Բաքուն խախտել է ԵԽ անդամակցությամբ իր ստանձնած պարտավորությունները․ Միրզոյան
2020 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ուժի կիրառմամբ լուծելու փորձ կատարելով, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելով՝ Ադրբեջանը կոպտորեն խախտել է Եվրոպայի խորհրդին անդամակցությամբ իր իսկ ստանձնած պարտավորությունները, և այս հանգամանքը պետք է համարժեք արձագանքի արժանանա Եվրոպայի խորհրդի և անդամ երկրների կողմից:
Այս մասին այսօր հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ելույթ ունենոլով Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ հանդիպման արդյունքներով։
Նա նշեց, որ Բուրիչի հետ հանդիպմանը վերահաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ։ «Այս համատեքստում հիմնարար է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հասցեագրումը, որը կներառի Արցախի ժողովրդի անվտանգության և բոլոր իրավունքների ապահովման ու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշման առանցքային կետերը», - նշել է նա։
Միրզոյանն ասել է, որ Արցախի ժողովուրդն ունի նույն իրավունքներն ինչ բոլորը և հակամարտության գոտում գտնվելու հանգամանքն Արցախի հայերին չի կարող զրկել իրենց համընդհանուր հիմնարար իրավունքներից։ Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով․ նշել է նախարարը, մինչ օրս առկա են չլուծված հումանիտար խնդիրներ․ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի և Արցախ մարդասիրական հասանելիության հարցերը, որոնց քաղաքականացումն անընդունելի է։ Նույն կերպ անընդունելի են նաև հայատյաց և ռազմատենչ հռետորաբանությունը, քաղաքացիական բնակչության ֆիզիկական և հոգեբանական ահաբեկումը, ավելացրել է նա:
«Կարծում ենք՝ հումանիտար և մարդու իրավունքներին վերաբերող այս հարցերում Եվրոպայի խորհուրդը, կազմակերպության համապատասխան մարմինները և ղեկավարները պետք է առավել հաստատակամ գտնվեն և հնարավոր բոլոր ջանքերը գործադրեն, որպեսզի հարգվեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդունված միջանկյալ որոշումները, ԵԽԽՎ բանաձևերը և Մարդու իրավունքների հանձնակատարի՝ 2021թ. նոյեմբերի 8-ի հուշագրի դրույթները», - ասել է Միրզոյանը: