12.03.2025
Հայաստանի տնտեսական ազատության ինդեքս - 2025. դիրքերի կորուստ
prev Նախորդ նորություն

ՌԴ-ն ստուգողական թեստ է պատրաստել Փաշինյանի համար․ ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է․ Գրել էինք, որ Փաշինյանը որոշել է կրկին ռեւերանսներ անել Ռուսաստանին, որի դիրքերն այսօր ամրապնդվում են։ Դրանով էին պայմանավորված եվրաքվեի նախագիծը 2 ամսով հետաձգելը եւ ՌԴ-ին ուղղված վերամերձեցման քայլերը, մասնավորապես` միջգերատեսչական հարաբերությունները վերականգնելու հրահանգը: Սակայն ՌԴ-ում չեն հավատում Փաշինյանի անկեղծությանը, եւ Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի այցի հետաձգումը, ըստ լուրերի, պայմանավորված է նրանով, որ ստուգեն Փաշինյանի գործողությունների անկեղծությունը եւ հասկանան՝ ինչպես են շարունակում համագործակցությունը ՀՀ հեղհեղուկ իշխանությունների հետ:


Մատվիենկոն, ըստ նախնական պայմանավորվածության, պետք է ժամաներ փետրվարի վերջին, մինչդեռ ասվեց, որ հունիսի 5-6-ը կգա։ ՌԴ-ում սպասում են, տեսնեն՝ Փաշինյանը կմասնակցի՞ մայիսի 9-ին Կարմիր հրապարակի միջոցառումներին։ Իշխանական աղբյուրները կասկած չունեն, որ կմասնակցի, 2023-ին էլ է մասնակցել, 24-ի մայիսի 8-ին էլ ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցեց ու վերադարձավ։ Մինչ Մատվիենկոյի ժամանումը, Ալեն Սիմոնյանը կմեկնի ՌԴ` ապրիլի 17-18-ին ԱՊՀ վեհաժողովի՝ հաղթանակի 80-ամյակին նվիրված նիստին մասնակցելու: Տեղեկություններ կան, որ բանակցում են նաեւ Պետդումայի նախագահ Վոլոդինին Հայաստան բերելու շուրջ։ Մինչեւ մայիս Կապանում կբացվի նաեւ ՌԴ հյուպատոսությունը:


«Հրապարակ» թերթը գրում է. «Փաշինյանը հրահանգել է թիմին՝ ոչ մի կերպ չխառնվել ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահների թիմերի միջեւ շաբաթներ ձգվող լեզվակռվին: Առաջարկել է` թուլանալ եւ հաճույք ստանալ, թե ինչպես են իրենց հակառակորդներն իրար միս կրծում։ Թիմում զարմացել են, երբ տեսել են նրա արձագանքն այդ վեճին: Նա ասել է, որ իրեն ոչ ոք իշխանության չի բերել` «2018-ի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը իշխանության է բերել Ժողովրդին», իսկ ինքը «ժողովրդի իշխանության տեղապահն» է, եւ ժողովուրդն իրեն մեկ ուրիշով կփոխարինի, «երբ ցանկանա»: Ինչո՞ւ է Փաշինյանը խախտել իր իսկ որոշումը եւ միջամտել նախկին նախագահների վեճին:


ՔՊ մեր աղբյուրի կարծիքով, Փաշինյանը Գյումրի կատարած անփառունակ այցից հետո, հավանաբար, այնքան է մտահոգվել իշխանության վարկանիշով, որ պատրաստ է ամեն գործիք օգտագործել` այդ ընտրություններում հաղթելու համար: Եվ վստահ է, որ նորից աշխատելու է նախկինների դեմ ատելություն հրահրելու մեթոդը` կիջեցնի Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին, գուցե Գյումրիում ՔՊ-ն հաղթի»։


«Հրապարակ» թերթը գրում է. ՔՊ-ում կարծում են, որ ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի ազատումը դրսի պահանջով է եղել։ Ուրբաթ օրը ԱԺ-ում ՔՊ ֆրակցիայի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Եղիշե Կիրակոսյանին ազատել է ինքը, քանի որ դժգոհություններ ունի նրա աշխատանքից։ Այն դեպքում, որ պաշտոնապես հաղորդվել էր, թե Կիրակոսյանն ազատվել է սեփական դիմումի համաձայն, եւ նման պայմանավորվածություն է ձեռք բերվել ամիսներ առաջ: Թե պատճառը որն է, եւ ինչ պայմանավորվածության համաձայն` չեն մանրամասնել։ Նիկոլ Փաշինյանը եւս չի մանրամասնել փակ նիստում իր դժգոհության պատճառները, սակայն խաղաղության գործընթացի մասին նրա խոսքից ՔՊ-ում եզրակացրել են, որ Կիրակոսյանի ազատման պահանջը գուցե դրել է Ադրբեջանը: Բանն այն է, որ Կիրակոսյանի հրաժարականի մասին տեղեկություններ կային նաեւ ամիսներ առաջ: Նա է ներկայացնում Բաքվի դեմ Երեւանի հայցերը Մարդու իրավունքների եվրոպական եւ ՄԱԿ-ի արդարադատության դատարաններում: Նա այս պաշտոնը զբաղեցնում է 2018-ից եւ անձամբ դեմ է միջազգային հայցերը հետ կանչելուն: Իսկ դա խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերից է, Փաշինյանն արդեն հայտարարել է, որ փոխադարձության սկզբունքով դեմ չէ այդ լուծմանը:


Մինչդեռ Եղիշե Կիրակոսյանն իր հարցազրույցներում էլ չի թաքցրել վերաբերմունքը, ասել է, որ իրավական վեճերը չեն կարող խանգարել խաղաղության գործընթացին: Փակ հանդիպման ժամանակ Փաշինյանն ասել է նաեւ, որ խաղաղության գործընթացում դրական տեղաշարժ չկա, Ադրբեջանը շարունակում է պնդել բոլոր պահանջները, եթե չկատարեն` ռազմական ճանապարհով կհասնի բաղձալի միջանցքին։ Հավանաբար, Ադրբեջանը վստահ է եղել, որ Կիրակոսյանը միջազգային ատյաններում կշարունակի իր դեմ աշխատել, եւ նրան հեռացնելու պահանջ է դրել։


«Հրապարակ» թերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը երեկ ֆեյսբուքյան էջում կարճ տեսանյութ տարածեց՝ կից գրառմամբ, որ հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանը խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, սահմանն առանց նախապայմանների բացելու մասին, ինչպես նաեւ՝ ցեղասպանության ճանաչման պատմությունը վերանայելու, Մեղրիով երկաթուղային անխոչընդոտ բեռնափոխադրում ապահովելու պատրաստակամության։ Ըստ էության, հաստատվում են լուրերը, որ Փաշինյանը սերտ շփումներ ունի Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ եւ պատրաստ է իր իշխանությունը պահելու դիմաց Ռուսաստանին փոխարինել Թուրքիայով:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գեղարքունիքի մարզի դատավոր Դավիթ Սարգսյանի վճռով «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հայրը արդարացվել է։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս տարվա փետրվարի 27-ին դատարանը վճռել է. «Ճանաչել եւ հռչակել Վաչիկ Գուրգենի Սաղաթելյանի անմեղությունը 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ եւ նրան արդարացնել` իրեն մեղսագրվող արարքի կատարումն ապացուցված չլինելու հիմքով: Վաչիկ Գուրգենի Սաղաթելյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` բացակայելու արգելքը, վերացնել: ՀՀ Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի կողմից ներկայացված գույքային հայցը մերժել»:


Հիշեցնենք, որ Վաչիկ Սաղաթելյանը 2016 թ. դեկտեմբերի 1-ից մինչեւ 2020թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքի ղեկավարի պաշտոնը, ըստ մեղադրանքի, ծառայության նկատմամբ անբարեխիղճ եւ անփույթ վերաբերմունք է դրսեւորել ու պաշտոնավարման ընթացքում իր լիազորությունները պատշաճ չի կատարել, ինչի հետեւանքով անզգուշությամբ էական վնաս է պատճառել Գեղամավան համայնքի օրինական շահերին, այն է՝ 2,790,000 դրամ չի մուտքագրվել համայնքի բյուջե: Սակայն այս մեղքը չի ապացուցվել դատարանում եւ, փաստորեն, ընդդիմադիր գործիչների ընտանիքների նկատմամբ քաղաքական պատվերի շրջանակում իրականացված հետապնդումները անարդյունավետ ծախս են դարձել բյուջեի վրա: Քննիչը, դատախազը տարիներ շարունակ քննել են գործը անիմաստ: Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի վրեժխնդրության գինը վճարում են հպարտ հարկատուները»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարի եւս Հայաստանը տնտեսական ազատության ինդեքսով հարեւան 4 երկրներից զիջում է միայն Վրաստանին։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի վարկանիշային դիրքի նահանջը բոլոր հարեւաններից ավելի մեծ է։ Համաձայն «Հերիթեյջ» հիմնադրամի կողմից հրապարակված «Տնտեսական ազատություն ինդեքս-2025» ամենամյա զեկույցի՝ 2025թ.-ին ՀՀ տնտեսական ազատության ինդեքսը կազմել է 65.4 միավոր՝ նախորդ տարվա ցուցանիշից 0.5 միավորով ավելի, սակայն 6.5 միավորով պակաս, քան 2021-ի ցուցանիշը։


Նշենք, որ 3 տարի անընդմեջ նվազումից (ընդհանուր՝ 7 միավորով) հետո 2025-ին Հայաստանի տնտեսական ազատության ինդեքսն աճ է գրանցել, սակայն այդ աճն ավելի քան կրկնակի դանդաղ է համաշխարհային միջին աճից։ Համաձայն մեթոդաբանության՝ ընթացիկ տարվա տնտեսական ազատության ինդեքսը հաշվարկվում է նախորդ տարվա առաջին եւ նախանախորդ տարվա երկրորդ կիսամյակի տվյալների հիման վրա. այսինքն՝ 2021-ի տնտեսական ազատության ինդեքսը, որը հաշվարկվել է 2019-ի երկրորդ եւ 2020-ի առաջին կիսամյակի տվյալների հիման վրա, նախահամավարակային է։ Ուստի կարելի է ասել, որ Հայաստանի վերականգնման տեմպերը զգալիորեն զիջում են աշխարհի եւ բոլոր տարածաշրջանների վերականգնման միջին տեմպերին։


Ի դեպ, Հայաստանը տնտեսական ազատությամբ աշխարհի 176 երկրների թվում 57-րդն է։ Վարկանիշային այդ աղյուսակում Հայաստանի դիրքը վատթարացել է միանգամից 10 հորիզոնականով՝ չնայած այն բանին, որ գրանցվել է ինդեքսի աճ։ Պատճառը կրկին այն է, որ ինդեքսի աճը էապես զիջում է աշխարհի եւ բոլոր տարածաշրջանների բարելավման միջին տեմպերին։


Բացի Հայաստանից՝ եվրոպական տարածաշրջանի (որում ընդգրկված է նաեւ Հայաստանը) եւս 38 երկրների տնտեսական ազատության ինդեքսն (ՏԱԻ) աճել է, ընդ որում նրանցից 31-ի ՏԱԻ-ի աճն ավելի մեծ է, քան Հայաստանինը։
Իսկ «Եվրոպա» տարածաշրջանի վարկանիշային աղյուսակում Հայաստանը նահանջել է 4 հորիզոնականով եւ զբաղեցնում է 30-րդ տեղը։ Տարածաշրջանային վարկանիշային աղյուսակում Հայաստանի դիրքի նահանջն ամենամեծն է։


«Շուկայի բացություն» խմբի բոլոր 3 ենթաինդեքսների գծով զգալի նվազում է արձանագրվել։ Խմբի 2 ենթաինդեքսները նվազելով հասել են տնտեսական ազատության համապատասխան միջակայքի նվազագույն շեմային արժեքին։ Իսկ վերջին 1 տարվա ընթացքում «Ֆինանսական ազատություն» ենթաինդեքսը նվազել է միանգամից 10 միավորով, ինչի արդյունքում Հայաստանը դրա գծով «հիմնականում ազատ» երկրների խմբից նահանջել է «չափավոր ազատ» երկրների խումբ»:


 

Սուրբ քաղաքում Հայ համայնքի պատմական ներկայությունը վտանգված է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mfa.am
10.03.2025
Հայաստանի ԱԳ նախարարը Հնդկաստանում բարձրացրել է հայ գերիների հարցը