3.05.2025
Ունենալու է պետական բյուջեի եկամուտների թերակատարում. ՊԵԿ նախագահ
19.03.2020
Ունենալու է պետական բյուջեի եկամուտների թերակատարում. ՊԵԿ նախագահ

Կորոնավիրուսի հարուցած դժվարություններով պայմանավորված Հայաստանն ունենալու է պետական բյուջեի եկամուտների թերակատարում: Այս մասին հայտարարել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ նշելով, որ այժմ պատրաստ չէ ասել թե կոնկրետ որքան: «Հիմա պատրաստ չեմ պատասխանել հարցին թե որքան կլինի այդ թերակատարում, եւ ոչ ոք պատրաստ չէ», - ասաց նա մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Ապրանքաշրջանառությունը նվազել է, ՀԴՄ կտրոնների քանակը՝ ևս, քանի որ հանրային սննդի ոլորտի մեծ մասը չի գործում։ Առևտրում վերջին օրերի փոփոխությունները դեռ էական չեն՝ դրանք, հավանաբար, առջևում են», - ասաց նա։ Նրա խոսքով, ՊԵԿ-ն անում են ամեն ինչ, որպեսզի հարկային վարչարարությունը, հարկ վճարողների հետ լավ հարաբերությունները պահպանվեն: «Թե ինչ զարգացումներ կլինեն, բոլոր զարգացումներին պատրաստ ենք: Նաև կանֆինանսական միջոցներ ներգրավելու թե աղբյուրներ, թե հնարավորություններ, որոնք կմեղմեն հարկաբյուջետային քաղաքականության մեջ սպասվող դժվարությունները»,-ասաց Անանյանը: Նա նշել է, որ հարկային վարչարարությունն իրականացվում է նույն ծավալով, նույն խստությամբ։ ՊԵԿ նախագահը նաև հայտարարեց, որ երկրում կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրության պայմաններում տնտեսվարողներին, փոքր ու միջին ձեռնարկություններին հարկային արտոնություններ, հետաձգումներ կամ հարկային արձակուրդներ չեն տրամադրվի: «Լինելու է թիրախային օժանդակություն՝ անտոկոս փոխառությունների, սուբսիդավորման, փոխառությունների համաֆինանսավորման, վերաֆինանսավորման, սոցիալական օժանդակությունների տեսքով», - ասաց նա հավելելով որ հնարավոր է կառավարությոնը կարողանա ներգրավել գումարներ և որպես ներդրումային օժանդակություն տրամադրվել բիզնեսին։ Կառավարությունը նախատեսվում է 25 մլրդ դրամի աջակցություն բիզնեսին, նույքան էլ լինելու է սոցիալական փաթեթը: Գործադիրը ձևավորել է տնտեսվարողների համար պոտենցիալ վարկային պրոդուկտների շարք: Դրանք երեքն են և ենթադրում են վարկերի համաֆինանսավորում, վարկերի վերաֆինանսավորում և տոկոսների սուբսիդավորում: Շուրջ 80 մլրդ դրամ էլ ուղղվելու է «վաղվա օրվան»: Այն է՝ պատրաստել տնտեսությունը հետճգնաժամային «ժամանակների պարամետրերին»: