Իշխան Սաղաթելյանը հաստատո՞ւմ է իր առաջնորդությունը «Դիմադրության» շարժման մեջ
«Դիմադրության» շարժման գործողությունների համակարգումն ու վերջնական որոշումների ընդունման պատասխանատվությունը դրվել է ԱԺ փոխնախագահ, «Դաշնակցություն» կուսակցության անդամ Իշխան Սաղաթելյանի վրա։ Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա։
Սաղաթելյանի խոսքով՝ բողոքի շարժման առաջին օրվանից ինքը հրապարակավ հայտարարել է, որ «զինվոր է, այդ շարժման առաջամարտիկ եւ անձնական ու քաղաքական պատասխանատվություն է կրում արդյունքների համար»: «Բայց ոչ մեկի համար գաղտնիք չէ, և թող անհամեստություն չթվա, որ գործողությունների համակարգումն ու վերջնական որոշումների կայացման պատասխանատվությունը դրվել է ինձ վրա։ Եվ դա արվել է շարժմանը մասնակցող բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների համաձայնությամբ», - վստահեցրել է ընդդիմադիրը։
Նա ընդգծել է, որ, բնականաբար, բոլոր որոշումները նախապես քննարկվել են շարժման մասնակիցների հետ, սակայն վերջնական որոշումն ընդունել է ինքը, ուստի պատասխանատու է անցած ժամանակահատվածում ընդունված բոլոր որոշումների համար:
Միևնույն ժամանակ, Սաղաթելյանը հստակություն չի մտցրել այն հարցում, թե կառաջադրվի արդյոք իր թեկնածությունը գործող վարչապետի հրաժարականի դեպքում: Նա հիշեցրել է, որ այդ շարժումը չի սկսվել կոնկրետ անձանց իշխանության բերելու համար, այդ շարժումը նախաձեռնվել է հանուն Հայաստանի եւ Արցախի փրկության: