VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Խորհրդարանական երկրի գլուխը համարվող Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն արդեն 5 օր է՝ գտնվում է կոռուպցիոն սկանդալի կիզակետում: Նրա ընտանիքի անդամը՝ եղբոր կինը, կալանավորվել է կոռուպցիոն բացահայտումների գործով, եւ առ այսօր Ալեն Սիմոնյանը, որ օրերս հանդիպել էր ուսուցիչների հետ ԱԺ-ում, որեւէ բացատրություն, պարզաբանում չի տվել ՀՀ քաղաքացիներին, ներողություն չի խնդրել, որ ժողովրդավարական մեր երկրում իր ընտանիքը կոռուպցիայի մեջ է թաթախվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանության ներսում պայքար կա 2026թ.-ի ընտրություններին ընդառաջ. Ալեն Սիմոնյանը, ԱԽՔ Արմեն Գրիգորյանը եւ էլի մի քանիսը սկսել են իրենց պատկերացնել Նիկոլ Փաշինյանին փոխարինողի դերում՝ առաջինը՝ ռուսական, երկրորդը՝ արեւմտյան աջակցությամբ: Եւ այնքան լուրջ են վերաբերվել իրենց պատկերացումներին, որ սկսել են իրար վրա իշխանական կուլիսներում ցեխ շպրտել: Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ Ալեն Սիմոնյանը տեւական ժամանակ է՝ փորձել է Նիկոլ Փաշինյանի մոտ նսեմացնել ԱԽՔ Արմեն Գրիգորյանի դերը, վերջինս էլ իր հերթին է Ալեն Սիմոնյանի դեմ աշխատել՝ ուղղություն տալով, որ «Սիներջի» ընկերության մրցութային գործընթացներում Ալեն Սիմոնյանի ընտանիքը մասնակցություն ունի, որի արդյունքում իրավապահները հետքի վրա են դուրս եկել: Իհարկե, դժվար է պնդումներ անել, թե որքանով են իշխանության կուլիսներից «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերը իրական, բայց փաստ է մի բան, որ Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած Freenews TV-ն 24 ժամով եթերազրկված է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի հրամանով, քանի որ պետությանը կուտակած պարտքերը չի մարում, եղբոր կինը կալանավորված է, եւ էլի կան դեպքեր, որոնց դեռ կանդրադառնանք»։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ըստ որոշ աղբյուրների, էկոնոմիկայի նախարարության չարաշահումների սկանդալային պատմության թիրախն իրականում նախարար Վահան Քերոբյանն է, ով անգամ տեղեկացված չէր, որ այդ օրն իր նախարարությունում ԱԱԾ-ն քննչական գործողություններ է իրականացնում, եւ իր տեղակալը ոչ թե երկրից մեկնելու համար է ազատվել աշխատանքից, այլ քրեական մեղադրանքի պատճառով: Իսկ երբ տեղեկացավ, հայտարարեց. «Մի բան է, որ մարդուն մեղադրում են անփութության մեջ, ուրիշ բան է, որ ասում են՝ սա կոռուպցիա է... մեղադրանքները, որոնք ներկայացվում են, իրենց տակ դրված փաստեր չունեն»: Որոշ լուրերի համաձայն, նախաքննական մարմինն ամեն ինչ անում է, որ հանցանքի «հետքը» գնա հասնի նախարարին, եւ մեղադրյալները ցուցմունքներ տան նրա դեմ: Որ, ինչպես Քերոբյանն է ասում, «փաստեր դնեն» իր դեմ հարուցվելիք մեղադրանքի տակ։ Մասնավորապես հարուցված երկրորդ վարույթով, որը վերաբերում է «խելացի այգիներ» կոչվող գյուղատնտեսական ծրագրին, պաշտոնական տվյալների համաձայն՝ պետությանն առավելապես խոշոր՝ մոտ 240 միլիոնի դրամի վնաս է հասցվել։ Տեւական ժամանակ է՝ իշխանության սորոսական փայատերերը` եվրոպաներից ֆինանսավորվող տարբեր մութ անձնավորություններ, կատաղի պայքար են սկսել կառավարության պրոռուսական թեւի դեմ եւ մի քանի ամիս է՝ շարունակ Քերոբյանի անունն են շրջանառում: Իբր նախարարը, ըստ նրանց, շրջանցում է արեւմտյան պատժամիջոցները եւ թույլատրում, որ Հայաստանից կամ Հայաստանի միջոցով Ռուսաստան արգելված ապրանքներ արտահանվեն։ Այս ցանկում, ի դեպ, այլ անձինք էլ կան․ սորոսականների ցանկը մեծ չէ, բայց նրանք հետեւողականորեն որոշել են այդ անձանց դուրս մղել իշխանությունից:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեկ հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողի հսկողության վարչության պետ Յակով Ասատրյանն ազատվել է պաշտոնից։ Քաղաքապետարանի աղբյուրները հայտնում են, որ Ասատրյանը չի ազատվել այլ պաշտոնի նշանակվելու համար, այլ նրա պաշտոնավարման կարճ ժամկետում իր ղեկավարած ոլորտում իրավապահները որոշակի բացահայտումներ են արել։ Ասատրյանը քաղաքապետ Տիգրան Ավինյանի մտերիմներից է, ինչի արդյունքում էլ նշանակվեց քաղաքապետարանի այս՝ ամենահետաքրքիր համարվող պաշտոններից մեկում դեռ անցյալ տարվա հունիսին: Նա ավելի վաղ զբաղեցնում էր Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի պաշտոնը, ապա քաղաքաշինության եւ հողի հսկողության վարչության պետի ԺՊ նշանակվեց, իսկ ընտրություններից հետո` պետ։ Քաղաքապետարանում կարծում են, որ այլ պաշտոնանկություններ էլ կլինեն։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը նոր սկանդալի կենտրոնում է հայտնվել: Երբ նա կոչ արեց կալանավորին ծափերով ողջունել, գործընկերները տարակուսել են ՔՊ-ում: Ինչի՞ մասին է խոսքը. փետրվարի 2-ին Երեւանում տեղի ունեցած «Արհեստական բանականությունը՝ բիզնեսի համար" համաժողովին Հակոբ Արշակյանը ներկայացրեց Հովհաննիսյանի՝ վերջերս հրատարակված «Վերելք» գիրքն ու առաջարկեց ներկաներին ծափահարել նրան: Հիշեցնենք, որ Աշոտ Հովհաննիսյանը փետրվարի 1-ին 2 ամսով կալանավորվել էր, քանի որ Էկոնոմիկայի նախարարության ութ պաշտոնյաներ կասկածվում են, իրավապահների ձեւակերպմամբ, առերեւույթ կոռուպցիոն չարաշահումների գործով։ Ստացվում է՝ մի կողմից իրավապահները Աշոտ Հովհաննիսյանին կալանավորելու որոշում են կայացնում, իրավական գործընթաց են սկսում նրա նկատմամբ, իսկ, մյուս կողմից, ԱԺ փոխխոսնակն իր ելույթում գովերգում է կոռուպցիայի համար մեղադրվող նույն պաշտոնյային՝ այսպիսով ծաղրելով նաեւ իրավապահներին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հակոբ Արշակյանի այս ելույթը մեծ աղմուկ է բարձրացրել ՔՊ-ում, ԱԺ փոխնախագահը նկատողություն է ստացել իր թիմակիցների կողմից, որոնք Արշակյանի այս արարքը տարակուսելի են համարել: Բացի այդ, ԱԺ պաշտոնական կայքում էլ Հակոբ Արշակյանի ելույթի այդ հատվածը խմբագրված է, չկան ծափողջույնները: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց նաեւ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանին: Վերջինս ասաց, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Օրերս գրել էինք, որ Ստեփանակերտում շուրջ մեկ տասնյակ արցախցի է մնացել, որոնց մեծ մասը ոչ էթնիկ հայեր են: Բնիկ արցախցիներից մնացել են Դավիթ Գալստյանի հորեղբայրը` Սարգիս Գալստյանն ու կինը։ Մենք տեղեկացանք, որ Արցախում մնացած այս ընտանիքը բնակվում է նախկին նախագահ Բակո Սահակյանի տանը, ում հետ քավորսանիկական հարաբերություններ ունեն։ Իսկ մյուս արցախցիներին ռուս խաղաղապահները տեղավորել են Արցախում հայտնի գործարար Ցեխավիկ Էդոյի հսկա տանը: Վերջինս Սամվել Բաբայանի մտերիմներից է, գազալցակայաններ ու բենզալցակայաններ ուներ Արցախում։ Մեկ վայրում կենտրոնացնելու իմաստն այն է, որ այդպես ավելի հեշտ է հոգալ մարդկանց սննդի եւ մյուս հարցերը։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանը երեկ դատապարտվեց 3 տարի 7 ամիս 13 օր ազատազրկման, սակայն դատարանը որոշեց ազատազրկումը պայմանականորեն չկիրառել` սահմանել փորձաշրջան՝ 3 տարի ժամկետով։ Այսինքն, 3 տարի այս պատիժը կախած են պահելու պրոֆեսորի գլխին` ցանկացած պահի կիրառելու հեռանկարով, որ նա իշխանության դեմ քայլ չանի: Հիշեցնենք, որ նա մեղադրվում է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին 2021-ի հունիսի 20-ի արտահերթ ԱԺ ընտրություններին մասնակցելուն, ՔՊ կուսակցության օգտին չքվեարկելուն եւ «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելուն հարկադրելու համար, թեեւ հրապարակված ձայնագրության մեջ որեւէ դրվագ առկա չէ, որ Չարչյանն ինչ-որ մեկին ինչ-որ բան է հարկադրում, նա պարզապես նշում է, որ ընտրություններին պետք է մասնակցել, սակայն չի նշում, թե կոնկրետ որ ուժի օգտին քվեարկել։ Պրոֆեսորը գործի քննության ողջ ընթացքում իր մեղքը չի ընդունել, նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը «Հրապարակին» հայտնեց, որ դատարանի այս դատավճիռն անպայման բողոքարկելու են Վերաքննիչ դատարան։ Ինքը` Արմեն Չարչյանը, հրաժարվեց խոսել այս թեմայով:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այսպիսով, թեեւ ՔՊ-ն բացակաների թույլատրելի քանակը հատած ընդդիմադիր ավագանու անդամների դեմ է ակտիվ պայքար սկսել, բայց սեփական թիմի ներսում էլ օրինախախտների պակաս չկա: Բանն այն է, որ Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու մի շարք անդամներ ավագանու անդամի պաշտոնի հետ անհամատեղելի պաշտոններ են զբաղեցնում։ Այսպես՝
1. ավագանու իշխանական անդամ Վլադիմիր Կիրակոսյանը համատեղությամբ նաեւ Անտառային կոմիտեի նախագահն է,
2. Նատալյա Սինորյանը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի օգնականն էր, իսկ հիմա՝ ՔՊ խմբակցության փորձագետը,
3. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար, ավագանու անդամ Արման Բարխուդարյանը ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի խորհրդականն է,
4. Զինա Չալիկյանը ԱԺ նախագահի ռեֆերենտն է, կամ Լեւոն Լեւոնյանը, որը նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնականն է:
«ՏԻՄ մասին» ՀՀ օրենքը հստակ սահմանում է ավագանու անդամի՝ այլ պաշտոններ զբաղեցնելու սահմանափակումը.
«Համայնքի ավագանու անդամը չի կարող`
1) աշխատել նույն համայնքի ղեկավարի աշխատակազմում կամ մարզպետարանում, համայնքային կամ մարզային ենթակայության ձեռնարկությունների եւ կազմակերպությունների ղեկավար,
2) լինել մեկ այլ համայնքի ղեկավար կամ ավագանու անդամ,
3) աշխատել իրավապահ մարմիններում, ծառայել զինված ուժերում»։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին են դիմել Երեւանի քաղաքապետարանից՝ խնդրելով պարզաբանել, թե օրենքը ինչ սահմանափակումներ է ենթադրում ավագանիների համար, արդյոք նրանք կարող են շարունակել մնալ ավագանու անդամներ: Մեր աղբյուրների հաղորդմամբ՝
հանձնաժողովից մինչեւ փետրվարի 15-ը ժամանակ են տվել՝ իշխանական ավագանու անդամները կա՛մ ավագանու մանդատից պետք է հրաժարվեն, կա՛մ իրենց զբաղեցրած հանրային պաշտոններից։ Փաստացի ՔՊ-ական ավագանու անդամները զուգահեռ անհամատեղելի պաշտոն են զբաղեցնում: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, արձանագրելով այս խախտումը, մինչեւ փետրվարի 15-ը ժամանակ է տվել քաղաքապետարանին»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ-ական աղբյուրներից տեղեկացավ, որ կրթության ոլորտում քաոսը կրկին սրվել է: Դեռ չէին մարսել նոր չափորոշիչներով տպագրված դասագրքերի ձախողման փաստը, այժմ հերթը պատմության դասագրքերինն է։ Դեռ դպրոցների ստեղծման սկզբից պատմության նոր տպագրված դասագրքերը կոչվել են «Հայոց պատմություն»։ Հիմա, երբ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց անանուն մասնագետների կարծիքը, թե ճիշտը «Հայաստանի պատմություն»-ն է, ոչ թե «Հայոց», դրանից հետո ԿԳՄՍՆ Ժաննա Անդրեասյանին հարցրել է. «Իսկ ինչո՞ւ Հայոց պատմությունը չենք անվանել Հայաստանի պատմություն»։ Այս մասին բարձրաձայնվել է նաեւ Կառավարության նիստերի ժամանակ, իսկ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ոչ մի բացասական մեկնաբանություն չի տվել։ Նախարարը գլխիկոր լսել եւ չի հակաճառել Փաշինյանին։ Օրեր անց Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հայտնվեց նոր նախագիծ, որով «Հայոց պամություն» դասագիրքը նախատեսվում է փոխարինել «Հայաստանի պատմություն» տերմինով։ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ նախարար Ժաննա Անդրեասյանը չի փորձել հետ կանգնեցնել Փաշինյանին այդ մտքից՝ բացատրելով, որ գոնե փոփոխությունները պետք է սկսել նոր ուստարուց: Նախարարի այս լռելյայն համաձայնությունը ԿԳՄՍՆ մասնագետների մոտ տարակուսանք է առաջացրել: Տեղեկացանք, որ շատ դպրոցներում բունտ է հասունանալու Հայոց պատմության դասագրքերի պղծման մասով»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, Նոր տարվա օրը ՀՀ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը նամակ էր գրել Ձմեռ պապին․ «Բաց նամակ՝ Ձմեռ պապին եւ բոլոր բարի մարդկանց. երազում եմ, որ 2024 թվականին կատարվեն իմ 5 երազանքները։ Երազանքներից մեկը. դատական ծառայողները (օգնական, քարտուղար, կարգադրիչ եւ այլ) այսօր ստանում են 100-200 հազար դրամ աշխատավարձ եւ կատարում են տաժանակիր ու բոլորիդ ճակատագրերի համար չափազանց կարեւոր աշխատանք: Շատ եմ խնդրում, շատ, թո՛ղ բարձրանան նրանց աշխատավարձերը»։ Մինչ Կարեն Անդրեասյանը 2024 թվականին դատական համակարգի ծառայողի աշխատավարձի բարձրացման ցանկության մասին է խոսում, դատական ծառայողների վրա այն վատ անդրադարձ է ունեցել: «Ժողովուրդ» օրաթերթը ահազանգեր է ստացել, որ մինչ այս, աշխատավարձից բացի, այդ աշխատակիցները նաեւ հավելավճար են ստացել, սակայն, 2024 թվականից սկսած, իրենց հավելավճարները 7-8 տոկոսով կրճատել են։ Ստացվում է՝ Կարեն Անդրեասյանը Ձմեռ պապիկից խնդրում է վարձատրության բարձրացում, բայց իրականում կրճատումներ է անում: Դատական համակարգում այս իրավիճակը գնահատել են այսպես՝ մեկ վատ բան՝ Կարեն Անդրեասյանից»։
«Փաստ» օրաթերթը գրում է. Ինչպես երևում է, Արևմուտքը հետևողականորեն ցանկանում է հասնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև «որևէ» փաստաթղթի ստորագրման: Բացի այն, որ նրանք կոնկրետ Նիկոլ Փաշինյանին որոշակի «բոնուս» են խոստացել ներքին լեգիտիմություն ձեռքբերելու և, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիրը» ստորագրելու համար, ինչի մասին առիթ ունեցել ենք տեղեկացնելու, Արևմուտքում մտմտում են հավելյալ միջոցներ՝ կողմերին խրախուսելու համար: Արտաքուստ որքան էլ դա զվարճալի հնչի, սակայն դիվանագիտական մեր աղբյուրները պնդում են, որ եվրոպացի ու ամերիկացի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ ներքին լոբբինգ են իրականացնում, որպեսզի «խաղաղության պայմանագրի» ստորագրման դեպքում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը նոմինացվեն որպես Խաղաղության Նոբել յան մրցանակի դափնեկրի թեկնածուներ: Որքան էլ նշյալ երկուսը ծայրաստիճան փառասեր են, այդուամենայնիվ, հետաքրքիր է, թե այդ պարագայում Նիկոլ Փաշինյանն ինչպես է համաձայնելու առաջադրվել թշնամական երկրի ղեկավարի, առավել ևս այնպիսի մեկի հետ, որը դաժան պատերազմ է սանձազերծել Արցախի դեմ, հայաթափել է Արցախն ու, ընդհանրապես, բազմաթիվ ռազմական հանցագործությունների հեղինակ է:
«Փաստ» օրաթերթը գրում է. Այն, որ Հայաստանում, այսպես կոչված, «կոմունալները» բավականին թանկ «հաճույք» են, գաղտնիք չէ. դրա ազդեցությունը յուրաքանչյուր ոք զգում է գոնե ամիսը մեկ անգամ՝ դրանց համար վճարելիս, էլ չենք խոսում ձմռան մասին: Հետաքրքիր է, թե ինչ դիրքերում են նշյալ ծառայությունները մատուցող ընկերությունները Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում: Նախ՝ նշենք, որ երեք կազմակերպություններն էլ «առաջատար» դիրքերում են: «Գազպրոմ Արմենիան» ցանկում 3-րդն է՝ 48.5 մլրդ դրամ հարկով, «Հայաստանի էլեկտրական ցանցերը»՝ 22-րդը՝ 10,2 մլրդ դրամով, «Վիոլիա ջուրը»՝ 37-րդը՝ մոտ 7 մլրդ դրամով: Այս «ոլորտում» դիտարկենք նաև կապի օպերատորներին: Պետք է նշել, որ երեք օպերատորն էլ լավագույն 30-ի մեջ են: Սակայն, եթե «Յուքոմն» ու «Տելեկոմ Արմենիան» («Թիմ») անցած տարի ավելացրել են հարկերը, ապա նույնը չի կարելի ասել «ՄՏՍ Հայաստանի» մասին:
Ի մասնավորի, 2023 թվականին «Յուքոմը» 2022 թվականի համեմատ մոտ 4,5 մլրդ դրամ ավելի հարկ է վճարել, իսկ «Տելեկոմ Արմենիան»՝ մոտ 300 մլն դրամ ավելի: Փոխարենը «ՄՏՍ Հայաստանը» մոտ 300 մլն դրամով ավելի քիչ հարկ է վճարել: Հնարավոր է՝ այս կառույցում անցյալ տարի ավելի շատ զբաղված են եղել կազմակերպության վաճառքի կասկածելի գործարքներով: Հիշեցնենք, որ ՀԾՀ-ն նախ մերժեց «ՄՏՍ Հայաստանի» հայտը՝ «ազգային անվտանգությունը կամ պետական շահերը վնասելու» թեզի շեշտադրմամբ, իսկ տարեվերջին բավարարեց նույն հայտը՝ այդպես էլ չմանրամասնելով, թե ինչպես վերացավ «ազգային անվտանգությունը կամ պետական շահերը վնասելու» վտանգը: Ի դեպ, թե՛ այս կառույցի կապից օգտվողները, թե՛ կազմակերպության շատ աշխատակիցներ դժգոհում են, որ Ռալֆ Յիրիկյանի հեռանալուց և նոր տնօրենի նշանակումից հետո վատթարացել են «ՄՏՍ Հայաստանի» թե՛ կապի որակը, թե՛ աշխատանքային պայմանները: