23.11.2024
Դրական միտումները ՀՀ-ում կշարունակվեն, եթե վարվի նպատակային տնտեսական քաղաքականություն
prev Նախորդ նորություն

ԵԱՏՄ-ին համակողմանի ինտեգրման կողմնակիցների թիվը կտրուկ կավելանա. Սաֆարյան

Հայաստանի տնտեսության վերջին տարիների ձեռքբերումները հաստատում են Եվրասիական փորձագիտական ակումբի առաջատար մասնագետների կանխատեսումներն այն մասին, որ մեր երկիրը զգալի օգուտներ կստանա եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացում ակտիվ և կառուցողական մասնակցություն ունենալուց: Այդ իմաստով արդարացել են նաև հայաստանյան հասարակության մեծամասնության սպասումները, որը վերջին տասը տարում պաշտպանում էր Հայաստանի մասնակցությունը ԵԱՏՄ-ին և հետևողականորեն հանդես էր գալիս Ռուսաստանի` եվրասիական ինտեգրացիոն գործընթացի լոկոմոտիվի հետ մեր երկրի ակտիվ համագործակցության օգտին: Ճիշտ է, վերջին երկու տարում Ռուսաստանի հետ դաշինքի և ինտեգրման կողմնակիցների թիվը որոշ չափով ավելի նվազ է, քան հինգ կամ տասը տարի առաջ: Դա հետևանք է նրա, որ ինտեգրացիոն գործընթացը չի հավաքում այն հզոր և արագ պտույտը, որը կցանկանար տեսնել հայ հասարակության մեծ մասը: Սակայն մեր սոցիոլոգները համոզված ցույց են տալիս, որ ԵԱՏՄ շրջանակներում համապարփակ ինտեգրման կողմնակիցների թիվը նորից կարող է կտրուկ աճել, եթե Ռուսաստանը և նրա տնտեսական դաշնակիցները որոշեն առաջ մղել ինտեգրումը ավելի մեծ տեմպերով: Այս մասին  Եվրասիական փորձագիտական ակումբի անդամների՝ «Հայաստանը և եվրասիական ինտեգրման զարգացման հիմնական ուղղությունները տեսանելի հեռանկարում» թեմայով հրապարակային դասախոսությունների շարքի մեկնարկին նվիրված քննարկմանը հայտարարեց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը:


Նրա խոսքով, կարևոր է հասկանալ, որ գլոբալ Արևմուտքի և Ռուսաստանի միջև հակամարտության մթնոլորտում կրկին ակտուալ հասկացություն է դառնում «ետխորհրդային տարածքը»: Կյանքը ցույց է տալիս ընդհանուր տնտեսական տարածքի և, ինչը ոչ պակաս արժեքավոր է, ընդհանուր քաղաքակրթական տարածքի պաշտպանության և հետագա զարգացման կենսական անհրաժեշտությունը: ԵԱՏՄ-ում Ռուսաստանի նախագահության տարում անդամ-երկրների փորձագիտական հանրությունները հույս ունեն, որ կգործադրվեն առավելագույն ջանքեր նոր գաղափարների, նոր մոտեցումների, հնարավոր է ոչ ստանդարտ գաղափարների գեներացման ինտեգրման առաջընթաց զարգացմանն ու խորացմանը հզոր, նոր ազդակ հաղորդելու համար:


"Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի խոշորագույն տնտեսական գործընկերը: Ռուսաստանին է բաժին հասնում մեր երկրի ամբողջ արտաքին տնտեսական շրջանառության 49% 2022թ. արդյունքներով: Ռուսաստանի հավաքական ներդրումային փաթեթը Հայաստանում կազմում է 2 մլր դոլար: Ռուսաստանը հանդիսանում է հայկական պատրաստի արտադրանքի սպառման խոշորագույն շուկան: Ռուսաստանի այդ դերի շնորհիվ հաջողությամբ շարունակվում է հայկական արտահանման ցանկի դիվերսիֆիկացիան: Մեր առաջատար տնտեսագետները պնդում են, որ այդ դիվերսիֆիկացիայի գործընթացը մոտակա տարիներին կրելու է շարունակական բնույթ և ամենաբարեբեր կերպով կազդի ամբողջությամբ վերցրած հայկական տնտեսության զարգացման վրա",- ասաց Սաֆարյանը:


Նրա խոսքով, հիբրիդային պատերազմները և կոշտ հակամարտությունը, որն ընթանում է Արևմուտքի և Ռուսաստանի միջև, դնում է նոր պայմաններ, Հայաստանի համար ստեղծում է նոր մարտահրավերներ և սպառնալիքներ: Շատ կարևոր է թույլ չտալ, որ Հայաստանը վերածվի տարբեր աշխարհաքաղաքական կախվածությունների կողմնակիցների միջև մարտադաշտի, այլ երկրում ծավալել մտքերի կառուցողական փոխանակություն և գաղափարների պայքար հայաստանյան հասարակությունն, ընդհանուր առմամբ, ուժեղացնելու նպատակով: Այդ իմաստով, նպատակահարմար է միավորել երկրի գիտափորձագիտական հանրության ջանքերը և ստեղծել կառուցողական երկխոսություն ինչպես հիմնական քաղաքական ուժերի, այնպես էլ գործարար համայնքի հետ Հայաստանի տնտեսության հաջող զարգացմանը նպաստելու նպատակով:


"Վերջին ամիսներին Եվրասիական փորձագիտական ակումբի առաջատար տնտեսագետները հանգամանալից վերլուծություն են կատարում, ուսումնասիրելով աշխարհում տնտեսական գործընթացները: Հայտնի է, որ հեղինակավոր կանխատեսումներ կան այն մասին, որ 2023թ. կեսերին կարող է լինել նոր ռեցեսիա և աշխարհի տնտեսությունների մեծ մասը կարձանագրի տնտեսական զարգացման ծավալների անկում: Մեր երկրի համար կարևոր է այն հաստատագրումը, որ 2023թ. (համենայն դեպս առաջին կեսը) կարձանագրի տնտեսական զարգացման աճի շարունակություն: Ինչ վերաբերում է տարվա կանխատեսումներին, ապա Եվրասիական փորձագիտական ակումբը համոզված պնդում է, որ նույնիսկ առկա տնտեսական, քաղաքական և սոցիալական իրողություններում մերօրյա Հայաստանում կարելի է ակնկալել տնտեսական ակտիվության 5-6 տոկոսանոց աճ և ՀՆԱ-ի աճ այս տարվա արդյունքում: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի կառավարությունը հետևի բիզնես-մթնոլորտի առողջացմանը երկրում և ամեն կերպ աջակցի այն մեծ, միջին և փոքր ներդրողներին, որոնք որոշել են աշխատել Հայաստանում: Մեր երկրում կառավարման մտածված կազմակերպման պարագայում կարելի է ստեղծել մի մթնոլորտ, որտեղ նույնիսկ ռուսաստանյան ներդրումների մեծամասնության վերադարձից, Ուկրայինայում հակամարտության ավարտից հետո կշարունակվեն տնտեսական աճի և տնտեսական առողջացման դրսևորված միտումները",- նշեց նա:


Նա ասաց, որ Եվրասիական փորձագիտական ակումբը 2019թ. հաստատել է և այժմ կրկնում է երկրում այնպիսի քաղաքական և սոցիալական մթնոլորտի ստեղծման կարևորությունը, որը չի խանգարելու տնտեսության մեջ այն դրական միտումների շարունակական աճին, որոնք վերջերս տեղ ունեն: Հենց այդ պատճառով էլ արժե հիշեցնել, որ եթե ետհամավարակային առողջացման գործընթացները տնտեսության մեջ շարունակական բնույթ ստանան, ապա 5-7 տարի հետո մենք կունենանք որակապես նոր տնտեսական վիճակ մեր երկրում: Արդեն այժմ արժե լրջորեն մտածել երկրում սոցիալական վիճակը առողջացնելու մասին այն պարագայում, երբ 2023-2024թթ. տնտեսության տվյալ աճի տեմպերը իրականանան գլոբալ, ոչ միշտ բարենպաստ տնտեսական գործընթացների ֆոնին:


"Հայաստանի հասարակությունը իշխանություններից ակնկալում է այնպիսի արտաքին քաղաքականության իրականացում, որը Հայաստանը հեռու կպահի արտաքին ռիսկերից, հարվածներից և ճգնաժամերից: Զգույշ, հավասարակշռված արտաքին քաղաքականությունը պետք է ուղղված լինի Հայաստանի իմիջի ամրապնդմանը, իբրև հավատարիմ դաշնակից և ազնիվ, հուսալի գործընկեր: Ոչ թե տուժել գլոբալ հակամարտություններից, այլ փորձել նվազագույնի հասցնել արտաքին քաղաքական սպառնալիքներն ու մարտահրավերները, ստեղծել զարգացման համար ներքաղաքական պայմաններ",- ընդգծեց նա:


Եվրասիական ինտեգրացիոն գործընթացը շարունակվում է աշխարհում գլոբալ փոփոխությունների պայմաններում: Այդ գործընթացը զուգակցվում է «մեկ գոտի – մեկ ուղի» չինական նախագծի հետ: Ռուսաստանը փնտրում է հնարավորություններ Իրանի, մեր մեծ տարածաշրջանի արաբական երկրների հետ նոր տնտեսական համագործակցությունը զարգացնելու համար: Եվ դա նշանակում է, որ պետք է օգտվել ընձեռնվող նոր հնարավորություններից: Մյուս կողմից, նշեց Արամ Սաֆարյանը, Ռուսաստանի և եվրասիական ինտեգրման գծով նրա դաշնակիցների հետ ապրանքաշրջանառության հետագա զարգացման հեռանկարը թելադրում է կենսագործել նոր հնարավորություններ հայկական տնտեսության դիվերսիֆիկացման ասպարեզում, գտնել նոր ներուժային հնարավորություններ ԵԱՏՄ ուղղությամբ արտահանումը մեծացնելու համար:


Քանի դեռ շարունակվում է եվրասիական ինտեգրման երկրների հասարակությունների ներսում գլոբալ երկխոսությունը, իսկ արտաքին քաղաքական սպառնալիքները թելադրում են գտնել պաշտպանվելու միջոցներ, անհրաժեշտ է հայ հասարակության կառուցողական ներուժը ուղղորդել դեպի տնտեսական զարգացում և սոցիալ տնտեսական և կրթամշակութային վիճակի բարելավում:


"Մենք` Եվրասիական փորձագիտական ակումբի գիտնականներն ու փորձագետներս համոզված ենք, որ մեր քաղաքակրթական տարածքը ստեղծում է պայմաններ նման առաջանցիկ զարգացման համար: Մենք կոչ ենք անում չքանդել և վնաս չտալ այդ տարածքին, այլ մտածել նրա ամրապնդման շատ կարևոր գործընթացին կառուցողական մասնակցության մասին: Հայաստանի աշխարհագրական դիրքը, նրա պատմությունը, քաղաքակրթական հիմքերը թելադրում են հմտորեն համատեղել արտաքին քաղաքական վեկտորներն այնպես, որ պայմաններ ստեղծվեն հայկական ազգային բնավորության լավագույն գծերի դրսևորման համար",- հավելեց Սաֆարյանը: