24.11.2024
Պե՞տք է արդյոք Մոսկվայի եւ Բաքվի հարաբերությունների վատթարացում ակնկալել. Մարկեդոնով
prev Նախորդ նորություն

Մամուլ. "Շուլուխչի" Վահան Քերոբյանը կլքի պաշտոնը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Իրավունք» թերթը գրում է. «Կառավարության կուլիսներում շրջանառվող շշուկների համաձայն, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն առաջիկայում կլքի իր պաշտոնը: Պարզվում է` քերոբյանական «շուլուխներն» այլեւս ծիծաղելի չեն Փաշինյանի համար, եւ նա, պարզապես, հարմար պահ է փնտրում եւ նաեւ հարմար փոխարինող: Մասնավորապես` Փաշինյանի դժգոհությունն է առաջացրել այն, որ Քերոբյանի մեծ-մեծ հայտարարությունների տակ իրականացրած աշխատանքի ՕԳԳ-ն զրո է: Ի դեպ, Վահան Քերոբյանը պարբերաբար հիշեցվում էր, որ խոստացել է հրաժարական տալ, եթե 2021թ. երկնիշ աճ չլինի, իսկ տարեվերջին խոստովանեց, որ նման հայտարարություն արել է պահի թելադրանքով, քանի որ պատերազմից ու համավարակի ճգնաժամից հետո մարդկանց, ու հատկապես գործարարներին, հարկավոր էր լավատեսություն ներշնչել: Ըստ նրա, այդ առումով շոկային օպտիմիզմ հաղորդելը կարող էր արդյունավետ լինել: Մինչդեռ, ինչպես Նիկոլ Փաշինյանը կասեր, ըստ էության, Վահան Քերոբյանն էլ ժողովրդի «լավատեսությունը ծծեց»: Ահա հենց սա էլ կապահովի Քերոբյանի «հերոսական» հեռացումը կառավարությունից, թե տեսեք, նա իր խոսքի տերն էր` տնտեսական երկնիշ աճ չունեցանք, Քերոբյան նախարար էլ չենք ունենա»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես երևում է, Տիգրան Արզաքանցյանի՝ «Ալյանս» կուսակցությունում դեռևս նույնիսկ չկայացած դեբյուտը մոտենում է իր ավարտին: Հիշեցնենք, որ 2021 թվականի հոկտեմբերին «Ալյանս» կուսակցության 9-րդ հերթական համագումարի ժամանակ «Ալյանս» կուսակցության բարձրագույն խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվել էր Տիգրան Արզաքանցյանը, իսկ կուսակցության նախագահ էր վերընտրվել Տիգրան Ուրիխանյանը։ Սակայն, մեր ունեցած տեղեկություններով, օրեր առաջ կուսակցության վարչությունը դեմ է արտահայտվել Նիկոլ Փաշինյանի ստեղծած արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի աշխատանքներին Արզաքանցյանի մասնակցությանը, ինչը պատճառ է դարձել, որ վերջինիս և կուսակցության հարաբերությունները դառնան ճգնաժամային: Ընդ որում, անհամաձայնություններն այնքան խորն են, որ, մեր աղբյուրների փոխանցմամբ, Արզաքանցյանը շուտով կլքի «Ալյանսը» և նոր կուսակցություն կհիմնի»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ այս նստաշրջանը, ըստ ամենայնի, առավել դիտարժան է լինելու, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը մասնավոր զրույցներում վստահեցնում է, որ կոշտացնելու են մարտավարությունը: Տարեսկզբին խմբակցությունը քննարկել է առաջիկա անելիքները եւ որոշել է ավելի խիստ ընդդիմություն դառնալ: Իբրեւ հավաստում՝ վկայակոչում են որոշ պատգամավորների կոշտ քննադատությունը Ղազախստան՝ հայկական զորախումբ ուղարկելու որոշմանը, չնայած որոշումը, ըստ էության, հրահանգվել էր ՌԴ նախագահի կողմից, եւ Պուտինի ընկեր Քոչարյանը կարող էր անգամ ողջունել այն: Սակայն որոշել են անզիջում լինել եւ վճռական: Զուգահեռ աշխատանքներ են տարվում մարզային կառույցների հետ՝ ժողովրդին կազմակերպելու եւ փողոց հանելու համար։ Այլ քայլեր էլ են ծրագրում: Օրինակ, որոշել են զորամասեր, սահմանամերձ գյուղեր այցելել»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքն այս շաբաթ օրն է տեղի ունենալու՝ հունվարի 22-ին: Հարսանյաց արարողությունը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանում է տեղի ունենալու: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Պապիկյանը հրավիրել է թե՛ խորհրդարանական, թե՛ գործադրի իր թիմակիցներին: Տեղեկացանք, որ պատգամավորներն ու կառավարական կաբինետի ներկայացուցիչներն իրենց զույգերի՝ կանանց ու ամուսինների հետ են հրավիրված: Մեր զրուցակիցը հերքեց տեղեկությունները, թե Պապիկյանը վերջերս օտարացել է թիմից ու ընտրյալ մարդկանց հետ է շփվում: «Չկա նման բան, Պապիկյանի անվան հետ կապվող տեղեկություններն ուրճացված են ներկայացվում: Ինչպես նախկինում էր շփվում, այնպես էլ հիմա է»,- ասաց նա: «Հարսանյաց արարողությունը Ստեփանավանի՞ց է մեկնարկելու՝ հայկական ավանդույթների համաձայն՝ զուռնա-դհոլով»,- հարցրեցինք մեր զրուցակիցին: «Չեմ կարծում: Ավելի ժամանակակից ոճով կլինի. զույգերը եկեղեցում միմյանց կհանդիպեն, ինչից հետո արարողությունն արդեն ռեստորանում կշարունակվի»,- հավելեց նա: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ նաեւ, որ Պապիկյանի հարսնացուն՝ Արմինե Մուրադյանը, ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի քենու դուստրն է»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, որն ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, «Շիշ բռնող» մականունով հայտնի Հայկ Սարգսյանի եղբայրն է, գրանցվել է Tik-Tok-ում եւ դարձել «տիկտոկեր»։ Նա «դաստիարակչական» բնույթի տեսանյութեր է նկարում ու տեղադրում Tik-Tok-ում։ Տեսանյութերից մեկում, օրինակ, որը վերնագրել է «Սիրենք մեր երկիրը», փորձում է հումոր անել շշի թեմայով՝ շիշը պատուհանից շպրտելով եւ ցույց տալով, թե ինչպես կարելի է վարվել շշի հետ, որը քեզ այլեւս պետք չէ։ «Ուրեմն տեսեք՝ ինչ ենք անում, բացում ենք պատուհանը եւ ամբողջ ուժով շիշը շպրտում ենք դուրս եւ փակում ենք պատուհանը։ Այսքան բան, կարող եք շատ հեշտ բոլորդ կիրառել, կապ չունի՝ էդ պահին քաղաքի որ մասում եք գտնվում, ցանկացած պահի, երբ շիշը ձեզ այլեւս անհրաժեշտ չի, կարող ենք ամբողջ ուժով շպրտել դուրս»,- ասում է նա։ Այս ընտանիքում, թերեւս, շիշը մեծ դեր ունի։ Նրանց կյանքը տարբեր դիպվածներում կապվում է շշի հետ։ Մի եղբայրը 2018-ի իշխանափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի ջրի շիշն էր բռնում, ինչի արդյունքում էլ վաստակեց «Շիշ բռնող» մականունը, իսկ մյուս եղբայրը՝ հակառակը․ շիշը բռնելու փոխարեն սովորեցնում է ինչպես այն շպրտել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Տարեսկզբին Նիկոլ Փաշինյանի առաջին որոշումներից մեկն Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանին ՔՊ-ական նախկին պատգամավոր Սերգեյ Մովսիսյանով փոխարինելն էր։ Ընդամենը երկուսուկես ամիս պաշտոնավարելուց հետո Պետրոսյանի ազատումը մարզպետի պաշտոնից, ըստ որոշ տեղեկությունների, ՏԻՄ ընտրություններում ձախողումներով էր պայմանավորված: Մասնավորապես՝ Ապարանում կրած խայտառակ պարտությամբ, իսկ Պետրոսյանն ապարանցի է եւ ժամանակին անգամ քաղաքապետ է եղել: Թալինում էլ, չնայած նրա գործադրած ջանքերին, Տավրոս Սափեյանն օդից կախված վիճակում է։ Տեղեկություններ կան, որ Թալինում էլ հնարավոր է նոր ընտրություններ նշանակվեն, եւ այժմ քննություն տալու հերթն այդ մարզից պատգամավոր ընտրված Մովսիսյանինն է լինելու։ Մինչ այդ, մարզպետարանի մեր աղբյուրները փոխանցում են, որ Մովսիսյանը կադրային լայնածավալ փոփոխություններ է իրականացնելու, ավելին` արդեն մի քանիսին, այդ թվում մարզպետի տեղակալ Տիգրան Եղիազարյանին, արդեն ազատել է պաշտոնից: Ասացին, որ նրան կադրային հարցերում ուղղորդում է երբեմնի քոչարյանական, Աշտարակի գործող քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը, ով վերընտրվեց եւ ամրապնդեց իր դիրքերը ՔՊ-ական շրջանակներում, չնայած ՀՀԿ-ի կադրն է եղել: Վերջինս փորձում է իր մարդկանց նշանակել մարզպետարանում, ինչն արել է նախկին մարզպետ, ՔՊ-ական Դավիթ Գեւորգյանի պաշտոնավարման ընթացքում։ Մինչդեռ Ռազմիկ Պետրոսյանը զերծ է մնացել կադրային ջարդից, ինչն էլ ՔՊ-ն համարում է նրա եւ իր ձախողման պատճառը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի մարզպետի պաշտոնը հորից որդուն փոխանցելու Նիկոլ Փաշինյանի որոշումը, ըստ իշխանական աղբյուրների, ոչ այնքան կադրային դեֆիցիտի դրսեւորում է, որքան` «շախմատային» որոշում։ Վարչապետը խիստ դժգոհ է եղել Ռազմիկ Թեւոնյանի գործունեությունից եւ համարել է, որ ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ձախողումների թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն մարզպետն է, որը Մասիսում չկարողացավ անցկացնել իր ընկեր Սայադին, Վեդիում՝ Գարիկին, իսկ Արարատի իրենց թեկնածուն հաճախորդ կուսակցության հետ կոալիցիայով միայն համայնքապետ դարձավ։ Փաշինյանին հատկապես զայրացրել են Գարիկ Սարգսյանի դեմ Թեւոնյանի գործողությունները: Մենք գրել ենք, որ Թեւոնյանն աշխատել է Գարիկի դեմ։ Հոր փոխարեն որդուն՝ ՔՊ-ական պատգամավոր Սեդրակ Թեւոնյանին նշանակելով՝ Փաշինյանը նախապայման է դրել, որ եթե Վեդիում մարտի 27-ին Գարիկը չհաղթի, Թեւոնյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից, եւ կպատժի Թեւոնյանների գերդաստանին` թիմի համար չաշխատելու համար։ Իսկ եթե հաջողեն, ապա կների հոր արարքը եւ մարզպետի պաշտոնը կթողնի ընտանիքին։ Սակայն ՔՊ մեր աղբյուրների կարծիքով, Գարիկ Սարգսյանը մարտին նորից պարտվելու է, եւ պատճառներից մեկը հենց Փաշինյանի` մարզպետի պաշտոնը ժառանգական դարձնելու որոշումն է լինելու, քանի որ այն դուր չի եկել մարզի բնակիչներին»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր հասարակության մի ստվար զանգված լավագույնը, որ կարողանում է անել, ուրիշների փողերը հաշվելն է, ինչպես նաև ինքնուրույն տասը դրամ չստեղծածի «բարձունքներից» ոչ միայն խորհուրդ, այլև նույնիսկ հրաման արձակելն է, թե ինչպես այլոք ծախսեն իրենց աշխատած գումարները: Եվ սա այնքան սովորական է դարձել, որ հազիվ թե զարմանալի էր նման բուռն արձագանքը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությանը: «Իմ ընտանիքի նախաձեռնությամբ հայտարարվում է մրցույթ՝ Հայաստան աշխարհի բարձունքում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար: Թող այն վերածննդի և լույսի ճանապարհ ցույց տա հայ ժողովրդին»,- տեղեկացրել էր Ծառուկյանը: Ի դեպ, պետք է նշել, որ Հիսուս Քրիստոսի արձաններ տեղադրված են աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում՝ Պորտուգալիայում, Լեհաստանում, Բոլիվիայում, Մադեյրա կղզում, Արգենտինայի և Չիլիի սահմանին, Վիետնամում, Ինդոնեզիայում, Իտալիայում, Մալթայում, Պերուում: Իսկ ամենահայտնին, իհարկե, Ռիո դե Ժանեյրոյի հսկայական կոթողն է: Մասնագետների կարծիքով, այս բոլոր արձանները, բացի քրիստոնեության, հավատքի խորրհդանիշ լինելուց, ունեն նաև տնտեսական կարևոր նշանակություն, մասնավորաբար զբոսաշրջության խթանման տեսանկյունից: Օրինակ՝ ամեն տարի մոտ 1,8 միլիոն զբոսաշրջիկ է այցելում Ռիո դե Ժանեյրոյում տեղադրված Քրիստոսի արձանը տեսնելու: Սա բավականին տպավորիչ թիվ է, և դժվար չէ հաշվարկել դրա տնտեսական ազդեցությունն այդ երկրի համար: Այնպես որ, ուժեղ անվտանգության գրավականներից է նաև ուժեղ տնտեսությունը, իսկ Հայաստանի համար տնտեսության զարգացման կարևորագույն ճյուղերից կարող է լինել հենց զբոսաշրջությունը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի հավաստի տեղեկությունների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայությունը կարճել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նկատմամբ հարուցված քրեական գործը: Հիշեցնենք, որ 2020 թվականի ապրիլի 15-ին հայտարարություն տարածեց, որ քրեական գործերից մեկի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Հայ առաքելական եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդին: Քրեական գործը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել արքեպիսկոպոս Կճոյանին, շուրջ 8 տարվա պատմություն ունի։ Խոսքը տարիներ առաջ բացահայտված, սկանդալային հայտնի գործերից մեկի՝ Կիպրոսի օֆշորային գործի մասին է, որի շրջանակներում նշվում էր նաեւ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անունը։ Գործարար Փայլակ Հայրապետյանը նրանց մեղադրում էր իրեն ունեզրկելու համար։ Այս գործով որպես մեղադրյալ էր ներգրավված գործարար Աշոտ Սուքիասյանը, դատական նիստերից մեկի ժամանակ նշել էր, որ Նավասարդ Կճոյանն իր կնքահայրն է։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը օֆշորային սկանդալի գործով մի քանի անգամ հրավիրվել է ԱԱԾ եւ առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչել իրեն՝ այն որակելով անհիմն եւ շինծու: Եվ, ահա, երկու տարի անց գործը կարճվեց»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «ԲԴԽ կողմից ընդունված վերջին շրջանի որոշումները, հատկապես կապված դատավոր Զարուհի Նախշքարյանի հետ, ինչպես նաև Ալեքսանդր Ազարյանի՝ Դատավորների միության նախագահ ընտրվելու փաստը պարզապես հիստերիայի հերթական ալիք են բարձրացրել, այսպես կոչված, սորոսական շրջանակների, մասնավորաբար այդ թևի «իրավապաշտպան» բլոկի ներկայացուցիչների շրջանում։  Այդ առիթով վերջին մի քանի օրերին նրանք բավական ակտիվ գրառումների ու հարցազրույցների շարքով են հանդես գալիս՝ առիթն օգտագործելով ու ևս մեկ անգամ բարձրացնելով իրենց համար այդքան սիրելի և օրակարգի թիվ մեկ հարց հանդիսացող՝ դատական համակարգը «քլնգելու» թեման։ Միմյանց հերթ չտալով՝ նրանք դարձյալ սկսել են խոսել դատական համակարգում վեթթինգ իրականացնելու և օր առաջ «անցումային արդարադատությունը» կյանքի կոչելու կարևորության մասին։ Նրանցից ոմանք նաև համակարգային լյուստրացիայի թեման են վերստին հիշել։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այս շրջանակներն իրենց գոյությունն ու ֆինանսավորումն արդարացնելու համար վերստին հարմար առիթ են գտել: Մեր աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ-ում գործող «արևմտյան» «իրավապաշտպան» բլոկը պատրաստվում է հերթական «ֆլեշ մոբն» իրականացնել և վերոնշյալ թեմաներով աղմուկի նոր չափաբաժին նետել դաշտ»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայ-ադրբեջանական սահմանի գյուղերի բնակիչների հարցերը շարունակում են չլուծված մնալ: Մասնավորապես բազմաթիվ խնդիրներ են հայտնաբերվել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի հանձնարարությամբ աշխատակիցների՝ Սյունիք կատարած այցի ընթացքում: Կապանից դեպի 4 գյուղեր՝ Ագարակ, Խդրանց, Եղվարդ եւ Ուժանիս տանող ճանապարհի նկատմամբ Ադրբեջանն առանց որեւէ իրավական հիմքի վերահսկողություն է սահմանելու, եւ դրա հետեւանքով մարդկանց համար հումանիտար խնդիրներ են առաջ եկել։ Օրինակ՝ Եղվարդ գյուղի բնակիչները նշել են, որ գյուղում շեշտակի նվազել է ոչխարաբուծությունը այն պատճառով, որ զրկվել են արոտավայրերն օգտագործելու հնարավորությունից. այդ տարածքներն այժմ ադրբեջանական զինված ուժերի տիրապետության տակ են։


Բացի այս, արդեն 10 գլուխ խոշոր եղջերավորներ հայտնվել են սահմանից այն կողմ, եւ գյուղացիները գոնե մնացածը փրկելու համար կենդանիներին ախոռից դուրս չեն հանում։ 3 գլուխ խոշոր եղջերավորներ Ագարակ գյուղից են հատել սահմանը, իսկ Ուժանիս գյուղում, ճիշտ է, նման դեպք դեռ չի գրանցվել, սակայն մարդիկ վաճառում են անասունները. խոշոր եղջերավորները արդեն պակասել են 21-ով։ Ինչպես Սյունիքի այլ սահմանամերձ բնակավայրերի դեպքում, այստեղ էլ այլընտրանքային ճանապարհը լուծում չէ: Բացի անվտանգ ապրելու իրավունքից, այլընտրանքային ճանապարհի դժվարանցանելիության պատճառով խախտվում են տեղի բնակիչների կրթության, աշխատանքի, բուժօգնության եւ այլ իրավունքներ։ Օրինակ՝ եթե նախկինում գյուղացիները հեշտությամբ կարողանում էին հասնել Կապան քաղաք՝ աշխատանքի, ապա այժմ ճանապարհի դժվարանցանելիության պատճառով, իսկ եղանակային վատ պայմանների դեպքում՝ անանցանելիության պատճառով մարդիկ ստիպված բնակարան են վարձակալել։ Առկա են նաեւ բուժօգնության իրավունքի խախտման դեպքեր. թեեւ գյուղերն ունեն բուժհաստատություն, որտեղ համապատասխան առաջնային օգնություն է ցուցաբերվում (Եղվարդի եւ Ուժանիսի համար գործում է մեկ բուժհաստատություն Եղվարդ գյուղում), սակայն բուժօգնության ավելի լուրջ հարցերը չեն կարող լուծվել տեղում։ Մարդիկ լիարժեք բուժօգնություն ստանալու համար պետք է կրկին հասնեն Կապան քաղաք։ Այսպիսով, ադրբեջանական ծառայողների՝ հայկական գյուղերին այդքան մոտ տեղակայված լինելը, ամրացումները եւ նրանց կողմից միջհամայնքային ճանապարհների վերահսկողությունը խորացնում են մարդկանց իրավունքների խախտումները, խաթարում են նրանց բնականոն կյանքը: Հետեւաբար ինչպես արձանագրել է ԱԺ ՄԻՊ եւ ՀՀ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, պետք է գործուն քայլեր ձեռնարկվեն անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու համար, որպեսզի վերականգնվեն սահմանային բնակավայրերի բնակիչների իրավունքները կամ դրանց մի մասը»:


«Իրավունք» թերթը գրում է. «Դերասանուհի, հաղորդավարուհի Շուշաննա Թովմասյանը, որն առավել հայտնի է «Դժվար ապրուստ» հեռուստասերիալից, Հայաստանից հեռացել է: Ըստ մեր ունեցած տեղեկությունների` դերասանուհին այժմ բնակվում է ԱՄՆ-ում: Դերասանուհուն մոտ կանգնած աղբյուրը նշում է, որ վերջինս Հայաստանը լքել է, քանի որ Հայաստանից բավականին հիասթափված է»: