Չի լինելու 2016-ի կրկնություն, մեր դիրքերը շատ ավելի ամուր են. ԱԳՆ
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը հիմնվում է փոխզիջման սկզբունքի վրա: Չի կարող որևէ մեկը սպասել, որ Հայաստանը որևէ քայլ կկատարի, որը ենթադրում է զիջում և որը վնասում է մեր ազգային անվտանգությունը: Այս մասին Ազգային ժողովում, անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարություններին, մայիսի 4-ին հայտարարեց արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Նա շեշտեց՝ չի լինելու 2016 թվականի ապրիլյան պատերազմի կրկնություն, չի լինելու 1991-94-ը:
«Այն, ինչ ասում է հայկական կողմը, ավելի քան հստակ է և ավելի քան ուղղորդում է մեր ներգրավումը բանակցային գործընթացին: Լավրովի հայտարարությանն անդրադարձել եմ դրանից ժամեր անց, կարիք չկա էլ ավելի փորփրելու: Մենք շարունակում ենք մեր աշխատանքը՝ առանց էլ ավելի կրքերը բորբոքելու: Գործընթացն իրապես բարդ է, բայց այդ գործընթացի մեջ սկզբունքները, որոնք մենք հստակեցրել ու դրել ենք, հաշվի չառնել այդ ամենը անհնար է: Ամենակարևորը, շատ հստակ որևէ կերպ թույլ չտալ անվտանգության համակարգի որևէ խախտում, որի մեջ ստատուսի հարցը կարևորագույն գերակա անվտանգային գործիքներից մեկն է: Մենք այդ տրամաբանությունը արտահայտել ենք բազմաթիվ անգամ:
Հայաստանը եղել ու մնում է Արցախի ժողովրդի անվտանգության միակ երաշխավորը, սպառնալիքի լեզուն ժխտված է, ստատուսի և անվտանգության հարցերի շուրջ յուրաքանչյուր քննարկում հիմնված է մեկ կարևոր սկզբունքի վրա՝ դիրքորոշումների այնպիսի համադրություն, որտեղ մենք հիմա կամ ավելի երկար ժամականակի համար խստագույնս պահպանում ու ամրապնդում ենք այն, ինչ առաջնային է: Եվ այն, ինչ այսօր գոյություն ունի իրականում, անվտանգային համակարգ է: Մեր դիրքերը շատ ավելի ամուր են, ես ինձ շատ հանգիստ եմ զգում այդ առումով, որովհետև ընդհանուր առմամբ մեր հասարակության մեջ կա կոնսենսուս այս ամենի շուրջ, որն էլ ավելի է ամրապնդում մեր դիրքերը՝ կոնսենսուս ու ներքին ուժ»,- հավելեց Մնացականյանը:
Նախարարը նաև բարձր գնահատեց այն աշխատանքը, որ իրականացվել է 2019 թվականի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներգրավմամբ: