VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Կառավարությունը մտադիր է մաքսակետ կառուցել հայ-թուրքական սահմանին՝ Մարգարա գյուղում․ այս մասին որոշումը ներառված է կառավարության այսօրվա նիստում, համաձայն որի՝ մաքսակետի կառուցման համար նախագծահաշվային աշխատանքներ են պատվիրվել՝ մեկ անձից գնման ընթացակարգով: Ըստ կառավարության՝ ժամկետները սուղ են, եւ այդ պատճառով մրցույթ չի հայտարարվել։ Բայց մենք գիտենք, որ այս իշխանությունը սիրում է ամեն ինչ առանց մրցույթի անել՝ նախապես որոշված անձանցից ուղիղ գնման ընթացակարգով, որը կոռուպցիոն ռիսկեր պարունակող ընթացակարգ է։ Նախագծային փաստաթղթերի համար կհատկացվի ավելի քան 28 միլիոն դրամ։ Ընդհանուր առմամբ, ամբողջ մաքսակետի կառուցումը, նախագծային աշխատանքներն ու անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման արժեքը գնահատվում են մոտ 733 միլիոն դրամ։ Նախագծումն իրականացնելու է «Արբակ եւ որդիներ» ՍՊԸ-ն, իսկ որպես շինարարության կապալառուներ են հանդես գալու «Արտկոն» եւ «Սահակյանշին» ՓԲԸ-ները։ Հիշեցնենք, որ Մարգարայի կամրջից այն կողմ հայ-թուրքական սահմանն է, որը փակ է 1993 թվականից, 30 տարվա փակ սահմանները կարճատեւ՝ մեկ-երկու անգամ բացվեցին այս տարվա փետրվարին, երբ Հայաստանը հումանիտար օգնություն ուղարկեց Թուրքիայի երկրաշարժի հետեւանքով տուժածներին։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը երեկվանից, թուղթը վերցրած, պտտվում է խմբակցությունում եւ ստորագրություններ է հավաքում, որպեսզի Թագուհի Թովմասյանին պաշտոնանկ անեն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից: «Ամենայն հավանականությամբ, առաջիկայում այդ հարցը խմբակցությունում կդառնա քննարկման առարկա», – Ազգային ժողովում երեկ այս մասին հայտարարեց Աղազարյանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրա ստորագրահավաքին խմբակցությունից մի քանիսն արդեն միացել են, սակայն մեծ թվով պատգամավորներ դեռ մտավախություն ունեն, որ իրավական հիմքեր չկան պաշտոնանկության գործընթաց սկսելու համար: Բացատրությունները ցանկությունների եւ զգացմունքների դաշտից են, բայց քաղաքական որոշումը դեռ չկա, ուստի ՔՊ խմբակցությունը դեռ հավաքական «կարծիք» գործադիրից չի ստացել, որ հայտնի: Սպասում են:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը երեկ քաղաքական ակցիա իրականացրեց խորհրդարանում: Նախ իր ելույթի ընթացքում, որի ժամանակ դահլիճում նստած էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Թագուհի Թովմասյանը ներկայացրեց այս իշխանությունների բացթողումներն ու թերությունները՝ նրանց մեղադրելով դավաճանության մեջ: «Արցախահայերին միայնակ թողնելն ամենամեծ անբարոյականությունն է եւ անխղճությունը, Ձեր հրամանով են զորքերը հետ քաշվել: Դուք ձախողել եք ամեն ինչ եւ ամենուր»: Թովմասյանը նաեւ, Նիկոլ Փաշինյանի աչքերի մեջ նայելով, մի քանի օրինակներով հանրայնացրեց, թե ինչպես է ստել Նիկոլ Փաշինյանը վերջին 5 տարիների ընթավքում. «Ձեր ստելու լիմիտը սպառել եք»: Արդեն Թագուհի Թովմասյանի ակցիայի ժամանակ, երբ նա չէր իջնում ամբիոնից, Նիկոլ Փաշինյանին մեծաքանակ թիկնապահների ուղեկցությամբ մեկուսացրին դահլիճից:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ խորհրդարանում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրամանի հետեւանքով խախտվել են ԱԺ նստավայրի տարածքում եւ շենքում գործող անվտանգության կանոնները։ Ինչպես հայտնի է, երեկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի քաղաքական ակցիան տապալելու համար նիստերի դահլիճ հրավիրեց անվտանգության աշխատակիցներին, եւ նրանք հրելով ու բռնությամբ դուրս հանեցին դահլիճից ընդդիմադիր պատգամավորներից մի քանիսին։ Այդ հրամանն ակնհայտ ապօրինի էր, քանի որ ԱԺ շենքում անվտանգության կանոների 7,8 կետում հստակ նշված է. «Պահպանության ծառայությունն իր նախաձեռնությամբ կամ Ազգային ժողովի աշխատակազմի իրավասու պաշտոնատար անձի միջնորդությամբ համաչափ միջոցներ է ձեռնարկում կարգազանց անձին (բացառությամբ պատգամավորի) կարգի հրավիրելու համար՝ ընդհուպ պահպանվող տարածքից հեռացում, որի մասին անմիջապես զեկուցում է՝ ըստ վերադասության»: Նկատեցի՞ք՝ անվտանգության կանոններում հստակ նշված է, որ պատգամավորի նկատմամբ անվտանգության աշխատակիցներն իրավունք չունեն որեւէ քայլ անել: Երեկ, սակայն, նրանք կարգազանցությամբ են զբաղվել, օրենքով արգելված գործողություններ են կատարել: Տեղի էր ունենում քաղաքական ակցիա, որին իրավունք չունեին միջամտելու։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ Ազգային ժողովում թեեւ անհարկի ակտիվություն էր ցուցաբերում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, սակայն իրականում նրան ղեկավարում էր փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը: Նա էր հուշում ու հրահանգներ տալիս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի ելույթի ժամանակ, երբ հայտարարեց, որ ամբիոնից չի իջնելու, Ռուբինյանը, ձեռքով հրելով Ալեն Սիմոնյանին, հրահանգեց անջատել խոսափողը: Սիմոնյանը բարձրաձայն ասաց՝ անջատե՛ք խոսափողը, ապա նույն ձեռքի հրահանգով ընդմիջում հայտարարեց Ալեն Սիմոնյանը: Երբ, ոգեւորված ազատագրված ամբիոնի փաստից, նկատողություն ստացած պատգամավորների անուններն էր փորձում հրապարակել, դարձյալ նրան ցուցակ փոխանցեց Ռուբինյանը: Ստացվում է՝ Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանի հրահանգներով է շարժվում եւ փաստացի դրածո է խորհրդարանում, իսկ իրական ԱԺ նախագահը Ռուբեն Ռուբինյանն է, որ նստած տեղից երեկ ողջ ընթացքում չբարձրացավ, նաեւ՝ այն ժամանակ, երբ թեժ իրավիճակում Նիկոլ Փաշինյանին մեկուսացրին։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արցախի պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի գործը Հակակոռուպցիոն դատարան ուղարկելուց հետո իրավապահ մարմինները նրա կնոջը թույլ են տվել տեսակցել ամուսնուն։ Մինչ օրս որեւէ հարազատ չէր կարողացել նրան տեսնել։ Հիշեցնենք՝ օրեր առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Քննչական կոմիտեի ներկայացրած միջնորդությունը եւ 2 ամսով երկարեցրել Արզումանյանի կալանքը։ Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է ներկայացվել 2020 թվականի արցախյան պատերազմի ընթացքում ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքը եւ հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար։ Արզումանյանը կալանավորվել էր նախորդ տարվա սեպտեմբերի 1-ին եւ մինչ օրս մնում է կալանքի տակ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ քննչական կոմիտեում Ջալալ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործով 6-ամսյա ժամկետը լրանում է, ուստի նախաքննական մարմինը քրեական դատավարության օրենսգրքով այլընտրանք չունի եւ մինչեւ մայիսի 20-ը պետք է քրեական գործով նախաքննության ավարտ հայտարարի եւ գործը դատարան ուղարկի: Նշենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանության բանակը ղեկավարած Ջալալ Հարությունյանին երկու դրվագով առաջադրված մեղադրանքներից մեկը Ցորի զորամասի 20 հրետանավորների զոհվելու հանգամանքներին է վերաբերում։ 44-օրյա պատերազմի օրերին ծանր վիրավորում ստացած ու այդ պատճառով պաշտոնից ազատված 47-ամյա Ջալալ Հարությունյանին առաջադրված մեղադրանքի մյուս դրվագով էլ նշվում է, թե հենց նրա գործողությունների հետեւանքով են հոկտեմբերի 7-ին՝ հակահարձակման ժամանակ, հայկական ստորաբաժանումները մարդկային մեծաքանակ ուժի ու զինտեխնիկայի կորուստ կրել, պահեստային ստորաբաժանումները դարձել են ոչ մարտունակ, զբաղեցրած կրակային դիրքերն անցել են հակառակորդի հսկողության տակ։
«Հրապարակ» թերթը գրում է. Դեռեւս 2022 թ. ապրիլին հայտնի դարձավ, որ «բանակը վերազինելու եւ արդիականացնելու» պատճառաբանությամբ ՀՀ ՊՆ-ին պատկանող 71 անուն գույք հանվել է վաճառքի, որոնց ցանկում՝ նաեւ նախկին զորամասեր: Օրինակ՝ Շիրակի փողոցի նախկին ռուսական զորամասը, նախկին մայրաքաղաքային գունդը եւ այլն։ 2023-ի ապրիլի 20-ի դրությամբ, այսինքն՝ 1 տարի անց, 71 գույքից միայն մեկն է վաճառվել, մեկով էլ հայտերի ընդունումն ավարտված է։ Պետգույքի կառավարման կոմիտեից ասացին, որ 71 գույքից 39-ն է այս պահին փոխանցվել իրենց, մյուս 32-ի մասով դեռեւս հանձնում-ընդունում չի եղել: Վաճառված գույքը Ծարավ Աղբյուրի փողոցի՝ ՊՆ-ին պատկանող կիսաքանդ շինությունն է՝ 332,72 քմ մակերեսով հասարակական շենքը եւ դրա զբաղեցրած 0.15116 հա մակերեսով հողամասը։ Թե ով է գնել շինությունը, ինչ գնով, խոստացան ասել մոտ օրերս: Շինության նվազագույն գին էր սահմանվել 85 մլն 250 հազար դրամը։ Ինչ վերաբերում է մրցույթով վաճառքի հանված՝ Շիրակի փողոցի նախկին ռուսական զորամասին, ապա նվազագույն գին է սահմանվել 190 մլն 950 հազար դրամը։ Այն կազմված է 715.56 քառ. մետր մակերեսով հասարակական շենքից եւ դրա զբաղեցրած 0.17475 հեկտար մակերեսով հողամասից։ Կոմիտեից նշեցին, որ չեն կարող ասել, թե այս գույքի համար քանի հայտ է ներկայացվել, հայտերը դեռ փակ արկղի մեջ են` կբացվեն մրցույթի ժամանակ։
«Հրապարակ» թերթը գրում է. Նախօրեին գրել էինք, որ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կազմակերպած հավաքը տհաճ ելքով է ավարտվել` կուսակիցների միջեւ ծեծկռտուք է ծագել, դանակահարել են «Միասնական հայրենիք» կուսակցության պատգամավոր Սեյրան Հայրապետյանին։ Նախօրեին Հայրապետյանը հայտարարեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարական տալու մասին: Մեր աղբյուրները նշում են, որ հրաժարականը պարտադրել է Բաբայանը: Բանն այն է, որ Հայրապետյանը հավաքի ժամանակ ընդհարվել է խմբակցության աշխատակից աղջիկներից մեկի հետ, ով Բաբայանի հեռավոր ազգականն է: Նա «ախչի»-ով է դիմել օգնականին, որից հետո աղջկա հայրն ու եղբայրն «ատչյոտ» են պահանջել, եւ թեժ վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով: Արդյունքում ավելի շատ տուժել է պատգամավորը։ Նա դիմում է ներկայացրել ոստիկանություն՝ հայտարարելով, որ իր վրա մահափորձ են կատարել՝ հայր եւ որդի հարձակվել են դանակով, փորձել են սպանել իրեն: Հայրապետյանին կպարտադրե՞ն վայր դնել մանդատը, Արցախում քիչ հավանական են համարում։
«Հրապարակ» թերթը գրում է. Աննա Վարդապետյանը, մինչ գլխավոր դատախազ դառնալը, ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի դասախոսներից էր: Մենք Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանին հարցրինք՝ Աննա Վարդապետյանը շարունակո՞ւմ է դասախոսել ֆակուլտետում։ «Դասավանդում է բակալավրիատում, իր մասնագիտական առարկան քրեական իրավունքն է, եւ ծանրաբեռնվածություն ունի ոչ միայն այս պահին, այլեւ` վաղուց»,- ասաց նա: Իսկ ի՞նչ հաճախականությամբ է համալսարան այցելում։ «Ինչքան որ ժամերը պահանջում են՝ այդքան: Աշխատում է համատեղության կարգով, ոչ հաստիքային` ժամավճարային հիմունքներով»: Մենք տեղեկություն ունեինք, որ գլխավոր դատախազը թիկնապահների ուղեկցությամբ է գնում ԵՊՀ, եւ նրանք ուղեկցում են մինչեւ լսարան, սակայն, չգիտես ինչու, դեկանին դուր չեկավ հարցը, թե ում ուղեկցությամբ է նա հաճախում ԵՊՀ, եւ որտեղ են նրան սպասում թիկնապահները։ «Եկեք, հետեւեք, տեսեք, թե ում հետ եւ ոնց է գալիս համալսարան»: