Փաշինյանը պաշտոնապես բացեց պահանջատիրությունից հրաժարվելու Օվերտոնի պատուհանը. ՄԱՄՈՒԼ
VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Հայոց ցեղասպանությունը ժխտելու, կասկածի տակ դնելու, պահանջատիրությունից հրաժարվելու Օվերտոնի պատուհանը պաշտոնապես բացված է։ Բացումն անձամբ իրականացրեց Նիկոլ Փաշինյանը, ով շաբաթ օրը «ՀՀ սոցիալ-հոգեբանությունը» թեմայով դասախոսություն է կարդացել ՔՊ Ժողովրդավարության դպրոցում։ ՔՊ-ական շրջանակներում այլեւս կասկած չունեն, որ Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է առաջ քաշել` խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։ 1 ժամ տեւած դասախոսության գլխավոր ասելիքն այն էր, թե Հայոց ցեղասպանության պահանջատիրության թեման սրել է Ռուսաստանը, ավելի ճիշտ՝ ԽՍՀՄ-ը՝ 1946-ից սկսած, երբ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները սրվեցին, եւ ստեղծվեց ՆԱՏՕ-ն։ Փաշինյանի խոսքով՝ ՌԴ-ն եղեռնից մազապուրծ գաղթականների վերադարձ կազմակերպեց, որն ավելի սրեց պահանջատիրության հարցը։
Ողջ դասախոսության ընթացքում Փաշինյանը չի օգտագործում «ցեղասպանություն» բառը, կա՛մ «Մեծ եղեռն», կա՛մ «դժբախտություն», ինչում հայերը մեղադրում էին ԱՄՆ նախագահներին, որոնք ապրիլի 24-ի ուղերձներում խուսափում էին «ցեղասպանություն» ասելուց: Դասախոսությունից 1 օր անց արդեն ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը շարունակեց Փաշինյանին՝ բացահայտ կասկածի տակ դնելով ցեղասպանության փաստը եւ կոչ անելով ճշտել ու արձանագրել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության բոլոր զոհերի անունները։ «Ի վերջո, պետք է ունենալ բոլոր զոհերի ցուցակը: Հանկարծ ավելի կամ պակաս է լինում` 1,5 միլիոնից, ինչպես ընդունված է համարել»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ իր ասածը պարզաբանել է Քոչարյանը։ Նիկոլ Փաշինյանը թերեւս հող է նախապատրաստում՝ մի քանի օր անց ցեղասպանության տարելիցի օրն աշխարհացունց ուղերձ հրապարակելու համար, որով, հավանաբար, կուրանա հայոց պատմության այս մի էջը նույնպես՝ փորձելով բավարարել թշնամու հերթական պահանջը։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արմաս» գինու գործարանում կիրակի տեղի է ունեցել վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի կազմակերպած «խորհրդավոր» ընթրիքը՝ «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» խորագրով: Հայաստանյան գործարար տիկնանց առաջարկել էին 1 միլիոն դրամ վճարել եւ ընթրել տիկին Հակոբյանի հետ, իսկ հավաքագրված գումարները կուղղվեն մարզերի սկսնակ գործարար կանանց: Թվում էր` ամեն ինչ պետք է լիներ թափանցիկ, որ բոլորը տեսնեին, լսեին, թե ովքեր են աջակցում սկսնակ կին գործարարներին եւ ինչու: Սակայն ընթրիքն արեցին փակ ֆորմատով, առանց լուսաբանման, որից երկու օր հետո միայն՝ երեկ կեսգիշերին մոտ հոլովակ տարածեցին, հայտնելով, որ 42 կին գործարար է «մուծվել» վարչապետի կնոջը:
Հրապարակված տեսանյութից, սակայն, երեւում է, որ մասնակիցների թիվը հազիվ 40-45 հոգի լինի, որոնց շարքերում ոչ միայն գործարար կանայք, այլև իրենց օգնականները, աշխատակիցները, հարազատները, Աննա Հակոբյանի աշխատակիցները։ Հավաքին ներկա են եղել Սամվել Ալեքսանյանի գերդաստանը՝ կինը` Շողերինան, աղջիկները, քույրը՝ «Աստղիկ» ԲԿ-ի տնօրեն Ասատուր Ասատրյանի կինը, MAVI-ի տնօրեն Հասմիկ Ռաշոյանը, «Լարա» շոկոլադի գալերեայի տնօրեն Լաուրա Նահապետյանը, «Դայմոնդ» ռեստորանային համալիրի հիմնադիր տնօրեն Նարինե Չարչյանը, Խաչատուր Սուքիասյանի դուստրը, «Թեյան» ընկերության հիմնադիր Աստղիկ Գալստյանը, «Աննա-թեյ»-ի հիմնադիր Աննա Սահակյանը եւ այլք։ Կանայք ոչ միայն ընթրել են, այլ «տժժացել», պարել, ուրախացել: Ի դեպ, «Արմասին» էլ մեղադրանքներ են ուղղվել այս նախաձեռնության համար, որ աջակցում են հող հանձնող իշխանություններին»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի հետ կատարվածից հետո ՔՊ ֆրակցիայի ղեկավարությունը նրան հորդորել է դիմել իրավապահներին, որ տրանսպորտում իր հետ վիճաբանած քաղաքացուն՝ Սամվել Վարդանյանին պատժեն։ Ֆրակցիայի մեր աղբյուրն անկեղծացավ, որ վերջին շրջանում՝ Տավուշի թեմայից հետո, հանրային վերաբերմունքը կտրուկ փոխվել է իրենց նկատմամբ` դեպի բացասական։ Եվ նրանցից շատերն են նման տհաճ միջադեպերի մեջ հայտնվում՝ մարդիկ նյարդային են արձագանքում իրենց տեսնելիս, սակայն դրանք միշտ չէ, որ տեսալուսանկարահանվում են, ուստի ՔՊ-ն չի բարձրաձայնում դրանք: Մինչդեռ երեկ ՔՊ վերնախավը՝ ԱԺ նախագահի գլխավորությամբ, դատափետեցին երիտասարդին, թե պատժելու են «խուլիգանական», անհարգալից պահվածքը: Ուղղակի նման պատմությունների մեջ ընկնողները ոտքով քայլող շարքային ՔՊ-ականներն են, որոնց մեղքն անհամեմատ փոքր է առաջնորդների մեղքից, որոնք շրջում են ծառայողական մեքենաներով ու թիկնազորով շրջապատված, եւ Ասլանյանին վիրավորած երիտասարդին պատժելը նաեւ ինքնապաշտպանություն է` մարդկանց աչքը վախեցնեն, որ այլեւս նման միջադեպեր չկրկնվեն:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․«ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանն իր թիմակիցների հորդորով է իրավապահներին դիմել՝ իր հետ վեճի բռնված քաղաքացուն՝ Սամվել Վարդանյանին պատժելու համար: Այսպիսով, երեկ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի եւ քաղաքացի Սամվել Վարդանյանի մասնակցությամբ երթուղայինում տեղի ունեցած վիճաբանությունը մեծ աղմուկ է բարձացրել: Միջադեպից անմիջապես հետո ArmLur.am-ը կապ էր հաստատել պատգամավորի հետ՝ մանրամասներ պարզելու, նաեւ հետաքրքրվել էինք նրանից՝ արդյոք պատրաստվում է ոստիկանություն դիմելու եւ քաղաքացուն պատասխանատվության ենթարկելու.«Ո՛չ, նա ո՞վ է, նա ո՞վ է, որ դիմեմ ոստիկանություն» բարկացած նետել էր իշխանական պատգամավորը:
Բայց, ժամեր անց իրավիճակ է փոխվել: Գրեթե բոլոր ՔՊ-ականները, Ալեն Սիմոնյանի եւ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ, «խիստ դատապարտեցին» միջադեպը եւ ձեռքի հետ էլ հստակ ուղղորդումներ տվեցին իրավապահներին, որ քաղաքացի Սամվել Վարդանյանին պատասխանատվության ենթարկեն: Միջադեպին առաջինն արձագանքեց Ալեն Սիմոնյանը. «Այսօր մի ոչնչություն իրեն թույլ է տվել խուլիգանական արարք հանրային տրանսպորտով երթեւեկող ՀՀ ԱԺ պատգամավոր 69-ամյա Հակոբ Ասլանյանի նկատմամբ, ով, ի դեպ, երեք պատերազմի մասնակից է:Այս խուլիգանական արարքը շատ արագ արժանանալու է օրենքի ամենախիստ արձագանքին, թող հանկարծ որեւէ մեկը չկասկածի»,-տելեգրամի իր ալիքում գրել էր նա:
Այնուհետեւ նրան միացավ ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը. «Խստորեն դատապարտում եմ ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանի նկատմամբ կատարված ակնհայտ խուլիգանությունը: Վստահ եմ` իրավապահ մարմինները րոպե առաջ կգտնեն մեղավորին»:
Ահա իր թիմակիցների բարձրացրած աղմուկից ու ցուցումներից հետո ՔՊ-ական Հակոբ Ասլանյանը, որը սկզբում հարկ չէր համարում դիմել ոստիկանություն, գնացել ու դիմում է ներկայացրել՝ ընդդեմ Սամվել Վարդանյանի, ինչից հետո վերջինս առայժմ 72 ժամով ձերբակալվեց: Այսինքն՝ ՔՊ-ական պատգամավորը ոչ թե իր մտքով ու ցանկությամբ է գործել այս դեպքում, այլ իր թիմակիցների ուղղորդմամբ. տեսնենք՝ քննությունն ինչ ընթացք կունենա: Համենայնդեպս, քննչական կոմիտեին քաղաքական պատվերը իջել է հրապարակային կերպով»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․«Այսօր որոշվում է, թե ովքեր են այն երեք դատավորները, որոնք կգնան Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այսօր Վճռաբեկ դատարանում կրկին հավաքվելու են Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանը, սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը եւ այլ պաշտոնյաներ, որպեսզի, ի վերջո, վերջնական որոշեն, թե ովքեր են այն երեք լավագույն թեկնածուները, որոնց տվյալները ուղարկվելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ մրցույթի ավարտից հետո՝ 11-րդ օրը, ժամանակ էր տրվել հանձնաժողովի անդամներին իրենց մեջ ամփոփել մրցույթը, գնահատել մասնակիցներին, թե 7 թեկնածուներից ովքեր են լավագույն երեքը, որ կգնան ՄԻԵԴ:
Արդյունքում՝ հանձնաժողովի անդամները իրենց գնահատականները ունեն եւ այսօր կհավաքվեն ու երեկոյան պարզ կլինի, թե ովքեր են այն 3 լավագույնները, որոնք կգնան ՄԻԵԴ: Վերջում գնդակը եվրոպական դատարանի դաշտում կլինի. այնտեղից է վերջնականապես որոշվելու եռյակից մեկն ու նշանակվելու Հայաստանից ՄԻԵԴ դատավոր։ Հիշեցնենք, որ 2019 թվականին Աննա Մարգարյանը ներկայացվել էր ԱԺ՝ որպես ԲԴԽ թեկնածու, որին Ազգային ժողովում այդպես էլ չընտրեցին:
Նշենք, որ Հայաստանից ՄԻԵԴ դատավորի պաշտոնի համար մրցակցում են
1. Հայկ Ալումյանը2. Լիզա Գրիգորյանը3. Վահե Գրիգորյանը4. Նորա Կարապետյանը5. Արմեն Մազմանյանը6. Աննա Մարգարյանը7. Վիգեն Քոչարյանը
Սպասենք որոշման արդյունքներին»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․««Freedom House» իրավապաշտպան միջազգային կազմակերպությունը հրապարակել է տարեկան հերթական զեկույցը, որով ՀՀ դատական համակարգը 1-ից 7 բալային համակարգի սանդղակով գնահատել է 2.75 միավորով։ Եթե հաշվի առնենք զեկույցը, եւ հիմք ընդունենք դատաիրավական ոլորտի լուսաբանումները, որոնք փաստում են անկախ եւ կարծիք հայտնած դատավորների դեմ գործողությունները, ապա կարող ենք ասել, որ այս թիվը արդարացված է։ Ականատես ենք եղել դատավորների պաշտոնանկության դեպքերից մինչեւ նրանց ճնշումներին՝ ազատ կարծիք ունենալու «պատճառով»։
«Freedom House»-ի զեկույցում մասնավորապես ասվում է. «Արդարադատության նախկին նախարար, «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Կարեն Անդրեասյանի՝ 2022 թվականին Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) ղեկավար ընտրվելուց հետո նրա՝ իբրեւ նախագահի պաշտոնավարումը նշանավորվել է մի քանի դատավորների նշանակման եւ ազատման վերաբերյալ վիճահարույց որոշումներով։ Հատկապես մտահոգություններ կան ՍԴԽ-ի անկախությունը կասկածի տակ դրած դատավորների, ինչպես նաեւ նախկին վարչակարգի հետ առնչվող դատավորների նկատմամբ կարգապահական կամ այլ կերպ կիրառվող միջոցների վերաբերյալ: Մինչդեռ անկողմնակալության եւ անկախության կասկածելի փորձ ունեցող «հավատարիմ» դատավորները շահագրգռված են կատարել իշխանության անհագ ցանկությունները:
Հայաստանի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից իր անձեռնմխելիության ստուգման բացասական արդյունք ստացած եւ քաղբանտարկյալներին դատապարտելու պատմություն ունեցող Մնացական Մարտիրոսյանի նշանակումը Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնում հանգեցրեց Հայաստանի իրավապաշտպան հանրության արձագանքին։ Դատավոր Դավիթ Հարությունյանն ազատվել է աշխատանքից այն բանից հետո, երբ քննադատել է արդարադատության նախարարությանը եւ ԲԴԽ-ին, ինչը վերջիններս մեկնաբանում են որպես դատավորների վարքագծի կանոնների խախտում եւ քաղաքական ներգրավվածության արգելք՝ ամրագրված դատական օրենսգրքի 69-րդ եւ 159-րդ հոդվածներով։
2023 թվականի ընթացքում հասարակական դիտորդները ահազանգել են ոստիկանության եւ այլ իրավապահ մարմինների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնության դեպքերի աճի մասին, մասնավորապես՝ ոստիկանության բաժանմունքներում երեք փաստաբանների նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ, երբ նրանք ներկայացնում էին իրենց հաճախորդներին ոստիկանության բաժիններում, եւ սա այն բանից հետո, երբ նախորդ տասնամյակում նման դեպքեր չեն եղել: Դիտորդները նաեւ հայտնել են ոստիկանության աշխատակիցների կողմից կալանավորների նկատմամբ ֆիզիկական եւ մտավոր բռնության դեպքեր»: Առանձնացնելով այս հատվածները բազմատող զեկույցից՝ նկատում ենք, որ այն ամենը, ինչի վրա իշխանությունը աչք է փակում միջազգային հանրության կողմից ստանում է պատշաճ պատասխան՝ դատապարտելով դատավորների հանդեպ ճնշումներն ու քաղաքացիների հանդեպ իրականացրած բռնությունը»:
«Փաստ» օրաթերթը գրում է. 2024 թվականի հունիս 1-ից Վրաստանում արտասահմանցիների համար պարտադիր կդառնա կյանքի և առողջության ապահովագրությունը, որն ապահովելու է զբոսաշրջիկի համար անհրաժեշտ բուժօգնության տրամադրումը և դժբախտ պատահարներից ապահովագրումը: Այսինքն, ցանկացած օտարերկրացի, որը ցանկանում է մեկնել Վրաստան՝ անկախ այցի նպատակից, անպայման պետք է ունենա նշյալ ապահովագրությունը: Հակառակ դեպքում յուրաքանչյուր չապահովագրված անձի համար կիրառվելու է տուգանք 300 լարիի չափով (մոտ 46 հազար դրամ): Այս օրենքը Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունվել է անցյալ տարեվերջին: Կիրառմանը փաստացի մնացել է մեկուկես ամիս, սակայն ուշագրավ է, որ մեր պատկան կառույցները դեռևս չեն շտապում պատշաճ ծանուցել մեր հանրությանը: Այնինչ, համապատասխան իրազեկումները շատ կարևոր են՝ հաշվի առնելով, թե հատկապես ամռանը ՀՀ որքան քաղաքացի է մեկնում Վրաստան:
Ըստ վիճակագրության, միայն 2023 թվականին այդ թիվը եղել է մոտ 900 հազար: Ի դեպ, նշենք, որ ապահովագրական ընկերությունները միշտ էլ առաջարկել են նման ապահովագրական փաթեթներ տարբեր երկրների, այդ թվում՝ Վրաստանի համար: Սակայն հաշվի առնելով, որ Վրաստանում դա պարտադիր է դառնում, այս ընկերությունները ևս պետք է որ ակտիվություն դրսևորեն՝ իրազեկելու մեր քաղաքացիներին ու բացատրելու, թե մեկնելուց առաջ ինչ քայլեր պետք է անեն:
«Փաստ» օրաթերթը գրում է. Բրիտանական The Times պարբերականին խայտառակագույն մանրամասներ են հայտնի դարձել Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի կողմից Հայաստանի, Կոտ դ’Իվուարի, Կոստա Ռիկայի և Բոտսվանայի ներկայացուցիչների հետ բանակցությունների վերաբերյալ: Ըստ բրիտանական պարբերականի հրապարակման, Մեծ Բրիտանիան արդեն 18 ամիս փնտրում է երկրներ, որոնք պատրաստ կլինեն ընդունել ապօրինի ներգաղթյալներին: Խոսքն այն մասին է, որ ապօրինի ներգաղթյալները պետք է այդ երկրներում տեղակայվեն, քանի դեռ բրիտանական իշխանությունները կքննարկեն ապաստանի տրամադրման վերաբերյալ նրանց հայցերը: Լոնդոնն ակնկալում է այս չորս երկրի հետ կնքել Մեծ Բրիտանիայի և Ռուանդայի միջև նախկինում ձեռք բերված համաձայնագրի համարժեքը: Նշվում է նաև, որ Հայաստանն ակնկալում է այս գործարքից ստանալ առնվազն 290 միլիոն ֆունտ ստեռլինգ:
Այսինքն, եթե Փաշինյանի կառավարությունը նման համաձայնագիր կնքի Մեծ Բրիտանիայի հետ, ապա Հայաստանն արագորեն կվերածվի «ապօրինի ներգաղթյալների» բրիտանական գաղութի: Հնարավոր է՝ Փաշինյանն այդպես ցանկանում է գերակատարել իր ֆանտաստիկ հայտարարություններից մեկը, այն է՝ մինչև 2030 թվականը Հայաստանում 5 միլիոն բնակչություն ապահովելը: Հատկանշական է, որ նույն հրապարակման համաձայն, Էկվադորը, Պարագվայը, Պերուն, Բրազիլիան և Կոլումբիան նշել են, որ քիչ են հետաքրքրված նման ծրագրով, իսկ Մարոկկոն, Թունիսը, Նամիբիան և Գամբիան ակնհայտորեն հրաժարվել են անգամ քննարկել այդ հարցը: Դե, իսկ Հայաստանը... Ի դեպ, երեկ ՀՀ ԱԳՆ-ն հերքումանման մի բան տարածեց: Մասնավորապես, ԱԳՆ խոսնակը ՌԻԱ-Նովոստի ռուսական գործակալությանն ասել է. «Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ունեն քաղաքական երկխոսության լայն օրակարգ, սակայն կոնկրետ հրապարակման մեջ բարձրացված հարցի վերաբերյալ առարկայական կամ տեխնիկական բանակցություններ չեն եղել»:
Հիմա սա հերքո՞ւմ էր, թե՞ հաստատում: Ի՞նչ է նշանակում «լայն օրակարգ կա», բայց այդ հարցով բանակցություններ չեն եղել: Եթե իսկապես ոչ մի նման բան չի եղել, ապա ինչո՞ւ եք այդքան ոլոր-մոլոր հերքում: Կարճ-կոնկրետ ասեիք՝ նման բան չկա, և վերջ: Մինչդեռ, այս տարբերակով ստացվում է, որ հերքելով՝ հաստատեցին: Հետաքրքիր է համանման էլ ի՞նչ խութեր կան դեռ, որ մեր հանրությունը չգիտի... Սա մի տեսակ հիշեցնում է հայտնի սկետչի ձևակերպումը, թե՝ կարող ենք շիրմաքարին գրել՝ «Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ», փողին մուննաթ...
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Տավուշի թեմի հրապարակած տեսահոլովակը, որտեղ բացահայտվում է Նիկոլ Փաշինյանի ասած սուտը, թե Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում նախկինում պատարագներ չեն մատուցվել, միայն սկզբնաղբյուրի՝ Տավուշի թեմի երիտասարդաց պատասխանատու Թովմաս ուրարակիր Առաքելյանի ինստագրամյան էջում 2 օրվա ընթացքում 2 միլիոնից ավելի դիտում է ունեցել։ «Ես որեւէ ձեւով չեմ մեկնաբանում այդ տեսանյութը, որովհետեւ ուղերձն ավելի քան հստակ է, տեսանելի ու հասկանալի։ Այս պահին շուրջ 1200 մեկնաբանություն կա տեսանյութի տակ, այդ մեկնաբանություններն առավել քան խոսուն են», - ասաց Թովմաս ուրարակիր Առաքելյանը։