Գազի սակագների բարձրացումը մեծ հարված է հասցնելու տնտեսության մրցունակությանը. Պարսյան
Ռուս-ուկրաինական խորացող ճգնաժամի և արևմտյան պատժամիջոցների պայմաններում բնական գազի սակագների բարձրացումը մեծ հարված է հասցնելու մեր տնտեսության մրցունակությանը և էլ ավելի է խորացնելու բնակչության սոցիալական խնդիրները։ Այս մասին գրում է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով ՀԾԿՀ-ի որոշմանը, համաձայն որի ապրիլի 1-ից Հայաստանում գազի սակագինը կբարձրանա:
"Պետք է փաստել, որ հակառակ հրապարակային խոստումների՝ գործող իշխանությունները բարձրացրեցին ջրի, էլեկտրաէներգիայի և արդեն ապրիլի 1-ից նաև բնական գազի սակագները։
Հաշվի առնելով սակագների աճը և համաշխարհային տնտեսական նոր ցնցումները՝ Կենտրոնական բանկի և կառավարության տնտեսական կանխատեսումներն անհրաժեշտ է վերանայել և նոր համալիր ծրագրեր մշակել, որը թույլ կտա դուրս գալ հնարավորինս քիչ կորուստներով",- գրել է Պարսյանը Facebook-ի իր էջում։
Ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, որ պրիլի 1-ից սովորական սպառողների համար գազի սակագինը կբարձրանա 4․7 դրամով՝ դառնալով 143.7 դրամ: Խոշոր կամ ամսական 10000 խմ և ավելի սպառում ունեցող բաժանորդների համար (օրինակ՝ ԱԳԼՃԿ-ների, ՋԷԿ-երը և այլն) բնական գազի սակագինը թանկանալու է 9,9 դոլարով կամ 3,9%-ով՝ դառնալով 265,81 դոլար։