23.12.2024
Սպասում են Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույցի արդյունքներին․ ՄԱՄՈՒԼ
25.04.2023
Սպասում են Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույցի արդյունքներին․ ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները: «Հրապարակ» թերթը գրում է. Արցախը Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքն ավելի քան չորս ամիս ֆեյք- բնապահպանական ակցիայի անվան տակ արգելափակած Ադրբեջանը կիրակի օրն էլ ավելի բացեց խաղաքարտերը՝ ճանապարհին տեղադրելով հսկիչ անցակետ։ Սա այն էր, ինչ ադրբեջանական կողմը հետապնդում էր ի սկզբանե, եւ որին ամեն գնով ընդդիմանում էին արցախյան իշխանությունները: Նրանք, որպես կոմպրոմիս, առաջարկում էին, որ գոնե ռենտգեն-սկաներ սարքեր տեղակայվեն, որոնք հնարավորություն կտան հեռվից հետեւել բեռների պարունակությանը, բայց ադրբեջանցի զինվոր չտեղակայվի Արցախի մուտքի մոտ։ Ադրբեջանն իր պահանջը հիմնավորում էր, թե իբր Հայաստանից զենք են տեղափոխում Արցախ, դրա համար էլ ուզում է հսկողություն սահմանել, ամիսներ առաջ եռակողմ բանակցություններում մերոնք կոմպրոմիսի էին գնացել ռենտգեն սարքերի տեղադրման հարցում, որպեսզի երեք տոննայից ավելի ուղեբեռ ունեցող մեքենաները զննվեին ճանապարհի այդ հատվածում, եւ վերահսկողությունն իրականացնեին ռուս խաղաղապահները, իսկ ադրբեջանական կողմն օնլայն հետեւեր գործընթացին։ Սակայն, ինչպես երեւում է, Ադրբեջանի նկրտումներն օրեցօր լկտիանում եւ ծավալվում են, քանզի դրանց որեւէ դիմադրություն չի ցուցաբերվում, եւ նրանք հետզհետե ընդլայնում են այդ պահանջները: Անցակետի տեղադրումն արդեն իսկ ենթադրում է ոչ միայն բեռնատար մեքենաների ստուգում, այլեւ անցագրային ռեժիմի հաստատում, ընդ որում՝ այնտեղ հսկողություն են իրականացնելու հենց ադրբեջանցիները: Սա նշանակում է, որ Արցախի հայաթափումն ամիսների, եթե ոչ օրերի, հարց է դառնալու։ Հիշեցնենք, որ Բաքու կատարած վերջին այցի ժամանակ եւս ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Լաչինի միջանցքում անցակետ չի տեղադրվի, գուցե կոմպրոմիսի գան ռենտգեն սարքերի տեղակայման հարցում: Սակայն, ինչպես տեսնում ենք, ադրբեջանական կողմի ախորժակը Լավրովը չկարողացավ զսպել: Եվ վերջին շրջանում ադրբեջանական ոչ մի ագրեսիա, ոչ մի գործողություն չի կանխվում ռուս խաղաղապահների կողմից, չնայած այն փաստին, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ճանապարհի այդ հատվածը նրանց վերահսկողության տակ է գտնվում։ Իսկ ՌԴ ԱԳՆ-ն երեկ հայտարարեց, թե անընդունելի է Լաչինի միջանցքի ռեժիմի փոփոխությունը։ Նախօրեին, ողջ օրը Արցախի քաղաքական էլիտան քննարկումների մեջ է եղել։ Նույն օրը հրավիրված Անվտանգության խորհրդի նիստում նախագահ Արայիկ Հարությունյանը ներկաներին ասել է, որ զրուցել է Արցախում տեղակայված խաղաղապահ զորախմբի ղեկավարության հետ, իրեն փոխանցել են, որ վերեւներին զեկուցել են կատարվածի մասին եւ սպասում են պատասխանի: Բացի այդ, Հարությունյանը նշել է, որ սպասվում է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց, որից հետո Փաշինյանն իրեն կփոխանցի պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը։ Երեկ մինչեւ աշխատանքային օրվա ավարտը հեռախոսազրույցը չէր կայացել։ Կիրակի օրը Ացախում կազմակերպված երթի մասնակիցները եւս որոշել են շարժվել նախագահական եւ Արայիկ Հարությունյանից պարզաբանումներ պահանջել կատարվածի վերաբերյալ, սակայն քաղաքական դաշտի ներկայացուցիչներն ասել են, որ ԱՀ իշխանություններն էլ դեռ ոչինչ չգիտեն եւ սպասում են պատասխանի։ Արցախի ընդդիմադիր շրջանակներում կարծում են, որ Նիկոլ Փաշինյանն Ալիեւի հետ արդեն իսկ պայմանավորվածության է եկել, դրա մասին են վկայում նաեւ անցած շաբաթ խորհրդարանում արած նրա հայտարարությունները, որով փաստացի ՀՀ վարչապետն Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում: Հիմա սկսվել է երկրորդ փուլը` ինչպես սեփական հանձնածն ու պայմանավորվածը «գցի ուրիշների գրպանը»։ «Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր, որի համաձայն, ստեղծվել է Արցախի Հանրապետության նախագահին կից Հակաճգնաժամային խորհուրդ, և հաստատվել է խորհրդի կանոնադրությունը: Նոր կառույցը, ըստ կանոնադրության՝ ձեւավորվել է պետական իշխանության և հանրային շրջանակների միջև ճգնաժամային իրավիճակների հաղթահարման նպատակով։ Հիշեցնենք, որ խորհրդի ձեւավորման պահանջով անցած ամիսներին հանդես էր գալիս ՀԿ սեկտորի կարկառուն ներկայացուցիչ Տիգրան Պետրոսյանը, որին Արցախում համարում են սորոսական թեւի ներկայացուցիչ: Վերջինս ընդգրկված է խորհրդի կազմում, եթե չասենք, որ նա է ղեկավարում այդ խորհուրդը։ Մեզ ասացին, որ Նիկոլ Փաշինյանի հորդորով է Ա. Հարությունյանն ընդառաջել: Արցախում Տիգրան Պետրոսյանին համարում են Նիկոլ Փաշինյանի խոսափողը եւ չհրապարակված ծրագրերի իրականացնողը։ Տիգրան Պետրոսյանը նախօրեին պետք է մասնակցեր է նաեւ ԱՀ նախագահի հրավիրած Անվտանգության խորհրդի նիստին: Սակայն նրան հրավիրելու փաստն այնպես է հունից հանել ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանին, որ նա բացատրություններ է պահանջել նախագահից, թե ինչ կարգավիճակով եւ իրավունքով է Պետրոսյանը մասնակցելու այդ նիստին և ինքն է հրաժարվել մասնակցել: Մոսիյանի կռիվը ոչ այնքան անձի դեմ է եղել, որքան այն բանի, որ ՀՀ իշխանությունների «աչքն ու ականջը» Արցախում մասնակից չդառնա նեղ կազմով քննարկումներին եւ ինֆորմացիան չհասցնի Երեւան։ Երեկ մեր բազում փորձերը՝ կապվել Արթուր Մոսիյանի և Տիգրան Պետրոսյանի հետ, անհաջողության մատնվեցին»: «Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային Ժողովի Քաղպայմանագիր խմբակցությունը ուրբաթ օրը խմբակցության նիստ է հրավիրել, որի օրակարգում եղել է Հովիկ Աղազարյանի նախաձեռնությունը՝ Թագուհի Թովմասյանին ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու գործընթաց նախաձեռնելու մասին։ Հիշեցնենք, որ Աղազարյանը 29 ստորագրություն էր հավաքել, որ հարցը քննարկվի խմբակցության նիստում։ Որքան էլ զարմանալի է, բայց Թովմասյանը բավականին աջակիցներ ունի ՔՊ-ում, նրան պաշտպանել են մեծ թվով ՔՊ-ականներ, դիցուք Վիգեն Խաչատրյանը, Վահագն Ալեքսանյանը, Մարիա Կարապետյանը, Սիսակ Գաբրիելյանը եւ այլք։ Մեզ ասացին, որ նիստին ներկա մեկ տասնյակից ավելի պատգամավորներ փորձել են կանխել այդ գործընթացը, մեկն ասել է, թե միջազգային հանրությունը հերթական դեղին քարտը ցույց կտա մեզ: Մյուսը, թե` հանրային ավելորդ հուզում կառաջանա, երրորդն էլ, թե` չարժե կարեւորել տիկնոջը եւ այլն: Սակայն, քաղաքական որոշումն ընդունված է եւ քվարկությամբ ՔՊ մեծամասնությունը հավանություն է տվել Թովմասյանին անվստահություն հայտնելու գործընթացին։ Ենթադրվում է, որ առաջիկայում նախագիծ կմշակվի, կդրվի շրջանառության մեջ, իսկ ՔՊ մեծամասնությունը փակ քվեարկությամբ Թովմասյանին կզրկի հանձնաժողովի նախագահի պաշոնից՝ ընդդիմությանն առաջարկելով այլ թեկնածու ներկայացնել։ Իսկ անվստահության հիմքում կդրվի այն, որ Թովմասյանը հանձնաժողովի հայտնի նիստում լռելյայն աջակցություն է հայտնել Էդգար Ղազարյանի այն հայտարարությանը, որ 2018-ի հեռափոխությունը թուրքադրբեջանական է»: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ԱԺ անվտանգության աշխատակիցները ապրիլի 20-ին՝ խորհրդարանում տեղի ունեցած խայտառակ միջադեպի ժամանակ՝ իրենց ապօրինի գործողությունների ընթացքում, պատռել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի կոստյումը: Հիշեցնենք, որ այդ օրը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը քաղաքական ակցիա էր իրականացրել ԱԺ ամբոնի մոտ, ինչից հետո պատգամավորի ակցիային միացել էին նաեւ ընդդիմադիր մյուս պատգամավորները: Ընդդիմադիրների քաղաքական ակցիայի ժամանակ ժողովրդավարության բաստիոն Հայաստանում, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի անմիջական ցուցումով, անվտան ության աշխատակիցները բռնի ուժող, քաշքշելով հեռացրել էին ընդդիմադիրներին նիստերի դահլիճից: Պարզվում է՝ Ալեն Սիմոնյանի հրահանգից ոգեւորված՝ ԱԺ անվտանգության աշխատակիցներն այնքան «ինքնամոռաց» են գործել, որ պատռել են Գեղամ Մանուկյանի կոստյումը: Հայաստանի խորհրդարանի պատմության մեջ, իհարկե, աղմկահարույց միջադեպերի, ծեծկռտուքների պակաս չի եղել, բայց այս խորհրդարանը, կարծես, մտադրվել է ռեկորդ սահմանել ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ կիառած բռնություներով: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այն, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հաջողվել է ապականել եւ խեղել գրեթե բոլոր ոլորտները, ակնհայտ է. բազմիցս խոսվել է այս մասին: Թալանի վերադարձը թմբկահարելով՝ իշխանության եկածներին հաջողվել է խորը պառակտում մտցնել հանրության մեջ, բաժանել սեւերի ու սպիտակների, հատկապես հաջողվել է արցախցի-հայաստանցի բաժանարար ու կործանարար գծեր անել: Փաշինյանի իշխանությունը չի խորշում առաջին օրից ձեռնոց նետել Հայ առաքելական սուրբ եկեղեցուն: Սրա մասին են վկայում իշխող ֆրակցիայի պատգամավորների եւ անձամբ Փաշինյանի կողմից խորհրդարանի ամբիոնից պարբերաբար հնչող հայտարարությունները եկեղեցու վերաբերյալ: Ի դեպ, եկեղեցու դեմ արշավի առաջին ծիլերը երեւացել են հենց 2018թ-ին, երբ պարբերաբար Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի պահանջով հրահանգավորված ակցիաներ էին իրականացվում Երեւանի փողոցներում։ Հիմա արդեն բանը հասել է այնտեղ, որ Փաշինյանն իրեն համեմատում է Աստծո հետ՝ ԱԺ ամբիոնից հայտարարելով. «Եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ուրեմն դրանք լավ չեն Աստծո հետ»։ Օրաթերթը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանից հետաքրքրվեց՝ Հայաստանի պատմության մեջ եկեղեցու եւ պետության միջեւ ինչ առճակատումներ են եղել, եւ դրանք ինչ ելք են ունեցել: «Անկախության հռչակումից ի վեր եկեղեցի-իշխանություններ հարաբերություններն այսպես լարված չեն եղել: Դարերի խորքում՝ Սովետական Հայաստանում, ամեն ինչ էլ եղել է՝ բռնագանձման դեպքեր, անգամ կաթողիկոսին խեղդամահ են արել (պետանվտանգության ծպտյալ գործակալները 1938 թվականի ապրիլի 6-ին Խորեն Ա Կաթողիկոսին խեղդամահ են արել Վեհարանի իր բնակարանում), բայց դա լրիվ ուրիշ իրականություն էր. այն ժամանակ անկախ պետություն չէր, Սովետական Հայաստան էր, Մոսկվայի թելադրանքով էր լինում ամեն բան: Բայց անկախության հռչակումից հետո այսպիսի հարաբերություններ պետության եւ եկեղեցու միջեւ չի եղել։ Եղել են դեպքեր, երբ եկեղեցին ու իշխանությունը տարբեր տեսակետներ են ունեցել մի հարցի շուրջ, բայց դրանք շուտ հարթվել են, չեն լարվել»,-ասում է Աջապահյանը: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ եթե Փաշինյանը սովետական շրջանում ղեկավարեր, կարող էր եւ ավելի հեռուն գնալ եկեղեցին թիրախավորելու հարցում, իսկ հիմա, կարելի է ասել, հնարավորություն չունի, դրա համար էլ սահմանափակվում է միայն եկեղեցին թիրախավորող հայտարարություններ անելով: «Հրապարակ» օրաթերթը գրում է. ՀՀ ներքին գործերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի որոշումներից մեկում։ Հանրային քննարկման ներկայացված նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի ՆԳ նախարարությունում պաշտոն զբաղեցնող անձանց գործուղումները նախապես չհամաձայնեցնել ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ՝ «ծառայողական առանձնահատկություններով պայմանավորված»: «Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի զերծ մնալ տեղեկատվության արտահոսքից՝ էտապավորվող և ուղեկցող անձանց անվտանգության նկատառումներից ելնելով»,- ասվում է նախագծում: Ապա ավելի մանրամասն հիմնավորում են․ «Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների` օտարերկրյա պետություններ գործուղումների վերաբերյալ առաջարկություններն այլ գերատեսչությունների հետ նախապես համաձայնեցնելն անհնար է, ինչը հիմնականում պայմանավորված է հետևյալ ծառայողական առանձնահատկություններով. օտարերկրյա պետության տարածքում հայտնաբերված և ձերբակալված հետախուզվող անձին ՀՀ էքստրադիցիայի (էտապավորում) ենթարկելիս նրա տվյալների և գործուղման գործընթացի հրապարակումը կարող է հանգեցնել տեղեկատվության արտահոսքի, որը կստեղծի լուրջ վտանգներ` ինչպես գործուղված անձանց, այնպես էլ ձերբակալված հետախուզվող անձի համար: Հասանելիությունը` տուժող կողմին, կարող է հանգեցնել հաշվեհարդարի իրականացման, ինչպես նաև պայմանավորված է այն հանգամանքով, որ գործուղումները հիմնականում իրականացվում են շատ կարճ ժամկետներում, և եվրոպական երկրներից հետախուզվող անձին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու վերաբերյալ բավարարումները ստացվում են կալանքի տակ գտնվելու առավելագույն ժամկետը լրանալուց հաշված օրեր առաջ և այլն»։ Եթե կարճ բացատրենք այս նախագծի իմաստը, ապա կստացվի, որ ՆԳՆ-ն կասկածում է ԱԳՆ-ում աշխատողներին, որ նրանք ինֆորմացիայի արտահոսք կապահովեն եւ կձախողեն հանցագործներին Հայաստան տեղափոխելու գործը:   «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այսօր Ազգային ժողովում կգումարվի արտահերթ նստաշրջան: Նստաշրջանի օրակարգում այն հարցերն են, որոնք նախորդ նիստի ժամանակ չէին հասցրել քննարկել, քանի որ երեք օր շարունակ պատգամավորները քննարկում էին կառավարության ծրագրի կատարողականը: Եւ, ահա, այսօր սկսվող նստաշրջանում նաեւ դատավորների ընտրություններ կլինեն: Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի դատավորների 3 թափուր տեղերի համար առաջադրել է 3-ական թեկնածու: Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի թափուր տեղի համար առաջադրվել են Արմեն Դանիելյանը, Ելիզավետա Դանիելյանը, Արսեն Նիկողոսյանը։ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի թափուր տեղի համար առաջադրվել են Կարեն Աղաջանյանը, Լիզա Գրիգորյանը եւ Կարեն Թումանյանը, իսկ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի թափուր տեղի համար առաջադրվել են Վահագն Թորոսյանը, Լիլիթ Խաչատրյանը եւ Անի Մխիթարյանը։ Իսկ ովքե՞ր են նրանք. Անի Մխիթարյանը ԲԴԽ անդամ է, ում գործունեության ժամկետը լրանում է հաջորդ ամիս։ Նա իշխանությունների «սրտի թեկնածուն» է։ Դատավոր Լիզա Գրիգորյանը ՔՊ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի ընկերուհին է. չի բացառվում, որ նա եւս ընտրվի։ Արմեն Դանիելյանը իշխանության «սրտի կալանք տվող» դատավորներից է, նրանց սրտի մյուս թեկնածուն։ Եվ չնայած խորհրդարանում ընտրություն կլինի, սակայն ՔՊ-ում նախապես են որոշում, թե որ պաշտոնում ում կընտրեն։ «Հրապարակ» թերթը գրում է. Ապրիլի 2-ին անցկացվել է Նիկոլ Փաշինյանի հորինած հերթական միջոցառումը՝ «Վարչապետի գավաթ» կոչվող մրցաշարի շրջանակներում: Հիշեցնենք, որ այն ևս, ինչպես «Քաղաքացու օրն» ու «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը, անցկացվում են Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո, և իրենից ներկայացնում է մի շարք մարզաձևերում՝ սեղանի թենիս, լող, կրոսավազք և այլն, սիրողական մրցումներ։ Ժամանակին սպորտային աշխարհի ներկայացուցիչները պնդել են, որ այս մրցումներից յուրաքանչյուրը կոչվի տվյալ սպորտաձեւում հաջողությունների հասած սպորտսմենների անունով, սակայն Նիկոլ Փաշինյանը առարկել է` սրանում տեսնելով իր համար լավ գովազդ: Եւ դրանից հետո, գրեթե ամեն ամիս, նման մրցաշարեր են անցկացվում` «Վարչապետի գավաթ» անվան տակ` տարբեր սպորտաձեւերի սիրողական մրցումներ կազմակերպելով: Դրանց վրա պետական բյուջեից բավականին միջոցներ են ծախսվում: Ապրիլի 2-ին, օրինակ, անցկացվել է սեղանի թենիսի մրցաշարը, որի համար ԿԳՄՍ նախարարությունը 24 մլն դրամ է ծախսել։