23.11.2024
Ավստրիայի ԱԳՆ. Ավստրիան պատրաստ է օգնել ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորմանը
prev Նախորդ նորություն

Սփյուռքը ներգրավվում է ՀՀ-ում ընտրական գործընթացներին

«Արդարություն Հայաստանում» նախաձեռնության, րը համալրված է Սփյուռքի եւ Հայաստնի հանրահայտ մարդկանցով, մյուս տարի Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններում կազմակերպելու են սփյուռքի ներկայացուցիչների դիտորդական առաքելությունը:

«Սփյուռքում այժմ մի քանի կազմակերպված խումբ է գործում տարբեր երկրներում, որոնք աշխատանքներ են տանում ցանկացողների հետ, որպեսզի նրանք ապրիլին պատրաստ լինեն դիտորդական աշխատանքներ կատարելու և երկրին օգուտ տալուն», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ընդգծեց կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը: Ըստ բանախոսի, ՀՀ-ում վերջին շրջանում տեղի ունեցած գործընթացները, մասնավորապես, ՏԻՄ ընտրությունները և «Սասնա ծռերի» գործողությունները ցույց տվեցին, որ սփյուռքում ունեցած ռեսուրսներն ու կապերը պիտի օգտագործել Հայաստանի ժողովրդի կողքին կանգնելու և նրանց արդար պահանջը բարձրաձայնելու համար:

«Մեզ համար Սփյուռքում Հայաստանի անկախությունը եղել է կարևորագույն հաղթանակ, նվեր, երազանքի իրականացում, որի համար միգուցե մենք՝ որպես անհատներ, այդ պահին չենք կարողացել մեծ ներդրում ունենալ, բայց ապրել ենք այս երկրին սատար լինելու գիտակցությամբ՝ օգնելու, որ ոտքի կանգնի ոչ միայն մշակութային ասպարեզում, այլ որպես անկախ, ինքնիշխան պետություն»,-ասաց նա:

Արսինե Խանջյանի խոսքով, սակայն ցավոք պատկերը տարեցտարի ավելի մտահոգիչ է դառնում: «Հայաստանի տնտեսական ցուցանիշները, քաղաքական անառողջ մթնոլորտը, մարդու իրավունքների ոտնահարումը, արտագաղթը մեծ մտահոգություն են առաջացրել նաև Սփյուռքում: Մենք տեսնում ենք, որ ինչպես է քաղաքացիների արդար պահանջը լռեցվում, ինչպիսի ուժ է կիրառվում քաղաքացու դեմ, մոնոպոլիաները խեղդել են մրցակցությունը, ինչն ի վերջո զրկել է ինքնուրույն որոշումների կայացման ազատությունից», - ասաց նա:

Կանադահայ դերասանուհի կարծում է, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր պաշտոնավարման ընթացքում միայն երկրի տնտեսական հարցերի շուրջ է կարողացել լուծումներ առաջարկել: Ըստ դերասանուհու՝ այլ ոլորտների հետ կապված վարչապետի նախաձեռնությունները կառուցողական չեն: «Ենթադրում եմ, որ կառավարության փոփոխությունը, նոր վարչապետի ներկայությունը նշան էր, որ Հայաստանում փոփոխություններ անելու ջանք է թափվում, բայց բացի տնտեսական ռեֆորմներից՝ մյուս փոփոխություններն ու առաջարկությունները, որոնք տեղի ունեցան, բացարձակ լուրջ, հստակ արժեքներ չունեն, օրինակ մարդու, քաղաքացու իրավունքների հետ կապված, դատարանների հետ կապված...»,- ասաց նա:

Արսինե Խանջյանն ավելացրեց, որ ժողովրդի, քաղաքացու եւ սփյուռքի հետ կապված հստակ ձեւավորումներ Սերժ Սարգսյանի նոր կառավարությունը դեռ չի ներկայացրել: Միաժամանակ նա հույս հայտնեց, որ վարչապետի գաղափարները երկրում դրական փոփոխությունների հիմք կդառնան: Իսկ խնդիրներ, ըստ նրա, Հայաստանում շատ կան:

«Արդարություն Հայաստանում» նախաձեռնությանն իրենց մասնակցություն ունեն նաեւ System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը, ամերիկահայ կինոռեժիսոր եւ սցենարիստ Էրիկ Նազարյանը, կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը, սփյուռքահայ երգիծաբան եւ արվեստագետ Վահե Բերբերյանը, դերասան Հրանտ Թոխատյանը: 2017 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ նրանք Հայաստան են գալու ընտրություններին հետեւելու համար:

«Պետք է կարողանանք կրթել ՀՀ քաղաքացիներին` ճիշտ քվեարկել: Նրանք պետք է իմանան՝ ինչպես տեր կանգնեն իրենց քվեին»,- լրագրողների հետ հանդիպմանը տեսակապով ասաց կանադահայ կինոռեժիսոր, նախաձեռնության հիմնադիրներից Ատոմ Էգոյանը: «Մենք էլ մեր հերթին պետք է դրսից ամեն ինչ անենք` օգտագործելով բոլոր հնարավոր միջոցները: Ուզում ենք ցույց տալ, որ միասնական ենք»,-հավելեց Ատոմ Էգոյանը: Նա նկատեց, որ ոչ բոլոր սփյուռքահայերն իրավունք ունեն քվեարկելու, բայց երկքաղաքացիություն ունեցողներին խորհուրդ տվեց գալ ՀՀ եւ քվեարկել. «Դա կարևոր է՝ ցույց տալու համար, որ նրանք արդարության կողմնակիցն են»:

Խնդիրն այն է, որ սփյուռքահայությունը բավական անջատված է Հայաստանի իրադարձություններից, շեց իր հերթին Սեժ Թանկայնը՝ հավելելով, որ դա արտայահտվում է թե քաղաքական, թե սոցիալական եւ թե տնտեսական ոլորտներում: «Սփյուռքահայությունը Հայաստանից ավելի շատ է անջատված, քան պատկերացնում էին», - ասաց նա: Թանկյանը նշեց, որ նրանք, ովքեր քաղաքական հարցերով են զբաղված, միանում են ստորագրահավաքին, իսկ մյուսները, որոնք քաղաքական մարդիկ չեն, կապված չեն ՀՀ-ի հետ, չեն միանում ստորագրահավաքին: