24.11.2024
Ռազմական փորձագետներ. Ադրբեջանն ու ՀՀ–ն պատրաստվում են Ղարաբաղում պատերազմի
prev Նախորդ նորություն

Լուկաշենկոն պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը

Ադրբեջանն ու Բելառուսը հանդես են գալիս միջազգային նորմերի հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման օգտին: Այս մասին ասված է նախագահներ Իլհամ Ալիևի և Ալեքսանդր Լուկաշենկոյի համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է նախօրեին Բաքվում կայացած քննարկումների արդյունքում:

«Ադրբեջանն ու Բելառուսը ընդգծում են ղարաբաղյան հիմնախնդիրը միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքներին համապատասխան եւ առաջին հերթին՝ ինքնիշխանության պահպանման եւ ապահովման, պետությունների տարածքային ամբողջականության եւ սահմանների չխախտման, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերի եւ ԵԱՀԿ որոշումների հիման վրա կարգավորելու կարեւորությունը»,- ասված է հայտարարության մեջ:

Ալիևն ու Լուկաշենկոն, հղում անելով ԵԱՀԿ ջանքերին, ինչպես նաև Մինսկի խմբի գործունեությանը, կարևորել են դրանց հավելյալ քաղաքական խթան տալու անհրաժեշտությունը՝ հակամարտության շուտափույթ կարգավորման հարցում դրանց արդյունավետության հետագա բարձրացման համար:

Հիշեցնենք, ապրիլյան պատերազմի ժամանակ Բելառուսի ԱԳՆ-ն հորդորել էր կողմերին անհապաղ դադարեցնել կրակը և խուսափել բոլոր քայլերից, որոնք կարող են հանգեցնել լարվածության աճին ու մարդկային զոհերին:

«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր Բելառուսը հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին՝ առաջին հերթին միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքներին համապատասխան, ինքնիշխանության պահպանման եւ ապահովման, պետությունների տարածքային ամբողջականության եւ սահմանների չխախտման, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերի եւ ԵԱՀԿ որոշումների հիման վրա»,- ասված էր հայտարարության մեջ: Ապրիլի 3-ին Հայաստանի Արտաքին գործերի նախարարություն էր հրավիրվել Երեւանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը, ում հայտնվել էր, որ նման հայտարարությունը չի համապատասխանում հայ-բելառուսական հարաբերությունների ոգուն եւ հակադրվում է ՀԱՊԿ ու միջազգային այլ կառույցների շրջանակներում կողմերի ստանձնած պարտավորություններին, վնաս է հասցնում բանակցային գործընթացին՝ խրախուսելով ուժի կիրառումը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: