23.12.2024
Ընդդիմությունը պառակտված է. ՄԱՄՈՒԼ
04.05.2023
Ընդդիմությունը պառակտված է. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները: «Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների միջեւ այլեւս բացակայում են նախկին փոխհարաբերությունները։ Եթե ընտրություններից հետո 2 ընդդիմադիր ճամբարները ցանկացած հարց քննարկում էին իրար հետ, փորձում համատեղ ճակատով պայքարել իշխանության դեմ, այսօր տպավորություն է, որ այնքան են տարանջատվել իրարից, որ դա այլեւս հնարավոր չէ։ Սկսած իշխանական օրինագծերի վերաբերյալ քվեարկություններից, որոնց արդյունքները գրեթե միշտ տարբերվում են, վերջացրած մարտավարական այլ քայլերով։ Օրինակ, անցած շաբաթ չնայած երկու խմբակցություններն էլ մասնակցեցին կառավարության ծրագրի ընթացիկ զեկույցի քննարկմանը, սակայն, ի տարբերություն «հայաստանցիների», ՊՈՒ-ականները հրաժարվեցին հարցեր ուղղել Փաշինյանի կառավարությանը, երեկ էլ միայն «հայաստանցիները» մասնակցեցին հարցուպատասխանի ֆորմատին՝ դադարեցնելով բոյկոտը։ ՊՈՒ մեր աղբյուրներն ասում են,  որ այս առճակատումը պետք է դիտարկել լիդերների՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հարաբերությունների կոնտեքստում։ Վերջին օրերին Սերժ Սարգսյանի կողմնակիցների հրապարակային հայտարարություններում կարմիր գծի պես անցնում է այն միտքը, որ Ռոբերտ Քոչարյանի ժամանակը սպառվել է՝ նա ձախողվել է իշխանափոխության պայքարում, հիմա պետք է տեղը զիջի Սերժ Սարգսյանին»: «Հրապարակ» թերթը գրում է. «Հայրենասիրության մոդելի յուրահատուկ պատկերացումներ ունի Նիկոլ Փաշինյանը։ Նախորդ շաբաթ նա «հայրենասիրության մոդելը» կապել էր Արագած սարի հետ եւ հանդիմանել մարդկանց՝ «ոչ մեկի տանը Արագած սարի նկարը չեմ տեսել»։ Այս անգամ «մոդելն» այլ տեսք ունի․ «Հայրենասիրության մոդելը մեզ ասում է՝ պիտի կռիվ տաս անընդհատ, բայց չի ասում, որ մի պահի պիտի ուղղակի ապրես։ Ասում է՝ մեծ հայրենիք կունենանք՝ այնտեղ կապրենք։ Բա էս հայրենիքում պե՞տք է ապրել, թե՞ չէ»։ Բայց հայրենասիրության իր մոդելը սերտորեն առնչվում է նաեւ Հայաստանի՝ տարածքային նկրտումներ չունենալու գաղափարի հետ։ Նա ասում է․ «Հայաստանը պետք է հայտարարի, որ տարածքային նկրտումներ ոչ միայն չունի, այլեւ չի ունենալու։ Սա է այն միակ սկզբունքը, որ շանս կտա մեզ՝ պետություն ունենալ։ Հակառակ դեպքում, ասում եմ՝ չորս կողմից ամեն ինչ անելու են, որ մենք չլինենք որպես պետություն, եւ անում են»»: «Հրապարակ» թերթը գրում է. «Արտգործնախարար Արարատ Միրզոյանի եւ Ադրբեջանի իր պաշտոնակցի միջեւ վաշինգտոնյան բանակցությունները չնայած հանրային լայն շրջանակների հետաքրքրությունն են շարժել, սակայն ՔՊ-ում հատուկենտ մարդիկ են տեղյակ, թե ինչի շուրջ են ընթանում բանակցությունները։ Իշխանական մեր աղբյուրն անկեղծացավ, որ թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին պարտադրում են ստորագրել Հարաբերությունների կարգավորման համաձայնագիրը։ Եվ եթե Հայաստանը դեմ չէ ու վաղուց հրապարակային հայտարարել է, որ Արցախի հարցը չի դիտարկում փաստաթուղթը չստորագրելու նախապայման եւ պատրաստ է փաստացի ճանաչել Ադրբեջանի կազմում՝ պայմանով, որ արցախցիների անվտանգության երաշխիքներ ստանա, ապա Ադրբեջանին առ այս պահը չի հաջողվում համոզել, որ հրաժարվի Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներից։ Թե կոնկրետ ինչ տարածքների մասին է խոսքը, մեր աղբյուրը չմանրամասնեց։ Թեեւ հասկանալի է, որ խոսքն անկլավների մասին է»: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մինչ ՔՊ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը, քարոզարշավը դեռ չսկսված, առավոտից երեկո շրջում է Երեւանի փողոցներում, լինում է վարչական շրջաններում, հանդիպումներ է ունենում քաղաքացիների հետ խորհրդարանական ընդդիմությունը դեռ մտորում է՝ մասնակցե՞լ ավագանու ընտրություններին, թե՞ ոչ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն այս օրերին քննարկում է ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցելու հարցը: Ընդդիմադիր ֆրակցիային, սակայն, դեռ չի հաջողվում վերջնական որոշման գալ այս հարցում: Բանն այն է, որ ֆրակցիայում մեծամասնությունը հակված է ընտրություններին չմասնակցելու տարբերակին, քանի որ կարծում են՝ կրկնվելու է 2021թ.-ի ԱԺ արտահերթ ընտրությունների սցենարը. ինչպես այս դեպքում, ավագանու ընտրությունների դեպքում էլ, ում էլ առաջադրեն, ինչ էլ անեն՝ միեւնույնն է՝ իշխող մեծամասնությունն է հաղթելու՝ հաշվի առնելով վարչական ողջ լծակները կիրառելու նրանց հմտությունը, ինչը բազմիցս դրսեւորվել է թե’ համայնքային, թե’ խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ: Այս առիթով «Ժողովուրդ»-ը մեկնաբանություն խնդրեց նաեւ Ագնեսա Խամոյանից, վերջինս էլ նշեց, որ ավագանու ընտրություններին մասնակցելու կամ թեկնածուի մասով դեռ որոշում չունեն: «Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն անցած օրերին փորձեց աչքի ընկնել ընդդիմության հետ առճակատման որոշ դրվագներով, տպավորություն էր, որ Արշակյանը որոշել է «սուրբ տեղը» դատարկ չթողնել եւ լրացնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի բացը, որը հայտնի է ընդդիմության «պորտը տեղը դնելու», պատեհ-անպատեհ հակադարձելու, Նիկոլ Փաշինյանի պես մթնոլորտն ապակայունացնելու, սադրելու, ռեպլիկներ անելու իր սովորությամբ։ Սակայն, մեզ հասած տեղեկություններով, Արշակյանն ինքնակամ չի մղվել այդ գործին, այդ մասին է վկայում, դիցուք, այն էպիզոդը, երբ Աղվան Վարդանյանն ամբիոնից սուր քննադատական հայտարարություն արեց, բայց նիստը նախագահող Արշակյանը ոչ մի բառ չասաց, ոչ մի ռեպլիկ չարեց, փոխարենը որոշ ժամանակ անց, երբ եւս երկու պատգամավոր հանդես եկան ելույթներով, Արշակյանն արտահերթ ելույթի իրավունք վերցրեց եւ փորձեց համարժեք պատասխան տալ ընդդիմադիրին, ընդ որում՝ բավականին համակարգված արձագանքելով Վարդանյանին եւ նրա մեղադրանքներին հակադրելով Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի թեման։ Իսկ մինչ ելույթը նա, նախագահությունում նստած, աչքը չէր կտրում հեռախոսից եւ անգամ թղթի վրա որոշ նշումներ էր անում, ինչից պարզ երեւաց, որ նրան ինչ-որ տեղից ուղարկեցին ելույթի թեզերը, գուցե ամբողջ տեքստը, եւ դրանից հետո նա մոտեցավ ամբիոնին։ Իսկ թե ով եւ որտեղից ուղարկեց, ոչ մեկի համար գաղտնիք չէ»: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՔՊ-ական պատգամավորը չի պատժվում սեռական բնույթի հայհոյանքներ ներկայացնելու համար, իսկ շարքային քաղաքացիները նույն արարքի համար պատժվում են: Բանն այն է, որ ապրիլի 15-ին Անահիտ Վիրաբյան անուն-ազգանունով մի կին օգտատեր հայտարարեց, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն իրեն սեռական բնույթի հայհոյանք է գրել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։ Վիրաբյանն անպարկեշտ նամակը հրապարակել էր նաեւ սոցիալական ցանցի իր էջում: Եվ, չնայած պատգամավորը հայտարարեց, թե իր էջը կարծես թե կոտրել են, սակայն փաստերը հրապարակված էին, իսկ Աղազարյանը հայհոյելու համար այդպես էլ պատասխանատվության չի ենթարկվել մինչ օրս: Դրան զուգահեռ՝ «Ժողովորդ» օրաթերթը ներկայացնում է փաստեր, թե ինչպես են շարքային քաղաքացիները նույն կերպ հայհոյել ու խիստ պատասխանատվության ենթարկվել: Օրինակ՝ Գալուստ Զամանովի Նիկողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի հրապարակման «մեկնաբանություններ» բաժնում կատարել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված, առերեւույթ ծանր վիրավորանք պարունակող հրապարակում, որով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցրել է ծանր վիրավորանք: Իսկ Արտակ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2022թ.-ի փետրվարի 25-ին մի հրապարակման տակ մեկնաբանություն է գրել՝ հասցնելով ծանր վիրավորանք՝ Փաշինյանի հանրային գործունեությամբ պայմանավորված։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանին հայհոյելը անխուսափելի պատժելի արարք է, իսկ երբ Նիկոլ Փաշինյանի թիմակիցն է հայհոյում՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, մնում է անպատիժ: Իսկ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը երեկ երկար ճառեր էր ասում ու արդարության բարձրաձայնումներ անում ԱԺ ամբիոնից: «Ժողովուրդ» օրաթերթին է փոխանցվել «Голос Армении» թերթում հրապարակված մի հոդված, որը վերաբերում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին: Հիշեցնենք, որ նա 1994-1996 թվականներին եղել է Սպիտակի երկրաշարժի հետեւանքով աղետի գոտու վերածված տարածաշրջանում Հայաստանի կառավարության արտակարգ լիազոր ներկայացուցիչը, եւ խայտառակ բացահայտումներ են արվում նրա գործունեության մասով:  Մասնավորապես, մի դրվագ՝ Երեւանից եկած հյուրերին դիմավորելու մասին: «Գյումրիում հայտնի մարդկանցից՝ Համբարձում եւ Հակոբ Մխիթարյան եղբայրներից առաջինը «Վան» համալիրի տնօրենն է, իսկ երկրորդը աշխատում է ռեստորանում։ Երբ Քոչարյանն ու թիմը բնակություն հաստատեցին պանսիոնատում, Մխիթարյան եղբայրներն անգամ իրենց պարտքն էին համարում հյուրասիրել մայրաքաղաքից եկածներին, բայց հետո պարզվեց, որ նրանք պարզապես պարտավոր են դա անել: Ընդ որում՝ ծախսերը վճարել միայն ու միայն սեփական գրպանից։ Բանը հասել է նրան, որ Մխիթարյան եղբայրները վճարում են ոչ միայն ջրի, էլեկտրականության, կոմունալ ծառայությունների համար, այլեւ իրենք են գնում օճառ, անձեռոցիկներ եւ, կներեք, զուգարանի թուղթ Անդրանիկ Քոչարյանի եւ իր հյուրերի համար»,- նշված է հոդվածում: Ծախսերի ընդհանուր գումարը կազմում է 2 միլիոն 200 հազար ռուսական ռուբլի: Քոչարյանը փոխհատուցել է ընդամենը 500 հազարը, որի արդյունքում Մխիթարյան եղբայրները սնանկացել են: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Թեեւ Նիկոլ Փաշինյանը խոստանոմ էր, որ քաղաքացուն չի դարձնի տուգանքի «մատերիալ», բայց հենց այդպես էլ վարվում է: 2022 թվականի ընթացքում իրավախախտումների համար գործադիր, դատական մարմինների կողմից կիրառվող պատժամիջոցներից ստացված մուտքերի ծրագրային ցուցանիշը բարձրացել է 52.7% ով (6.7 մլրդ դրամով): Նախորդ տարվա համեմատ այն ավել է եղել 19.4%-ով (3.2 մլրդ դրամ): Աճը հիմնականում պայմանավորված է երթեւեկության բարձր ինտենսիվության պայմաններում ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման նպատակով ՀՀ ոստիկանության կողմից հաճախակի ուժեղացված ծառայությունների իրականացմամբ եւ ՀՀ ոստիկանության տեսանկարահանող սարքերի միջոցով արձանագրված խախտումների համար, ՀՀ ոստիկանության կողմից կիրառված պատժամիջոցներից գանձված գումարների աճով, որոնք կազմել են 15.7 մլրդ դրամ՝ 39.5%-ով (4.4 մլրդ դրամով) գերազանցելով ծրագրված ցուցանիշը եւ 9.5%-ով (1.4 մլրդ դրամով)՝ նախորդ տարվա ցուցանիշը: Այստեղ ուշագրավ է, որ փաստացի՝ Հայաստանի բյուջեում ավել եկամուտներ են եղել տուգանքների հետեւանքով, ու այդ գումարները մուծել են շարքային քաղաքացիները: Եվ այստեղ ուշարժանը կրկին այն խոստումներն են, որով Նիկոլ Փաշինյանը գալիս էր իշխանության: 2018 թվականի մայիսի 24-ին՝ կառավարության նիստի ժամանակ, Փաշինյանը հայտարարել էր. «Քաղաքացին, այսպես ասած, տուգանվելու, կներեք էս բառիս համար, մատերիալ չէ։ Առավոտը տանից դուրս է գալիս, ասում ենք՝ «որտեղ բռնենք, տուգանելու ենք»: Էս փիլիսոփայությունը պետք է փոխվի, եւ դա չպե՛տք է հակադրել ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման խնդիրներին»: Սակայն, փաստացի, այս հայտարարությունից հետո էլ քաղաքացիներին շարունակում են տուգանել: «Փաստ» օրաթերթը գրում է. Այս օրերին ԱՄՆ-ում Արարատ Միրզոյանի ու ադրբեջանական նրա գործընկերոջ միջև «բանակցությունների» մասնակիցների շարքում թերևս միայն ամերիկյան գործիչները գիտեն, որ Հայաստանի ժողովուրդը ոչ միայն չի ուրանում Արցախը, այլև ճնշող մեծամասնությամբ բացասական է գնահատում ԼՂ հարցում կառավարության քաղաքականությունը: Երևի նաև այդ պատճառով էլ, ի դեպ, ԱՄՆ-ը ձգտում է արագացնել «հայ-ադրբեջանական համաձայնությունն» ընդդեմ... հայության: Դրա ամենից առարկայական վկայությունը Ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ/ IRI) կողմից իրականացված սոցիոլոգիական հետազոտության հրապարակված տվյալներն են: Ըստ այնմ, Հայաստանի բնակչության 69 տոկոսը բացասական գնահատական է տալիս ԼՂ հարցում կառավարության քաղաքականությանը։ Ի լրումն՝ հարցվածների 52 %-ը կարծում է, որ երկիրն ընթանում է սխալ ուղղությամբ: Հասկանալի է, որ սա սոցիալական հարցում է, և կարող է լինել որոշ թվային շեղում (պլ յուս-մինուս՝ 2-2,5 տոկոս), բայց սա բնութագրական տվյալ է: Ավելին, արժե հստակեցնել, որ հարցումն իրականացվել է հունվար-մարտ միջակայքում: Իսկ դրանից հետո կատարվել են կարևոր զարգացումներ ու բացահայտումներ, մասնավորապես, ԱԺ-ում ապրիլի 18-ին Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը, որով նա գործնականում Արցախը ճանաչեց որպես ադրբեջանական տարածք, կամ, ինչպես նշում են տարբեր մեկնաբաններ, հրապարակավ ուրացավ Արցախը: Այդ հանգամանքը նկատի ունենալով՝ կարելի է չկասկածել, որ ժողովրդի վերաբերմունքն էլ ավելի սուր և բևեռային է դարձել: Մյուս հատկանշական հանգամանքն այն է, որ Արցախի նկատմամբ հայրենակիցների մեծամասնության ընկալելի վերաբերմունքը, ուշադրությունը պահպանվել են, չնայած այն բանին, որ նույն Նիկոլ Փաշինյանն ու նրա սատելիտները տասնամյակներ շարունակ հակաարցախյան քարոզչություն են իրականացրել: Ավելին, նշված 69 տոկոսի բացասական գնահատականը գալիս է վկայելու և այն, որ վերջին 5 տարվա ընթացքում արդեն իշխանության մակարդակով Նիկոլ Փաշինյանի ու նրա քպականների վարած քաղաքականությունը, Արցախի ու Արցախի հայության հանդեպ հետևողականորեն ատելության սերմանումն ու ամենօրյա քարոզչությունը չեն կարողացել Արցախի հարցում ժողովրդի ճնշող մեծամասնությանը շեղել ու խեղել: Մնում է, որ նման հետազոտություններից գործնական հետևություններ անեն առաջին հերթին այն ուժերը, որոնք իսկապես համոզված են, որ Նիկոլ Փաշինյանի կառավարումը տանում է Հայաստանի ամբողջական ու վերջնական կործանման: