Մենք միշտ թերագնահատում ենք մեր աշխարհագրական դիրքը, Ուկրաինայից հետո Հայաստանից շատ բան է կախված լինելու բոլոր առումներով՝ միութենական պետություն կկառուցվի՞, թե՞ չի կառուցվի, ի՞նչ դիրքորոշում է ունենալու Հայաստանը, ի՞նչ դիրքորոշում է ունենալու Ադրբեջանը, ինչքանո՞վ է երկխոսելու Հայաստանի հետ: Այս մասին "Հրապարակ"-ին տված հարցազրույցում ասել է ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:
Նա նշել է, որ պատերազմը կավարտվի Ռուսաստանի օգտին, "ՌԴ-ն իր ձեւակերպած, իր առջեւ դրված խնդիրը հաստատապես լուծելու է՝ ապառազմականացնելու է Ուկրաինան ընդհանրապես":
"Ռուսաստանը մի փոքր շտապում է, եթե պետք է մի հինգ օրում գային Լուգանսկն ու Դոնբասը վերցնեին, հասնեին Մարիուպոլ, հետո նոր առաջ շարժվեին, ես համարում եմ, որ ամեն ինչը համատեղ են արել, մեծ հաշվով լուրջ թերացում չի, բայց ես կարծում եմ, որ արագ են արել: Գուցե մարտի 2-ին չավարտվի, ավարտվի 9-10-ին, բայց ավարտելու են հօգուտ իրենց. Ուկրաինան այլընտրանք չունի, Ռուսաստանը որքան էլ կորուստներ ունենա, միեւնույն է, լուծելու է իր խնդիրը",- ասել է նա:
Թե ինչպես կանդրադառնա մեր տարածաշրջանի եւ հատկապես Հայաստանի վրա այս պատերազմը, Բաբայանի համար ակնհայտ է, որ Ուկրաինայում ամեն ինչ ավարտելուց հետո զբաղվելու են մեր տարածաշրջանով:
"Ադրբեջանը Թուրքիայի հետ մեկտեղ փորձեց միջնորդ դառնալ, այսօր էլ Ադրբեջանի թե՛ բանակից, թե՛ քաղաքացիական հատվածից կոչ են անում ադրբեջանցիքին՝ մասնակցել դրան, որովհետեւ հասկանում են, որ Ուկրաինայից հետո իրենցով են զբաղվելու",- վստահ է Բաբայանը:
Վերադառնալով Միութենական պետության հնարավոր ձեւավորմանը, նա ասել է, որ դա ամենևին էլ նոր սովետ չէ:
"Ռուսաստանը գերտերություն է եւ այդ կարգավիճակը պահպանելու համար պետք է մի 300 միլիոնանոց շուկա ունենա, իսկ Սովետմիության տարածքը, որ ասում եք՝ Մոլդովա, Ուկրաինա, Բելառուս, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան եւ Կենտրոնական Ասիան ուղիղ այդ 300 միլիոնն են: Կարծում եմ՝ տնտեսական միություն են ձեւավորելու ու բոլորին մտցնելու մեջը: Երկրորդ․ ՆԱՏՕ-ն մոտ չգա այդ տարածքներին, երրորդ․ Եվրոպայի այն տարածքներում, որն իր համար վտանգ է ներկայացնում՝ Պոլշան, Ռումինիան, այս տեղերից էլ հրթիռները հանեն: Ոմանք ասում են, թե չի հանի, ես էլ ասում եմ՝ դե, կտեսնեք, կստանան նման հրթիռների համակարգ Բելոռուսիայում, Ուկրաինայում, Մոլդովայում, իսկ Լատինական Ամերիկայի պետություններում էլ, չի բացառվում, նույն ձեւի ԱՄՆ-ն ստանա էդ ռուսական հրթիռների համակարգը",- ասել է Բաբայանը:
Իսկ թե ինչ պետք է անի Հայաստանն այս իրավիճակում, պատասխանել է.
"Մենք ունենք երկու ճանապարհ՝ ընդգրկվում ենք այդ շարքի՞ն, թե՞ Ադրբեջան-Թուրքիա բանակցություններում Ղարաբաղի խնդիր ենք լուծում, տարածաշրջանում ապաշրջափակում ճանապարհներ եւ դառնում որպես խաչմերուկ։ Ո՞րն ենք ընտրում, ո՞ր ճանապարհով ենք գնում։ Իմ կարծիքով, մոտ ժամանակներս մեր պետության քաղաքական ղեկավարությունը պարտավոր է լինելու այդ հարցերին պատասխանել: Ես համարում եմ, որ Արցախի հարցում միանշանակ անկախություն պետք է լինի, պետք է բանակցել Ադրբեջանի հետ։ Եթե ոչ, ապա պետք է խոսել Ռուսաստանի հետ: Ամեն ինչ կախված է մեր ազգային խնդիրներից, ում հետ ենք կարողանում ճիշտ խոսել, ճիշտ լուծում գտնել, ով է պատրաստ մեր խնդիրը լուծել, որ մենք էլ մեր քայլը ճիշտ ընտրենք: Այսպես թե այնպես՝ Ձեր ասած սովետը չի ստեղծվում, ստեղծվում է շուկա, որը մեզ էլ է պետք",- ասել է նա:
Հարցազրույցն ամբողջությամբ սկզբնաղբյուրում: