23.11.2024
Խնդիրը ոչ թե «Արևմտյան Ադրբեջան» բարբաջանքն է, այլ հենց արհեստածին Ադրբեջանն ինքը
prev Նախորդ նորություն

Արցախի ԱԺ-ն նիստն արել է. ինչո՞ւ են գաղտնի պահում. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Արցախի պատգամավորները Երեւանում գտնվող Արցախի ներկայացուցչությունում շաբաթ օրը ԱԺ նիստ են հրավիրել, որն առաջինն է արցախցիների բռնի տեղահանումից հետո։ Սակայն պաշտոնական տեղեկատվություն չեն հաղորդել։ Նիստին ներկա են եղել բոլոր պատգամավորները, բացառությամբ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, ով ադրբեջանական գերության մեջ է: Նրան փոխարինում է եւ նիստն էլ վարել է Սամվել Բաբայանի կուսակից, ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը։ Օրակարգում 2 հարց է եղել՝ 2 պատգամավոր մանդատ են ստացել եւ երդվել: Եւ Արցախի հարցով միջազգային հանձնախումբ են ձեւավորել, որը միջազգային հարթակներում Արցախի հարցն է բարձրաձայնելու եւ Արցախ վերադարձի հարցերով է զբաղվելու։ Հանձնախմբում ընդգրկվել են արցախցի պատգամավորները, առաջիկայում այլ անձանց էլ կընդգրկեն։ Ինչո՞ւ ԱԺ նիստի մասին պաշտոնական տեղեկատվություն չկա: Ըստ ամենայնի, արցախցիները չեն համարձակվում հաղորդագրություն տարածել, քանի որ ՀՀ իշխանությունները դեմ են Արցախի պետական ինստիտուտների պահպանմանը։ Մեր աղբյուրներն ասում են, որ նիստի մասին հաղորդելու առաջարկ արվել է մի քանի ընդդիմադիր պատգամավորի կողմից, սակայն չի ընդունվել։  Անհասկանալի է, թե ինչու են նիստ գումարում, եթե պետք է գաղտնի մնա, եւ ոչ մեկը չիմանա։ Երեկ փորձեցինք ԱՀ պատգամավորներից մեկնաբանություն ստանալ, սակայն մեծ մասն անհետացել էր, մյուսներն արագ անջատում էին հեռախոսը: Իսկ «Ազատ հայրենիք»-ՔՄԴ խմբակցության ղեկավար Արամ Գրիգորյանը լսեց հարցը եւ ասաց, որ չի ուզում մեկնաբանել: Ավելի ուշ զանգահարեց մեզ եւ հորդորեց հետեւել Արցախի տեղեկատվական շտաբի հայտարարություններին։


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իշխանական շրջանակներում տեղեկություններ են շրջանառվում, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջ նաեւ Արեւմուտքից են «իջեցրել»։ Ավելի վաղ գրել էինք, որ կուսակցական նեղ հավաքներից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը թեպետ հպանցիկ, բայց անդրադարձել է արտահերթի թեմային՝ չբացառելով եկող տարի ընտրություններ անցկացնելու հնարավորությունը։ Գրել էինք նաեւ, որ Փաշինյանը հասկանում է, որ ժամանակն իշխանության դեմ է աշխատում` մի կողմից ՔՊ-ն ավելի է հեղինակազրկվում, մյուս կողմից ընդդիմադիր նոր ուժ ձեւավորվելու հավանականությունն է մեծանում, ուստի որոշել է անակնկալի բերել ընդդիմադիրներին։ Արեւմուտքն էլ, պարզվում է՝ իր հերթին է Փաշինյանից «հավատարմության երդում» պահանջում, թե Հայաստանը պետք է արագ պոկվի Ռուսաստանից եւ սլանա դեպի Եվրոպա։ Փաշինյանի հավաստիացումների փոխարեն Արեւմուտքն ակնկալում է, որ նոր ընտրությունների միջոցով կձեւավորվի հակառուս խորհրդարան, որտեղ անպայման կլինեն Արամ Զավենի Սարգսյանը եւ մյուս արեւմտամետները, իսկ այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը, որն անթաքույց ռուսամետ քաղաքական գծի մեջ է, կգնա տուն։


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Այսօր մեկնարկում է Ազգային ժողովի այս նստաշրջանի վերջին հերթական նիստը: Սակայն, սովորույթի համաձայն, իշխանությունը մինչեւ տարեվերջ արտահերթ նիստեր կգումարի։ Խորհրդարանին բուռն, եթե չասենք թեժ շաբաթ է սպասվում` շուրջ 3 տասնյակ օրակարգային հարցերի թվում է պետական բյուջեի նախագծի քննարկման շարունակությունը, որին կմասնակցի նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Տեղի կունենա 5 ընտրություն՝ Հաշվեքննիչ պալատի անդամի, Կոռուպցիայի կանխարգելման, Մրցակցության պաշտպանության, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամների թափուր տեղերի, ինչպես նաեւ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործություններ քննող դատավորի թափուր տեղի համար: Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու են առաջադրել Մանվել Բադալյանին` Քաղծառայության խորհրդի նախկին նախագահին։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ, նաեւ նախագահի թեկնածու Հայկուհի Հարությունյանին ՔՊ-ականները հրավիրել են դռնփակ հանդիպման եւ ճնշումներ գործադրել նրա վրա: Այս մասին ասվում է ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի տարածած հայտարարության մեջ: «Այդ կապակցությամբ առաջարկում ենք հետաձգել ԱԺ-ի մոտակա քառօրյայում նախատեսվող՝ հանձնաժողովի անդամների ընտրությունը եւ կազմակերպել հանրային լսումներ կոռուպցիայի դեմ պայքարով զբաղվող քաղհասարակության կոալիցիաների ներկայացուցիչների, այդ թվում` ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի անդամների հետ»,- պահանջել են քաղհասարակության ներկայացուցիչները:


«Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել վերջերս կայացած այդ դռնփակ նիստից: ՔՊ-ական մեր աղբյուրները փոխանցում են, որ նիստի ընթացքում հնչել է 5 հարց: Ագրեսիվ են եղել հատկապես հարցի հնարավորություն ունեցած 2 պատգամավորները՝ Արսեն Թորոսյանը եւ Տրդատ Սարգսյանը, քանի որ երկուսն էլ ունեցել են անձնական հարցեր: Բանն այն է, որ 2020թ. օգոստոսի 6-ին ԿԿՀ-ն վարույթ էր հարուցել այն ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նկատմամբ, քանի որ ՀՀ առողջապահության նախարարությունը ծառայությունների մատուցման հինգ պայմանագիր էր կնքել «Միբս» ընկերության հետ 124 մլն դրամի շրջանակներում, որի տնօրենը նախարարի կինն էր, իսկ մինչ այդ՝ հենց ինքը՝ Արսեն Թորոսյանը։ Իհարկե, հետո ԿԿՀ-ն տվել էր եզրակացություն, որ շահերի բախում չկա, սակայն Հայկուհի Հարությունյանը դեմ էր քվեարկել այդ որոշմանը:


Նախարար Արսեն Թորոսյանի գործողություններում շահերի բախման իրավիճակը բացակայում է, իսկ Տրդատ Սարգսյանը Հայկուհի Հարությունյանի հետ խնդիր է ունեցել հարազատ եղբոր գործով: Բանն այն է, որ ԿԿՀ-ն դատավորի թեկնածու առաջադրված Դավիթ Սարգսյանի մասով տվել է բարեվարքության բացասական գնահատական: Իհարկե, ԲԴԽ-ն, հաշվի չառնելով այդ գնահատականը, պատգամավորի եղբորը այս տարվա սեպտեմբերի 22-ին նշանակել է Արարատի եւ Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, բայց ՔՊ պատգամավորը հաշիվ է պահանջել Հայկուհի Հարությունյանից, թե ինչու է վատ եզրակացություն տվել իր եղբոր մասով: Ավելին՝ տեղեկացանք, որ մինչեւ դատավորի թեկնածու դառնալը ՔՊ պատգամավորի եղբայր Դավիթ Սարգսյանը ցանկացել է դառնալ հենց ԿԿՀ հանձնաժողովի անդամ, սակայն նրա թեկնածությունը մերժվել է ներսում: Հայկուհի Հարությունյանին քննադատական հարցեր է ուղղել նաեւ Արսեն Թորոսյանի մտերիմ Մարիա Կարապետյանը, իսկ Վլադիմիր Վարդանյանը իր ոճի մեջ հա՛մ գովել է, հա՛մ խայթել: Իհարկե, ՔՊ-ական պատգամավորներից, ինչպես նաեւ Հայկուհի Հարությունյանից մեկնաբանություններ ստանալու ջանքերը հաջողությամբ չպսակվեցին:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ԱԺ պետաիրավական հանձնաժողովը երեկ դեմ քվեարկեց «ՀայաՔվե»-ի նախագծին, որով ՀՀ 58 հազար քաղաքացիներ առաջարկում են քրեական պատասխանատվություն նախատեսել պաշտոնատար անձի կողմից Լեռնային Ղարաբաղը այլ պետության կազմում ընդունելու կամ ճանաչելու եւ Հայոց ցեղասպանությունը ժխտելու վերաբերյալ ցանկացած արարքի համար: Այսինքն՝ այսօր կայանալիք ԱԺ լիագումար նիստի ժամանակ ԱԺ պատգամավորները պետք է քվեարկությամբ որոշեն՝ հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացած նախագիծը մտնում է լիագումար նիստերի օրակարգ, քննարկվելու է ԱԺ նիստի ժամանակ, թե ոչ: «Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ-ական պատգամավորներն արդեն ստացել են SMS՝ մեկ մարդու նման ներկա լինելու այսօվանից մեկնակող ԱԺ նիստերին եւ դեմ քվեարկելու «ՀայաՔվե»-ի նախագծին, որպեսզի ԱԺ լիագումար նիստերի օրակարգ չմտնի: Այն մասին, թե ինչ է լինելու նախագծի հետ, ինչ են պատրաստվում անել «ՀայաՔվե»-ի նախաձեռնող խմբի անդամները, մեզ ասացին, որ դեռ որոշում չունեն: Իրավական այս ճանապարհը խորհրդարանում սպառվեց, պետք է այլ՝ հանրաքվեի տանող ճանապարհով թերեւս գնալ:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՔՊ-ն որոշել է ակտիվացնել կուսակցության մարզային խմբերը: Արդեն երկրորդ շաբաթն անընդմեջ կուսակցությունը, բացի վարչության եւ նախաձեռնող խմբի հերթական նիստերից, շաբաթ օրերին նախաձեռնող խմբի նիստ է անում նաեւ մարզերում: Նոյեմբերի 25-ին կուսակցությունը վարչության նիստ էր արել Արմավիրի մարզում, իսկ անցած շաբաթ էլ՝ դեկտեմբերի 2-ին՝ Հրազդան քաղաքում: Մարզային նիստերին մասնակցում են Նիկոլ Փաշինյանը, կուսակցության վարչության անդամները, մարզպետները եւ կուսակցության մարզային ակտիվը: «Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ-ականներից տեղեկացավ, որ վարչությունն է որոշում կայացրել նախաձեռնող խմբի նիստեր անցկացնել մարզերում: Ինչպես մեզ փոխանցեցին, մարզային ակտիվից պարբերաբար դժգոհություններ են եղել, որ ցանկանում են մասնակցել նախաձեռնող խմբի նիստերին, բայց չեն կարողանում. նախ՝ տեղափոխվելն է իրենց համար խնդիր, բացի դա, ՔՊ կուսակցության Երեւանի կենտրոնական գրասենյակը փոքր է, այս պահին դեռ վերանորոգումներ են այդտեղ ընթանում, շատ մարդ չի տեղավորվում: Ահա այս պատճառով ՔՊ-ականները որոշել են փոխզիջման գնալ, այցելել մարզեր, այնտեղ նիստեր անցկացնել, որպեսզի մարզային ակտիվն իրեն անտեսված չզգա:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի իշխանության երիտթեւը հայ-ռուսական հարաբերությունները հետեւողականորեն փչացնում է: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ավետ Պողոսյանը «Արմենպրես»-ին հայտնել է, որ նախարարությունը պաշտոնապես դիմել է ռուսական կողմին՝ նախաձեռնելով խորհրդակցություններ երկու երկրների իրավասու գերատեսչությունների միջեւ զանգվածային հեռահաղորդակցման ոլորտում համագործակցության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի շուրջ։ Ռուսական կողմն էլ ընդունել է հրավերը, եւ դեկտեմբերի կեսերին նախատեսված են խորհրդակցություններ՝ հեռահաղորդակցման ոլորտի միջպետական համաձայնագրի 4-րդ եւ 5-րդ կետերի խախտումների հարցով, համաձայնագրով ձեռք բերված պարտավորությունների իրականացման շուրջ։ Իհարկե, թվում է, թե ՀՀ իշխանությունը ՀՀ սուվերենության համար լուրջ ջանքեր է գործադրում, սակայն իրականում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ռուսական հեռուստաալիքների վրա «բարկացել է» հոկտեմբերի 23-ին ՌԴ առաջին ալիքով հեռարձակված մի հաղորդումից, որտեղ կոշտ քննադատվեց Նիկոլ Փաշինյանը, եւ «Մայր Հայաստան» շարժման ղեկավար Անդրանիկ Թեւանյանն էլ այդ օրը հայտարարեց, որ Փաշինյանը իր հետեւից միշտ արյան հետքեր է թողնում: Իսկ ո՞վ է ՌԴ հեռուստաալիքներին պատժելու մասին հայտարարած փոխնախարար Ավետ Պողոսյանը. նա 2008 թվականի շարժման օրերին ակտիվիստ էր, Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիրը: Երբ պայքարը հաջողությամբ չպսակվեց, Ավետ Պողոսյանը արտագաղթեց ԱՄՆ եւ այնտեղ, ըստ մամուլի հրապարակումների, տաքսի է վարել: Այսինքն՝ տաքսու նախկին վարորդը պետք է այսօր վճռի հայ-ռուսական հարաբերությունները հեռահաղորդակցության ոլորտում: Ի դեպ, նույն Ավետ Պողոսյանի քաղաքական կուռքը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Նիկոլ Փաշինյանին որակել է որպես ազգակործան պատուհաս:


«Փաստ» օրաթերթը գրում է. Մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում արդեն քանի օր է՝ սկսվել են գլխավոր տոնածառի հավաքման աշխատանքները: Ինչպես օրեր առաջ տեղեկացրել էր Երևանի փոխքաղաքապետը, այս տարի հրատապության խնդիր չկա, ինչպես նախորդ տարի, որը կապված էր մանկական «Եվրատեսիլի» հետ, հետևաբար, տոնածառի լույսերը փոքր-ինչ ուշ են վառվելու։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այս տարի տոնածառի լույսերը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ միասին վառելու են արցախցի երեխաները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 23-ին կայանալիք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին առաջադրվել է 2 թեկնածու` գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը եւ հայտնի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը: Արազին առաջադրել է Հայաստանի գործող չեմպիոն, գավաթակիր «Ուրարտու» ՖԱ-ն, Մելիքբեկյանին՝ խորհրդային հայտնի մարզիկ Խորեն Հովհաննիսյանի հիմնադրած «Անի» ՖԱ-ն: Այս ակումբն ընդգրկված էր Հայաստանի Առաջին խմբի 2019-2020թթ. առաջնությունում, ինչը ՀՖՖ-ի կողմից դադարեցվեց` «պայմանավորված խաղերի» պատճառով: Նախատեսված 34 տուրերի փոխարեն կայացավ 30-ը, քանի որ, ըստ ՀՖՖ-ի, մասնակից մի շարք ակումբներ ներքաշված էին պայմանավորված խաղերի մեջ:


2020թ. հուլիսին ՀՖՖ-ն որոշում կայացրեց որակազրկել առաջնության մասնակից մի քանի ակումբների` «Լոկոմոտիվ», «Արագած», «Մասիս» եւ «Տորպեդո»: Այն ժամանակ շատերը զարմացան, որ այս ցանկում չկար «Անին», որը խմբի ետնապահներից էր` անցկացրած 28 խաղերում բաց էր թողել 108 գնդակ, երբեմն մրցակիցներին պարտվելով 0:12 հաշվով, ինչն արդեն կասկածելի էր: Հատկանշական է, որ հետագայում այս թիմը չի մասնակցել պաշտոնական մրցաշարերի, իսկ օրեր առաջ հայտնի դարձավ, որ հենց այս ակումբն է ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել Արմեն Մելիքբեկյանի թեկնածությունը, եւ ամեն ինչ պարզ դարձավ:


Լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ պայմանավորված խաղերի մեջ մեղադրված ակումբների իրական տերերն այսօր էլ ֆուտբոլում են` իրավաբանական այլ անձանց անունների ներքո: Ի դեպ, հայկական ակումբներում պայմանավորված խաղերի մասին խոսակցություններ կային նաեւ նախկինում: Հայաստանի առաջնության Առաջին խմբում գրանցված են թիմեր, որտեղ ընդգրկված են մեծ թվով լեգիոներներ, ինչն ավելի է հեշտացնում ստվերային գործարքները: Ոլորտի մասնագետներից մեկն իր զարմանքը հայտնեց` «հասկանալի» չէ, թե ինչու է ՀՖՖ-ն թույլատրում 1-ին լիգայում լեգիոներների ներգրավումը, չէ՞ որ այն պետք է լինի տեղացի ֆուտբոլիստների դարբնոց, այնպես, ինչպես անում են ֆուտբոլային զարգացած ու զարգացող երկրները: Իսկ Բարձրագույն խմբի կասկածելի խաղերի մասին արդեն խոսում են սոցցանցերում, նույնիսկ ոչ հայկական ռեսուրսներում՝ տեղադրելով տեսանյութեր՝ կասկածելի դրվագներից, եւ նշելով, որ այդ խաղերի վրա կատարվել են աննորմալ չափերի խաղադրույքներ:


Հիշեցնենք, որ 4 տարի է՝ ՀՖՖ-ն ղեկավարում է Արմեն Մելիքբեկյանը, ում օրոք հայկական տարբեր տարիքային տղամարդկանց ու կանանց հավաքականները գրանցում են մեկը մյուսից խայտառակ արդյունքներ, իսկ ազգային գլխավոր թիմը «Եվրո 2024»-ի որակավորման խմբային փուլում զբաղեցրեց նախավերջին հորիզոնականը: Բոլորին պարզ է, որ միլիոնավոր դոլարների շրջանառություն ունեցող այս կառույցի ղեկավար դառնալու միակ գրավականն իշխանության «դաբրոն» է, իսկ ազգային գաղափարները, երազանքները եւ իրական աշխատանքը երկրորդական են նրանց համար»:


«Փաստ» օրաթերթը գրում է. Տասնամյակներ շարունակ Հայաստանի համար առաջնային խնդիրներից մեկը համայնքների համաչափ զարգացման հարցն է, քանի որ ժամանակի ընթացքում Երևանը գերծանրաբեռնվել է թե՛ բնակչության, թե՛ ենթակառուցվածքների, թե՛ մնացյալ առումներով: Ներկա փուլում առավել կարևորվում է մասնավորաբար սահմանամերձ բնակավայրերի հանդեպ ուշադրության մեծացումը, և այդ առումով անգնահատելի է ենթակառուցվածքների զարգացման ու արդիականացման անհրաժեշտությունը: Այս առումով իրապես աննախադեպ քայլ է, որ Team Telecom Armenia-ի 25 Գբ/վ թողունակությամբ NGN ցանցն արդեն կառուցված է Սյունիքի մարզի բոլոր մեծ քաղաքներում և հասանելի է մարզի շուրջ 21000 տնային տնտեսության։


Տարածաշրջանում եզակի այս ցանցի առկայությունը կօգնի տեխնոլոգիական, ֆինանսաբանկային և տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը, իսկ անհատներին արագ ու հուսալի կերպով կկապի աշխարհին։ Հայաստանի տարածքում այս ցանցն արդեն աշխատում է Ալավերդի, Արթիկ, Արմավիր, Արտաշատ, Բերդ, Բյուրեղավան, Գավառ, Եղվարդ, Իջևան, Հրազդան, Ճամբարակ, Մեծամոր, Ջերմուկ, Սևան, Սպիտակ և Վարդենիս մարզային խոշոր քաղաքներում ու մի շարք գյուղերում։ Երևանում այն հասանելի է Դավթաշեն, Արաբկիր, Ավան և Զեյթուն վարչական շրջաններում։


Սյունիքի մարզում Team-ի գերարագ, մինչև 25 Գբ/վ թողունակությամբ NGN ցանցին հնարավոր է միանալ Կապան, Սիսիան, Գորիս, Քաջարան, Մեղրի, Ագարակ քաղաքներում։ «Յուրաքանչյուր ծրագիր իրականացնելիս մենք ոչ թե մտածում ենք` ինչ կտա այն այս պահին, այլ որքան երկար կարող է այդ ծրագրի արդյունքը սպասարկել մեր հայրենակիցներին ու ինչ ընդհանուր օգուտ կտա մեր երկրին: Մեզ համար շատ կարևոր ու խորհրդանշական քայլ էր ժամանակակից այս ենթակառուցվածքի կառուցման աշխատանքներն առաջինն ավարտել Սյունիքի մարզում»,- ասում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։