերությունները ՀՀ անկախությունից ի վեր 25 տարի է՝ ջերմ ու սերտ են: Պատմական առումով էլ այս տարածքի ժողովուրդը և Իրանի ժողովուրդը միմյանց հետ հազարամյակներ կողք կողքի ապրել են ու քաղաքակրթական մեկ միավորի ներքո են գտնվում: Իրանի կառավարությունը գործընկերության համար 2 երկրների հարաբերության զարգացման միտում է տեսնում:

Իր հերթին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտնեց, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ ստորագրվել են մի շար փաստաթղթեր, որոնք նոր լիցք կհաղորդեն հայ-իրանական փոխգործակցությանը:

«Մենք բովանդակային քննարկումներ ունեցանք օրակարգի ամենատարբեր հարցերի շուրջ, կարևորեցինք քաղաքական խորհրդատվությունների պարբերական անցկացումը , քննարկեցինք առևտրատնտեսական, էներգետիկային, տրանսպորտին, բնապահպանությանը, մշակույթին, կրթությանը, գործարար շրջանակների միջև կապի ամրապնդմանը վերաբերող հարցեր»,- հայտնեց Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահն ասաց, որ Իրանի և Հայաստանի միջև ձեռքբերված պայմանավորվածության արդյունքում շարունակվում է գազի և էլեկտրաէներգիայի փոխանակումը, որի արդյունքում էներգակիրների անհրաժեշտ չափաքանակների ապահովման նկատառումներից անդրադարձ է եղել Իրան-Հայաստան-Ռուսաստան-Վրաստան էներգետիկ միջանցքի գործարկմանը: «Մտքեր փոխանակեցինք նաև Պարսից ծոց-Սև ծով տարանցիկ միջանցք ստեղծելու ծրագրերին, որի իրականացման արդյունքում կդյուրացվի բեռների միջազգային փոխադրումը, հնարավորություն կտրվի նվազագույն տրանսպորտային ծախսերով իրանական ապրանքները տանել եվրոպական շուկա: Սա ոչ միայն իրանական տրանսպորտի համար կարճ ու անվտանգ ճանապարհը կլինի, այլև՝ լուրջ խթան կհանդիսանա մեր երկների միջև ապրանքաշրջանառության ծավալների մեծացման համար»,- շեշտեց Սերժ Սարգսյանը:

Հայաստանի նախագահը նշեց, որ անդրադարձ է եղել Եվրասիական տնտեսական միությանը, որի անդամ է Հայաստանը:

Մեր կառավարության գործունեության սկզբից մենք առիթ ենք ունեցել հյուրընկալելու Նախագահ Սերժ Սարգսյանին՝ նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած երդմնակալության արարողության շրջանակներում»,- հայտարարել էր Իրանի նախագահը։