22.11.2024
Հայկական կողմը գործող դեմքերով չի կարող որևէ էական հայամետ գործընթաց ապահովել. քաղաքագետ
prev Նախորդ նորություն

Մամուլ. Ինչո՞ւ է ուշանում Տիգրան Ավինյանը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին Երեւանի փոխքաղաքապետի, ավելի ճիշտ՝ քաղաքապետի տեղապահի պաշտոնում նշանակելու գործընթացն ուշանում է։ Չնայած նախապես որոշված էր, որ մինչեւ մարտի 15-ը տեղի կունենա։ Եվ ծրագրված էր, որ Ավինյանը քաղաքապետարան էր մտնելու 3 նոր փոխքաղաքապետերի հետ միասին կամ անմիջապես հետո, իսկ աշխատակազմում անհամբերությամբ նրան էին սպասում, սակայն փաստ է, որ այս պահի դրությամբ նա դեռ «կադրերի ռեզերվում» է։ Թե ինչու՝ իշխանական շրջանակներում տարբեր վարկածներ են շրջանառվում․ ասում են, որ Ավինյանին չեն ուզում ժամանակից շուտ «փչացնել», եւ նշանակումը կարվի Երեւանի ավագանու ընտրություններից հինգ պակաս, որ մինչեւ ընտրությունները նրա ռեյտինգը չգահավիժի, եւ չբարդանա Երեւանում հաղթելը։ Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանն իր թիմի առանցքային ֆիգուրներին միշտ իրենից «կախման մեջ» է պահում, չի տալիս մեծ իշխանություն եւ չի թողնում, որ խումբ-խումբ մտերմանան եւ պալատական հեղաշրջում պլանավորեն՝ իր գլխից թռնեն ու իր դեմ դուրս գան։ Հատկապես Տիգրան Ավինյանի նկատմամբ վստահությունը մեծ չէ, քանի որ նա վաղուցվանից է դիտարկվում որպես Փաշինյանի հնարավոր իրավահաջորդներից մեկը, եւ եթե Արեւմուտքի ազդեցությունը տարածաշրջանում մեծանա, նրա շանսերն էլ, ըստ այդմ, կմեծանան»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «44-օրյա պատերազմից հետո, երբ գրեթե ամբողջ հասարակությունը մեղադրում ու պատասխանատվության էր կանչում վարչապետին ու նրա թիմին, Փաշինյանը մոտ 10 օր անց հայտարարություն տարածեց՝ ներկայացնելով առաջիկա անելիքների ճանապարհային քարտեզը: Մինչ օրս, սակայն, 15 կետանոց «ճանապարհային քարտեզի» մի քանի դրույթներ են ընդամենը կատարվել, այն էլ՝ մասամբ: Արցախի կարգավիճակի եւ իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի առաջնահերթության, Արցախում բնականոն կյանքի վերադարձի հարցերը փաստացի չեն լուծվել: Ավելին՝ Արցախում լարվածությունն ու անվտանգության հարցը գնալով ավելի է ահագնանում: Փաշինյանի հայտարարությունից հետո ամբողջապես չի լուծվել նաեւ գերեվարված զինվորականների ու քաղաքացիական անձանց վերադարձի հարցը։ Մինչ օրս անհայտ է նաեւ անհետ կորածներից շատերի ճակատագիրը: «Պատերազմին մասնակցած անձանց եւ, ընդհանուր առմամբ, հանրության հոգեբանական ռեաբիլիտացիայի համակարգի ձեւավորում» դրույթի մասով առհասարակ որեւէ աշխատանք չի տարվել:Նիկոլ Փաշինյանի նշած կետերից միայն քաղաքական դրույթներն են որոշակիորեն կատարվել, այն է՝ Ընտրական օրենսգրքի ընդունումը, ապօրինի գույքը բռնագանձելու համար դատարանի կյանքի կոչումն ու արտախորհրդարանական ուժերի հետ վարչապետի պարբերական հանդիպումը, որոնք բացառապես քաղաքական հարցեր են: Ինչ վերաբերում է 44-օրյա ավերիչ ու աղետաբեր պատեազմի հետեւանքով առաջացած օրհասական խնդիրներին, դրանք մեծամասամբ չլուծված են մնացել:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նոր Հայաստանում խնամի-ծանոթ-բարեկամներին աշխատանքի տեղավորելու երեւույթը դեռ շարունակվում է: Անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարեկամներին աշխատանքի տեղավորելու առիթով ասել էր. «Կա «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք, եւ մենք ամեն ինչ անելու ենք, որ ամեն մի իշխանություն չգա ու իր բաջանաղին չմտցնի պետական կառավարման համակարգ: Հիմա հարց. այս խոստումը կատարվե՞լ է. այո՛, լիարժեք, 100 տոկոսով կատարվել է»: Բայց ինչպես շատ այլ հարցերում, այս հարցում էլ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն ու հայկական իրականությունը էականորեն տարբեր են: Ամենաթարմ օրինակը ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն է, որի կինը՝ Ռուզաննա Տոնոյանը, աշխատում է ամուսնու ղեկավարած նախարարությունում: Նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ Ռուզաննա Տոնոյանն արդեն երկու տարի է, ինչ աշխատում է փաստաթղթաշրջանառության բաժնում որպես մասնագետ: Եւ ամենակարեւորը՝ նախարարությունից ընդգծեցին, որ նախարարի կինն այդ բաժնում աշխատանքի ընդունվել է դեռեւս 2020 թվականին՝ մինչեւ Գնել Սանոսյանի նշանակվելը: Բայց, միեւնույնն է, շահերի բախում է. չէ՞ որ չի բացառվում, որ նախարարի կնոջ նկատմամբ իր վերադասները արտոնյալ վերաբերմունք դրսեւորեն»:


«Իրավունք» թերթը գրում է. «Արտաշատ խոշորացված համայնքի ՔՊ-ով առաջադրված եւ ընտրված համայնքապետ Կառլեն Մկրտչյանը, ով մինչ ավագանու ընտրությունները արտաշատցիների շրջանում ուներ «մեր տղա» բարի համբավը ու հենց այդ քողի տակ էլ հավաքեց ընտրազանգվածի ձայները: Այսօր, բազմելով համայնքապետի աթոռին, ստանձնելով 39 համայնքի մլրդ. դրամի հասնող բյուջեի ղեկավարությունը, ըստ աղբյուրի, դարձել է ինքնահավան, որոշումներ է կայացնում միայն իր ու մերձավորների շահերից ելնելով: Իսկ ավագանու վերջին նիստին վերջինս սահմանափակել է ՀԿ-ների ղեկավարների (ինչպես, օրինակ, Արուս Հովհաննիսյանի) մուտքը եւ զրկել ձայնի իրավունքից, ավելին, մեղմ ասած, վռնդել է դուրս, ինչը բարձրաձայնել է նաեւ ՀԿ-ի ղեկավարը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը շարունակում է կասկածել ու ասպարեզից հեռացնել բոլոր նրանց, ովքեր ինչ-որ չափով իրենցից վտանգ են ներկայացնում։ Նա անվերապահ նվիրվածություն եւ ստրուկի հնազանդություն է պահանջում թիմակիցներից։ Մեկ կիքսը կամ կես-ինքնուրույնությունը կարող է ճակատագրական լինել ցանկացածի համար։ Երեկ գրել էինք, որ իշխող ՔՊ-ում քննարկել են պատգամավոր Անուշ Բեղլոյանին Տնտեսական մրցակցության հանձնաժողով գործուղելու հարցը։ Պարզվում է՝ որոշումը կայացրել է Փաշինյանը, ԱԺ խմբակցության իր վստահելիների «նավոդկայով»։ Նրան զեկուցել են, որ Բեղլոյանը կասկածելի կապերի մեջ է անհայտ շրջանակների հետ, մասնակցում է ինչ-ինչ քննարկումների, որոնց չպետք է մասնակցի, եւ որոնք համաձայնեցված չեն ՔՊ «պոլիտբյուրոյի» հետ, գրեթե չի շփվում իրենց հետ։ Մի խոսքով, համայնքը բողոքել է, եւ Փաշինյանը որոշել է ազատվել Բեղլոյանից, բայց քանի որ ոչ մեկի հետ չեն ուզում թշնամանալ, որոշել են նրան նոր՝ անշառ պաշտոն առաջարկել, որտեղ նրանից գրեթե ոչինչ կախված չէ։ Աշխատավարձ կստանա ու վտանգ չի ներկայացնի թիմի համար։ Բանն այն է, որ ՔՊ ղեկավարությունն է որոշում, թե որ պատգամավորն ուր գնա, ինչ խոսի, որ լրատվամիջոցին հարցազրույց տա, որին մերժի։ Փաշինյանն արգելել է բոլոր վտանգավորներին հարցազրույցներ տալ, հեռուստաեթերում երեւալ։ Դա հատկապես վերաբերում է նորեկներին եւ կանանց գվարդիային։ Եվ ՔՊ-ական 71 հոգանոց խմբակցությունից միայն մի քանիսն ունեն լրագրողների հետ շփվելու իրավունք։ Սրանով էր պայմանավորված նաեւ փաշինյանական նոուհաուն՝ ԱԺ լրագրողների տեղաշարժը սահմանափակելը, որ չկարողանան մոտենալ ՔՊ-ական անմեղսունակ եւ քաղաքականապես տհաս պատգամավորներին, ցանկացած թեմայով հարց տալ եւ նրանց մտավոր կարողություններն ու պատրաստվածությունը հանրությանն ի ցույց դնել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երբ պատերազմից հետո՝ 2020-ի նոյեմբերի 20-ին Անդրանիկ Փիլոյանը նշանակվեց ԱԻ նախարար, մենք չգիտեինք, որ մեկուկես տարի անց ԱԻՆ-ի հետ կապված քրեական գործ է քննվելու, եւ նախարարին հրավիրելու են հարցաքննության։ Բայց մենք գրում էինք, որ անհասկանալի է, թե ինչու են բարձրացում մի մարդու պաշտոնը, որ պատերազմին մասնակցելուց ձախողել է հարավային հատվածի պաշտպանությունը, եւ նրա ղեկավարած ստորաբաժանումից մատների վրա հաշված մարդիկ են փրկվել։ Այսինքն, մենք պարտվել ենք նրա եւ նրա նմանների պատճառով։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը որոշեց ոչ միայն վերջինիս նախարար նշանակել, այլեւ պատերազմի թեժ օրերին՝ հոկտեմբերի 22-ին, Ազգային հերոսի կոչում շնորհել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Օրեր շարունակ Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի մասին հակասական տեղեկատվություն էր ստացվում, երեկ մեզ ասացին, որ ադրբեջանցիները, ճիշտ է՝ հետ են քաշվել Փառուխից, բայց ամբողջությամբ հետ չեն քաշվել Քարագլուխ բարձունքի գրաված հատվածից, չնայած ռուսական խաղաղապահները մի քանի օր է՝ ակտիվ բանակցում են։ Տեղեկացանք, որ ադրբեջանցիների մոտ կեսը վերադարձել է ելման դիրք, երեկ երեկոյի դրությամբ մոտ 200-250 ադրբեջանցի էր մնացել, որոնց ռուսական խաղաղապահները թույլ չեն տալիս հերթափոխ իրականացնել եւ կապ պահպանել ադրբեջանական բազայի հետ։ Արցախի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սա հույս է ներշնչում, որ նրանց պաշարը շուտով կվերջանա, եւ ինքնակամ կվերադառնան ելման դիրք։ Երկու օր է՝ ռուսական կողմը բազմապատկել է իր խաղաղապահների ներկայությունն այդ տարածքում՝ այլ կետերից տեղափոխելով, որոնք հսկում են եւ թույլ չեն տալիս, որ «պերեսմենկա» արվի։ Զուգահեռաբար շարունակում են բանակցել ադրբեջանցիների հետ։ Նկատենք, որ հայկական մամուլի բարձրացրած աղմուկից հետո է ռուսական զինուժը տեղից շարժվել եւ քայլեր ձեռնարկել։ Անհանգստացել են նաեւ Ռուսաստանում»: