24.11.2024
«Խաղաղության խաչմերուկ»-ի համար ԱԱԾ կազմում ստեղծվել է հատուկ ստորաբաժանում
prev Նախորդ նորություն

«Զատիկ երեխաների աջակցության կենտրոնի» պահնորդը սաների հասցեին սպառնալիքներ է հնչեցրել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ավարտվել է «Զատիկ երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի պահնորդի (պահակի) կողմից հիշյալ կենտրոնի անչափահաս սաների հասցեին սպանության սպառնալիք հնչեցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:


«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննությամբ հիմնավորվել է, որ նշված ՊՈԱԿ-ում անվտանգության ծառայություններ մատուցող ՍՊ ընկերության 56-ամյա աշխատակից պահնորդը կենտրոնի անչափահաս սաների նկատմամբ հնչեցրել է սպառնալիքներ։


Մասնավորապես, 56-ամյա տղամարդը, 2023 թվականի ապրիլի 30-ին, իր հերթապահության ընթացքում, «Զատիկ երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ 13, 14 և 15 տարեկան սաներից պահանջելով հանգիստ մնալ, խմբի համար նախատեսված սենյակին կից բաց պատշգամբում նրանց հասցեին հնչեցրել է սպանության սպառնալիքներ՝ օդում թափահարելով իր մոտ պահվող դանակը:


Սպառնալիքն իրականացնելու իրական վտանգից վախենալով՝ երեխաները դիմել են փախուստի:


Պահնորդը, նույնպիսի վարքագիծ դրսևորել է նաև մի քանի օր անց։ Մասնավորապես, կենտրոնի տարածքից դուրս գալու պատճառով 56-ամյա անձը կենտրոնի բակային տարածքում հիշյալ 3 անչափահաս սաներից կրկին պահանջել է խելոք մնալ և, իր մոտ պահվող դանակը ցուցադրաբար թափահարելով օդում, նրանց հասցեին հնչեցրել է սպանության սպառնալիքներ։ Երեխաները վախենալով դիմել են փախուստի, սակայն տղամարդը վազել է նրանց հետևից՝ միաժամանակ գետնից վերցնելով փայտանման իր ու նետել նրանց ուղղությամբ:


Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա «Զատիկ երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում որպես պահնորդ աշխատող անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ):


Նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով: 56-ամյա անձը նշված երկրորդ դեպքից հետո ազատվել է աշխատանքից»,- ասված է հաղորդագրության մեջ։