VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է․ Անցած օրերին Արցախի ներքաղաքական զարգացումները դրամատիկ ընթացք ստացան, խոսվում էր պետնախարարի, նախագահի հրաժարականի մասին, սակայն երեկ ազատվեց ԱԱԾ տնօրեն Աշոտ Հակոբջանյանը, ինչը եւս տեղավորվում է Ռուբեն Վարդանյանի եւ Արայիկ Հարությունյանի հարաբերությունների տիրույթում եւ դրա հետեւանքն է։ ԱՀ նախագահը փորձում է իր հավատարմությունը հայտնել Փաշինյանին եւ վստահեցնել, որ իրավիճակն ամբողջությամբ վերահսկում է։ Բանն այն է, որ Աշոտ Հակոբջանյանը Վարդանյանի մտերիմն է։ ԱԱԾ արդեն նախկին տնօրենը Վարդանյանի խորհրդական, գործարար Արման Հակոբջանյանի հորեղբորորդին է։ Ու չնայած Արցախի քաղաքական շրջանակները կանխել են Վարդանյանի հրաժարականը, որը, ըստ լուրերի, պարտադրվել էր Հայաստանից, սակայն այս պաշտոնանկությամբ Արայիկ Հարությունյանը փորձում է շահել Փաշինյանի սիրտը եւ հավաստիացնել, որ Վարդանյանը կզրկվի մյուս լծակներից եւս, եթե լոյալություն չդրսեւորի ՀՀ իշխանությունների հանդեպ։ Իսկ ԱԱԾ նորանշանակ տնօրենը Հարությունյանի ամենամտերիմ ընկերներից մեկն է՝ գեներալ-մայոր Արարատ Մելքումյանը (մականունը՝ Չոլկա), որին երկու շաբաթ առաջ Վիտալի Բալասանյանի փոխարեն ԱԽ քարտուղար էր նշանակել։ Մինչ այդ Մելքումյանը զբաղեցնում էր ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը: Իսկ Արցախի ԱԽ քարտուղար է նշանակվել Սամվել Շահրամանյանը, ում արցախցիները որպես պետականամետ գործիչ են բնութագրում։ Նա 2018-20 թթ․ եղել է ԱԱԾ տնօրեն ու, ասում են, չի կատարել հեղափոխական իշխանությունների կամայական հրամանները՝ գերադասելով ներքին կայունության պահպանումը։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հունվարի 7-ին Վիտալի Բալասանյանին ազատելով ԱԽ քարտուղարի պաշտոնից՝ Արայիկ Հարությունյանն առաջարկել է զբաղեցնել իր խորհրդականի պաշտոնը, սակայն նա մերժել է։ Ասում են՝ վիրավորված է իր նկատմամբ վերաբերմունքից, քանի որ իր հանդեպ նեգատիվը ձեւավորվել է այն պատճառով, որ Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ եւ գիտությամբ բանակցել է ադրբեջանցիների հետ։ ԱՀ նախագահականի մեր աղբյուրն ասում է, որ նախագահը մտադիր է կրճատումներ անել ԱԽ-ում եւ Սամվել Բաբայանի «հագով կարված» կառույցը բերել նախկին տեսքին՝ փոքր աշխատակազմով։ Հիշեցնենք, որ Բաբայանի՝ ԱԽՔ նշանակվելուց հետո հաստիքացուցակը գրեթե եռապատկվել էր՝ անցնելով 70-ը։ Բայց խնդիրն այն է, թե երբ անել այդ կառուցվածքային փոփոխությունները, հիմա Արցախը բլոկադայի մեջ է, եւ ամեն կրճատում դժգոհություն կառաջացնի։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի եւ արցախցի պատգամավորների երեկվա հանդիպումից: Արցախից մեզ հայտնեցին, որ մոտ մեկ ժամ տեւած հանդիպման ժամանակ քննարկվել են մեծ մասամբ անվտանգային հարցեր: Արայիկ Հարությունյանը արցախցի պատգամավորներին հստակ ասել է, որ իրավիճակն Արցախում ծայրահեղ է, իսկ Լաչինի միջանցքի հարցն, առհասարակ, փակուղում է. Ադրբեջանը հրաժարվում է բանակցությունների դուրս գալ որեւէ կողմի հետ: Ինչ վերաբերում է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հրաժարականի հետ կապված խոսակցություններին, Արցախից մեզ մանրամասնեցին, որ թեեւ ոչ ուղիղ տեքստով, բայց խոսվել է, որ հրաժարականի պահանջը գալիս է Հայաստանի իշխանություններից եւ Արեւմուտքից: Հայաստանի իշխանություններին, մասնավորապես, դուր չի եկել Ռուբեն Վարդանյանի քննադատությունն այն մասին, որ Հայաստանի իշխանությունը, ֆինանսական օգնությունից բացի, այլ քայլ չի անում՝ Արցախում ստեղծված ճգնաժամի լուծման հետ կապված: Արցախի մեր աղբյուրները հայտնեցին, որ Արայիկ Հարությունյանն իր խոսքում վստահեցրել է, թե Ռուբեն Վարդանյանի հետ անձնական որեւէ խնդիր չունի: Արցախում բոլորը գիտեն, որ իրականում թեեւ տպավորություն կա, թե Ռուբեն Վարդանյանին Մոսկվայից են նշանակել պետնախարար, իրականում այդպես չէ, առավել եւս՝ որ ՌԴ շահի դեմ Վարդանյանն արդեն դուրս է եկել իր տարբեր հայտարարություններով, այսինքն՝ Վարդանյանը «ռուսների մարդը չէ», նրան Արայիկ Հարությունյանն է նշանակել՝ չճշտելով այդ նշանակումը ո՛չ ՀՀ-ի, ո՛չ էլ ՌԴ-ի հետ:
«Փաստ» օրաթերթը գրում է. Թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան բոլոր այն ուժերը, որոնք փորձում են ազգապահպան գործունեությամբ զբաղվել, պահպանել Արցախը, պետք է ընդհանրապես հույս չդնեն նաև Հայաստանի ղեկավարության վրա, որովհետև ՀՀ ղեկավարության վեկտորները համընկնում են բացառապես Ադրբեջանի քաղաքական ղեկավարության վեկտորների հետ: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: «Երբ անձը հակադրվում է ՀՀ իշխանությունների վերոնշյալ քաղաքական կուրսին, փորձում են, օրինակ՝ այդ անձի խնդիրը պաշտոնանկ անելով լուծել: Տվյալ դեպքում խոսքը ԱՀ պետնախարարի մասին է: Ամենակարևորն այստեղ այն է, որ, ըստ էության, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարության քաղաքական կուրսերի հիմնական վեկտորների միջև որևէ տարբերություն չկա, այսպես ասած, ունիսոն քաղաքական կուրս է վարվում: Հենց Արցախում հայտնվում են ուժեր, որոնք ՀՀ և Ադրբեջանի իշխանությունների կողմից անվերահսկելի են, միանգամից գործի են դրվում բոլոր ռեսուրսները՝ վարկաբեկելու այդ ուժերին, որոնք ասում են, որ չեն պատրաստվում հանձնվել, պայքարելու են Արցախը պահպանելու և այնտեղ ապրելու համար», ասաց Հակոբյանը: Այդուամենայնիվ, քաղաքագետը կարծում է, որ ՀՀ ղեկավարության դիրքորոշումն այլևս էական նշանակություն չունի. «Չգիտեմ՝ դժբախտաբար, թե բարեբախտաբար, բայց ամեն ինչ չէ, որ կախված է ՀՀ իշխանությունների ու իր ղեկավարի հայտնի դիրքորոշումների հետ: Ամեն ինչ չէ, որ ըստ այդ դիրքորոշումների է որոշվելու: Ավելին, կարծում եմ, որ ՀՀ ղեկավարության դիրքորոշումն այլևս էական նշանակություն չունի հիմնական, շահագրգիռ, այդ թվում՝ նաև տարածաշրջանային խաղացողների համար»:
«Հրապարակ» թերթը գրում է․ Բացակայությունների հիմքով «Հայաստան» խմբակցության 22 պատգամավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ՍԴ դիմել-չդիմելու հարցը կքննարկվի ԱԺ խորհրդի հունվարի 20-ի նիստում։ Հունվարի 13-ի քննարկումը հետաձգվել էր ընդդիմադիրների չներկայանալու պատճառով։ ԱԺ կանոնակարգ օրենքը սահմանում է, որ «պատգամավորի բացակայության դեպքում հարցի քննարկումը հետաձգվում է 1 շաբաթով»: Հարցի քննարկման ընթացքում պատգամավորը կամ նրա լիազորած այլ պատգամավորը կարող է ելույթ ունենալ, պատասխանել հարցերին: Մեր տեղեկություններով՝ ընդդիմադիրները մտադիր չեն ներկայանալ նաեւ հունվարի 20-ի նիստին։ «Եթե հարցի քննարկումը սկսվելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, խորհուրդը պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին որոշում է ընդունում, ապա ԱԺ նախագահն այն 24 ժամվա ընթացքում ուղարկում է ՍԴ՝ նշելով հարցի քննության ընթացքում որպես ներկայացուցիչ հանդես գալու իրավունք ունեցող անձի անունը, ազգանունը»։ Եթե որոշում չի ընդունում, ապա Սահմանադրության 169-րդ հոդվածին համապատասխան՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը կարող է 1 ամսվա ընթացքում նույն հարցով դիմել ՍԴ: ՔՊ-ն, որոշ տեղեկություններով, մտադիր չէ որեւէ պատգամավորի հարցով դիմել ՍԴ։ Իշխանության մեր աղբյուրներն ասում են, որ ավելորդ գլխացավանք պետք չէ իրենց, մանավանդ որ ընդդիմադիրները դադարեցրել են բոյկոտը եւ խելոք ներկայանում են ԱԺ նիստերին։ Թեպետ խմբակցությունում կան պատգամավորներ, որ հակված են «մեծ-մեծ» բրդող Իշխան Սաղաթելյանի հարցով դրական որոշում կայացնել։ Սաղաթելյանն ամենաշատ բացակայած պատգամավորն է՝ 278 բացակա ունի, հաջորդը Արմեն Ռուստամյանն է՝ 240, եռյակը եզրափակում է Գեղամ Մանուկյանը՝ 236-ով։
«Փաստ» օրաթերթը գրում է. Մեր ունեցած տեղեկություններով, ԿԳՄՍ նորանշանակ նախարար Ժաննա Անդրեասյանը փորձում է համակարգը «իրենով անել», որ հանկարծ որևէ մեկը իր թրի տակից «չպլստա»: Մեր աղբյուրների փոխանցմամբ, նա մարզերում լուրջ կադրային ջարդ է սկսել Մասնավորաբար, մեզ հայտնի է դարձել, որ մոտ մեկ ամիս է՝ նախարարություն են հրավիրվում ՀՀ մարզպետարանների կրթության վարչությունների պետերը, չնայած այն հանգամանքին, որ վերջիններս նախարարի ենթակաները չեն։ Մեր տեղեկություններով, մարզպետներից ոմանք բավական դժգոհել են, որ Անդրեասյանը մարզպետարանների համապատասխան պաշտոնյաների հետ շփվում է որպես իր ենթակաների, սակայն Անդրեասյանն ակնարկել է, որ ոլորտն իր ենթակայության տակ է, և ինքը չի պատրաստվում «կուլ գնալ» որևէ մեկին։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Անդրեասյանը «մարզայինների» առաջ հստակ խնդիր է դրել, որ պետք է աշխատեն բացառապես իր սահմանած չափանիշներով ու «ռասկլադով», մոռանան դումանյանական ժամանակները, իսկ նրանք, ովքեր չեն «տեղավորվում» դրանց մեջ, կարող են դիմում գրել և հեռանալ։ Տեղերից նաև տեղեկություններ ենք ստանում, որ վերջին մեկ ամսվա ընթացքում արդեն իսկ աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել դպրոցների մոտ մեկ տասնյակ տնօրեններ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչու ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, ՔՊ-ական Արմեն Փամբուխչյանը չնշանակվեց ներքին գործերի նախարարի տեղակալ, արտակարգ իրավիճակների ոլորտի պատասխանատու: Նշենք, որ Ներքին գործերի նախարարության հաստատված կառուցվածքի համաձայն՝ նախարարը պետք է ունենա չորս տեղակալ, եւ այդ հաստիքներն արդեն զբաղեցված են: Նրանք են Արամ Հովհաննիսյանը, Արփինե Սարգսյանը, Դավիթ Համբարյանը եւ Կամո Ցուցուլյանը: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արմեն Փամբուխչյանին առաջարկել են զբաղեցնել փոխնախարարի պաշտոնը, բայց նա հրաժարվել է: Իրականում պաշտոնից նրա հրաժարումն ունի խորը արմատներ: Իշխանություններից մեզ հասած լուրերի համաձայն՝ նա հրաժարվել է փոխնախարարի պաշտոնն ընդունել, քանի որ քաղաքական իշխանությունները նրան չտարան ներքին գործերի նախարար եւ նախընտրեցին Վահե Ղազարյանին: Փամբուխչյանը, մասնավորապես, ասել է, որ չի պատրաստվում նախարարից հետո գնալ եւ որպես ենթակա աշխատել որեւէ նախարարի: Ասել է թե՝ ՔՊ-ական Փամբուխչյանը նեղացած է թիմից ու Նիկոլ Փաշինյանից:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Լրագրողներին վարձկանների հետ համեմատելու իր անպարկեշտ հայտարարությամբ հայտնի ՀՀ արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանը հիմա էլ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կարգավիճակում է փորձում պայքարել լրագրողների դեմ: Բանն այն է, որ երեկ առավոտյան ԲԴԽ լրատվական ծառայության կողմից հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ լինելու է դատավորների ընդհանուր ժողով: Շատ լրագրողներ, այդ թվում՝ «Ժողովուրդ» օրաթերթի ներկայացուցիչը, գնացին՝ լուսաբանելու նիստը, զրուցելու դատավորների հետ, սակայն տեղում արդեն լրագրողներին տհաճ անակնկալ էր սպասվում. նրանց արգելվեց ժողովի վայր մտնել, իսկ դատավորներն էլ տարբեր մուտքերով ներս մտան՝ խուսափելով չորրորդ իշխանության հետ հանդիպումից: Լրագրողները ստիպված են եղել «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի բակում կամ ետնամուտքի մոտ ցրտին կանգնել եւ սպասել: Այսինքն՝ ԲԴԽ նախագահը ե՛ւ հրավիրում է լրագրողներին՝ լուսաբանելու որեւէ միջոցառում, ե՛ւ արգելքներ է սահմանում, ասել է թե՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմանկարից ոգեշնչվող նախկին նախարարը լրագրողներին թողել է դրսում: Հիշեցնենք՝ 2021 թվականի օգոստոսի վեցին լրագրողների հետ զրույցում այն ժամանակվա ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, խոսելով Ազգային ժողովում իրականացվող լրագրողների դեմ սահմանափակումների եւ դժգոհությունների մասին, նշել էր, որ կողմ է սահմանափակումներին՝ ասելով. «Ազատ շարժի դեպքում կարող են լինել վարձկաններ, որոնք կարող են նաեւ թաքնված լինել լրագրողի կերպարի տակ, եւ նույնիսկ այդպիսիններից պետք է պաշտպանվել, հետեւաբար ես գտնում եմ, որ մենք պետք է ապավինենք անվտանգության մարմիններին»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կառավարական կաբինետում շուրջ մեկ ամիս պաշտոնավարող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այս ժամանակահատվածում պաշտոնանկությունների շքերթ է իրականացրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Խաչատրյանը պաշտոնի նշանակվելուց տասն օր անց՝ դեկտեմբերի 28-ին, սկսել է ազատման դիմումներ ստորագրել: Նախորդ տարվա ավարտին՝ երկու, իսկ արդեն 2023-ի հունվարի 3-ից մինչ օրս փոխվարչապետի գրասենյակում չորս ազատում է եղել: Ինչ վերաբերում է նշանակումներին, ապա դրանք երկուսն են. Լիանա Խաչատրյանը՝ փոխվարչապետի օգնական, իսկ Արման Ադիլխանյանը փոխվարչապետի գրասենյակի ղեկավար է նշանակվել: Երկուսն էլ, ի դեպ, Խաչատրյանի հետ մեկտեղ Ֆինանսների նախարարությունից են փոխվարչապետի գրասենյակ գնացել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ փոխվարչապետ Խաչատրյանն առաջիկայում ազատման նոր հրամանագրեր կստորագրի ու թափուր մնացած պաշտոններում յուրայիններին կնշանակի:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեն ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ինքնասպանության գործով պետք է համապատասխան որոշում կայացնի: Այսօր լրանում է ԱԱԾ նախկին տնօրենի մահվան երրորդ տարին, եւ ամենակարեւոր հարցը շարունակում է մնալ անպատասխան արդեն 3 տարի. ինչո՞ւ նա գնաց այդ ծայրահեղ քայլին: Վարույթն իրականացնող մարմինը քննել էր միայն ինքնասպանության վարկածը, որից հետո որոշեց կասեցնել քրեական գործով քննությունը: Ի՞նչ ունենք այսօր. նոր քրեական դատավարության օրենսգրքով այլեւս կասեցված վարույթներ չեն կարող լինել։ Ընթացակարգը հետեւյալն է. կասեցված գործերը պետք է վերսկսվեն եւ համապատասխան քրեադատավարական որոշումներով ավարտվեն։ Նույն ընթացակարգը պետք է գործի նաեւ Գեւորգի Կուտոյանի քրեական գործով, եւ Քննչական կոմիտեն, ըստ էության, պետք է կոնկրետ որոշում կայացնի՝ կա՛մ պետք է վերսկսի քրեական վարույթը, եւ նոր վարութային գործողություններ արվեն, մեղադրանք առաջադրվի, կա՛մ վարույթը կարճելու որոշում կայացվի: «Ժողովուրդ» օրաթերթը դիմել է ՀՀ քննչական կոմիտե եւ հարց ուղղել, թե արդյոք քրեական վարույթը կարճվել է, թե վերսկսվել: Ի պատասխան՝ ՀՀ քնչական կոմիտեից հայտնեցին. «Այս պահին կասեցված է վարույթը։ Նոր, այսինքն՝ գործող Քրեադատավարական օրենսգրքի ընթացակարգերով համապատասխան լուծում կտրվի»։
«Փաստ» օրաթերթը գրում է. Մինչ Արցախի շուրջ վիճակը գնալով բարդանում է, Հայաստանի իշխանությունները շարունակում են «թիթեռ նկարել»: Ի մասնավորի, մեր ունեցած տեղեկություններով, նրանք հետևողականորեն շարունակում են զբաղվել սահմանադրական փոփոխություններով: Մեր աղբյուրի փոխանցմամբ, մյուս շաբաթ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում «մտնելու» են վերջնական տարբերակի քննարկման փուլ։ «Ամբողջական» տարբերակի հետ կապված արդեն եղել է մասնագիտական քննարկում, որին մասնակցել են նաև իշխանությանը սպասարկող մի շարք իրավաբաններ։ Ինչպես փոխանցում է թերթի աղբյուրը, քննարկումն անցել է իներտ, գրեթե ոչ մի բովանդակային հարց չի բարձրացվել։ Ի դեպ, ըստ տեղեկությունների, իրավաբանական հանրույթի մի շարք առաջատար դեմքեր ուղղակի չեն գնացել այդ քննարկմանը, չնայած հրավեր ստացել են, իսկ մի մասն ի սկզբանե մերժել է։ Իշխանության մեր աղբյուրները պնդում են, թե Նիկոլ Փաշինյանը գոնե այս պահին հաստատակամ է, որ գարնանը սահմանադրական հանրաքվեն անպայման անցկացվի: Ըստ այդմ, ԿԸՀ-ն արդեն իսկ որոշ նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում հանրաքվեի կազմակերպման հարցով։ Մինչ Արցախի շուրջ վիճակը գնալով բարդանում է, Հայաստանի իշխանությունները շարունակում են «թիթեռ նկարել»: Ի մասնավորի, մեր ունեցած տեղեկություններով, նրանք հետևողականորեն շարունակում են զբաղվել սահմանադրական փոփոխություններով: Մեր աղբյուրի փոխանցմամբ, մյուս շաբաթ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում «մտնելու» են վերջնական տարբերակի քննարկման փուլ։ «Ամբողջական» տարբերակի հետ կապված արդեն եղել է մասնագիտական քննարկում, որին մասնակցել են նաև իշխանությանը սպասարկող մի շարք իրավաբաններ։ Ինչպես փոխանցում է թերթի աղբյուրը, քննարկումն անցել է իներտ, գրեթե ոչ մի բովանդակային հարց չի բարձրացվել։ Ի դեպ, ըստ տեղեկությունների, իրավաբանական հանրույթի մի շարք առաջատար դեմքեր ուղղակի չեն գնացել այդ քննարկմանը, չնայած հրավեր ստացել են, իսկ մի մասն ի սկզբանե մերժել է։ Իշխանության մեր աղբյուրները պնդում են, թե Նիկոլ Փաշինյանը գոնե այս պահին հաստատակամ է, որ գարնանը սահմանադրական հանրաքվեն անպայման անցկացվի: Ըստ այդմ, ԿԸՀ-ն արդեն իսկ որոշ նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում հանրաքվեի կազմակերպման հարցով։