Այսուհետ ՀՀ ազատ տնտեսական գոտիներում ստեղծված արտադրանքը ԵԱՏՄ մուտք կգործի մաքսազերծվելուց հետո
2017 թվականի հունվարի 1-ից սկսած Հայաստանում գործող ազատ տնտեսական գոտիներում ստեղծված արտադրանքը ԵԱՏՄ մուտք կգործի երրորդ երկրներից ներմուծված հումքի մասով մաքսազերծվելուց հետո: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը:
Նա նշել է, որ ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության պայմանագրով Հայաստանի համար սահմանվել էր բացառություն: Այն է` ԵԱՏՄ տարածք ներմուծվող ապրանքների համար՝ անկախ այն հանգամանքից՝ այդ արտադրանքի թողարկման ընթացքում օգտագործվո՞ւմ է երրորդ երկրներից ներմուծված հումք, թե ոչ, չի պահանջվի մաքսատուրքի վճարում մինչև 2017 թվականի հունվարի 1-ը: Այսինքն՝ մինչև 2017 թվականի հունվարի 1-ը ցանկացած հումք, օրինակ, ոսկին, որ ներմուծվում է ազատ տնտեսական գոտի, դրանից արտադրվում են զարդեր, ԵԱՏՄ տարածք ներմուծելիս առանց մաքսազերծման ստանում է ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ։ Ազիզյանի խոսքով՝ 2017 հունվարի 1-ից հետո այդ բացառությունը վերանում է։ Այսինքն՝ ինչպես ԵԱՏՄ մյուս անդամ երկրների պարագայում, Հայաստանում ևս երրորդ երկրներից ներմուծված հումքով ազատ տնտեսական գոտում արտադրված ապրանքները ԵԱՏՄ տարածք առաքելու դեպքում պետք է վճարվի մաքսատուրք` միայն վերոնշյալ հումքի մասով։
Հարցին՝ ոչ ԵԱՏՄ անդամ այն երկրների հետ, որոնց հետ Հայաստանը ազատ առևտրի համաձայնագիր ունի, գործելո՞ւ են այդ համաձայնագրերը հունվարի 1-ից հետո, փոխնախարարը նշել է, որ ազատ առևտրի համաձայնագրերը, որոնք Հայաստանն ուներ մինչև 2015 թվականի հունվարի 1-ը Վրաստանի, Ուկրաինայի և ԱՊՀ այլ երկրների հետ, ուժի մեջ են և շարունակելու են գործել:
Անդրադառնալով բացասական հետևանքներին կամ ռիսկերին, նա նշել է.
«Այսուհետ ԵԱՏՄ-ում հավասար դաշտում են սկսում գործել բոլոր ազատ տնտեսական գոտիները։ Այսինքն՝ այն բացառությունը, որ մենք ունեինք, դա ժամանակավոր առավելություն էր և այժմ վերանում է: Ունեինք մրցակցային առավելություն, հիմա ԵԱՏՄ-ում մնացած արտադրողների հետ հավասար մրցակցային դաշտում ենք հայտնվում: Ցանկացած առավելության վերացում ունի որոշակի բացասական հետևանքներ և ռիսկեր, որոնք գործարարների և պետության ջանքերով պետք է հնարավորինս նվազեցնել: Ներկայումս դիտարկվում են որոշակի մոտեցումներ, որոնք առաջիկայում կքննարկվեն այդ տարածքներում գործունեություն իրականացնող ընկերությունների հետ: Համենայն դեպս կցանկանայի ընդգծել, որ չնայած այս առավելության վերացմանը, ազատ տնտեսական գոտիներում գործող ընկերություններին վերապահված են մի շարք այլ արտոնություններ, որոնցով նրանք առավելություն ունեն ԵԱՏՄ այլ արտադրողների նկատմամբ»:
Ազիզյանը նաև նշել է, որ ԵԱՏՄ անդամ երկրներից Ղազախստանը ևս ուներ նման առավելություն, սակայն 2017 թվականի հունվարի 1-ից պայմանները բոլորի համար դառնում են նույնը: