24.11.2024
Վրաստանը պատրաստ է ամեն կերպ նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը. Ղարիբաշվիլի
prev Նախորդ նորություն

Արարատ Միրզոյանը ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է ղարաբաղյան կարգավորումը

Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։


Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծմանն առնչվող վերջին զարգացումները:


Զրուցակիցներն անդրադարձել են հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների վերջին եռակողմ հանդիպմանն ու ընդունված համատեղ հայտարարությանը: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը շեշտել է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից զերծ մնալու կողմերի հանձնառության կարևորությունը՝ նշելով, որ Ադրբեջանն իր ագրեսիվ վարքագծով և առավելապաշտական նկրտումներով շարունակում է խոչընդոտել տարածաշրջանում կայուն ու երկարաժամկետ խաղաղության հաստատմանը:


Արարատ Միրզոյանը և Իգոր Խովաևը մտքեր են փոխանակել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի, ինչպես նաև տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ:


Ներկայումս Եվրամիությունն ու Ռուսաստանն առաջ են քաշում հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման իրենց տեսլականները։ Բանակցային գործընթացում կա խաղաղ կարգավորման երկու մոտեցում:


Խաղաղության պայմանագրի ռուսական առաջարկների տարբերությունը եվրոպականից այն է, որ դրանցում Ղարաբաղի կարգավիճակը մնում է անորոշ, մինչդեռ եվրոպական մոտեցումն ամբողջությամբ փակում է այդ հարցը։ Այդ պատճառով Բաքվին ավելի շատ դուր են գալիս Բրյուսելի, քան Մոսկվայի առաջարկները։


Հոկտեմբերի 31-ին Սոչիում նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Ռուսաստանի առաջարկների հետ համաձայնության մասին։ Նա նաև հույս էր հայտնել, որ Ալիևի մասնակցությամբ Սոչիում կայանալիք եռակողմ գագաթնաժողովից հետո վերջնական փաստաթղթում անդրադարձ կլինի ռուսական առաջարկներին։ Մինչդեռ վերջնական փաստաթուղթը հնարավորինս չեզոք ստացվեց, որում նույնիսկ Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակում չկա։


Արդեն նոյեմբերի 11-ին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Փաշինյանը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ռուսական տարբերակի արդիականության հարցը վերահղել էր «ռուս գործընկերներին»։


«Երևանը տվել է իր համաձայնությունը Ռուսաստանի առաջարկների հիման վրա հակամարտության կարգավորմանը։ …Ձեր հարցն ուղղում եմ Ռուսաստանի Դաշնությանը, թող հրապարակավ պատասխանեն»,- ասել է Հայաստանի վարչապետը։