Ամռանը Փաշինյանը կիրականացնի Արցախի հանձնման հերթական փուլը. Արմեն Աշոտյան
Ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի հանձնման հաջորդ փուլն է նախապատրաստում առաջիկա ամիսներին իրականացնելու համար։ Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, հայտարարեց Հայաստանի նախկին իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Աշոտյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Փաշինյանը խորհրդարանում իր ելույթի ժամանակ չի անդրադարձել ընդդիմության «վրանային ճամբարը» քանդելու թեմային։ Նրա գնահատմամբ՝ վարչապետը շատ լավ հասկանում է, որ վրանների ապամոնտաժումն ամենևին չի վերացնում ընդդիմության գործոնը, ուստի իր ելույթի ժամանակ որպես թիրախ ընտրել է ոչ թե վրանների հարցը, այլ ընդդիմության օրակարգը՝ Արցախյան հարցը։
Նա վստահ է, որ թեման պատահական չի ընտրվել Փաշինյանի կողմից, նա քաջ գիտակցում է, որ սպառնալիքը բխում է հենց ընդդիմության օրակարգից, այլ ոչ թե վրաններից։
ՀՀԿ փոխնախագահի գնահատմամբ՝ Փաշինյանը պատրաստվում է իրականացնել Արցախը հանձնելու հերթական փուլը, ուստի շտապում է խեղաթյուրված լույսի ներքո ներկայացնել իր իշխանության գալուն նախորդող բանակցային փուլը՝ փորձելով հետագա իրադարձությունների պատասխանատվությունը բարդել նախկին իշխանությունների վրա։
«Այսինքն՝ նա փորձում է իր համար որոշակի հիմքեր ստեղծել, որպեսզի առաջիկա ամիսներին հուլիս-օգոստոս ամիսներին շարունակի վաճառել մեր ազգային ու պետական շահերը»,- վստահ է Աշոտյանը։