7.12.2025
ԱՄՆ Կոնգրեսի կողմից Ցեղասպանության ճանաչման շուրջ խոսակցությունների մասին լուրերը կեղծ են
10.04.2025
ԱՄՆ Կոնգրեսի կողմից Ցեղասպանության ճանաչման շուրջ խոսակցությունների մասին լուրերը կեղծ են

Սոցիալական ցանցերում շրջանառվում են կեղծ լուրեր՝ իբր հիմնված Wikileaks-ի փաստաթղթի վրա, որոնք վերաբերում են 2007 թվականին ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ տեղի ունեցած դիվանագիտական խոսակցություններին։ Կցանկանայի ներկայացնել մի քանի դիտարկում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Առաջին՝ այս լուրերի հեղինակը, ինչպես ինքն է ներկայացրել, պարզապես ստում է։ Նրա մեկնաբանությունները և հետևությունները չեն կարող բխել Wikileaks-ի բնօրինակի բովանդակությունից և քննարկումների էությունից։ Փաստաթուղթը կցված է։ Երկրորդ՝ այդ օրերին ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունները լարված էին, և ԱՄՆ-ի բանագնացը Հայաստան էր եկել՝ խնդրելու նաև մեր միջամտությունը Կոնգրեսում Հայոց ցեղասպանության հերթական ճանաչման հարցի հետաձգման համար։ Այդ զրույցում արտահայտված մտքերի ամբողջ նպատակը այն էր, որ ԱՄՆ-ի ճնշումը հանվի Հայաստանի վրայից և տեղափոխվի թրքական կողմի վրա։ Ով որևէ սխալ բան է տեսնում Wikileaks-ի փաստաթղթում արտահայտված մտքերի մեջ, իմ խորին համոզմամբ՝ շատ հեռու է դիվանագիտությունից և պարզապես չի ըմբռնում դրա էությունը և նպատակը։ Երրորդ՝ այս հերյուրանքների տարածողները նույն մարդիկ են, ովքեր ողջունել և ծափահարել են Արցախի հանձնումը Ադրբեջանին և Հայոց ցեղասպանության ժխտման փորձերը։ Նրանք այսօր պարզապես կախվում են պղպջակներից՝ զուր փորձելով մեղադրել ուրիշներին։ Մասնավորապես՝ նրանց, ովքեր բանակցային փաստաթղթերում ամրագրել են Արցախի ինքնորոշման իրավունքը՝ հանրաքվեի միջոցով, և որոնց կառավարման տարիներին 15 պետություն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Նման մարդկանց կարելի է միայն կարեկցել և պետք է հնարավորինս հեռու պահել կառավարման լծակներից։ Նրանց պատճառած վնասը Հայաստանին և ողջ հայությանը արդեն հատել է աստղաբաշխական չափերը»,- գրել է նա: