Նիկոլ Փաշինյանը վա-բանկ է գնում. ՄԱՄՈՒԼ
VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ապրիլի 5-ին Բրյուսելում սպասվող եռակողմ հանդիպմանը ՌԴ-ն բավականին կոշտ արձագանքեց։ Հայկական կողմն էլ սուր պատասխանեց։ Այդ «պատասխանատու գործը» կարծես վստահվել է ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանին: Ժամանակին ռուսական շրջանակների կողմից ընդունելի այս գործիչն այնքան հեռուն է գնացել, որ Հ1-ի եթերում օրերս ասաց, թե Ռուսաստանը խնդիր է դրել «ծնկի բերել» մեր պետականությունը, որ ՌԴ-ն է թույլ տվել Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա, Արցախը հանձնել եւ այլն: ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինն այդ ամենը որակեց սուտ։ Փաշինյանը փորձում է Ալեն Սիմոնյանի բերանով վերջակետ դնել մազից կախված հայ-ռուսական հարաբերություններին եւ միանգամից մի քանի նապաստակ է սպանում` Ալեն Սիմոնյանին «փչացնում» է մինչեւ վերջ, զոնդաժ է անում, թե ՌԴ-ն ինչպես կարձագանքի այս հայտարարություններին․ եթե արձագանքը շատ կոշտ լինի, «ժերտվա» կտա ԱԺ նախագահին, թե դա նրա անձնական կարծիքն էր: Եթե շատ կոշտ չլինի, վերջնականապես կթռչի Արեւմուտքի գիրկը՝ այրելով հայ-ռուսական բոլոր կամուրջները:
«Փաստ» օրաթերթը գրում է. Երեկ քպական պատգամավորներից մեկը նորից մեղադրանքներ է հնչեցրել Ռուսաստանի հասցեին՝ փաստացի շարունակելով Նիկոլ Փաշինյանի քարոզչական թեզերը: ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ իր հերթին նշել էր. «Այսօր մենք Ռուսաստանի հետ նույն լեզվով չենք խոսում. այն խնդիրները, որոնք կան Ռուսաստանի հետ հարաբերություններում, անհնար է թաքցնել»։ Սա արդեն նորություն չէ. գրեթե ամենօրյա ռեժիմով քպականներից ոմանք փորձում են հանրությանը համոզել, որ «ամեն ինչում ռուսներն են մեղավոր»: Ավելին, քպականների ու հենց Նիկոլ Փաշինյանի՝ վերջին օրերի ու հատկապես երեկվա հայտարարություններից տպավորություն է, որ հանրության վրա «վախ ծախելուն» զուգահեռ հիմքեր են ստեղծում այդ «վախի» հնարավոր «առարկան» հետագայում ռուսների «գրպանը գցելու» համար: Սակայն, ինչպես երևում է, Հայաստանի օրվա իշխանություններն իրենց հակառուսական քաղաքականության մեջ միայն հայտարարություններով չեն սահմանափակվում: Կան տեղեկություններ, որ գարնանից սկսվել են ռուսներին «նեղելու» գործողություններ, ընդ որում՝ տարբեր ուղղություններով։ Խոսքը թե՛ ռուսական զինված կոնտինգենտի, թե՛ այլ մասնագետների նկատմամբ կատարվող քայլերի մասին է։
Օրինակ՝ մեր աղբյուրները փոխանցում են, որ ՌԴ-ի զինված ուժերի հայաստանյան ծառայողներից մեկի բնակարանում վերջերս խուզարկություն է իրականացվել, բայց այդպես էլ ոչինչ չի հայտնաբերվել: Սակայն ուշագրավ է, որ, մեր տեղեկություններով, 102-րդ ռազմաբազայի հրամանատարությանը տեղյակ չի պահվել այդ մասին, ինչը, մեր զրուցակիցներից մեկի խոսքերով, պարտադիր պայման է։ Կան նաև տեղեկություններ, որ ինչ-որ «ժանգլ յորություններ» են արվել ռազմաբազայի զինվորականների ընտանիքների, երեխաների՝ բժշկական ծառայություններից օգտվելու ցանկերի հետ կապված։ Ու սրանք միայն մի քանի օրինակներ են: Մեր աղբյուրի փոխանցմամբ, այս և այլ դեպքերի հետ կապված Ռուսաստանում հստակ միտում են տեսնում, քանի որ նախկինում երբևէ այդ կարգի միջադեպեր չեն եղել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում կրկին փակ հանդիպում է նախատեսում ունենալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ: Օրակարգում կրկին առաջիկայում սպասվող սահմանազատման աշխատանքներն են լինելու եւ ԵՄ անդամակցության հարցը: Բանն այն է, որ երկու հարցերի մասով էլ դեռ շատ տարաձայնություններ կան իշխանական թեւի մեջ: ԱԺ-ում մարտի 7-ին տեղի ունեցած փակ հանդիպման ժամանակ էլ ՔՊ-ականներին շատ հարցերի շուրջ չի հաջողվել համաձայնության գալ, ուստի որոշել են, որ նման ձեւաչափով հանդիպումները շարունակական են լինելու, մինչեւ բոլոր հարցականները պարզված լինեն: Թեեւ, մյուս կողմից, ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, խոստովանել է բազմիցս իր թիմի առաջ, որ ոչ մի երկու քարտեզ չկա, որ համապատասխանեն իրար. յուրաքանչյուրն ունի իրենը ու բացառիկ ռելիեֆով»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Արցախի պետական ինստիտուտները ՀՀ անվտանգությանը սպառնալիք համարող Նիկոլ Փաշինյանը լծվել է այդ ինստիտուտների ոչնչացմանը։ Շաբաթ օրը հաղորդեցին, որ մի խումբ ՔՊ-ականներ այցելել են Արագածոտնի մարզ եւ հանդիպել մարզում ապաստանած արցախցիներին` քննարկել նրանց խնդիրները եւ խոստացել լուծում տալ։ Մեր աղբյուրները վստահեցնում են, որ մի քանի տասնյակ մարդու մեջ մեկ ձեռքի վրա հաշված արցախցիներ կային հանդիպմանը, սակայն խնդիրը դա էլ չէ․ նման հանդիպումներով իշխանությունն ուզում է վերջնականապես տապանաքար դնել Արցախի պետական ինստիտուտների վրա՝ ցույց տալով, որ իրենք ուղիղ շփումներով են արցախցիների խնդիրները լուծում, այլ ոչ թե արցախյան որեւէ գերատեսչության կամ պաշտոնյայի միջոցով: Այսինքն՝ Արցախի պետական կառույցների ո՛չ անհրաժեշտությունը կա, ո՛չ իմաստը։ Մի բան, որ առաջարկում էր Սամվել Բաբայանը` Արցախի հանձնումից հետո. նա Փաշինյանին համոզում էր ՀԿ-ի կարգավիճակով մի կառույց ձեւավորել, իրեն նշանակել ղեկավար, որ զբաղվեր արցախցիների խնդիրներով՝ փաստացի դառնալով արցախցիների ղեկավարը։ Ի դեպ, Արցախի մի խումբ ՀԿ-ների ակտիվությունն էլ է դրան միտված, խոսքն Արտակ Բեգլարյանի եւ այլոց ՀԿ-ների ու ակցիաների մասին է, որով փորձում էին արցախցիների թեման վերցնել իրենց ձեռքը: Սակայն առաջին հանրահավաքը տպավորիչ չէր, ուստի անցան պլան Բ-ին՝ ուղիղ շփումներին արցախցիների հետ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ վարչապետի աշխատակազմը «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին, որը հայտնի է, որպես «ֆեյքերի» ՊՈԱԿ, 2024 թվականին մեկ օրվա ընթացքում 2 անգամ դրամաշնորհային ծրագրով գումար է փոխանցել։ Առաջին դրամաշնորհի արժեքը կազմել է 731 մլն 763 հազար հարյուր դրամ, իսկ երկրորդինը՝ 16 մլն 500 հազար դրամ։ Բանն այն է, որ այդպես էլ անհասկանալի է, թե ինչու պետք է այդ ՊՈԱԿ-ը այդպիսի մեծ գումարներ ստանա պետբյուջեից, երբ, բացի Նիկոլ Փաշինյանի անձնապաշտությունից, ֆեյքերով ընդդիմախոսների վրա հարձակումից, ոչինչ հայտնի չէ նրանց գործունեության մասին հանրային գիտակցության մեջ: Սեփական վրդովմունքը կեղծ էջերի միջոցով եւ լուտանքների տեսքով լցնում են հանրային դեմքերի անձնական էջերում՝ վիրավորելով անձի պատիվն ու արժանապատվությունը, անգամ թիրախավորելով արտաքին տեսքն ու հագուստը։
Պետական բյուջեից միլիոններ ստացող այս ՊՈԱԿ-ից ոչ մի անգամ օգտակար, հայրենանպաստ ոչ մի գործողություն չտեսանք, նույնիսկ պաշտոնական ամփոփոգրերի տեսքով։ Ըստ երեւույթին, ամփոփումները գործադիրի ներքին լսարանի համար են, երբ կառավարության գլխին զեկուցվում են ֆեյքերի «հաղթանակների», «գրոհների» կամ «տակտիկական նահանջների» մասին։ Գուցե հենց «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ն է Փաշինյանին միտք տվել էժանագին վերլուծություններով զբաղվել համաշխարհային «Տիկ-Տոկ»-ում եւ իր հետ միասին համացանցային այդ հարթակ քարշ տալ ՔՊ-ականներին»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Կիրակի օրը Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցած զատկական պատարագին իշխանական ողջ կաստայից որեւէ պաշտոնյա ներկա չէր, ի տարբերություն անցած տարվա, երբ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը կար։ ՔՊ թիմում այնպիսի ստրկական մթնոլորտ է, որ անգամ որեւէ փոխնախարար չի համարձակվում մասնակցել պատարագին, քանի որ շեֆը խոր ատելություն ունի եկեղեցու առաջնորդի եւ հոգեւոր դասի նկատմամբ։ Փաշինյանն ու թիմակիցները կարծում են, թե Զատկի շնորհավորական ուղերձներով, սաղմոս կարդալով կամ Քրիստոսի հետ համեմատվելով, լրացնում են այդ բացը։ Մարտի 30-ին Արտաշատում կուսակտիվի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանն ասել է. «Հիսուս Քրիստոսն առաջնորդի իդեալական կերպար է, երբեւէ երկրագնդի վրա քայլած ամենամեծ հեղափոխականը։ Նա երկրագնդի վրա շատ բան է փոխել երբեմն թվացյալ պարտությունից հետո կամ դրա միջոցով: Ես երբեմն այս բանաձեւն ասոցացնում եմ մեր քաղաքական գործունեության եւ մեր կուսակցության հետ: Մեր քաղաքական առաքելությունն էլ բազմիցս մեռել է եւ բազմիցս հառնել է»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Քրեական վարույթներով նշանակված փորձաքննությունների ուշացումը պատկան մարմինները միմյանց վրա են գցում: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ գլխավոր դատախազը գրություն է ուղարկել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին եւ հայտնել, որ իրենց ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ քննության ողջամիտ ժամկետների ձգձգումները, ի թիվս այլնի, պայմանավորված են քրեական վարույթներով նշանակված փորձաքննությունների կատարման ժամկետների ձգձգումներով:
Ի պատասխան գրության՝ Բյուրոյի տնօրենի՝ 2023 թվականի հոկտեմբերի 6-ի գրությամբ հայտնել է, որ մի շարք փորձաքննություններ սահմանված ժամկետներում չեն ավարտվել փորձագետների կողմից եզրակացություն տալու համար անհրաժեշտ ելակետային տվյալներ պահանջելու՝ վարույթն իրականացնող մարմնին ներկայացված միջնորդությունների կապակցությամբ տեւական ժամանակ միջոցներ չձեռնարկելու հետեւանքով: Բյուրոյի տնօրենի հիշյալ գրությամբ ներկայացված յուրաքանչյուր դեպք դարձել է ստուգման առարկա, ուսումնասիրվել են միջնորդությունների պահանջները տեւական ժամանակով չկատարելու պատճառները: Ասել է թե՝ քննիչները չեն տալիս փաստերը փորձագետներին, որոնց հիման վրա փորձաքննություններ պետք է իրականացվեն: Եւ, ահա, դատախազը հանձնարարել է ուսումնասիրել իրավիճակը, սակայն դեռ որեւէ տեղաշաժ չկա այդ ոլորտում:
Փորձաքննությունները շարունակում են երկար տեւել, որոնք մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից խնդիրներ են հարուցում: Օրինակ՝ մեղադրվում է մի անձ, որը փորձաքննության ընթացքում, պարզվում է, անմեղ է, բայց ստիպված է լինում այդ ընթացքում կալանքի տակ մնալ: Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ 2023 թվականի փետրվարի 17-ին էր գրել, որ փորձաքննությունների ազգային բյուրոյի ղեկավար Արգամ Հովսեփյանի գործունեությունց դժգոհ է դատախազ Աննա Վարդապետյանը, սակայն նոր կադրեր չկան՝ նրան փոխարինելու»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության՝ ՀՀ կրթության՝ մինչեւ 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը, որը սահմանում է նաեւ Ակադեմիական քաղաքի գաղափարը, հասարակության կողմից հավանության չի արժանանում։ Ակադեմիական քաղաքի վերաբերյալ ցանկացած առաջխաղացում առանց աղմուկ հանող լուրերի չի անցնում։ Դեռ նախորդ տարի՝ ամռանը, նախարարությունը ՀՀ պետական բուհերին եւ գիտահետազոտական կազմակերպություններին մինչեւ 2024 թվականի փետրվարի 15-ը ժամանակ էր տվել՝ հայեցակարգային առաջարկություններ ներկայացնելու ՀՀ պետական բուհերի խոշորացման եւ գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի վերաբերյալ: Թերեւս ոչ մի բուհ հստակ առաջարկ կամ նախագիծ այդ մասով չի ներկայացրել։ «Ժողովուրդ» օրաթերթը հարցումներով դիմել է ՀՀ պետական բուհեր՝ հասկանալու համար՝ ինչ վերաբերմունք կա Ակադեմիական քաղաքի վերաբերյալ, արդյոք բուհերի միավորումը նրանց համար օրակարգային է, թե ոչ։
Միայն երեք բուհից ստացանք պատասխան, որտեղ չկար հստակ ձեւակերպված որոշում։ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից ստացանք ռեկտորի կողմից համալսարանի ֆեյսբուքյան էջում արված հրապարակման հղումը, որտեղ ոչ փաստացի, բայց նախարարության ծրագրին հերքող արտահայտություններ կան. «Գտնում եմ, որ Կոնսերվատորիան այլ արվեստի բուհերի հետ միավորելն առաջ կբերի մի շարք նոր խնդիրներ: Բոլոր ժամանակներում երաժշտական կրթության հարցը եղել է Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթությունների շարքում, եւ երաժշտարվեստը մշտապես պատվով է կատարել ազգային ինքնության ամենաներկայանալիներից մեկը լինելու իր առաքելությունը։ Այս պատմական պահին, երբ Հայաստանի պետականության պահպանումը բոլորիս գերնպատակն է, երաժշտական մշակույթի նշանակությունը տասնապատկվում է»:
Հաջորդ պատասխանը Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտից ստացանք, որ դեռ քննարկումներ են տեղի ունենում բուհի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ, ինչպես նաեւ հրավիրվել է ընդլայնված կազմով Գիտական խորհրդի նիստ, որտեղ քննարկվել է Ակադեմիական քաղաքի նախագիծը։ Վերոհիշյալ քննարկումների ընթացքում ներկայացված առաջարկներով կձեւավորվի բուհի տեսլականը։ Սեփական տեսլական չունի նաեւ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը. «Երբ որոշում կկայացվի այն մասին, որ Երեւանում որեւէ բուհ չպետք է լինի, եւ եթե մենք ունենանք այդ առիթով ասելիք, անշուշտ որեւէ կաշկանդվածություն չենք ունենա այն արտահայտելու, այդ թվում՝ նաեւ Ձեր մատնանշած սահմանադրական հոդվածի համաձայն»:
Ակադեմիական քաղաքի գաղափարը մերժող համալսարանների պատասխաններից հետո ԵՊՀ-ն ուղարկեց հստակ որոշում. «Երեւանի պետական համալսարանը ներգրավված է Ակադեմիական քաղաքի հայեցակարգի մշակման աշխատանքներում: Առհասարակ, կրթական ու հետազոտական գործընթացները զարգացնելու համար մեզ անհրաժեշտ են համապատասխան միջավայր, քննարկումների ու վերլուծությունների հարթակներ, եւ այս տեսանկյունից Ակադեմիական քաղաքը կարող է լրացնել այդ բացն ու տալ որակական նոր տարածություն դուրս գալու հնարավորություն: Ինչ վերաբերում է բուհերի միջազգային հավատարմագրման գործընթացի վերաբերյալ հայտարարությանը, պետք է նշել, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը 2024 թվականի մարտի 20-ին տեղի ունեցած ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում խոսել է թեմայի մասին՝ ըստ էության անդրադառնալով թե՛ վարչապետի հայտարարությանը, թե՛ հավատարմագրման գործընթացին»:
Հիշեցնենք նաեւ, որ օրերս, երբ Դավիթ Գյուրջինյանը ընտրվեց Վ. Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր, АrmLur.am-ի հետ զրույցում նա նշեց, որ Բրյուսովը իր ուրույն տեղը կունենա բուհերի խոշորացման ծրագրում։ Ստացվում է, որ նախարարությունը հնարավորություն է տալիս բուհերին անել առաջարկ, սակայն գրեթե ոչ մի բուհ չունի ձեւավորված կարծիք եւ տեսլական Ակադեմիական քաղաքի նախագծի վերաբերյալ։ Ո՛չ հստակ այո կա, ո՛չ էլ հստակ ոչ։ Հենց ապակողմնորոշվածությունն էլ մեր կրթական ոլորտի իրական մոլախոտերից մեկն է»: