23.11.2024
Չի լինելու 2016-ի կրկնություն, մեր դիրքերը շատ ավելի ամուր են. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Ռուսաստանի հետ ունենք խնդիրներ, որոնք քննարկում ենք. ԱԳ նախարար

Մենք Ռուսաստանի հետ ունենք խնդիրներ, որոնք քննարկում ենք դաշնակցային հարաբերությունների ոգուն համահունչ: Այս մասին մայիսի 4-ին, Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:


«Մենք Ռուսաստանի հետ ունենք դաշնակցային հարաբերություններ, որի օրակարգը չափազանց ընդարձակ է, որտեղ մենք ունենք հարցեր», - ասաց նախարար՝ մեկնաբանելով դիտարկումն առ այն, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր վերջին հայտարարությունում խոսելով գազի գնի մասին՝ հիշատակել էր ՀՀ-ում ռուսական ընկերությունների դեմ հարուցված քրեական գործերի մասին:


Նախարարը նշել է, որ խնդրի բացակայությունը դաշնակցի հետ հարաբերություններում կարող է նշանակել «ավելի խորը խնդրի առկայության մասին»:


«Մենք ունենք խնդիրներ, որոնք երկու դաշնակից, բարեկամ երկրները միմյանց հետ քննարկում են: Մենք համենայնդեպս մտադրված ենք նույն ոգով աշխատել, ինչպես վերջին երկու տարիների ընթացքում, նույն ծավալով երկկողմ օրակարգում առկա հարցերի շուրջ»,- ասել է նա՝ հավելելով, որ գազի հարցը չափազանց մեծ նշանակություն ունի Հայաստանի համար, եւ շարունակելու են այն քննարկել ռուսաստանցի գործընկերների հետ:


Մարտի 31-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանի կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության, ինչպես նաև դրա դիմաց ազգային արժույթով վճարելու վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով դիմել էր ռուսական «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին:


Մինչ Հայաստանը «Գազպրոմին» առաջարկում է Հայաստան մատակարարվող գազի գինն իջեցնել, ռուսական գազային հսկայի հայաստանյան դուստրը՝ «Գազպրոմ Արմենիան», դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ սպառողներին վաճառվող գազի սակագները հուլիսի 1-ից բարձրացնելու հայտով:


«Գազպրոմ Արմենիան» առաջարկում է մինչև 600 խմ գազ օգտագործող սոցիալապես անապահով խավի համար գազի սակագինը բարձրացնել 36 տոկոսով, ներկայիս 1000 խմ-ի համար 100 000 դրամի փոխարեն սահմանել 136 000 դրամ՝ հավասարեցնելով այն մյուս բնակիչների համար սակագնին: Փոխարենն ընկերությունն առաջարկում է ամսական մինչև 10 000 խմ սպառում ունեցող սպառողներին (սա հիմնականում բնակիչ բաժանորդներն են) վաճառվող յուրաքանչյուր խմ բնական գազի գործող 139 դրամ սակագինը դարձնել 136 դրամ:


Ապրիլի 6-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և քննարկել Հայաստանին բնական գազի մատակարարման հետ կապված հարցեր:


Ապրիլի 6-ի երեկոյան ուղիղ եթերում քաղաքացիների հարցերին պատասխանելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը գազի թեմայի մասին ասաց․


«Այս հարցը Ռուսաստանի նախագահի հետ քննարկել ենք: Ես ասել եմ, որ հաշվի առնելով այս ճգնաժամային իրավճակը, նաև հումանիտար և տնտեսական առումով, ակնկալում եմ, որ մենք կկարողանանք թեման քննարկել Ռուսաստանի նախագահի հետ և գալ ընդհանուր հայտարարի, և ՌԴ նախագահը նաև կմիջամտի այս գործընթացին, որպեսզի կարողանանք «Գազպրոմ Արմենիայի» ներկայացրած հայտի հետ կապված որոշումներ կայացնենք»։


Նա նշեց, որ ճգնաժամի պայմաններում Հայաստանի հանրությունն ու կառավարությունը չեն ընկալում «Գազպրոմ Արմենիայի»՝ սակագինը բարձրացնելու քայլը: