24.11.2024
Հայաստանը կարո՞ղ է շահել Ռուսաստանի դեմ կիրառված արևմտյան պատժամիջոցներից. տնտեսագետ
prev Նախորդ նորություն

Մամուլ. Պատրոն Դավոն «գործարք» է առաջարկել

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի քրեական գործով: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քրեական գործով մեղադրյալ, Զինված ուժերին զենք մատակարարող Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն, նախաքննական մարմնին «գործարք» է առաջարկել: Վերջինս, ասել է՝ եթե ԶՈւ-ին վաճառած հրթիռը անորակ է, ապա թող հետ տան իր հրթիռները, ինքը պետությանը հասցված վնասը կփոխհատուցի, սակայն նրա հայտարարությունը մնացել է օդից կախված: Եւ կարելի է եզրակացնել, որ ՊՆ գեներալներին կալանավորելը առաջնահերթ քաղաքական հրահանգ է, այլապես իրավապահներին առաջարկված «գործարքը» ընդունելի կլիներ: Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայությունում քննվող գործը, ըստ այս կառույցի տարածած հաղորդագրության, վերաբերում է Զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ենթադրյալ չարաշահումներ եւ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերին, մասնավորապես` ՊՆ-ի կողմից անպիտան հրթիռներ գնելուն»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանում երեկ կայացել է Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ խմբակցության հանդիպումը: Նման ձեւաչափով սա այս տարվա առաջին հանդիպումն է: Եվ չնայած մոտ մեկ ամիս առաջ էին նախատեսում անել՝ Դիլիջանում, բայց ինչ-ինչ պատճառներով հետաձգվում էր։ Փաշինյանը մեկ ժամ է մնացել, ապա խմբակցությունն առանց նրա քննարկել է առաջիկա նիստերի օրակարգը, նախագծերը եւ իրենց անելիքները: Փաշինյանի՝ ԱԺ գնալու գլխավոր նպատակը եղել է այն, որ պատգամավորներին անձամբ հորդորի, զգուշացնի՝ հնարավորինս զսպվածություն դրսեւորել ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված, ասել է՝ լավ կլինի, որ լռություն պահպանեք, հակառակ դեպքում՝ եղեք զգուշավոր եւ պահպանեք չեզոքություն, մինչեւ կհանգուցալուծվի իրավիճակը, որն ուղիղ ազդեցություն է ունենալու ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի վրա: Ինքն էլ զգուշավոր է եղել, եւ պատգամավորները չեն հասկացել՝ Փաշինյանի համար որն է ցանկալի ելքը: Խոսվել է նաեւ ՀՀ նախագահի ընտրության մասին, Փաշինյանը հորդորել է նորմալ անցկացնել գործընթացը: Վահանգն Հովակիմյանը փորձել է ճշտել՝ Մարտի 1-ի հետ կապված հայտարարություններ արվելո՞ւ են, թե՞ ոչ, Փաշինյանը չի հստակեցրել, ասել է՝ կմտածեն»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօրվանից մեկնարկում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանը, որը բավականին հագեցած է. սպասվում է երեք ընտրություն եւ պարտադիր քննարկման քսանից ավելի հարց, այսինքն՝ օրակարգը ուշ կսպառվի։ Այսպիսով, ՀՀ նախագահ կընտրեն վաղը՝ մարտի 2-ին, իհարկե՝ երկրորդ փորձից, քանի որ առաջին փորձի համար անհրաժեշտ 80 ձայն ՔՊ խմբակցությունը չունի։ Թեկնածուն Վահագն Խաչատրյանն է՝ ՀԱԿ նախկին անդամ, ԲՏԱ նախարար: Այսօր կընտրեն նաեւ Վերաքննիչ հանձնաժողովի ժողովի նախագահ. թեկնածուն Ատոմ Ջանջուղազյանն է՝ նախկին ֆիննախարար։ Իսկ, ահա, մարտի երեքին էլ կընտրեն ԿԲ անդամ։ Նշենք, որ զինծառայողների վերաբերյալ միանգամից երկու հարց է օրակարգում՝ մեկը՝ ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի, մյուսը ՔՊ ական Հայկ Սարգսյանի հեղինակած։  Վերջինս առաջարկում է ամրագրել, որ զոհված զինծառայողների եղբայրները չծառայեն բանակում, իսկ ընդդիմադիր պատգամավորն էլ առաջարկում է հեշտացնել պայմանագրային զինծառայողներին որպես փոխհատուցում տրվող վարձով ապրելու գումարի տրամադրման կարգը։ Երկու նախագծերն էլ հանձնաժողովում դրական եզրակացություն են ստացել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախը Ռուսաստանի հետ ավելի է սերտացնում հարաբերությունները: Իշխանության ներկայացուցիչներից բացի, մոսկովյան այցեր են իրականացնում նաեւ Արցախի ընդդիմադիր շրջանակները: Անցած շաբաթ Արցախի խորհրդարանի «Արդարություն» ընդդիմադիր խմբակցության պատգամավորներն են մեկնել Մոսկվա։ «Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում հանդիպում ենք ունեցել հասարակական կազմակերպությունների, քաղաքական եւ մշակութային գործիչների հետ, մասնավորապես կարեւորում ենք Ռուսաստանի Դաշնային խորհրդում տեղի ունեցած հանդիպումը»,- մեզ պատմեց խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը: Ընդդիմադիրներն արդեն վերադարձել են Մոսկվայից, պատրաստվում են Արցախում հասարակական կազմակերպություններ հիմնել, որոնք կնպաստեն հայ-ռուսական հարաբերությունների խորացմանը: Ի դեպ, ասում են՝ իշխանական շրջանակներից էլ երկու պաշտոնյա են միայն լինում Արցախում՝ նախագահ Արայիկ Հարությունյանն ու, որքան էլ զարմանալի է, Հայկ Խանումյանը, որը պատերազմից հետո զբաղեցնում է ԱՀ տարածքային եւ ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից 14 տարի է անցել: Վերջին երեքուկես տարվա ընթացքում, ինչպես մի շարք այլ գործեր, այս գործը ևս Նիկոլ Փաշինյանի համար օգտագործվեց քաղաքական հակառակորդների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար: Միևնույն ժամանակ, շատերի կարծիքով, այս ընթացքում առաջնային խնդիր է եղել Նիկոլ Փաշինյանին այդ գործում ունեցած մասնակցությունից «մաքրելը»: Վերջերս ՄԻԵԴ-ը հրապարակեց վճիռ, որով արձանագրեց Նիկոլ Փաշինյանի իրավունքների խախտման փաստը: Կան տարբեր կարծիքներ՝ արդյո՞ք սա նշանակում է, որ Փաշինյանը պետք է արդարացվի, թե՞ նրա վերաբերյալ դատական որոշումները պետք է բեկանվեն, և գործը վերադարձվի դատարան՝ նոր քննության: Փաստաբան Հովհաննես Խուդոյանը, «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով նշվածից բխող հնարավոր գործընթացներին, նշել է. «Քանի որ ընթացակարգային խախտումներ են ֆիքսվել, ենթադրվում է, որ գործը ամբողջ ծավալով պետք է վերանայել՝ խախտումների բացառմամբ: Այսինքն, նույն փաստերը, որոնք դրված են եղել նախկինում, պետք է նորից քննության առարկա դառնան, և դատարանը նորից պետք է որոշում կայացնի: Տեղեկություն տարածվեց, որ ՀՀ գլխավոր դատախազը Նիկոլ Փաշինյանին արդարացնելու պահանջով բողոք է ներկայացրել: Եթե այդպես է, ուրեմն կողմնակալ մոտեցում է. նախկինում բոլոր գործերով ոչ թե անմիջապես, առանց փաստերը հետազոտելու որոշում է կայացվել, այլ տեսել ենք բեկանելու ու նոր քննության առարկա դարձնելու տարբերակը: Բայց այս դեպքում ավելի հետաքրքիր է հենց ՄԻԵԴ-ի ակտի կայացման գործընթացը, որովհետև եթե այդ ակտը կայացավ, մեր ներպետական ատյաններում ինչ-որ գործողություններ պետք է լինեն՝ վերջնական արդարացում գուցե լինի, գուցե չի լինի:


Բայց հենց ՄԻԵԴ -ի գանգատի ընթացակարգով շատ ավելի լուրջ խնդիրներ են առաջանում, որովհետև, ինչպես տեսանք, ՄԻԵԴ-ին առարկություններ առանձնապես չեն ներկայացվել: Մինչդեռ թե՛ նախկինում, թե՛ 2018-ից հետո ՀՔԾ վարույթում քննվող գործով կան բավարար տվյալներ՝ հիմնավորելու ցույցերի ոչ խաղաղ բնույթը, դրանց պատճառած վնասը և Նիկոլ Փաշինյանի մեղավորությունը հավաստող բազմաթիվ ապացույցներ»,ասաց նա՝ շեշտելով՝ այն ակտը, որը կայացվել է 2010-ին, բավականին հիմնավորված ու պատճառաբանված է: Փաստաբանի խոսքով, Ն. Փաշինյանի այդ ժամանակվա կոչերը բավարար էին մեղադրական դատավճիռ կայացնելու համար: Անդրադառնալով այն հանգամանքին, որ Մարտի 1-ի գործով որևէ սպանություն չի բացահայտվել, Հ. Խուդոյանը նշեց. «Այն ժամանակ, երբ գործն ուղարկվում էր դատարան ու հասանելիություն ունեինք նախաքննության նյութերին, նման բացահայտում չկար: Եթե լիներ, առնվազն դրա մասին հայտարարություն կարվեր: Դա չի եղել, և ենթադրում եմ, որ քննությունը որևէ նոր արդյունք չի ապահովել: Վերջին դրվագը Գեղամ Պետրոսյանի կալանավորումն էր սպանության մեղադրանքով, բայց հետագայում վարկածը չհաստատվեց, ու վերջինս ազատ արձակվեց: Ընդհանուր առմամբ, լռությունը ու նախկինում եղած փաստերը եթե համադրենք, կարող ենք դիրքորոշում ունենալ առ այն, որ ՀՔԾ-ն գործով որևիցե նոր զարգացում չի ապահովել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի նորաթուխ մարզպետ Սերգեյ Մովսիսյանը խաչակրաց արշավանք է սկսել մարզի դպրոցների, դպրոցական խորհուրդների դեմ: Տնօրեններ է փոխում, յուրայինների է նշանակում, դպրոցների խորհուրդներն է ձեւում՝ սեփական ճաշակով: Այդ ամենն անում է իր խորհրդական Արմեն Գրիգորյանի միջոցով: Օրերս անսպասելի ազատել են Թալինի թիվ 2 դպրոցի կառավարման խորհրդի անդամներ Ռադիկ Հակոբյանին եւ Արշակ Կնյազյանին, Ապարանի թիվ 2 դպրոցի տնօրեն են նշանակել Նաիրա Ղազարյանին։ Ուշագրավ է, որ վերջինս Ապարանի ընդդիմադիր համայնքապետ Կարեն Եղիազարյանի՝ Գնթունիկի Կարենի հարազատն է, նրա աջ ձեռքը։ Ասում են՝ մարզպետ Մովսիսյանը հասկանալով, որ իրականում ինքն ազդեցություն չունի Ապարանում, եւ այս շրջանում դե ֆակտո մարզպետը Գնթունիկի Կարենն է, ժողովուրդը միայն նրան է «պրիզնատ գալիս», սկսել է ընկերություն անել ընդդիմադիր համայնքապետի հետ եւ փոխհամաձայնեցված նշանակել է թիվ 2 դպրոցի տնօրեն: Մարտի 3-ին էլ պատրաստվում են Եղիազարյանի մեկ ուրիշ բարեկամին՝ Ռուզաննա Մակարյանին նշանակել Ապարանի շրջանի Վարդենիս համայնքի դպրոցի տնօրեն: Ի դեպ, մեր աղբյուրներն ասում են, որ Աշտարակում էլ համայնքապետ Թովմաս Շահվերդյանը՝ Թոմն է իրական մարզպետը, իսկ Թալինում «ասողը» կիսահամայնքապետ Տավրոս Սափեյանն է, որի պաշտոնավարման հարցը դեռ վերջնականապես չի լուծվել։ Այսինքն, ՔՊ-ական նախկին պատգամավոր, ներկայումս մարզպետ Մովսիսյանը միայն մարզպետարանի շենքում է մարզպետ աշխատում»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ադրբեջանցիներն ու թուրքերն անգամ հայ գիտնականների աշխատանքն են խոչընդոտում. «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ահազանգում է թուրքագետ Քրիստինե Մելքոնյանը:  «Միջազգային հարթակներում թուրքերի ու ադրբեջանցիների համակարգված աշխատանքի հետեւանքով մեր հոդվածների վրա արգելք է դրվում: Միջազգային հարթակներում պարտվել ենք ադրբեջանական քարոզչությանը: Հայաստանի գիտնականներն այս առումով իհարկե քայլեր ձեռնարկում են, բայց պետական աջակցություն ու հայեցակարգ է անհրաժեշտ հաջողության հասնելու համար»,- նշում է նա: Պետության կողմից հստակ ռազմավարության ու հայեցակարգի բացակայության մասին է բարձրաձայնում նաեւ պատմաբան Գեւորգ Ստեփանյանը: «Ադրբեջանի գիտնականները վերջին մեկ տարվա ընթացքում մեր դեմ 60 ավելի գիտական աշխատություն են հրապարակել, հիմնականում՝ օտարալեզու: Իսկ մենք ի՞նչ ենք արել. ցավոք՝ ոչինչ, որովհետեւ այդ քաղաքականությունը պետական անվտանգության մաս չի կազմել, հստակ ուղենիշներ չեն եղել: Ինչ էլ արվել, ակադեմիական մակարդակով է արվել, բայց չկա այն հայեցակարգը, որ իմանան՝ մեր գրած նյութն ինչ հայեցակարգում պետք է տղավորենք»,- ընդգծում է Ստեփանյանը»:


«Փաստ» օրաթերթը գրում է «Նախօրեին սոցցանցերում և տեղեկատվական այլ հարթակներում ակտիվորեն տարածվեց մի տեսանյութ, որտեղ երևում էր, որ Կիևյան կամրջից «Армия России» գրությամբ պաստառ էր կախված։ Հետո տեղեկություններ շրջանառվեցին, թե իրականում դա «ֆեյք» տեսանյութ է, ոչ մի պաստառ էլ չի եղել: «Փաստ» թերթի տեղեկություններով, պաստառն իրականում կախված է եղել, տեսանյութն էլ ամենևին «ֆեյք» չէ: Ավելին, մեր աղբյուրները վստահեցնում են, որ, ի աջակցություն Ռուսաստանի և ռուսական բանակի, այդ պաստառի նախաձեռնությունը պատկանում է խորհրդարանական ընդդիմադիր ուժերից մեկին: Մենք նաև տեղեկություններ ունենք, որ տեղի ընտրությունն իր մեջ խորհրդանշականություն է պարունակում: Մասնավորաբար, ի սկզբանե որոշված է եղել պաստառը կախել «Հաղթանակ» կամրջից, սակայն ոստիկանները կանխել են: Արդյունքում պաստառը կախվել է Կիևյան կամրջից, ինչն ավելի է ընդգծել խորհրդանշականությունը»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Գազի՝ ներկայումս գոյություն ունեցող սակագներով ջերմոցային տնտեսություններն ու արդյունաբերության այնպիսի վերամշակող ճյուղեր, ինչպես պահածոների, խմիչքի և կաթնամթերքի արտադրությունը, օգտագործված գազի դիմաց վճարում են 224 դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց։ ՀԾԿՀ-ին ներկայացված նախնական հայտով առաջարկվում էր ապրիլի 1-ից 8500 կկալորիա ջերմատվության գազի դեպքում սակագինը դարձնել 282,6 դոլար, ասել է թե՝ սակագինը բարձրացնել 58,6 դոլարով կամ ավելի քան 26 տոկոսով։ «Գազպրոմ Արմենիայի» ներկայացրած նոր հայտի համեմատ ՀԾԿՀ-ում վերանայումներ են կատարվել ջերմոցային տնտեսության ու վերամշակող հատվածի սակագների մասով։ Նախնական տեղեկությունների համաձայն, ապրիլի 1-ից սպասվելիք սակագների բարձրացումն ավելի քիչ կլինի, քան առաջարկվել էր հայտով, բայց, միևնույնն է, ավելի բարձր, քան ներկայումս է։ Նախատեսվում է, որ այն կկազմի 233,9 դրամ՝ գործող 224 դրամի փոխարեն։ Այս փաստը լուրջ մտահոգություն է առաջացրել ջերմոցային տնտեսությամբ զբաղվող շրջանակներում: «Փաստ» թերթի հետ զրույցում նրանց ներկայացուցիչները նշել են, որ չի բացառվում՝ առաջիկայում միասնական դիմեն «Գազպրոմ Արմենիային» սակագնի վերանայման համար։ Մեր զրուցակիցներից ոմանք նշում էին, որ գազի նման սակագնի պայմաններում հնարավոր է՝ դադարեցնեն իրենց գործունեությունը և վաճառեն բիզնեսը։ Նրանք նաև ընդգծում էին, որ բավականին մեծ վարկային պարտավորություններ ունեն, իսկ սակագնի բարձրացումը մի կողմից՝ բարդացնելու է պարտավորությունների կատարումը, մյուս կողմից՝ ուղղակի թույլ չի տալու համապատասխան գնով շուկայում սպառել իրենց ապրանքը, այսինքն՝ գուցե մրցունակ չլինեն»:


«Փաստ» օրաթերթը գրում է. Տնտեսագետ Ռոբերտ Հարությունյանի հետ զրույցում անդրադարձել ենք տնտեսական միտումներին, ՀՀ-ում առկա շարունակական գնաճին, ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների ֆոնին ՀՀ-ին սպասվող մարտահրավերներին: Անդրադառնալով նախ 2021 թ.-ին արձանագրված շուրջ 5,7 տոկոս տնտեսական աճին՝ տնտեսագետը մեզ հետ զրույցում շեշտել է, որ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակվող աճը, այսպես կոչված, նոմինալ ՀՆԱ-ի աճն է. «Նոմինալ ՀՆԱ-ի աճն ու ռեալ աճը տարբերվում են իրարից գնաճի մակարդակով: Այսինքն, երբ մեզ մոտ շուրջ 5 տոկոսով աճ կա, ու այդ աճից հանում ենք գնաճը, ստացվում է, որ իրականում անգամ 2 տոկոս անկում ենք ունեցել կամ առնվազն աղքատացել ենք: Թեպետ մեր ֆինանսական հնարավորությունները 5 տոկոսով աճել են, բայց գնաճը, այսպես ասած, կերել է այդ հզորությունը, ավելին՝ 2 տոկոսով գերազանցել է աճի ցուցանիշը: Այնպես որ, չենք կարող ասել, թե մեր տնտեսական աճը խոստումնալից է: Ասել, որ վերականգնողական փուլում ենք ու աճում ենք, ևս այդպես չէ: Այնպես որ, 5 տոկոս տնտեսական աճը մոտ 7 տոկոս գնաճի պարագայում, իհարկե, բացասական ցուցանիշ է»:


Խոսելով մարտահրավերների մասին ու այդ համատեքստում դիտարկելով Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցները՝ Ռոբերտ Հարությունյանը շեշտեց մի քանի հնարավոր ռիսկերի մասին. «Այդ պատժամիջոցներն, այսպես թե այնպես, կարող են անդրադառնալ մեզ վրա՝ հաշվի առնելով մեր և Ռուսաստանի տնտեսությունների փոխկապակցվածությունը, փոխազդեցությունը: Այս պարագայում մենք ստիպված ենք լինելու ձգտել անհամեմատ ավելի մեծ աճի, որը շատ դժվար է լինելու ապահովել: Ամեն դեպքում, այն պետք է ապահովել՝ փորձելով դիվերսիֆիկացնել մեր շուկաները, խթանել մեր արտահանումները դեպի այլ երկրներ, ներդրումներ բերել: Պետք է փորձել նաև աջակցել մեր արտադրողին»: Ինչ վերաբերում է ռիսկերին՝ ոլորտային տեսանկյունից, տնտեսագետի խոսքով, դա կախված է այն հանգամանքից, թե լրացուցիչ ինչ պատժամիջոցներ են կիրառելու Ռուսաստանի նկատմամբ. «Որովհետև նախկին պատժամիջոցներին, կարծես, ընտելացել էինք, դրանց ներքո աշխատում էինք, և որևէ խնդիր չկար: Իսկ երբ խոսում ենք այս նոր պատժամիջոցների մասին, ապա այս պարագայում պետք է ուղղակի հետևել, տեսնել, թե հատկապես որ ոլորտներում կլինեն այդ պատժամիջոցները: Այս պահի դրությամբ, բացի անհատների ու ընկերությունների նկատմամբ կիրառվող պատժամիջոցներից, հիմնական պատժամիջոցները վերաբերում են ֆինանսական շուկային՝ մասնավորապես բանկերին և, ընդհանրապես, ՌԴ-ի ֆինանսական հնարավորությունները սահմանափակելուն:


Ռուսական բանկերի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների մասով որոշակի խնդիր կունենան նաև մեր բանկերը: Այսինքն, այդ հանգամանքը կարող է որոշ դեպքերում բավականին նվազեցնել մեր թե՛ բանկային, թե՛ մասնավոր ոլորտի եկամուտները: Այսինքն, մենք ոչ թե ուղղակիորեն խնդիր կունենանք, այլ կընկնեն մեր եկամուտները: Մասնավորապես, եթե մեր բանկերը շրջանառություն ունեին պատժամիջոցների տակ հայտնված ռուսական բանկերի հետ, մեր բանկերի պարագայում շրջանառությունը խնդիրներ կունենա: Այս պարագայում լուծման մի քանի տարբերակ կա: Տարբերակներից մեկը հետևյալն է. ՀՀ կառավարությունը պետք է նստի ու խոսի ԱՄՆ-ի հետ՝ ասելով, որ չի կարող չաշխատել այդ բանկերի հետ, որովհետև ԵԱՏՄ-ի շրջանակներում գործընկեր է: Այսինքն, այնպես, ինչպես ժամանակին անում էինք Իրանի հետ կապված խնդիրների դեպքում, երբ Արևմուտքը, ԱՄՆ-ը պատժամիջոցներ կիրառեցին Իրանի նկատմամբ: Չնայած Իրանի դեպքում այլ է, ԻՀՀ-ի հետ բանկային հարաբերությունները դեռևս նորմալ չեն կարգավորվել, բայց, միևնույն ժամանակ, Իրանի հետ առևտուրը չէր կարող պատժամիջոցի տակ ընկնել: Այդ պարագայում մենք ոչինչ չէինք կարող անել՝ մի կողմից Թուրքիան է, մյուս կողմից՝ Ադրբեջանը, Վրաստանը և Իրանը: Մենք բացատրում էինք, որ Իրանը մեր բնական հարևանն է, ու միայն վրացական ուղղության վրա հենվելն ուղղակիորեն ավելացնում է Հայաստանի անվտանգային ռիսկերը»:


Հաշվի առնելով վերոնշյալը ՝ Ռոբերտ Հարությունյանը շեշտեց՝ նման բացատրություններ, քննարկումներ պետք է լինեն նաև այսօրվա իրավիճակում, որ մեր ընկերությունները գոնե կարողանան դուրս գալ հնարավոր վնասի ու ռիսկերի տակից. «Բայց, ընդհանուր առմամբ, շրջանառությունը կընկնի, վաճառքները կկրճատվեն, և կնվազեն հատկապես մեր արտահանողների եկամուտները: Այս պատժամիջոցներն անպայման կազդեն Ռուսաստանի տնտեսական վիճակի վրա, Ռուսաստանը կունենա որոշակի տնտեսական անկում, ինչն ուղղակիորեն ազդելու է ռուս սպառողի ֆինանսական հնարավորությունների վրա: Այն, ուզենք, թե ոչ, կրճատվելու է»:Նա հավելեց, որ ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների ֆոնին մի կարևոր բան ևս տեղի է ունենում. «Խոսքը նավթի գնի բարձրացման մասին է: Դժվար է ասել՝ ռուս-ուկրաինական խնդրի հանգուցալուծման դեպքում այն կիջնի՞, թե՞ ոչ, բայց եթե այս իրավիճակը շարունակվի, ուղղակիորեն անդրադառնալու է մեր քաղաքացիների եկամուտների վրա: Այսինքն, ենթադրում եմ, որ վառելիքի գինը կբարձրանա, ինչն ուղղակիորեն ազդելու է մեր քաղաքացիների սոցիալական վիճակի վրա: Սա ևս պետք է հաշվի առնել՝ հասկանալու, թե ինչպես է պետք այդ գործոնը կոմպենսացնել, և ինչ պետք է անել: Ծանր ժամանակաշրջան է, բայց այդ ուղղությամբ ևս պետք է աշխատել»: