26.11.2024
Բերնար դե Գոլ. Ռուսաստանը միշտ հավասարակշռել է ԱՄՆ-ին
prev Նախորդ նորություն

Ամերիկացի լրագրող. Բեն Լադենի սպանության Սպիտակ տան վարկածը կեղծ էր

Ալ-Ղաիդայի առաջնորդի սպանության Սպիտակ տան վարկածը Օբամայի պաշտոնավարման առաջին ժամկետի կուլմինացիան էր և նրա վերընտրության հիմնական գործոնը, սակայն այդ տարբերակը կեղծ էր: Այդ մասին հայտարարել է ամերիկացի լրագրող, Պուլիտցերովյան մրցանակի դափնեկիր Սեյմուր Հերշը՝ հղում անելով հետախուզության բարձրաստիճան նախկին պաշտոնյայի:

«Նախագահ Օբամայի վարչակազմի կողմից հրապարակած Ալ-Ղաիդա ահաբեկչական խմբավորման առաջնորդ Ուսամա բեն Լադենի սպանության վարկածը կեղծիք է», - նշում է Հերշը:

Ըստ պաշտոնական վարկածի, Կենտրոնական հետախուզական վարչությունը տեղեկացել է բեն Լադենի գտնվելու վայրի մասին՝ հետևելով նրա օգնականներին, ինչից հետո ծովային հետևակայինները մուտք են գործել Աբոտաբադ քաղաքում գտնվող բարձր պարիսպներով համալիր, որտեղ փոխհրաձգության հետևանքով բեն Լադենը սպանվել էր: Պակիստանյան ղեկավարությունը հարձակման մասին նախապես տեղեկացված չէր, փոխանցում է Ռիա-Նովոստին:

Լրագրողի տվյալներով, բեն Լադենը ձերբակալվել էր պակիստանյան հետախուզության կողմից դեռևս 2006թ.-ին և Աբոտաբադում էր բնակվում նրանց վերահսկողոթյան ներքո: Կենտրոնական հետախուզական վարչության ներքին զեկույցների համաձայն, սկսած 2006թ.-ից շատ քիչ թվով ահաբեկչական գործողություններ կապ ունեին նրա կազմկարպության հետ՝ չնայած Պենտագոնի մամուլի ծառայության հրապարակած տվյալների:

Ինչպես նշում է Հերշը՝ հղում կատարելով տարբեր աղբյուրներին, ցամաքային զորքերի շտաբի պետ Աշֆակ Պարվեզ Կայաին և Պակիստանի միացյալ հետախուզության գլխավոր տնօրեն Ահմեդ Շույա Փաշան շատ լավ գիտեին Բեն Լադենի գտնվելու վայրը: Նա բերում է պակիստանյան նախկին գեներալ Ասադ Դուրանիի խոսքերը, ում կարծիքով բեն Լադենին պետք է հանձնեին ԱՄՆ-ին միայն անհրաժեշտ պահին՝ ինչ-որ ծառայության դիմաց:

Սակայն 2010թ.-ին պակիստանյան հետախուզության աշխատակիցներից մեկը 25 միլիոն դոլարով Իսլամաբադում Կենտրոնական հետախուզական վարչության գործակալին հայտնել է բեն Լադենի գտնվելու մասին տեղեկատվությունը:

ԱՄՆ-ի իշխանությունները մտահոգվում էին առաջին հերթին այդ տեղեկատվության իսկության մասին և ինչպես նշում է Հերշը, նրանք սկսել են համագործակցել պակիստանյան զինվորականների հետ: Հերշը, հղում անելով անանուն աղբյուրի, նշում է, որ նրանց օգնությանը հնարավոր եղավ հասնել Պակիստանին տրամադրվող օգնությունը չեղյալ համարելու սպառնալիքի միջոցով:

Պակիստանյան բարձրաստիճան զինվորականների հետ համագործակցության արդյունքում ԱՄՆ-ին հաջողվեց ունենալ Աբոտաբադում բնակվող տղամարդու ԴՆԹ և համոզվել, որ նա բեն Լադենն է: Գործողությունն իրականացնող ծովային հետևակայինները ստացել էին համալիրի ներքին կառուցվածքի մասին տեղեկատվություն: Բացի այդ, առանց Կայանիի և Փաշայի աջակցության ԱՄՆ-ի հատուկ ջոկատայիններին տեղափոխող երկու ուղղաթիռները չէին կարող մուտք գործել Պակիստանի օդային տարածք:

Նա նշում է ևս մեկ կարևոր հանգամանք՝ բեն Լադենը ծանր հիվանդ էր: Հետախուզության նախկին աշխատակիցը, ում ցիտում է Հերշը նշել է, որ իրականությունն այն էր, որ բեն Լադենը հաշվանդամ էր, սակայն իրենք չեն կարող խոսել դրա մասին: Փոխհրաձգության մասին տեղեկատվությունն անհրաժեշտ էր, որպեսզի հարցեր չառաջանան, թե որտեղ էր բեն Լադենի անվտանգության աշխատակիցները:

Սպիտակ տունը հերքել է Սեյմուր Հերշի առաջարկած վարկածը: Հայտնում է Wall Street Journal-ը: