ԵԽ և ՀՀ կձևավորեն նոր՝ 2023-2026թթ. գործողությունների ծրագիր․ Արարատ Միրզոյան
Եվրոպայի խորհուրդը և Հայաստանը կձևավորեն նոր՝ 2023-2026թթ. գործողությունների ծրագիրը: Այս մասին այսօր հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ելույթ ունենոլով Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ հանդիպման արդյունքներով։
Նա նշեց, որ Եվրոպայի խորհուրդը Հայաստանի հիմնական գործընկերներից է մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության ոլորտներում բարեփոխումների իրականացման գործում։ «Մենք բարձր ենք գնահատում Եվրոպայի խորհրդի ցուցաբերած աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը և վստահ ենք, որ կշարունակենք կազմակերպության հետ արդյունավետ փոխգործակցությունը։ Այս համատեքստում ցանկանում եմ նաև երախտագիտությունս հայտնել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունների կողմից ունեցած նպաստը Հայաստանում ազատ և մրցակցային ընտրությունների անկցացման գործում և ընդգծել, որ 2018թ. և 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում Եվրոպայի խորհրդի կողմից ճանաչվել են ժողովրդավարական ամենաբարձր չափանիշներին համապատասխանող: Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության կարևոր գործիք է կազմակերպության կողմից Հայաստանի համար իրականացվող Գործողությունների ծրագիրը։ Ծրագրային համագործակցության այս ձևաչափը կարևոր նշանակություն ունի թե՛ Հայաստանի կառավարության մի շարք ռազմավարական ծրագրերի արդյունավետ իրականացման, թե՛, ընդհանուր առմամբ, ԵԽ շրջանակներում մեր ստանձնած պարտավորությունների կատարման համար», - ասաց նախարարը։
«Այսօր տիկին գլխավոր քարտուղարի հետ գոհունակություն ենք հայտնել ներկայումս իրականացվող 2019-2022թթ. ծրագրի շրջանակներում արձանագրված հաջողությունների կապակցությամբ, և ցանկանում եմ ուրախությամբ տեղեկացնել, որ երկուստեք պատրաստակամություն ենք հայտնել՝ շարունակելու այս ձևաչափով համագործակցությունը՝ ձևավորելով նոր՝ 2023-2026թթ. Գործողությունների ծրագիրը: Ուզում եմ ընդգծել, որ 2018թ.-ին Հայաստանի ժողովուրդը միակամորեն ընտրել և 2021թ. վերահաստատել է ժողովրդավարական զարգացման, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերկայության ապահովամ և կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարի ուղին և չի շեղվելու դրանից: Հայաստանը վճռականորեն առաջ է շարժվելու բարեփոխումների իր օրակարգով և այդ ճանապարհն անցնելու է՝ սերտորեն համագործակցելով իր միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի հետ», - նշել է նա: