Ընտրությունները դիտարկելու եւ ընտրողների հետ աշխատելու սփյուռքի մի շարք հայտնի հայերի նախաձեռնությունը շատ քննադատվեց կամ գովաբանվեց։ Իրականում, որքան էլ Արսինե Խանջյանը, Ատոմ Էգոյանը կամ Սերժ Թանկյանը ջանան այս ուղղությամբ, շատ բան չի փոխվի, քանի որ ընտրողների հետ աշխատանքը կամ ընտրությունները դիտարկելը խնդրի միայն մի կողմն է։ Հնարավոր է՝ ոչ ամենակարեւոր կողմը:
Խնդիրն այստեղ շատ ավելի լայն է եւ խորը։ Քիչ է ընտրողին ասել՝ «գնա քո խղճի մտոք քվեարկիր», պետք է այդ ընտրողին «խղճի մտոքին» համահունչ այլընտրանք առաջարկել, ինչն այս նախաձեռնության խնդիրը չէ, իհարկե: Խնդիրը ողջ քաղաքական դաշտն է, որի համընդհանուր վստահության աստիճանը չի գերազանցում 23-30%: Ուստի քաղաքական դաշտը դե ֆակտո գրեթե բացակայում է, այն ապալեգիտամացվել է եւ դեգրադացվել։ Այս տարիների ընթացքում հատկապես իշխանությունները (նաեւ ընդդիմությունը) մեկ բան են լավ արել՝ խորացրել են ապատիան մարդկանց շրջանում։ Նրանք ապատիայի հիանալի մենեջերներ են։
Ընդդիմությունն իր հերթին միշտ հանդես է եկել նեգատիվ ծրագրով՝ «հենց այս իշխանությունների տեղը ես ընտրվեցի լավ կլինի» մոտեցմամբ, եւ ուրիշ ոչինչ։ Փոխարենը նա քաղաքացիներից շատերի նման բողոքել է՝ ասելով «փող չկա», «ռեսուրս չունենք» եւ այլն։ Ոչ մի տեւական աշխատանք ընտրողների եւ ԶԼՄ-ների հետ՝ ՏԻՄ ընտրություններից կիլոմետրերով հեռու են մնում, մարդկանց հետ էլ աշխատում են քվեարկությունից քվեարկություն ու հիմնականում իշխանությանը հայհոյելու տրամաբանության ծիրում։
Նման ստարտային պայմաններում անգամ հարգարժան ընդդիմադիրները, երբ հավաքվում են այսպես ասաց «նեղ կռուգով», ազնվորեն խոստովանում են, որ հաղթելու շանս չունեն։ Ուստի ի՞նչ է պետք անել։ Ճիշտ է, դուրս չմնալ գործընթացներից, չհայտնվել ընդհանրապես «աութսայդերի» կարգավիճակում եւ հույսը կապել հենց նույն իշխանության հետ, որ գուցե թույլ տա ընդդիմություններին ընդհանուր առմամբ մի 30% ձայներ հավաքել։ Ու սկսվում է ոչ թե ստեղծված իրավիճակից ելքերի, այլ դեպի համակարգ մուտքերի փնտրտուքը։ Այստեղից էլ ծագում են իշխանության հետ գործարքների գնալու հավանականությունը, քանի որ միայն իշխող ուժն է, ինչպես նշում են, հենց իրենք ընդդիմադիրները, ֆինանսապես ու լծակների առումով ամենազորեղը։
Շատերն անգամ այնքան թույլ են, որ չեն կարողանում մարդկանց նոր դեմքեր առաջարկել, ուր մնաց նոր ծրագրեր։ Նրանք չգիտեն անգամ իրենց ընտրողների աշխարհագրությունը, չեն կատարում ընտրողների, կոպիտ ասաց, «ցուցակագրում կամ գույքագրում»։ Ուստի չգիտեն իրենց իրական պոտենցիալը, գուցե եւ վախենում են իմանալ, քանի որ պատկերը կարող է շատ տխուր ստացվել։
Ուստի այս պայմաններում, երբ չկա այլընտրանք, մարդկանց մեջ մի կողմից աճում է ապատիան, իսկ քաղաքականապես ակտիվ հատվածի շրջանում արմատական «ալա Սասնա ծռեր» տրամադրություները՝ «սրանց գնդակահարել է պետք» մտայնությամբ, ապա այն էլ սփյուռքից խորուրդ տալ քաղաքացիներին ընտրել կամ ճիշտ ընտրություն կատարել, մի քիչ իրականությունից կտրված է ստացվում։ Հենց խորհուրդ տվողներին մարդիկ կհարցնեն՝ «ո՞ւմ ընտրել, ո՞վ է այլընտրանքը»։ Կանադայի պահպանողական կուսակցությա՞նը, Նոր դեմոկրատական կուսակցությա՞նը, թե՞ ամերիկյան հանրապետականներին: Այստեղ շատերն ուղղակի կպապանձվեն, եթե մինչեւ այդ այլընտրանք չձեւավորվեց, իհարկե։
Որքան էլ տխուր է, սակայն համատարած ապատիայի պայմաններում հաղթում է իշխանությունը, ռեսուրս ունեցող քաղաքական ուժը։ Այն հստակ գիտի իր ընտրողների քնանակը եւ աշխարհագրությունը, ունի նրանց վրա ներազդելու փողային եւ վարչական լծակներ: Այս պայամաններում, երբ «ինձ համար բոլորն էլ նույն են» մտածող ընտրողի հետ գնան աշխատելու իշխանության «էմիսարները» (իսկ նրանք այդ ընտրողի ծանոթ, բարեկամ կամ հարեւանն են), ապա նա կընտրի այնպես, ինչպես իրեն կասեն։
Այս առումով սփյուռքի հանրահայտ ներկայացուցիչների նախաձեռնությունը նմանվում է բժիշկների անվերջանալի կոչերին ՀՀ բնակչությանը օգտակար եւ բնական սնունդ օգտագործելու մասին։ Երկրում 35% աղքատության պայմաններում, թե ինչպես են մարդիկ օգտակար, վիտամիններով հարուստ եւ բնական սնունդ օգտագործելու, դեռ «բրիտանացի գիտնականները» չեն հայտնաբերել: Ուստի տրմաբանական է, որ վնասակար սնունդից հիվանդություների քանակը բնակչության շրջանում մեծ շանսեր ունեն ավելանալու:
VERELQ, խմբագրություն