Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին մեղադրել է Հայաստանի քաղաքացիական բնակչության դեմ ահաբեկչության մեջ։ Այս մասին Փաշինյանը գրել է Twitter-ում։
«Զինվորական համազգեստով եւ զինվորական լսարանի առջեւ Ադրբեջանի նախագահ Ալիեւը նոյեմբերի 8-ին իր սպառնալից եւ ագրեսիվ ելույթում հայտարարեց, որ Սիսիանը, Գորիսը, Կապանը եւ Հայաստանի այլ քաղաքներ իրենց տեսադաշտում են, եւ Հայաստանը հասկանում է, թե դա ինչ է նշանակում։ Սա աղաղակող ահաբեկչություն է քաղաքացիական բնակչության նկատմամբ»,- գրել է Փաշինյանը։
Ալիեւի սպառնալիքները
Նոյեմբերի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված Շուշիում հայտարարություն է արել՝ միաժամանակ մի շարք սպառնալիքներ հնչեցնելով Հայաստանի և Արցախի հասցեին։
Մեղադրելով Հայաստանին 09.11.2020թ.-ի եռակողմ հայտարարության կետերն ամբողջությամբ չկատարելու, մասնավորապես՝ Արցախից իր զինված ուժերն ամբողջությամբ դուրս չբերելու, Ադրբեջանին այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» չտրամադրելու, նա հայտարարել է, որ իրենք իրականում ցանկանում են ոչ թե պատերազմ, այլ արդար խաղաղություն, որը, ըստ նրա, պետք է ներառի իր բոլոր ցանկությունների իրականացումը։
Այնուհետ նա Հայաստանին փաստացի սպառնացել նոր ագրեսիայով՝ նշելով, որ սեպտեմբերի 13-14-ի ռազմական գործողություններից հետո «հայ-ադրբեջանական սահմանի հիմնական ռազմավարական բարձունքները գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ»։
«Հայաստանը պետք է լավ հասկանա, թե դա ինչ է նշանակում»,- միանշանակ նշեց նա՝ հավելելով, որ այս բոլոր ռազմավարական բարձունքներից Ադրբեջանի ԶՈւ տեսադաշտում են Սիսիանը, Կապանը, Գորիսը, Ջերմուկը, անգամ Սևանա լիճը։ «Այս ամենն իրականություն է, և մենք ստեղծել ենք այս իրականությունը»,- հայտարարել է Ալիևը։