VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Տարեվերջին ՀՀԿ-ից հաղորդել էին, որ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 2-րդ կեսին կհրավիրի ասուլիս եւ «նոր մանրամասներ կհայտնի հանրությանը ԼՂ հակամարտության բանակցային գործընթացից»: Ենթադրվում էր, որ նա պատասխանելու է Նիկոլ Փաշինյանի տարեվերջյան ասուլիսում հնչած հայտարարություններին։ Երեկ տեղեկացանք, որ որոշվել է ոչ թե ասուլիս հրավիրել, այլ հարցազրույց տալ, որի ժամանակ կներկայացվեն բանակցությունների ընթացքում մշակված եւ ստորագրման պատրաստ փաստաթղթերը, որոնք թեեւ չեն ստորագրվել, սակայն մինչ օրս չեն էլ հրապարակվել։ Վերջին պատերազմից հետո դրանք այլեւս կորցրել են գաղտնիության իմաստը։ Հարցազրույցը կվարի հարցազրուցավար Դավիթ Սարգսյանը, կհեռարձակվի «Արմնյուզ» հեռուստաընկերությամբ, հավանաբար՝ հունվարի վերջին օրերին, գուցե հենց Բանակի օրը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին իրավապահները կրկին մտել են Դոն Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի տուն, խուզարկություն են իրականացրել։ Մեզ հետ զրույցում Ասատրյանը հաստատեց, որ իր տանը խուզարկություն է իրականացվել, եւ ասաց, որ ստիպված է եղել ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել․ «Քանի որ պատվերով քրեական գործեր էին հարուցվում, ընկած են իմ հետեւից ամբողջ պետական համակարգով, սա չորրորդ անգամն է, որ իմ բացակայության ընթացքում խուզարկություն են կատարում իմ տանը»։ Հիշեցնենք, որ 2018-ի իշխանափոխությունից հետո Դոն Պիպոն կալանավորվեց, նույն օրերին Մանվել Գրիգորյանի նկատմամբ հետապնդումներ սկսվեցին։ Իշխանությունը որոշել էր, որ երկու հակամարտող կողմերին պետք է հավասարաչափ հետապնդի։ Հետագայում պարզվեց, որ անհիմն են մեղադրել ինչպես գեներալ Մանվելին, այնպես էլ Արթուր Ասատրյանին։ Վերջինս, ի դեպ, Արմավիրի մարզում եւ Էջմիածնում մի շարք բարեգործական ծրագրեր է իրականացրել, աջակցել անապահովներին, դպրոցներ նորոգել եւ այլն։ Այս ընթացքում սպանվեցին նրա վարորդն ու եղբայրը, ու նա ամիսներ առաջ մեկնեց Ռուսաստան։ Իսկ օրեր առաջ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դիմում է ներկայացրել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հունվարի 9-ին սրտի նոպայով «Էրեբունի» ԲԿ տեղափոխված Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը սրտի ստենտավորումից մի քանի օր հետո դուրս է գրվել, մի քանի օր էլ Երեւանում մնալուց հետո վերադարձել է Արցախ։ Արցախից մեզ փոխանցեցին, որ նա անցած շաբաթվանից հաճախում է աշխատանքի՝ ինքնազգացողությունը լավ է։ Նույն օրերին սրտի բաց վիրահատություն է տարել նաեւ քաղաքական գործիչ Արա Սահակյանը։ Նորքի սրտաբանական կլինիկայում սրտի շունտավորում են իրականացրել, որը բավականին բարդ պրոցես է։ Սահակյանը դեռեւս հիվանդանոցում է՝ ապաքինման փուլում է»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ուշագրավ իրավիճակ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի մասով։ Բանն այն է, որ երեկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Նիկոլ Փաշինյանը՝ ընդդեմ Հայաստանի» գործով վճռել է, որ խախտվել են Փաշինյանի ազատության եւ անձնական անձեռնմխելիության, հավաքների ազատության իրավունքը եւ նրա իրավունքները հարգելու պետության պարտականությունը։ Նկատենք՝ այս գործը վերաբերում է այն ժամանակ ընդդիմադիր գործիչ Փաշինյանի ազատազրկմանը, որը տեղի է ունեցել 2008 թվականի ընտրություններից հետո, երբ նա աջակցում էր նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Հետաքրքիր է, որ երեքուկես տարի առաջ տեղի ունեցած հեղափոխությունից հետո ՄԻԵԴ 2008 թվականի դեպքերին վերաբերող վճիռները ակտիվացել են։ ՄԻԵԴ-ից մի վճիռ էլ նախորդ տարվա սեպտեմբերին էր եկել՝ կրկին Փաշինյանի դիմումի հիման վրա, սակայն այս անգամ ֆինանսական պահանջ առկա չէր։ Նկատենք, որ «Մարտի 1»-ի գործով վերջին տարիներին իրենց օգտին վճիռներ են ստացել Սասուն Միքայելյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Գրիգոր Ոսկերչյանը, Մուշեղ Սաղաթելյանը եւ, իհարկե, Նիկոլ Փաշինյանը։ Ու հիմա իսկապես հարց է առաջանում` ՄԻԵԴ-ի իրար հետեւից վճիռները ինչո՞ւ հիմա եղան»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ գլխավոր դատախազության եւ Հակակոռուպցիոն կոմիտեի ջրերը մեկ առվով չեն հոսում, եւ հակասություններն արդեն տեղափոխվել են հրապարակային դաշտ: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ դատախազությունը պատերազմ է հայտարարել Հակակոռուպցիոն կոմիտեին: Բանն այն է, որ դատախազությունը նախկին պաշտոնատար անձանց դեմ հարուցված քրեական գործերով մեղադրանքները չի հաստատում եւ դատարան չի ուղարկում, այլ հետ է ուղարկում Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչին՝ նոր հանձնարարականներ տալով: Օրինակ՝ 1. Գլխավոր դատախազությունը վերացրել էր ՀՔԾ-ի (այսօրվա Հակակոռուպցիոն կոմիտեի) որոշումը՝ պատգամավոր Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական գործ չհարուցելու դեպքով, եւ ուղարկել է ՀՔԾ՝ կրկին քննություն իրականացնելու, որտեղ էլ արդեն հարուցվել է քրեական գործ։ Փաստ 2. նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով Հակակոռուպցիոն կոմիտեն նախաքննության ավարտ էր հայտարարել եւ այն ուղարկել էր Գլխավոր դատախազություն՝ հաստատելու եւ դատարան ուղարկելու համար: Դատախազությունից, սակայն, հայտնել էին, որ քրեական գործը չի հաստատել դատախազը եւ այն հետ է ուղարկել: Հիմա էլ հերթը հասել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ հարուցված քրեական գործին: Գասպարյանի գործը Գլխավոր դատախազությունը համապատասխան ցուցումներով հետ է ուղարկել լրացուցիչ նախաքննության։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են. «Դատախազի որոշումը գնահատում ենք անօրինական եւ չհիմնավորված»: Իսկ Դատախազությունն էլ Կոմիտեին փորձում է իր տեղը ցույց տալ. «Նախաքննական մարմինն ունի պարտավորություն ցանկացած պարագայում իրականացնելու օբյեկտիվ քննություն»: Ասել է թե՝ ստեղծվել է մի իրավիճակ, որ անգամ ստորադաս մարմինը, այս դեպքում՝ Կոմիտեն, գնահատական է տալիս վերահսկող կամ վերադաս մարմնի գործողություններին: Սա չլսված բան է եւ ունի խորքային պատճառներ, որոնց առաջիկայում կանդրադառնանք»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ առողջապահության նախարարությունը, չպահպանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականի մեկամսյա ժամկետը, երեկ՝ հունվարի 18-ին (հանձնարարականը դեկտեմբերի 2-ին էր եղել), հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ «նախարարությունը շտկել է կորոնավիրուսից մահացածների տվյալների անհամապատասխանությունը»: Նախարարությունը, սակայն, թվային պատկեր չի ներկայացնում՝ ինչ անճշտության մասին էր խոսքը, ինչը ոչ թե սոսկ թվեր են, այլ մարդկային կյանքեր ու ճակատագրեր: Ըստ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի՝ խոսքն ավելի քան 700 մահվան դեպքերի անճշտության մասին էր, ինչը, փաստորեն, Ավանեսյանի համար «թվերի շտկում» է ընդամենը, կամ, Փաշինյանի ասած, +/- 700 մահ: ԱՆ-ն չի պարզաբանել նաեւ՝ ինչն է եղել փնթի աշխատանքի ու մահվան սխալ վիճակագրություն ներկայացնելու պատճառը: Ո՞վ է պատասխանատուն ու ի՞նչ պատիժ է կրելու թույլ տված կոպիտ սխալի համար: Ավանեսյանը մինչեւ վերջին պահը չի գաղտնազերծել նաեւ, թե ովքեր, ինչ մասնագետներ են ներկայացված եղել «թվերը շտկող» հանձնաժողովում:
Հիշեցնենք՝ հոկտեմբերին, երբ խնդրի մասին բարձրաձայնում էր Թագուհի Թովմասյանը, Ավանեսյանը նշում էր, թե հանձնաժողովն արդեն իսկ ձեւավորվել ու քննում է անճշտությունները: Նմանատիպ պատասխան տիկին նախարարը նաեւ վարչապետ Փաշինյանին էր տալիս, բայց արդեն 2 ամիս անց: Ստացվում է՝ 2 ամիս շարունակ նա բոլորին համոզել է, թե մահվան թվերի անճշտությունն ուսումնասիրող հանձնաժողովը ստեղծվել ու գործ է անում, սակայն մինչեւ այս պահն այդպես էլ չի հստակեցրել՝ հանձնաժողովն, ի վերջո, երբ ու ինչ կազմով է ստեղծվել ու գործել: Երկու գերատեսչությունների՝ Առողջապահության նախարարության ու Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տեղեկատվությունների հակասությունը նաեւ Գլխավոր դատախազությունն է ուսումնասիրում, ու երեկ տարածած հաղորդագրությամբ ԱՆ-ն, ասես գլխին գալիքը գիտակցելով, փորձում է կանխարգելել դատախազության կողմից մատնանշվելիք հավանական բացթողումներն ու հարցապնդումները: Հարց է նաեւ, թե կորոնավիրուսի հետեւանքով մահացածների թվերի անճշտության մասին նախարարությունն ինչու չէր խոսում դեռ մեկ տարի առաջ, երբ 2021 առաջին ամսիներին ՊՎԾ-ն հրապարկել էր իր վիճակագրությունը, ու արդեն այդ ժամանակ հստակ էր՝ մահվան թվերի հետ ինչ-որ բան այն չէ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի մեր հայրենակիցներից տեղեկացանք, որ զանգեր են ստանում ադրբեջանցիներից, որոնք առաջարկում են բավականին շահավետ գործարքով վաճառել իրենց բնակարանները։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից անմիջապես հետո սկսել են Ստեփանակերտում նման խոսակցություններ պտտվել, իսկ վերջին շրջանում այդ զանգերն ավելի հաճախակի են դարձել։ Ըստ ամենայնի, Ադրբեջանի նախագահը փորձում է ցանկացած ճանապարհով տիրանալ Արցախին։ Իսկ համաձայնողներ կա՞ն՝ վաճառողներ։ «Իհարկե՝ ոչ»,- ասաց մեր զրուցակիցը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԽՍՀՄ-ի ժամանակ արտասահման մեկնելիս միշտ խմբում ընդգրկում էին КГБ-ի գործակալի։ Դա բոլորը գիտեին։ Բայց որ ԽՍՀՄ փլուզումից 30 տարի հետո՝ ՀՀ վարչապետի 2022թ․ հունվարի 5-ի որոշմամբ հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովում կընդգրկվեին մեկ ծպտյալ կագեբեշնիկ կապիտան ու եւս մեկ ցածրաստիճան՝ ԱԱԾ-ից, աներեւակայելի էր։ Այս տարվա հունվարի 24-28-ը Իրկուտսկում կայանալու է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստը։ Վարչապետի որոշմամբ, ՀՀ պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանի գլխավորությամբ 10 հոգի գործուղվելու է ՌԴ։ Նրանց թվում են նաեւ նշված երկու հոգին։ Ռուս փորձառու գեներալների հետ այդ կարեւոր նիստին հայկական կողմից լինելու են նաեւ ԿԳԲ-ի մի ծպտյալ աշխատակից՝ կոչումով կապիտան, մասնագիտությամբ հոգեբան, ՀՀ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի ԺՊ Արտյոմ Ղեւոնդյանը եւ նույն նախարարության նախարարի խորհրդական, գաղութների վարչության նախկին պետ Վանուշ Սարգսյանի որդին՝ այդ նախարարությունում ԱԱԾ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Սարգսյանը։ Ի՞նչ գործ ունեն ԱԱԾ-ականներն Իրկուտսկում, ո՞ւմ են հսկելու՝ մերո՞նց, թե՞ ռուս գեներալներին։ Ռուսներն էլ են, բնականաբար, տեղեկացված, թե ովքեր են ժամանողները։ Կա՛մ ինչ-որ մեկը «պաստավկա» է արել վարչապետին, կա՛մ հին իներցիայով «շպիոն» են ուղարկել։ Մինչդեռ նման լուրջ հանձնաժողովում լուրջ մասնագետներ էին պետք»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Չնայած «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը մեկ օր է, ինչ տեղադրված է Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում, սակայն արդեն հասցրել է այս պահի դրությամբ հավաքել 15 դեմ եւ հինգ կողմ ձայներ։ Ըստ նախագծի հիմնավորման՝ առաջարկվում է բարելավել համակարգը, անցնել ներառական համընդհանուր կրթության, նոր բովանդակություն հաղորդել 12-ամյա կրթությանը։ Իհարկե, առաջին հայացքից կարող է հիանալի նախագիծ թվալ, սակայն ինչպես միշտ է լինում, դրույթները մնում են թղթի վրա ու չեն իրականանում։ Նկատենք՝ այս նախագիծը չարչրկվածների թվին կարող ենք դասել , քանի որ այն «տարած-հետ բերած» է, սակայն դրանից հետո էլ լավը չի դարձել։ Նշենք, որ այս նախագիծը ներկայացվել էր դեռ 2021 թվականի նոյեմբերին, եւ քննարկում էր տեղի ունեցել վարչապետի մոտ։ Ամենաքննադատվող կետերից մեկը մասնագիտական կրթություն չունեցող անձանց դասավանդելու թույլտվություն տալն է։ Ըստ նախագծի՝ առնվազն 2 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը չհամալրվելու պարագայում այդ տեղի համար կարող է դիմել նաեւ մասնագիտական կրթություն չունեցող անձը։ Դիմողը պետք է անցնի ԿԳՄՍՆ-ի մշակած պետական ծրագիրը, որից հետո միայն մասնակցի մրցույթին։ Հավելենք նաեւ, որ, ըստ նախագծի, միավորային համակարգը կներդրվի միայն հինգերորդ դասարանի երկրորդ կիսամյակից, եւ ՀՀ դպրոցներում կլինի սիրողական մակարդակի կրթություն: Սա է հեղափոխական Հայաստանը: