Վրաստանը պատրաստ է ամեն կերպ նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը. Ղարիբաշվիլի
Վրաստանը պատրաստ է շարունակել ամեն կերպ նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը։ Այս մասին նոյեմբերի 14-ին Թբիլիսիում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպմանը հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել խաղաղության և կայունության ապահովման կարևորությանը տարածաշրջանի զարգացման համար։ Վարչապետը ևս մեկ անգամ նշել է, որ Վրաստանը պատրաստ է շարունակել ամեն կերպ նպաստել երկու հարևան երկրների միջև երկխոսությանը։
«Ուշադրություն է դարձվել Իրակլի Ղարիբաշվիլիի նախաձեռնությամբ Հարավային Կովկասում բարիդրացիության խաղաղության նախաձեռնությանը, որին Հարավային Կովկասի պետությունների հետ միասին մասնակցում են նաև միջազգային գործընկերները»,- ասվում է զեկույցում։
VERELQ-ն ավելի վաղ գրել էր, որ պաշտոնական Թբիլիսին 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմից հետո հանդես է գալիս մաքոքային դիվանագիտության սեփական նախաձեռնությամբ և հարթակ է տրամադրում հարևան երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության և հաշտեցման համար։
Թբիլիսին կարողացավ օգնել մի խումբ հայ ռազմագերիների Հայաստան վերադարձի հարցում և կազմակերպեց հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև։ Առայժմ Վրաստանի դիվանագիտական հաջողությունները սահմանափակվել են այս գործողություններով։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջերս Թբիլիսի կատարած այցի ժամանակ կողմ է արտահայտվել համագործակցության եռակողմ ձևաչափի՝ «Բաքու-Թբիլիսի-Երևան» գործարկմանը: Մինչդեռ փորձագետների մեծ մասը կարծում է, որ հայ-ադրբեջանական կարգավորման հարցում միջնորդությունը արդյունավետորեն խթանելու Վրաստանի ներուժն ու հնարավորությունները սահմանափակ են։