14.08.2025
Լուսանկարը՝ aysor.am
prev Նախորդ նորություն

Կառավարությունը հաստատեց դպրոցների խրախուսման և աջակցության կարգը

Լուսանկարը` Sputnik
Լուսանկարը` Sputnik

Օգոստոսի 14-ին կառավարությունը հաստատեց լրացուցիչ ֆինանսավորման նոր մեխանիզմ, որը խրախուսում է բարձր արդյունք ցուցաբերած դպրոցներին և հասցեագրում աջակցություն տրամադրում ցածր արդյունք ունեցողներին․ լավագույնները մրցութային հիմունքներով կարող են ստանալ տարեկան մինչև 10 մլն դրամ, իսկ թիրախային աջակցության փաթեթը նախատեսում է երկամյա մենթորություն և հավելյալ միջոցներ՝ դպրոցի բյուջեի 5 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան 5 մլն դրամ։


ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ներկայացրած կարգավորումը լրացնում է հանրակրթության բովանդակային բարեփոխումները՝ նպատակ ունենալով գնահատել դպրոցների աշխատանքը, ամրապնդել որակը և նորարարությունը։ Բարձր կատարման բաղադրիչում դպրոցները մինչև հունիսի 30-ը դիմում են մրցույթին, հանձնաժողովը՝ ներառյալ կրթական փորձագետներ, գնահատում է նորարարական ծրագրերը՝ հաշվի առնելով կամավոր ատեստավորված ու տարակարգ ստացած ուսուցիչների համամասնությունն ու աշակերտների օլիմպիադային մասնակցությունը, հաղթողները որոշվում են մինչև դեկտեմբերի ավարտը, ֆինանսավորումը սկսվում է հունվարից, իսկ նույն դպրոցը կրկնակի ֆինանսավորում ստանալու հնարավորություն ունի երեք տարուց ոչ շուտ։


Ցածր կատարողականի գծով յուրաքանչյուր հոկտեմբեր տեղեկատվական համակարգը ձևավորում է ինքնաշխատ հաշվետվություն և առանձնացնում ամենացածր արդյունք ունեցող 40 դպրոցները, որից հետո ԳԹԿ-ն իրականացնում է առաջադիմության և գիտելիքների ստուգում․ երկու տվյալների հիման վրա ամեն տարի ընտրվում է առավելագույնը 30 դպրոց, որոնց կցվում են մենթոր հաստատություններ, կազմվում է երկամյա բարելավման ծրագիր և տրամադրվում է լրացուցիչ ֆինանսավորում՝ բյուջեի 5 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան 5 մլն դրամ։ Եթե երկու տարվա արդյունքում բավարար առաջընթաց չի գրանցվում, քննարկվում է դպրոցի ղեկավարության պաշտոնավարումը։


Նախարարությունն ընդգծում է, որ այս գործիքակազմը համարժեք լրացնում է նաև ենթակառուցվածքային նախաձեռնությունները, ներառյալ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը։

Լուսանկարը` 1lurer.am
Հաջորդ նորություն next