«Խաղաղության խաչմերուկ»-ի համար ԱԱԾ կազմում ստեղծվել է հատուկ ստորաբաժանում
Բոլորովին վերջերս մենք ներկայացրինք «Խաղաղության խաչմերուկ» մեր նախագիծը: Այդ նախագծի ներկայացման շրջանակներում ես տեղեկացրի, որ նախատեսում ենք Հայաստանի ԱԱԾ կազմում ստեղծել ստորաբաժանում, որի գործառույթը պետք է լինի Հայաստանով անցնող տարածաշրջանային և միջազգային կոմունիկացիաների, այն է՝ ճանապարհների, երկաթգծերի, գազամուղների, մալուխների, էլեկտրահաղորդման գծերի, ինչպես նաև այս կոմունիկացիաներով ապրանքների, բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգությունն ապահովելը: Այդ մասին Կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ուզում եմ տեղեկացնել, որ այդ ստորաբաժանումն արդեն իսկ ստեղծված է: Իհարկե, մենք նախկինում այդ ուղղությամբ որոշակի նախապատրաստական աշխատանքներ իրականացրել էինք, որովհետև մեր պլաններում դա կար, բայց այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ ստորաբաժանումն արդեն իսկ ձևավորված է, և բավականին շոշափելի մասով համալրված է, և արդեն իսկ գործնականում երեկվանից սկսել է իր աշխատանքները»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: