23.11.2024
ԵԱՏՄ-ին համակողմանի ինտեգրման կողմնակիցների թիվը կտրուկ կավելանա. Սաֆարյան
prev Նախորդ նորություն

Հայաստանի արտահանումը դեպի ԵԱՏՄ աճել է մոտ 10 անգամ. տնտեսագետ

Հայաստանի տնտեսության առջև ծառացած կարևորագույն խնդիրներից է առևտրային հաշվեկշռի էական խախտումը և տնտեսության կառուցվածքային անհավասարակշռությունը։ Սուր է գործազրկության և դրանից բխող միգրացիայի խնդիրը, Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունները, առաջին հերթին, իրական հնարավորություններ են ընձեռում այդ խնդիրների լուծման համար, ինչին ուղղակիորեն նպաստում են էժան էներգառեսուրսները և Հայաստանի պատրաստի արտադրանքի իրական պահանջարկը։ Այս մասին Եվրասիական փորձագիտական ակումբի անդամների՝ «Հայաստանը և եվրասիական ինտեգրման զարգացման հիմնական ուղղությունները տեսանելի հեռանկարում» թեմայով հրապարակային դասախոսությունների շարքի մեկնարկին նվիրված քննարկմանը հայտարարեց Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, տնտեսագետ Աշոտ Թավադյանը:


Նրա խոսքով, էներգակիրների, ինչպես նաև Հայաստանի ռազմավարական արտադրանքի գների առումով առավել լայն հնարավորություններ ընձեռում է առաջին հերթին ԵԱՏՄ առաջատարը` Ռուսաստանի Դաշնությունը։ Նշենք, որ ԵԱՏՄ-ն արտոնյալ վարկեր ստանալու լրացուցիչ հնարավորություններ է ստեղծել, առաջին հերթին, Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության ամպրապնդման համար։ Ի տարբերություն միջազգային կազմակերպությունների մի շարք վարկերի, Ռուսաստանից ստացվել են խիստ նպատակային վարկեր։ 300 մլն դոլար երկու արտոնյալ վարկ ուղղվել են մեր երկրի պաշտպանունակության ամրապնդմանը։ Միևնույն ժամանակ, իհարկե, առանցքային նշանակություն ունի նման վարկերի օգտագործման արդյունավետությունը: Այդ գործառույթը հստակ պետք է իրականացնի Հայաստանի կառավարությունը։ Հայաստանը նաև ստացել է 270 միլիոն դոլարի նպատակային վարկեր Ռուսաստանից և 30 միլիոն դոլարի դրամաշնորհներ Հայկական ատոմակայանի արդիականացման և շահագործման ժամկետը երկարացնելու համար։


"Մաքսատուրքերի վերացումը և ներմուծվող հումքի գների իջեցումն, անշուշտ, նպաստում են արտահանման աճին և գործազրկության նվազմանը։ Համաշխարհային գների համեմատ էներգակիրների զգալիորեն ցածր գները դրական են ազդում տեղական արտադրանքի մրցունակության բարձրացման վրա։ ԵԱՏՄ-ի շրջանակներում կարևոր է նաև իրականացնել համակարգված հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականություն",- ասաց Թավադյանը։


Նա նշեց, որ տնտեսական անվտանգության հիմնական խնդիրը կայուն տնտեսական աճի և արտահանման զգալի աճի ապահովումն է, ինչը հատկապես կարևոր է փոքր տնտեսություն ունեցող երկրների համար։ Միասնական տարածաշրջանային տնտեսության ձևավորումը ենթադրում է ոչ միայն միասնական կառավարման մարմինների ստեղծում և եվրասիական տնտեսական ինտեգրմանը մասնակցող երկրների գործողությունների համակարգում, այլև բոլոր ազգային տնտեսությունների վերակողմնորոշում դեպի համակարգված մակրոտնտեսական առանցքային ցուցանիշների աճ` ՀՆԱ-ի, արտահանման, զբաղվածության մակարդակի էական աճ։


Հատկապես Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների համատեքստում, նրա խոսքով, կարևոր է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի որոշումը ԵԱՏՄ Արդյունաբերական քաղաքականության խորհրդի ստեղծման մասին, որի նպատակն է ներդաշնակեցնել ԵԱՏՄ երկրների արդյունաբերական քաղաքականությունը և ներկայացնել առաջարկներ ԵԱՏՄ երկրների տնտեսության զարգացման վերաբերյալ: ԵԱՏՄ երկրների քաղաքականությունը ներդաշնակեցնելու համար շատ կարևոր է Եվրասիական տնտեսական միության երկրների որոշումը ներմուծման փոխարինման և արդյունաբերական համագործակցության հանձնաժողով ստեղծելու մասին: Միության նոր մարմինը պետք է ընտրի ինտեգրացիոն ոլորտներում ամենահեռանկարային ինտեգրացիոն նախագծերը։ Հայաստանի կառավարությունը պետք է նախաձեռնություն ցուցաբերի և օգտագործի նոր հնարավորություններ՝ ավելացնելու պատրաստի արտադրանքի արտահանումը և համագործակցությունը Ռուսաստանի հետ՝ առաջին հերթին պաշտպանական արդյունաբերության ոլորտում։


"Հայաստանի տնտեսության զարգացման ռազմավարությունը պետք է հիմնված լինի արտահանման ներուժի զարգացման վրա՝ առկա մի քանի աճի կետերում։ Արտաքին առևտրի զարգացման համար անհրաժեշտ է օգտագործել ԵԱՏՄ-ի բոլոր հնարավորությունները՝ ինտեգրվելու համաշխարհային տնտեսությանը, ինչը թույլ կտա հայ արտադրողներին հասնել զգալի մասշտաբի էֆեկտի"- նշեց Աշոտ Թավադյանը։


Նա ընդգծեց՝ Միության ստեղծումից ի վեր Հայաստանի արտահանումը դեպի ԵԱՏՄ աճել է մոտ 10 անգամ։ 2015թ ԵԱՏՄ-ին բաժին է ընկել Հայաստանի ընդհանուր արտահանման մոտ 15%-ը, 2021թ. այս հարաբերակցությունը կազմել է 29,3%, 2022 թվականին այն արդեն 46,8% է։ Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրային գործընկերն է: Դեպի Ռուսաստան արտահանման մասնաբաժինը ամենադիվերսիֆիկացվածն է ու հիմնականում պատրաստի արտադրանքն արտահանվում է Ռուսաստան։ Արձանագրվել է նաև ընդհանուր տոկոսային կշռի աճ դեպի ԵԱՏՄ երկրներ։ Արտահանումն աճել է ԵԱՏՄ բոլոր երկրներում՝ Ռուսաստանի Դաշնություն՝ 2,9 անգամ, Ղազախստան՝ 2 անգամ, Բելառուս՝ 2,6, Ղրղզստան՝ 2,2 անգամ։


"Հետաքրքիր է, որ եթե 2017 թվականին դեպի Ռուսաստան արտահանման կազմում գերակշռում էին ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքները, ապա արդեն 2018թ., իսկ հետո՝ 2019թ. արտահանումն ավելի դիվերսիֆիկացված է, իսկ դիվերսիֆիկացիան՝ շարունակական միտում ունի, ինչը ցույց է տալիս նաև ԵԱՏՄ շուկայի և ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կարևորությունը։ Նշենք նաև, որ ոչ ստանդարտ 2022 թվականին ԵԱՏՄ արտահանման հիմնական ապրանքը ոչ թե ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներն են, այլ սարքավորումները, որոնց արտահանումը տարվա ընթացքում աճել է ավելի քան 10 անգամ։ Սա երրորդ երկրներից Ռուսաստան վերաարտահանումն է, ինչը նաև դրական է անդրադարձել ընդհանուր առմամբ արտահանման և ՀՆԱ-ի աճի վրա",- հավելեց տնտեսագետը։