14.08.2025
Լուսանկարը` Sputnik
prev Նախորդ նորություն

Թմրամիջոցով փաթեթներ տեղադրող տղամարդիկ կալանավորվել են

Լուսանկարը՝ aysor.am
Լուսանկարը՝ aysor.am

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն օգոստոսի 6-ին իրացրել են ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացած հերթական օպերատիվ տեղեկությունը:


Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից, մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայում նրանք ձերբակալել են Երևանի բնակիչ 39-ամյա և Աշտարակի բնակիչ 41-ամյա երկու տղամարդու և վերջինիս վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխել Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին:


Աշտարակցու խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր մոտ 11 գրամ մեթամֆետամինով 10 փաթեթ, իսկ Երևանցու խուզարկությամբ` ընդհանուր 10 գրամից ավելի «Սփայս-շոկո» տեսակի թմրանյութով 10 փաթեթ և դարչնագույն զանգածով գլանակ:


Երկուսն էլ ներկայացվել են Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին:


Քրեական վարույթի շրջանակում իրականացված գործողությունների արդյունքում Արշակունյաց պողոտայի շենքերից մեկի շքամուտքում հայտնաբերվել է նրանց տեղադրած մեկ փաթեթ` սփայսով, իսկ Մանանդյան փողոցի մի շենքի շքամուտքում` մեթամֆետամին:


Օգոստոսի 7-ին, դատարանի որոշմամբ խուզարկվել է նաև աշտարակցու վարած «Օպելը»: Հայտնաբերվել է 91 փաթեթ «Սփայս»` ընդհանուր ավելի քան 104 գրամ և կպչուն ժապավենով 17 փաթեթ` ընդհանուր մոտ 16 գրամ քաշերով մեթամֆետամին:


Օգոստոսի 12-ին խուզարկություն է կատարվել նաև աշտարակցու տանը: Հայտնաբերվել է կանեփի 77 թուփ:


39-ամյա երևանցին և 41-ամյա աշտարակցին կալանավորվել ու տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ:


Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:


 

Լուսանկարը` Sputnik
Հաջորդ նորություն next