22.11.2024
Առևանգված Արցախ․ լուծումները դեռ Հայաստանում են
prev Նախորդ նորություն

Սամվել Բաբայանը դիրքավորվել է որպես Արցախի նախագահ. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը շարունակում է Արցախում իր համար պաշտոններ որոնել. հենց նոր պաշտոն է ազատվում, որոշում է ինքնաառաջադրվել ու պատկերացնել իրեն այդ պաշտոնում: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ օգոստոսի 28-ին Արցախի ԱԺ-ում նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ բավականին թեժ ու երկարատեւ քննարկում է եղել, որին մասնակցել են Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը եւ Արցախի պատգամավորները: Ի թիվս անվտանգային եւ հումանիտար հարցերի՝ քննարկվել է նաեւ Արայիկ Հարությունյանի հարցը, որը վերջին օրերին Արցախի քաղաքական թոփ թեման է դարձել:


Արցախում Հարությունյանի հրաժարականի մասին խոսակցություններից ամենաշատը ոգեւորվել է Սամվել Բաբայանը. թեեւ հրաժարականի մասին ընդամենը խոսակցություններ են, ու հստակ ոչինչ դեռ չկա, բայց Բաբայանը կրկին ակտիվացել է, քաղաքական ու հասարակական տարբեր շրջանակների հետ հանդիպումներ է ունենում, այսպես ասած, արդեն դիրքավորվել է՝ որպես Արցախի նախագահ: Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, նախագահների եւ պատգամավորների մասնակցությամբ քննարկման ժամանակ էլ բավականին ակտիվ է եղել ու ոգեւորված հայտարարություններ արել: Ի հեճուկս իր ցանկությունների՝ Սամվել Բաբայանին որպես նախագահի թեկնածու Արցախում չեն դիտարկում, քանի որ հանրային եւ քաղաքական լայն շրջանակների համար նա անընդունելի կերպար է՝ իր «նիկոլական» հայտարարությունների համար: Թե ինչ կլինի հետագայում, ժամանակը ցույց կտա, համենայնդեպս, այս պահին Արայիկ Հարությունյանի հրաժարականի լուրերը դեռ խոսակցությունների մակարդակի են, հստակ ոչինչ չկա, քանի որ նրա հրաժարականը լուրջ վտանգներ է պարունակում: Հարությունյանը ապահովում է Արցախի ինքնիշխանությունը, եւ այս պարզ ճշմարտությունը շատերը Հայաստանում եւ Արցախում չեն գիտակցում:


«Հրապարակ» թերթը գրում է. Նախօրեին՝ Արցախի խորհրդարանի ընդլայնված կազմով  արտահերթ նիստի ընթացքում,  առճակատում է տեղի ունեցել Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի եւ ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի միջեւ։ Նրանց հակասությունները հին պատմություն ունեն` 2000-ին Ղուկասյանի նկատմամբ մահափորձ իրականացվեց, որի պատվիրատու ճանաչվեց Սամվել Բաբայանը, նա դատապարտվեց 14 տարի ազատազրկման, սակայն 4 տարուց, Ռոբերտ Քոչարյանի միջնորդությամբ, Արկադի Ղուկասյանը նրան ներում շնորհեց: Բայց նրանք հավերժ թշնամացան: Երեկվա նիստում, երբ քննարկվել է Արցախում ստեղծված իրավիճակը, եւ ներկաները տեսակետներ են հայտնել, Ղուկասյանը պահը բաց չի թողել եւ կոռեկտության կոչ է արել «որոշներին»՝ հորդորելով այս իրավիճակում քաղաքական դիվիդենտներ շահելու կեղտոտ փորձեր չանել։ Եվ Սամվել Բաբայանի վերջին հայտարարությունն է վկայակոչել ու Արայիկ Հարությունյանից պահանջել` պարզաբանումներ ներկայացնել Սյամոյի հայտարարությունների, մասնավորապես` «պադվալային պայմանավորվածությունների» մասով։ Հարությունյանը ստիպված է եղել ծայրից ծայր հերքել Բաբայանի հայտարարությունը, վերջինս բառ անգամ չի արտաբերել։ Հիշեցնենք, որ Բաբայանը մեղադրում էր «ութնյակին»` Հարությունյանի հետ նման պայմանավորվածություններ ձեռք բերելու եւ նոր նախագահ ու կառավարության կազմ որոշելու հարցում: Ութնյակի մեջ են նաեւ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, ովքեր մոտ երկու շաբաթ առաջ հանդիպել էին Արայիկ Հարությունյանի հետ եւ քննարկել նրա` հրաժարական տալու մտադրությունը։


«Հրապարակ» թերթը գրում է. Երեկ տեղեկություն ստացվեց, որ Ադրբեջանի օմբուդսմենը հանդիպել է Հակարիի կամրջից արցախցի երեք երիտասարդների հետ, Ալեն Սարգսյանը, Վահե Հովսեփյանը եւ Լեւոն Գրիգորյանը հեռախոսով խոսել են իրենց ընտանիքների անդամների հետ։ Նրանց Ադրբեջանը կեղծ մեղադրանքներով 10-օրյա կալանք է տվել, որից հետո, ըստ Ադրբեջանի դատախազության, հայ երիտասարդները «կվտարվեն Ադրբեջանից»։ Երեկ նաեւ ադրբեջանական ֆուռերը` սննդով բեռնված, հատեցին Աղդամի ճանապարհը եւ ռուս խաղաղապահների թողտվությամբ մտան Արցախի տարածք: Սակայն արցախցիները շտապել էին Ասկերան-Ակնա հատված՝ այդ բեռների դեմն առնելու: Բացի նրանից, որ այդ բեռների ընդունումը համարում են մեկ քայլ դեպի Ադրբեջանի հետ ինտեգրացիա, նաեւ մտավախություն ունեն, որ այդ սնունդը պիտանի չի լինի օգտագործման համար` ադրբեջանցիներից ամեն ինչ սպասելի է:


«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով, առաջիկայում «Ապրելու երկիր» կուսակցությունը նախատեսում է լյուստրացիա անցկացնել Երեւանի ընտրություններին մասնակցող ուժերի շրջանում: Պատրաստվում են կոչ անել, որ հրապարակային հայտարարեն, թե բացառում են ՔՊ-ի հետ հետընտրական համագործակցությունը: Ավելի կոնկրետ՝ ավագանու կազմից քաղաքապետի ընտրության ժամանակ բացառում են ՔՊ-ի թեկնածուին ընտրելը։  Տեւական ժամանակ է՝ «Ապրելու երկիրը» հանդիպում-քննարկումների մեջ է մյուս ուժերի հետ, որ Հռչակագիր ստորագրեն, որտեղ կամրագրեն, որ պատրաստ են պայքարել ՔՊ-ի դեմ, սակայն դա չի հաջողվում` մասնակցող ուժերը հրաժարվում են նման փաստաթուղթ ստորագրելուց: Հիմա «Ապրելու երկիրը» մտադիր է հրապարակային «դրդել», որ արտահայտվեն եւ բացահայտեն իրենց դիրքորոշումը, որպեսզի հանրությանը պարզ դառնա, թե որ ուժն է կեղծ ընդդիմադիր ՔՊ-ին, որը` իրական։


ԱԵ համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը չցանկացավ գաղտնազերծել, թե որ ուժերի հետ են հանդիպել, եւ ինչու հուշագիրը գլուխ չի գալիս: Նա ասաց, թե հուշագիրն այնքան էլ կարեւոր չէ, մասնակից ուժերը կարող են հայտարարությամբ հանդես գալ․ «Այո, մի քանիսի հետ հանդիպումներ ունեցել ենք, որոնք շարունակվում են, բայց քանի դեռ չկա վերջնական պատկեր, կգերադասեմ չխոսել»: Առաքելյանը նաեւ շեշտեց․ «Էական չէ հուշագրի առկայությունը, էական է բովանդակությունը, որ բացառում են ՔՊ-ի հետ որեւէ համագործակցություն։ Այդ դիրքորոշումը մեզ չէ պետք, այլ՝ հանրությանը։ Ի վերջո, հանրությունը պետք է իմանա, թե որ ուժերն են գնում ՔՊ-ին իշխանազրկելու Երեւանում, որոնք՝ ոչ, եւ կատարի ընտրություն։ Հետեւաբար, դա կլինի փաստաթղթի տեսքով, թե հայտարարության՝ դա պետք է տեղի ունենա»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քաղաքական իշխանությունները երկու կարեւոր պաշտոնների համար թեկնածու են փնտրում, բայց չեն կարողանում գտնել: Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ եւ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Արմեն Ավթանդիլյանը ազատվել է ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության պետի պաշտոնից: Այս մասին նշված է Հանրապետության նախագահի՝ օգոստոսի 25-ի հրամանագրում։ Արդեն 5 օր է՝ դեռ չեն կարողանում ուժեղ ու շատ խիստ բնավորության անձի գտնել ու նշանակել ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության պետ: Իշխանության վերնախավը փնտրտուքի մեջ է, պետք է կարողանան գտնել մեկին, որը կկարողանա համակարգում առկա խայտառակ իրավիճակը կարգի բերել: Իրավիճակը բարդ է նաեւ քրեակատարողական ծառայության պետ գտնելու հարցում: Բանն այն է, որ դեռեւս օգոստոսի 5-ին Սերգեյ Ատոմյանին ազատեցին քրեակատարողական ծառայության պետի պաշտոնից ու մինչ օրս չեն կարողանում գտնել մեկին, որը կկարողանա բանտերում առկա վիճակը կարգավորել։ Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունում չկան մարդիկ, որ այս կարեւորագույն պաշտոններում նշանակումներ կատարվեն, կամ ոչ ոք այլեւս ցանկություն չունի աշխատելու Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պետական մարմիններում:


 


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը Հակակոռուպցիոն կոմիտե է հրավիրվել՝ հարցաքննության։ Նրա հարցաքննությունը տեւել է 10 րոպե, որի ընթացքում նա ասել է՝ ինչ ցուցմունք տվել է նախկինում, պնդում է, ապա հեռացել է կոմիտեից։ Հիշեցնենք, որ 2022թ. հունիսի 20-ին Ռուբեն Վարդազարյանը հրավիրած ասուլիսում աղմկահարույց ձայնագրություն էր հրապարակել, որով հիմնավորվում էր, որ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը փորձել է պարտադրել Վարդազարյանին հրաժարական տալ։ Աղմկոտ զրույց-պահանջը տեղի էր ունեցել ընթրիքի սեղանի շուրջ, որին ներկա են եղել ոչ միայն Վարդազարյանն ու Ջհանգիրյանը, այլ նաեւ ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը։ Հրապարակված ձայնագրությունից հետեւում էր, որ Վարդազարյանին վարչապետի անունից առաջարկվել է հրաժարական տալ, իսկ Ջհանգիրյանն էլ ստանձնել է միջնորդի դեր՝ երաշխավորելով, որ նրա նկատմամբ հետապնդումներ չեն իրականացվի, եթե հրաժարական ներկայացնի։ Ջհանգիրյանը Հանրայինի եթերում անձամբ խոստովանել է, որ բանակցություններ իսկապես վարել է Վարդազարյանի հետ՝ հրաժարական տալուն տրամադրելու համար։


Ավելին՝ հայտարարել է, որ ԲԴԽ նախագահին հրաժարական պարտադրելն այնքան էլ հեշտ գործ չէ, ու ինքը հոգեբանական հնարքներ է կիրառել, «կուտ տվել»։ Աղմկահարույց ձայնագրությունից եւ առավել անհասկանալի հարցազրույցից օրեր անց հայտարարվեց, թե Գագիկ Ջհանգիրյանն ունի առողջական խնդիրներ եւ ենթարկվել է վիրահատության։ Ակնառու էր, որ Ջհանգիրյանը այդ խայտառակ ձայնագրությունից հետո առողջական խնդիրների քողի ներքո պատրաստվում էր հրաժարական տալ: Եւ, ահա, հուլիսի 1-ին արդեն պաշտոնապես հաստատվեց Ջհանգիրյանի հրաժարականը: ՀՀ քննչական կոմիտեում նշված ձայնագրության կապակցությամբ նախապատրաստված նյութերով նախաձեռնվել էր քրեական վարույթ, որը դեկտեմբերին կարճվել էր՝ հանցանքի բացակայության հիմքով։ ՔԿ-ում վկայի կարգավիճակով վարույթի շրջանակներում հարցաքննվել են նաեւ ԲԴԽ արդեն նախկին անդամներ Ստեփան Միքայելյանը, Սերգեյ Չիչոյանը եւ ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը:


Ընդ որում` վերջին երկուսի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշում էր կայացվել: Նշված որոշման դեմ Վարդազարյանը բողոք էր ներկայացրել, սակայն մինչ բողոքը կստացվեր, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը սեփական նախաձեռնությամբ վերացրել էր քննիչի որոշումը՝ ըստ քննչական ենթակայության գործը Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու որոշում կայացնելով։ Միեւնույն ժամանակ դատախազն արձանագրել է, որ նախաքննության ավարտ հայտարարելուց հետո ժամկետները չեն պահպանվել, քանի որ ավարտ հայտարարելու մասին տեղեկացնելուց հետո քննիչը ժամանակ չի տրամադրել բողոքարկման համար: Վարույթը Հակակոռուպցիոն կոմիտե տեղափոխվելուց հետո փաստացի սառեցված վիճակում պահվել է երեք ամիս, ապա՝ կարճվել՝ հանցանքի բացակայության հիմքով։ Գործի վարույթը կարճելու որոշումը դատական կարգով վիճարկվել է։ Արդյունքում Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Մերի Մոսինյանի նախագահությամբ, բավարարել է Վարդազարյանի ներկայացուցիչների բողոքը՝ վերացնելով գործի վարույթը կարճելու որոշումը։ Դատական ակտը չի վիճարկվել ո՛չ դատախազության, ո՛չ քննիչի կողմից, ըստ այդմ՝ դատական ակտն օրինական ուժի մեջ է մտել։ Այժմ վարույթը վերսկսվել է։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ իշխանությունները շարունակում են ճաշկերույթների վրա մեծ գումարներ ծախսել։ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ, օրինակ, ՀՀ վարչապետի աշխատակազմն այս տարվա սկզբից մինչեւ օգոստոսի կեսը ընկած ժամանակում մեկ անձից գնման ընթացակարգով 84.6 մլն դրամ է ծախսել: Նշենք, որ այդ գումարից 11.2 մլն դրամը հատկացվել է հենց այդպիսի ծախսերի վրա՝ «Երեւան հյուրանոց», «Փոյնթ օֆ վյու», «Սալոն ռեստորան», «Սարյան 1 Թրեվլ Քլաբ», «ԷՄ ԲԻ ՋԻ գրուպ» եւ այլն։ Բացի այդ, վարչապետի աշխատակազմը «Արցախ Կարպետ» ընկերությունից ձեռք է բերել «Վիշապագորգ» հուշանվեր՝ 350 հազար դրամ արժողությամբ, 2 «Արցախ» գորգ՝ 610 հազար դրամ արժողությամբ։ Մեծ գումար է կազմել մեքենաների ապահովագրությունը։ Օրինակ՝ աշխատակազմին սպասարկող 46 ավտոմեքենաների ապահովագրության եւ վերանորոգման համար ծախսվել է մոտ 6.9 մլն դրամ։ Հավելենք, որ ընդդիադիր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանը դաժանաբար քննադատում էր մեկ անձից կատարվող գնումները՝ համարելով կոռուպցիա: Հիմա անում է այն, ինչ քննադատում էր նախկինում: