27.02.2025
Բաքվի հերթական քարոզչությունը. «Չար» Եվրոպան պատրաստում է «չար» Հայաստանին պատերազմի
prev Նախորդ նորություն

Ի՞նչ է պատասխանել Ադրբեջանը. միջանցքի պահանջից չեն հրաժարվում․ ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակը» գրում է ․ Պաշտոնական Երեւանը երեկ հայտարարեց, որ ստացել են խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի պատասխանը, որին սպասում էին երեքուկես ամիս, բայց չի գաղտնազերծվում՝ ինչ պատասխան են ստացել: Փաշինյանը երեկ ասաց, որ համաձայնության չեն եկել, ոչ էլ կարող է ասել, թե մերժել են: Կասկածներ կան, որ չհամաձայնեցված կետերին եւս երկուսն է գումարվել՝ «Զանգեզուրի միջանցքի» բացումը եւ նոր սահմանադրության ընդունումը։ Բանն այն է, որ մինչեւ վերջերս երկկողմ հայտարարություններ էին արվում, որ դեռեւս չեն համաձայնեցրել 2 կետ` միմյանց նկատմամբ միջազգային հայցերից հրաժարվելու եւ սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչներ չտեղակայելու կետերը։ Սակայն 2 օր առաջ Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Ասկերովը 17 կետանոց խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու դրույթ է նշել, որոնցից մեկը վերաբերում է Հայաստանի Սահմանադրության փոփոխությանը, մյուսը՝ «Զանգեզուրի միջանցքին»։


Սա՝ այն դեպքում, երբ դեռ ամիսներ առաջ է հայտարարվել, որ ճանապարհների ապաշրջափակման կետը հանվել է պայմանագրից։ Չնայած ԱԺ փոխխոսնակը հերքել է ադրբեջանցի պաշտոնակցի հայտարարությունները՝ նշելով, որ պայմանագրում նման կետեր չկան, սակայն կյանքը ցույց է տվել, որ Ադրբեջանի պաշտոնյաների հայտարարությունները, վաղ թե ուշ, իրականություն են դառնում։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ական պատգամավորներին, նախարարներին հավաքել էր Ազգային ժողով` փակ հանդիպման: Ինչպես ավանդաբար, խորհրդավոր նիստ է եղել՝ առանց նորությունների:   «Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ամերձ աղբյուրները հայտնում են, որ Փաշինյանը շուրջ երկու ժամ խոսել է՝ պատասխանելով ՔՊ-ականների այն հարցին, թե ինչ է սպասվում ՀՀ-Ադրբեջան փոխհարաբերություններում: Ըստ մեր աղբյուրների՝ Փաշինյանն այս անգամ լարված չի եղել, հիմնականում արձագանքել է, որ չպետք է շտապեն, պիտի փորձեն Ադրբեջանի առաջարկները երկար քննարկել, նոր պատասխանել: Բայց Աղազարյանի արտահոսքից հետո նա շատ բաց չի խոսել թիմակիցների հետ: Փաշինյանը նաև վստահեցրել է, որ այս պահին էսկալացիաների վտանգ չկա, ինչը նաև հայտարարեց լրագրողների ներկայությամբ՝ պատասխանելով «Ժողովուրդ» օրաթերթի՝ Խաղաղության պայմանագրին առնչվող հարցին:


Հիշեցնենք, որ չհամաձայնեցված երկու հոդվածներից մեկը վերաբերում է սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժերի տեղակայմանը, մյուսը՝ միջազգային ատյաններում իրավական և այլ վեճերին: Հստակ պատասխան, ըստ մեր աղբյուրների, ոչ մի հարցի ժամանակ Փաշինյանը չի հնչեցրել: Թիմակիցները այնիպիսի տպավորություն են ստացել, որ Նիկոլ Փաշինյանն իրենց չի վստահում և չի բացում փակագծեր՝ հիմնականում ասելով այն, ինչ ասում է բաց՝ ամբիոնից»:


«Փաստ» օրաթերթը գրում է. Մոտ երկու շաբաթ առաջ տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանը Հաագայի մշտական արբիտրաժային դատարան հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի՝ պահանջելով «ամբողջական փոխհատուցում շրջակա միջավայրի և կենդանական աշխարհի զանգվածային ոչնչացման համար»: Դեռևս 2023 թ. հունվարին էր հայտնի դարձել, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ միջպետական արբիտրաժային գործընթաց է նախաձեռնել և փոխհատուցում է պահանջում «Ղարաբաղում և Արևել յան Զանգեզուրում շրջակա միջավայրի և կենսաբազմազանության ոչնչացման համար»։


Իհարկե, Հայաստանից հստակ արձագանք եղավ, մասնավորաբար Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը նշել էր, որ «հակառակ Ադրբեջանի պնդումների՝ ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի և այլ անկախ մարմինների զեկույցները փաստացի վկայում են, որ շրջակա միջավայրին հասցված վերջին տարիների վնասի պատասխանատուն հենց Ադրբեջանն է», և որ «Հայաստանը հերքելու է Ադրբեջանի անհիմն պահանջները, ներառյալ՝ փոխհատուցման պահանջը»:


Սակայն այստեղ ուշագրավ է այն հանգամանքը, որ այս ամբողջ ընթացքում նշյալ խնդրին այդպես էլ չանդրադարձան հայաստանյան բնապահպանական կազմակերպությունները: Ի դեպ, շատ փորձագետներ կարծում են, որ Ադրբեջանի ներկայացրած հայցի «մեղադրանքները» տարիներ շարունակ գեներացրել են հենց նշյալ ՀԿ-ներն ու որոշ անհատ բնապահպաններ: Փոխարենը նրանք շատ ակտիվ էին հունվարի վերջին ԶՊՄԿ-ում մի քանի հարյուր աշխատակցի կողմից աշխատանքների խափանման գործողությունների օրերին և ինտենսիվ պաշտպանում էին աշխատանքը բոյկոտողներին: Ավելին, նշյալ շրջանակները շարունակաբար թիրախավորում են Հայաստանի հանքարդյունաբերությունը, այդ թվում՝ ԶՊՄԿ-ն, այն պարագայում, որ վերջինս փաստացի մեր երկրի տնտեսության ողնաշարն է, խոշոր հարկատուների ցանկի ընդգծված առաջատարը: Եթե հաշվի ենք առնում, որ նույն Ադրբեջանի թիրախը հենց Սյունիքն է, այդ թվում՝ հանքարդյունաբերությունը, ապա այս ամենը ոչ միայն տարօրինակ է, այլև իր խորքում ունի անվտանգային լուրջ բաղադրիչ:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի առաջիկայում դատաիրավական համակարգում լուրջ փոփոխություններ իրականացնել: «Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ամերձ աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանը նպատակադրված է «վերից վար» փոխելու դատաիրավական համակարգը, անգամ ինչպես ինքն է նշել՝ իր մտերիմ ՔՊ-ականների ներկայությամբ կադրային լուրջ փոփոխություններ իրականացնել ուժայիններում: Ու դա է պատճառներից մեկը, որ նախօրեին Փաշինյանը, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ, Կառավարություն է հրավիրել իրավական ոլորտի բոլոր ներկայացուցիչներին, մեկտեղել նրանց սեղանի շուրջ: Վարչապետ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել՝ Դատական և իրավական բարեփոխումների, 2022-2026 թթ. ռազմավարության գործողությունների ծրագրի անվան տակ: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանի հիմնական դժգոհությունը դատական գործերի երկար քննություններն են, որի արդյունքում իրենց իշխանությունը հեղինակազրկվում է: Փաշինյանը հորդորել է նոր նախարարին հարցին արագ լուծում տալ»:


«Հրապարակը» գրում է ․ Արմավիրի մարզում երկար տարիներ դատավոր աշխատած Վահե Խալաթյանի լիազորությունները ԲԴԽ-ն դադարեցրել էր 2020-ին: Նրա առողջական վիճակը վատացել էր, դիմել էր դատարանի նախագահին, նա էլ՝ ԲԴԽ-ին, ԲԴԽ-ն՝ առողջապահության նախարարություն, որ հանձնաժողով ձեւավորեն եւ եզրակացություն տան` դատավորի առողջական վիճակի վերաբերյալ: Սակայն հանձնաժողովը եզրակացություն տվել է մեկ տարի անց, մինչ այդ ԲԴԽ-ն շտապ կարգով դադարեցրել է նրա լիազորությունները` «էական կարգապահական խախտումների» հիմքով: Խալաթյանը դիմել է դատարան` ընդդեմ առողջապահության նախարարության, եւ հաղթել։ Նախարարն այդ ժամանակ եղել է Արսեն Թորոսյանը:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր Հակակոռուպցիոն դատարանում կավարտվի ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ հարուցված քրեական գործով քննությունը եւ, ըստ էության, դատավոր Վահե Դոլմազյանը կգնա որոշում կայացնելու։ Դատելով իրավիճակից՝ դատավոր Դոլմազյանը չի խնայի իր երբեմնի գործընկերոջը: Բանն այն է, որ նա ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործով մեղադրող դատախազն էր ու չէր խնայում անգամ ծայրահեղ ծանր առողջական վիճակում գտնվող գեներալին՝ Արցախի հերոսին։


Դեռեւս 2019 թվականին Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմը մի քանի անգամ միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ մինչև 5 մլն դրամ գրավի դիմաց Գրիգորյանին կալանքից ազատ արձակելու, քանի որ նա ծայրահեղ ծանր վիճակում էր։ Սակայն մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը չէր ազատում նրան՝ հակադարձելով, թե Գրիգորյանը գտնվում է անհրաժեշտ բավարար հսկողության ներքո, և փաստաբանների նշած հիմնավորումները փաստարկված չեն։ Արդյունքում, ավելի քան մեկուկես տարի անազատության մեջ գտնվելուց հետո՝ 2020-ի հունվարի 15-ին գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց չհեռանալու մասին ստորագրությամբ։ Իսկ խափանման միջոցը փոխելու նպատակահարմարության հարցը քննարկվեց այն բանից հետո, երբ Գրիգորյանի առողջական վիճակը վատթարացավ ու նա ամիսներ անց մահացավ։


Այսինքն, շինծու մեղադրանքով (դրա մասին հայտարարել է վարույթ հարուցած մարմնի՝ ԱԱԾ-ի նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը) Դոլմազյանը նրան կալանքի տակ պահեց՝ որպես մեղադրող դատախազ իր գործուն առարկություններով, մեղադրանքը պնդեց մինչև վերջ, և մահն էլ, ըստ էության, մնաց հենց իր խղճին (այս մասին դատարանում հայտարարել է նաև Արմեն Աշոտյանը): Դոլմազյանը, իհարկե, ստացավ գեներալին դատելու ծառայության համար գնահատական, ինչպես հնչել է տարբեր կարծիքներում. նրան պարգևատրեցին գեներալին դատելու համար՝ դարձնելով հակակոռուպցիոն դատարանի դատավոր»:


«Հրապարակը» գրում է ․ Թեպետ ողջ իշխանական, պետական ռեսուրսը կենտրոնացվել է Գյումրիում, որովհետեւ իշխանությունը հասկանում է, որ Գյումրիում պարտությունն իրենց հեռանալու ազդակն է լինելու, սակայն, ըստ բոլոր հարցումների, ՔՊ-ի վիճակը լուրջ է, եւ անգամ վարչական ռեսուրսով Գյումրիում տարբեր կենցաղային խնդիրների լուծումը, փողոցների բարեկարգումը եւ այլն, չեն բարձրացրել իշխանության վարկանիշը։ Օրումեջ սոցհարցումներ անցկացնող իշխանությունը հուսահատ քայլեր է անում` անգամ գողական շրջանակներին են ներգրավել Սարիկ Մինասյանի հաղթանակի համար: Գյումրեցիները վստահ են, որ Սարիկը «հաղթելու ձեւ չունի», եւ կարծում են, որ կրիմինալի մասնակցությունը նաեւ նրա համար է, որ «վերջին վարյանտ»` ինչ-որ բեմադրությամբ չեղարկեն ընտրությունները։


Ի դեպ, Գյումրիում ընտրություններն էլ խորհրդանշական օր են կայանալու` 2018 թվականի մարտի 31-ին Նիկոլ Փաշինյանը հենց Գյումրուց սկսեց քայլարշավը եւ եկավ իշխանության, չի բացառվում, որ հիմա էլ Գյումրիով սկսվի իշխանափոխությունը։ Կստացվի, որ «հեղափոխությունը» ծնվեց ու մեռավ ճիշտ նույն օրը եւ նույն վայրում։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը իր լավատեղյակ աղբյուրներից տեղեկացավ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն արդեն ավարտական փուլին է հասել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների բարեվարքության եզրակացությունների հարցում։ Այս պահին հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուները հինգն են՝ փաստաբան Կարեն Բատիկյանը, Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործով քննիչ Արտաշես Մաիլյանը, քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Նահապետյանը, Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը և Գևորգ Քոչարյանը, որը Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով դատախազ է և ներգրավված է ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ մի շարք աղմկահարույց գործերով։


Նկատենք, որ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության համար երկրորդ անգամ է անցկացվում մրցույթ, քանի որ առաջին մրցույթում միակ թեկնածու Ռաֆայել Երիցյանը չհաղթահարեց մրցույթի պահանջված միավորները: Նշենք, որ մինչև Կառավարության կողմից նշանակվելուն հասնելը, Կոմիտեի նախագահի թեկնածուն պետք է նախ մրցութային հանձնաժողովում հավաքի անցողիկ միավորներ, ապա դրանից հետո վարչապետը նրան կնշանակի նախագահ: Նախ թեկնածուների փաստաթղթերն են ուսումնասիրվում՝ արդյոք թեկնածուները համապատասխանում են չափանիշներին, եւ դրական կարծիքի դեպքում արդեն մրցութային խորհուրդը քննության օր է նշանակում և ուղիղ եթերում քննում թեկնածուներին, որից հետո բարեվարքությունն են քննում, ապա թեկնածուները մասնագիտական հարցերին են պատասխանում։ Առավելագույն միավորներ հավաքած թեկնածուներից մեկն էլ ընտրվում է նախագահ»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայկական մամուլը բազմիցս գրել է ՀՖՖ-ում առկա անառողջ վիճակի մասին: Անցած ամիս լուրեր տարածվեցին, որ ՀՖՖ-ում ստուգումներ են, սակայն քանի որ այդ կառույցը չի պատասխանում հարցումների ու զանգերի, հնարավոր չեղավ այս անգամ ևս մանրամասն ճշտել, թե ինչ է տեղի ունենում: Մեր աղբյուրները հայտնում են, որ մասնավորապես ստուգումներ են եղել ՀՖՖ տեխնիկական կենտրոն ակադեմիայում, որի տնօրենը, ըստ շրջանառվող լուրերի, Հակոբ Սիմիդյանի հովանավորյալն է:


Անցած շաբաթ լուր ստացանք, որ հարուցվել է քրեական գործ, և կա բերման ենթարկված անձ, ինչը ևս ճշտել չհաջողվեց, սակայն ՀՀ Քննչական կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ անձը կապ ունի ֆուտբոլային դաշտերի սպասարկման հետ (ունենք այդ անձի անուն-ազգանունը, բաց դեռ չենք հրապարակում): Առավել հատկանշական է այն, որ ֆուտբոլի ֆեդերացիայում տիրող բարքերին բազմաթիվ անդրադարձներին իշխանությունները նոր-նոր են սկսել ուշադրություն դարձնել, ինչը կարող է պայմանավորված լինել մի քանի հանգամանքներով: Նախ Մելիքբեկյան Արմենն ու իր տեղակալ Արմեն Նիկողոսյանը հայկական ֆուտբոլն իրոք գլորել են անդունդ. մեր տարբեր տարիքային հավաքականները խայտառակ արդյունքներ են գրանցում, ինչը հարուցել է բազմահազարանոց ֆուտբոլասերների բանակի աննկարագրելի զայրույթը, ու վերջիններս պահանջում են նրանց հրաժարականն ամբողջական կազմով: Բացի այդ, ՀՖՖ-ից սկսել են դուրս գալ կադրեր, որոնք սերտ կապ են ունեցել Մելիքբեկյանի հետ, և որոնց գործունեությունն առնչվել է ֆինանսների հետ: Մյուս կողմից, հայկական ֆուտբոլից դուրս են եկել ներդրողներ. թերևս ամենաթարմ ու ամենացցուն օրինակը Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանի հեռանալն է, ով համարվում էր ոլորտի խոշոր ներդրողներից, ինչպես նաև այս ամենի համատեքստում ՀՖՖ նախագահի հրաժարականն են պահանջում «Շիրակ» ակումբի սեփականատեր Արման Սահակյանը, և տարբեր ժամանակներում հրաժարականի պահանջը ներկայացրել են «Լոռի», «Սևան» և այլ ակումբների սեփականատերերը:


Ուժային կառույցների մեր աղբյուրները պնդում են, որ բազմաթիվ անգամներ քաղաքական ղեկավարությանը զեկուցվել է ՀՖՖ-ում տեղի ունեցող դեպքերի, առանձին անձանց կողմից խոշոր գույքերի ձեռքբերման, բանակից «անհասկանալի» ձևերով ազատումների և այլ իրադարձությունների մասին, սակայն սայլը կարծես թե նոր է տեղից շարժվում, և պատճառը թերևս ոչ թե ֆուտբոլով անհանգստանալն է, այլ սպասվող խորհրդարանական ընտրությունները: Ի դեպ, օրեր առաջ մամուլում շրջանառվեց թիվ, համաձայն որի՝ Մելիքբեկյանի ղեկավարած կառույցն այս տարիների ընթացքում շուրջ 100 մլն եվրոյի գումար է ստացել տարբեր աղբյուրներից, դրա դիմաց սակայն մենք չունենք ո՛չ նոր մարզադաշտ, ո՛չ գոնե լուրջ ֆուտբոլային արդյունք:


Սպասենք դեպքերի նոր զարգացումներին և հույս ունենանք, որ տարիներ անց վերջապես նախկին լրագրող Արմենը վերջապես կսկսի շփվել լրատվամիջոցների հետ, կամ ՀՖՖ-ից կարձագանքեն հարցումներին. կյանքը ցույց է տալիս, որ գոնե խոսելն ու թեման ճոխ ներկայացնելը նրա մոտ լավ է ստացվում: Վերջում հավելենք, որ ՀՀ Քննչական կոմիտեից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով), 296-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (Փողերի լվացումը խոշոր չափերով): Նախաքննությունը շարունակվում է»:


«Փաստ» օրաթերթը գրում է. Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, կողմերը քննարկել են Ադրբեջանի և Իսրայելի երկկողմ համագործակցության հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային իրադարձությունները։ Անդրադառնալով այս թեմային՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը հիշեցնում է, որ Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ստոկհոլմյան միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալների համաձայն, 2016-2020-ին Ադրբեջան ներկրվող սպառազինության 70 տոկոսը եղել է Իսրայելից։ Մյուս կողմից՝ Ադրբեջանը հանդիսանում է Իսրայել նավթի հիմնական մատակարարներից մեկը։ Իսրայելական տնտեսությունն ունի զգալի կախվածություն ադրբեջանական նավթից, իսկ Ադրբեջանը արցախյան պատերազմից հետո ցանկանում է վերազինել իր բանակն ու զգում է իսրայելական ռազմական տեխնոլոգիաների ու արդի զինատեսակների կարիքը։


«Իսրայելական արդյունաբերական հսկան՝ «Ավիացիոն արդյունաբերություն» պետական պաշտպանական կոնցեռնը (IAI), դեռ 2023 թվականին միջպետական պայմանագիր է ստորագրել Ադրբեջանի Հանրապետության «Ազերկոսմոս» տիեզերական գործակալությանը երկու OptSat500 դիտարկման արբանյակների մատակարարման վերաբերյալ, որոնք ունակ են անսովոր բարձր լուծաչափով երկրի մակերեսի նկարահանումներ կատարել: Արբանյակների արժեքը, իսրայելական Globes տնտեսական պարբերականի տվյալներով, կազմում է 120 մլն դոլար: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ այն մասին, որ իսրայելական արտադրողն Ադրբեջանի քաղաքացիներից բարձր որակավորում ունեցող անձնակազմ կպատրաստի ձեռք բերված սարքավորումների աշխատանքի եւ տեխնիկական հսկողության համար»,-նշում են հեղինակները՝ հավելելով, որ, բացի այդ, իսրայելական Soltam ընկերությունը Ադրբեջանին է մատակարարում ականանետեր և արկեր, «Tadiran Communications»-ը` կապի միջոցներ, իսկ «Israeli Military Industries» ընկերությունը` հրթիռներ: Իսրայելը Բաքվին է մատակարարում նաև անօդաչու թռչող սարքեր: Վերջին տարիների ընթացքում Ադրբեջանը Իսրայելից գնել էր Heron, Hermes-450, Hermes-900 անօդաչու թռչող սարքեր:


Նշվում է նաև, որ Ադրբեջան-Իսրայել տնտեսական կապերը չեն սահմանափակվում միայն նավթի առևտրով։ Երկրները համագործակցում են նաև գյուղատնտեսական, տեղեկատվական տեխնոլոգիաների և բժշկության ոլորտներում։


«Երկկողմ հարաբերությունների զարգացմանը նպաստում են նաև Ադրբեջանի հրեական համայնքը և կառույցները, ինչպես նաև Իսրայելում գործող ադրբեջանական նմանատիպ կառույցները: Նշենք, որ Ադրբեջանում գործում են հրեական բազմաթիվ կազմակերպություններ, դպրոցներ, սինագոգներ, կրթական-մշակութային միություններ, որոնց թվում «Սոխնութ» գործակալությունը, բարեգործական «Հեսեդ-Հերշոն» կազմակերպությունը, հասարակական-մշակութային JCC կենտրոնը, երիտասարդական «Գիշել» ակումբը, բացի այդ Բաքվում լույս են տեսնում «Մեր Իսրայել», «Օր-Շել յանու» թերթերը: Բացի այդ, ակտիվ է նաև ադրբեջանական համայնքը Իսրայելում, որը համախմբված է Մերձավոր Արևելքի ադրբեջանցիների կոնգրես կոչվող կազմակերպության շուրջ: Բացի այդ, Իսրայելում գործում է նաև «Իսրայել-Ադրբեջան» միջազգային ասոցիացիան»,-նշում է տելեգրամյան ալիքը:


Մի քանի տարի առաջ Wikileaks-ի հրապարակած ամերիկացի դիվանագետների գաղտնի զեկուցագրերից մեկում նշվում էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, բնութագրելով Իսրայելի հետ Ադրբեջանի հարաբերությունները նշել էր, որ այդ հարաբերությունները այսբերգի են նման, որի 9/10-րդ մասը տեսանելի չէ օտարների աչքերին:


Ըստ հեղինակների, Իսրայելի համար Իրանը թիվ մեկ ռազմաքաղաքական հակառակորդն է Մեծ Մերձավոր Արևելքում։ Եթե Լիբանանն ու Սիրիան Իրանի համար էին պլացդարմ ընդդեմ Իսրայելի, ապա Իսրայելի համար Իրանին սահմանակից Ադրբեջանն է ռազմական հենակետ ընդդեմ Իրանի, որտեղից հրեական պետությունն իրականացնում է հետախուզական և այլ գործողություններ Իրանի դեմ։


«Տեղեկություններ կան, որ Իսրայելն Ադրբեջանի ու Իրանի սահմանամերձ շրջաններում՝ Արաքսի հովիտ, ունի ռազմական և հետախուզական կառույցներ։ Իսրայելական մասնագետներն ու ԱԹՍ-ները զգալի աջակցություն են ցուցաբերել Ադրբեջանի բանակի վերազինման գործում՝ Արցախյան պատերազմին նախորդող շրջանում և դրա ընթացքում։ Իրանի կազմաքանդումն էթնիկկրոնական սահմաններով բխում է Իսրայելի շահերից, իսկ Ադրբեջանն այս պարագայում կարող է իր հսկողությունը սահմանել Իրանական Ադրբեջանի նկատմամբ՝ պանթուրքական ռազմավարության շրջանակներում։


Այսպիսով, էներգետիկ և ռազմա-տեխնիկական համագործակցությունն ԻսրայելԱդրբեջան հարաբերությունների հիմքում են։ Այդ կապերի ամրապնդմանը նպաստում են նաև անգլո-սաքսոնական ուժերը, որոնք Իրանի դեմ ձևավորել են Իսրայել-ԹուրքիաԱդրբեջան կոալիցիան»,-նշում են հեղինակները և հավելում, որ Իրանի հզորացումը չի բխում Իսրայելի ու Ադրբեջանի շահերից, և այս առումով ադրբեջանա-իսրայելական դիրքորոշումները նույնպես համընկնում են։


 

Այդ «դատավարություններն» Բաքվին անհրաժեշտ են իր քաղաքական կեղծ թեզերն օրինականցնելու համար
Հաջորդ նորություն next