23.11.2024
prev Նախորդ նորություն

Մամուլ. Փաշինյանը փոշմանել է՝ Տիգրան Ավինյանը վարկանիշ չունի

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երևանում ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնելու մասով քաղաքական իշխանությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոշմանել են: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քաղաքական իշխանությունը հասկանալու համար, թե Հայաստանի նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որն, ըստ նախնական տեղեկությունների, ավագանու արտահերթ ընտրություններ լինելու դեպքում գլխավորելու էր ՔՊ-ի համամասնական ցուցակը, ինչքանով է վայելում երևանցիների համակրանքը, սոցիոլոգիական հարցում է պատվիրել: Մեր ունեցած տեղեկություններով՝ հարցման տվյալները բնավ ոգևորիչ չեն եղել, ըստ դրանց՝ հարցվածների 7-10 տակոսն է հայտնել, որ եթե առաջիկայում ընտրություններ լինեն, ապա Ավինյանի գլխավորած ցուցակին ձայն կտա: «Նման պատկերից հետո Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն փոշմանել ու վերանայել են իրենց որոշումը: Այժմ մտածում են, որ ավելի լավ է՝ գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մնա, պաշտոնավարի, այլապես եթե նոր ընտրությունների գնան, ապա տապալելու են ու կորցնեն մայրաքաղաքի պաշտոնավարումը: Երևանի ղեկավարում կորցնելը քաղաքական իշխանության համար, գիտեք, լրաջագույն մարտահրավեր է»,- ասաց ՔՊ-ամերձ մեր աղբյուրը: Չի բացառվում նաև՝ ՔՊ-ն փոխի իր թեկնածուին: «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Ավինյանի հետ՝ լուրի մասին նաև նրա մեկնաբանությունը լսելու: Նախկին փոխվարչապետը, սակայն, նախքան մեր հարցերը լսելն ասաց, որ որևէ հարցի մասով մեկնաբանություն, առավել ևս՝ հարցազրույց չի տալու: Ինչքան էլ պնդեցինք, հակադարձեցինք, որ լուրն առանց իր մեկնաբանության կմնա, Ավինյանն անդրդրվելի մնաց՝ շեշտելով. «Սեպտեմբերին կխոսենք էլ, հարցազրույց էլ կտամ»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը: 1991 թվականին անկախության հռչակումից հետո ՀՀ Սահմանադրությունն ընդունվեց 1995-ի հուլիսի 5-ին, և այդ օրն էլ դարձավ պետական տոն: Թե որքանով են Սահմանադրությամբ ամրագրված դրույթներն իրականացվում նորանկախ Հայաստանում, դժվար է ասել: Նկատենք, որ սահմանադրականությունը չի պահպանվել, եւ Սահմանադրությունը ոտնահարվել է բոլոր իշխանությունների օրոք: Նիկոլ Փաշինյանը, իշխանության գալով, ուղղակի ջախջախեց ՀՀ բարձր դատարանը՝ մի քանի օրենքներ ընդունելով միայն դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դեմ: Իհարկե, Թովմասյանին զրկեցին ՍԴ նախագահի կարգավիճակից, սակայն, պարզվում է, ՍԴ-ում խառնաշփոթ էլի է լինելու: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ աշնանը Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը հրաժարական կտա: Բանն այն է, որ նա, դեռեւս 2020 թվականին ընտրվելով ՍԴ նախագահ, քաղաքական իշխանություններին ներքին կարգով հայտնել է, որ 6 տարի չի կատարի նախագահի պարտականությունները, պարզապես երկրում առկա իրավիճակը հաշվի առնելով՝ լարվածությունը ՍԴ շուրջ թուլացնելու նպատակով է ստանձնել նախագահի պաշտոնը, սակայն երկու տարի անց հրաժարական կտա: Հիշեցնենք, որ 2020 թվականի հոկտեմբերի 12-ին ՍԴ նախագահ ընտրվեց Արման Դիլանյանը, որը նախկինում հայտարարել էր, թե ՍԴ նախագահի պաշտոնն իր համար գրավիչ չէ: «Այս իրավիճակում չեմ ուզում՝ պաթոսային հնչի, բայց, իմ կարծիքով, մենք պարտավոր էինք այդ քայլը կատարել և պարտավոր էինք ընտրել Սահմանադրական դատարանի նախագահ: Ես ասել եմ, որ չեմ ուզում լինել նախագահ, և իրականում ինձ համար շատ ավելի գրավիչ է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը»,- ասել էր նա: Այսպիսով, աշնանը մի նոր փոթորիկ է սպասվում բարձր դատարանում, թերեւս՝ ԲԴԽ-ից հետո»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Դիմադրության շարժման համահարգող, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն աշխատանքային այցով մեկնել է Եվրոպական Խորհրդարանի Ստրասբուրգի նստավայր, որտեղ ընթանում է Խորհրդարանի լիագումար նիստը, այնուհետև մեկնելու է Բրուսել: Մեզ հայտնի դարձած տեղեկություններով, նախատեսված են Սաղաթելյանի հանդիպումները Եվրոպական Խորհրդարանի ղեկավարության, Հայաստանին առնչվող մարմինների պատասխանատուների և քաղաքական հիմնական խմբերի ներկայացուցիչների հետ։ Նա նման բարձր մակարդակի 10-ից ավելի հանդիպում է ունենալու։ Ուշագրավ է, որ սա այն պայմաններում, երբ իշխանությունները զրկեցին Սաղաթելյանին Աժ փոխնախագահի պաշտոնից։ Ակնհայտ է, որ Եւրոպայում բավականին հետաքրքրություն կա հայաստանյան ընդդիմության եւ նրա ապագա ծրագրերի նկատմամբ: Այս ուղեւորությունն ուշագրավ է նաեւ նրանով, որ խորհրդարանական ընդդիմությանը ոմանք համարում են ռուսամետ շարժում` Ռուսաստանից ուղղորդվող»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի վերջին պետք է տեղի ունենար ԱՄՆ կոնգրեսականների այցը Հայաստան։ Մենք գրել էինք, որ նրանք նախատեսում էին հանդիպումներ ինչպես Ազգային ժողովի նախագահի, այնպես էլ ԱԺ երեք խմբակցությունների ղեկավարների հետ, ինչի առթիվ օրեր առաջ ԱՄՆ դեսպանի մոտ էին հյուրընկալվել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Հանդիպման հիմնական նպատակը եղել էր կոնգրեսականների հետ հանդիպումների գրաֆիկն ու ընթացակարգը քննարկելը: Ընդիմության ներկայացուցիչներն իրենց համաձայնությունն էին տվել հանդիպելու, ընդ որում` Արթուր Վանեցյանը շեշտել էր, որ այն կազմակերպվի առանձին` ՔՊ խմբակցությունից զատ: Սակայն հունիսի 30-նն անցավ, իսկ կոնգրեսականներն այդպես էլ չժամանեցին Հայաստան: Կոնգրեսականների այցը, պարզվում է, հետաձգվել է։ ԱԺ մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրչյանը մեզ ասաց, որ պատճառը քովիդն է եղել։ Ընդ որում, սկզբում որոշված էր, որ հինգ հոգով են գալու, հետո պատվիրակության կազմն ավելացել է՝ դառնալով 17, բայց վերջում տեղեկացրել են, որ չեն կարողանում այս պահին գալ Հայաստան։ «Մեզ տեղեկացրին, որ օդանավի անձնակազմի հիվանդության պատճառով այցը հետաձգվում է։ Բայց չեն մասնավորեցրել՝ ովքեր են վարակվել քովիդով, հնարավոր է՝ նաև օդաչուն»,-ասաց ԱԺ մամուլի խոսնակը։ Նա նաև նշեց, որ հունիսի 30-ի համար կոնգրեսականները դիմել էին ԱԺ նախագահին` հանդիպման խնդրանքով, որը, փաստորեն, տեղի չի ունեցել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 6-ին կրկին արտահերթ նիստեր է հրավիրել։ Դեռեւս օրակարգը չի հաստատվել, սակայն ՔՊ-ականները վստահեցնում են, որ հիմնականում երկրորդ ընթերցման ներկայացվող կիսատ նախագծերն են քննարկելու եւ ընդունելու։ ՔՊ-ում մտադիր են արձակուրդային այս սեզոնին, երբ մարդկանց մեծ մասը հանգստանում է եւ մեծ աղմուկ չի բարձրանա, 24 ժամյա ռեժիմով քննարկել եւ սղղացնել Պաշտպանության մասին աղմկահարույց օրենքը։ Ըստ ամենայնի, վաղվա արտահերթը վերջինը չի լինի, օրենսդիրները մինչեւ արձակուրդը սկսվելը նիստերի կմասնակցեն: Իսկ արձակուրդը նրանց համար սկսվում է հուլիսի 16-ից»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Դիմադրության շարժման ընթացքում ցուցարարների նկատմամբ բիրտ ու անբարյացկամ վերաբերմունքով աչքի ընկած ոստիկանները մեկը մյուսի ետեւից պարգեւատրվում են իշխանությունների կողմից։ Մենք արդեն մի քանիսի պաշտոնների բարձրացման մասին գրել ենք: Պարզվում է՝ նույնիսկ 44-օրյա պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի հորը՝ Զավեն Մկրտչյանին ծեծի ենթարկած ոստիկանն է պարգեւատրվել եւ այն էլ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Խոսքը ՀՀ ոստիկանության զորքերի 1032 զորամասի (Դավիթաշենի) հատուկ գնդի հրամանատարի տեղակալ Սերոբ Մարգարյանի մասին է, որին Փաշինյանը մեդալ եւ պատվոգիր է շնորհել հունիսի 24-ին, երբ մասնակցում էր Ոստիկանության զորքերի կազմավորման 30-ամյակին նվիրված միջոցառմանը։ Հունիսի 3-ին Կառավարական առանձնատների դիմաց՝ Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկում տեղի ունեցած հայտնի միջադեպի ժամանակ, երբ խաղաղ ցուցարարների նկատմամբ հատուկ միջոցներ ու բիրտ ուժ կիրառվեց, ՀՀ ոստիկանության զորքերի 1032 զորամասի (Դավիթաշենի) հատուկ նշանակության ստորաբաժանման մի խումբ սեւ բերտավորներ ակնհայտ բռնի ուժ կիրառելով` բերման էին ենթարկել զոհվածի հորը։ Նրանցից ոմանք ոտքով, ոմանք բռունցքներով հարվածում էին հերոսի հոր գլխին, մարմնի տարբեր մասերին։


Հերոսի հոր ծեծին ներկա էր անգամ 1032 զորամասի գնդի հրամանատար Հովհաննես Զաքարյանը, իսկ ծեծին անմիջապես իր ակտիվ մասնակցությունն էր ցուցաբերում Զաքարյանի տեղակալը՝ Սերոբ Մարգարյանը․ տեսագրությունից երեւում է, թե ինչպես է ձեռքի մահակը նա սեղմում զոհվածի հոր գլխին։ Փաստացի, հանրության աչքի առջեւ տեղի ունեցած բարբարոսության գլխավոր դերակատարներից մեկը, ում նկատմամբ պետք է ծառայողական քննություն իրականացվեր, Փաշինյանը ցուցադրաբար մեդալ է շնորհում: Դրանով ցույց տալով, որ բոլոր այդպիսիները, որոնք պաշտպանում են իր անձը գտնվում են իր բարձր հովանու ներքո։ Ի դեպ, ոստիկանության մեր աղբյուրներն ասում են, որ թե պետը, թե տեղակալը հայտնի նիկոլականներ են, նրանց համակարգում զոմբի են ասում։ Զոհվածի հայրը` Զավեն Մկրտչյանը հունիսի 4-ին Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքին պատմել էր իր նկատմամբ իրականացրած բռնության մասին. «Երբ ես ընկա այդ ոհմակի մեջ, վայրկյանական պատռեցին տղայիս նկարով շապիկը։ Զգում էի, որ վայրկյանում 10 հարված էի ստանում գլխիս։ Գլուխս իջեցրին ներքև, ու ես զգում էի, թե ինչքան հարված եմ ստանում տարբեր կողմերից, մարմնիս տարբեր մասերին։ Առանձնակի դաժանությամբ այդ հարվածների ուժգնությունը ես գլխիս վրա էի զգում։ Ասում էի՝ ես հերոսի պապա եմ, էս ի՞նչ եք անում, ասացին՝ հենց դրա համար էլ ծեծում ենք․․․ Ասացի՝ ի՞նչ եմ ես ձեզ արել, որ նման կերպ եք վարվում, պատասխանեցին՝ սո՛ւս մնա, թե չէ ձեռքերդ կջարդենք․․․»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազությունում արշալույսները արդեն խաղաղ չեն: Չնայած Աննա Վարդապետյանը ՀՀ գլխավոր դատախազի աթոռը կզբաղեցնի սեպտեմբերի 15-ից, սակայն մինչ նրա գալը դատախազությունում արդեն որոշ պաշտոնյաներ տրամադրված են հեռանալուն: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մինչ Աննա Վարդապետյանի գալը պաշտոնից ազատման դիմումներ կգրեն ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Հայկ Ասլանյանը, ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը: Ասել է թե՝ նրանք չեն սպասի, որ իրենց ազատեն, այլ իրենք առաջ կընկնեն եւ ազատման դիմում կգրեն: Գլխավոր դատախազի տեղակալներից Արմեն Աֆանդյանի հարցը մի քիչ այլ է. դատախազությունում վստահ են, որ Աննա Վարդապետյանը նրա հետ չի աշխատի, ուստի, այսպես, թե այնպես, նա ևս կազատվի պաշտոնից: Միակ տեղակալը, որ թերևս կմնա դատախազությունում, Գեւորգ Բաղդասարյանն է, որին պաշտոնից չեն ազատի: Բանն այն է, որ նա թեեւ դատախազ Դավթյանի ընկերն է, բայց նաև մարտի մեկի գործով մեղադրող դատախազներից մեկն է եւ ծառայություն է մատուցել քաղաքական իշխանությանը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով, ինչպես հայտնի է, նախատեսվում է տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակում․ «Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Ադրբեջանի արեւմտյան շրջանները կապող տրանսպորտային նոր ուղիների շինարարությունը»,- ասված է պատերազմի ավարտին կնքված եռակողմ հայտարարության մեջ։ ՀՀ իշխանությունները թեպետ չեն շտապում տեղեկացնել, թե ապաշրջափակված ճանապարհները որտեղով են անցնելու, այսինքն` Ադրբեջանից Թուրքիա եւ հակառակը որ ուղիներով են կապվելու, սակայն Սյունիքում խոսում են, որ քննարկվում է 4-5 ճանապարհի տարբերակ, որով թույլատրելու են ադրբեջանցիներին ազատ տեղաշարժվել Հայաստանի տարածքով։ Գուցե հինգն էլ գործարկվեն, գուցե դրանցից մեկ-երկուսը գործի, իշխանություններն առայժմ չեն գաղտնազերծում դա: Մեկը Կուբաթլու-Որոտան-Խոտ ճանապարհն է, մյուսը՝ Բիչենեկ /Նախիջեւան/-Քարվաճառ ուղղությունը: Երրորդը՝ Սիսիանի Նորավան գյուղի խաչմերուկից միջպետական ավտոճանապարհը կապվում է Նախիջեւանի եւ Քարվաճառի հետ: Չորրորդը` Կուբաթլուից Բերձորի շրջան Լաչին, որն անցնում է Խնձորեսկ գյուղի մոտով: Խոսվում է նաեւ Բերձորի շրջանից Քարվաճառ ձգվող ճանապարհի, ինչպես նաեւ Ջերմուկի վերեւով դեպի քարվաճառ ձգվող հատվածի կառուցման մասին»: