23.11.2024
Հայաստանի արտահանումը դեպի ԵԱՏՄ աճել է մոտ 10 անգամ. տնտեսագետ
prev Նախորդ նորություն

Հռոմի ստատուտին միանալը՝ պատուհաս ՔՊ-ականների համար. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականների համար իսկական պատուհաս է դարձել Հռոմի ստատուտին միանալու վերաբերյալ ՍԴ որոշումը: Ինչպես հայտնի է, ՀՀ սահմանադրական դատարանը մարտի 24-ին որոշեց, որ Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է երկրի հիմնական օրենքին։ Խնդիրը հետեւյալն է. Հռոմի ստատուտի կարգավորումների համաձայն` միջազգային քրեական դատարանով քրեական պատասխանատվության ենթարկված անձանց նկատմամբ չի կարող կիրառվել համաներում կամ ներում, իսկ Հաագայի դատարանի կողմից մարտի 17-ին ՌԴ նախագահին ձերբակալելու օրդեր էր իջեցվել: Ստացվում է՝ Հռոմի ստատուտին միանալով՝ ՀՀ-ն պարտավորվում է կատարել նաեւ Հաագայի դատարանի այս որոշումը: ՍԴ-ում փաստաթղթի սահմանադրականությունը որոշելուց հետո Հռոմի կանոնադրությունը կամ ստատուտը դեռ պետք է վավերացվի ԱԺ-ում: Ասել է թե՝ գնդակը խորհրդարանականների դաշտում է: Բանն այն է, որ ՔՊ-ականները հիմա վախեցած են ՍԴ այս որոշումից, տարբերակներ են մտածում՝ ինչպես մանեւրեն սրանից, հատկապես, որ Մոսկվան բավականին կոշտ է արձագանքել սրան եւ զգուշացրել «երկկողմ հարաբերությունների համար սրա չափազանց բացասական հետեւանքների մասին»: «Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանից (ով նաեւ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամ է) հետաքրքրվեց՝ ՔՊ-ն ինչ դիրքորոշում ունի՝ սրա հետ կապված, արդյոք կբերեն այն ԱԺ։ «Դեռ նոր է ՍԴ-ի որոշումը, քննարկում չի եղել այդ մասով, բայց կարծում եմ՝ առաջիկայում կքննարկենք դա»,-ասաց պատգամավորը: Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին՝ եթե Հռոմի ստատուտը վավերացվի, ու ՌԴ նախագահը գա ՀՀ, մեր քաղաքական ղեկավարությունը ինչ գործողություն կանի արդյոք, պատասխանել էր. «Թող հլը վավերացնի. Կիկոսի մահին չեմ անդրադառնա, իրագործումը չեմ պատկերացնում: Դա շատ ավելի քաղաքական, միգուցե պատմական գնահատական է»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երկարատեւ փնտրտուքներից հետո ԱԺ խմբակցությունները վերջապես ՄԻՊ թեկնածուներ են գտել: Իշխող ՔՊ խմբակցությունը ՄԻՊ թեկնածու է առաջադրել գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանին, իսկ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցություններն էլ ՄԻՊ թափուր պաշտոնում առաջադրել են ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի թեկնածությունը: Փաստացի այս պահին ՄԻՊ թեկնածուները երկուսն են: Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց եւ առնվազն մեկ թեկնածու առաջադրվելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու մասին հարցը քննարկվում է իրավասու մշտական հանձնաժողովի, այս դեպքում՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի առաջիկա հերթական նիստում կամ կարող է քննարկվել հանձնաժողովի արտահերթ նիստում: Ազգային ժողովին ՄԻՊ թեկնածու է առաջադրվում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ՝ խմբակցությունների առաջադրած մեկական թեկնածուների թվից, այսինքն՝ գլխադասային հանձնաժողովի անդամներն իրենց քվեարկությամբ պետք է ընտրեն առաջադրված թեկնածուներից մեկին եւ նրան առաջադրեն ԱԺ-ին:


ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները 7-ն են, մեծամասնություն են կազմում ՔՊ խմբակցության պատգամավորները՝4/3 հարաբերակցությամբ: Հարցի քննարկման ավարտից հետո` 24 ժամվա ընթացքում, իրավասու մշտական հանձնաժողովի նախագահն Ազգային ժողովի նախագահին է ուղարկում հանձնաժողովի նիստի արձանագրության քաղվածքը եւ հայտնում որոշման մասին: Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ եթե սահմանված ժամկետում Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովին թեկնածու չի առաջադրվում, ապա դրանից հետո՝ տասնօրյա ժամկետում, համապատասխան պաշտոնում կարող են առաջադրվել թեկնածուներ: «Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանից հետաքրքվեց՝ ինչպես են տրամադրված Էդգար Ղազարյանի հարցում, հնարավոր է արդյոք, որ, ամեն դեպքում, այս անգամ զիջումների գնան եւ ընտրեն ընդդիմության թեկնածուին։ «Առանց մեկնաբանության»,- կարճ արձագանքեց պատգամավորը։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը մարզպետի տեղակալի թափուր պաշտոնում փորձում է նշանակել իր խորհրդական, դե ֆակտո մարզպետ Արմեն Գրիգորյանին։ Ինչպես հայտնի է, երկու օր առաջ Էդգար Փարվանյանն ազատվեց Արագածոտնի փոխմարզպետի պաշտոնից, ավելի ճիշտ՝ Մովսիսյանը հասավ նրան, որ վարչապետը ստորագրի իր ոխերիմ հակառակորդ տեղակալի ազատման հրամանը։ Մարզի մեր աղբյուրները պատմում են, որ առաջին օրվանից Փարվանյանի եւ Մովսիսյանի փոխհարաբերությունները չեն ստացվել, սուր հակամարտության մեջ են եղել, գրեթե չեն շփվել իրար հետ, Մովսիսյանն ի սկզբանե դեմ է եղել Փարվանյանին իր տեղակալ նշանակելուն, քանի որ նա համարվել է Սուրեն Պապիկյանի թեւը՝ վերջինիս ծառայակից, մարզից ընտրված Մաթեւոս Ասատրյանի մտերիմը: Եվ Փարվանյանը նշանակվելով տեղակալի պաշտոնում՝ մշտապես հավակնել է մարզպետի պաշտոնին։ Ի դեպ, մյուս տեղակալ Հարություն Գուլյանը եւս Պապիկյանի ծառայակիցն է։ Հիշեցնենք, որ Ապարանի ընտրություններին Փարվանյանը գլխավորում էր ՔՊ ցուցակը, սակայն պարտվեց Կարեն Եղիազարյանին՝ Գնթունիկի Կարենին։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի եւ ՊՆ նախկին պաշտոնյաների քրեական գործով դատարան է կանչվելու ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը: Նշենք, որ նա 2016 թվականին, Սերժ Սարգսյանի հրամանով, ազատվել էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից: Ըստ լուրերի՝ Միրզաբեկյանը, չգիտես՝ ինչու, սպառազինության եւ սննդամթերքի մատակարարման գնումները շուկայականից բարձր գներով է իրականացրել: Նշենք, որ երեկ Հակակոռուպցիոն դատարանում ընթանում էր պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի եւ ՊՆ նախկին պաշտոնյաների գործով դատական նիստը: Դատարան էին հրավիրվել վկաներ, որոնցից մեկը «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն էր։ Ինչպես հայտնի է, ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռք բերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, Պատրոն Դավո մականունով հայտնի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը, ով մոտ երկու ամիս է՝ տեղափոխվել է Արցախ, փորձում է ձեռքը վերցնել մսի շուկան։ Բլոկադայի մեջ հայտնված Արցախում խնդիրներ են առաջացել բոլոր, այդ թվում՝ ներկրման ոլորտում։ Մինչեւ բլոկադան մսի ներկրմամբ զբաղվել է 2020 թվականի պատերազմում զոհված հերոսներից մեկի եղբայրը, որը շահել է կառավարության տենդերը։ Մեր աղբյուրներն ասում են, որ Արցախ տեղափոխվելուց հետո Բաբայանը, օգտագործելով հայաստանյան իր կապերը, որոշել է անձամբ զբաղվել Արցախ մսի ներկրմամբ, եւ անգամ նախկին ներկրողի հետ ընդհարում է եղել: Ի վերջո, որպեսզի մեծ աղմուկ չբարձրանա, կոմպրոմիսի են եկել՝ ներկրում է Բաբայանի ընտանիքը, իսկ Արցախում իրացնում է նախկին ներկրողը։ Ի դեպ, արցախցիները վերջին շրջանում բողոքում են մսի որակից՝ ասելով, որ նախկին ներկրողը, լինելով մսագործ, երբեք վատ ապրանք չէր ներկրում, իսկ հիմա վատորակ միս են բերում Արցախ։ Փորձեցինք Ս. Բաբայանից կամ նրա շրջապատից որեւէ մեկից մեկնաբանություն ստանալ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։ Արցախում ոմանք այս փաստից վրդովված են, ասում են` էս նեղ վիճակում էլ Կամանդույուշչին մենակ փող աշխատելու մասին է մտածում, եւ մեղադրում են Արայիկ Հարությունյանին, որ թույլատրել է դա:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արցախում հնարավոր ներքաղաքական գործընթացները կանգ կառնեն: Բանն այն է, որ մարտի 23-ին Արցախի Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց Սահմանադրության փոփոխության նախագիծը: Այն վերաբերում էր ռազմական դրության ժամանակ հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում խորհրդարանի կողմից երկրի նախագահի ընտրության եւ դրա առանձնահատկությունների վերաբերյալ հարցերին: Այժմ՝ խորհրդարանի կողմից այն ընդունելուց հետո, նախագիծն արդեն ուղարկվել է Արցախի գերագույն դատարան: Հենց այս կառույցը պետք է որոշի, թե որքանով է այս փոփոխությունը համապատասխանում Արցախի Սահմանադրությանը։ Օրենքը սահմանում է, որ Արցախի գերագույն դատարանը կարող է այս հարցը քննել եւ որոշում կայացնել 10 օրից մինչեւ վեց ամիս ժամկետում: Սա նշանակում է, որ առաջիկայում, մինչեւ դատարանը որոշում կկայացնի, Արցախի նախագահի փոփոխություն չի լինի: Հնարավոր է, որ Արցախի գերագույն դատարանը հարցը նաեւ արագ քննի, ու որոշում կայացվի, սակայն, ամեն դեպքում, մինչ այդ որոշումը ներքաղաքական իրադարձություններ Արցախում տեղի ունենալ չեն կարող:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ոստիկանությունը պարեկային ծառայության եւս 20 մեքենա է համալրում «մոբայլ» համակարգով։ Այս համակարգն իրենից ներկայացնում է սովորական մեքենան ոստիկանական դարձնելու գործընթաց: Այսինքն՝ ավելանում են բարձրախոսները, ուլտրաձայնային ազդանշանները, փարոսիկները, մյուս տեխնիկական միջոցները։ Ոստիկանությունը պատրաստվում է «պարեկաֆիկացնել» 20 ավտոմեքենա՝ յուրաքանչյուր միավորը՝ 1 մլն 679 հազար 900 դրամ գնով։ Ընդհանուր ծախսվել է 33 մլն 598 հազար դրամ։ Գնումը կատարվել է Zhejiang Hua’an Security Equipment Co.,Ltd. չինական ընկերությունից։